Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-227 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հունվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 2 | «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 հունվարի 2022թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Առգո Ֆարմ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Առգո Ֆարմ» ՍՊԸ-ն 2021 թվականի դեկտեմբերի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը վերստին Սահմանադրական դատարան է ներկայացվել 2022 թվականի հունվարի 12-ին) խնդրելով. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետի /…/ խաթարել է արդարադատության բուն էությունը /…/» բառակապակցությանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր այնքանով, որ նշված հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժելիս վճռաբեկ դատարանը չի բացահայտում և անորոշ է մեկնաբանում նշված հիմքից բխող անհրաժեշտ նվազագույն հատկանիշների բացակայությունը վճռաբեկ բողոքում»:

2. Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությամբ խախտվել են իր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվող անձի արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքներն այնքանով, որ թեև վճռաբեկ բողոքներում ներկայացվել է դրանք վարույթ ընդունելու համար օրենսդրի սահմանած անհրաժեշտ և բավարար պայմանների առկայություն, սակայն Վճռաբեկ դատարանն այդ պայմանները մեկնաբանել է իրավական որոշակիությանը ներկայացվող պահանջներին հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև, օգտվելով քննարկվող իրավադրույթներում օգտագործված «էական նշանակություն» բառակապակցության անորոշությունից, կամայականորեն է մեկնաբանել դրանք և ըստ էության խափանել է անձի իր իրավունքների պաշտպանության համար ձեռնարկված միջոցները: Ըստ դիմողի Վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը որոշակիության տեսանկյունից հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին այնքանով, որ «արդարադատության բուն էության խաթարում» եզրույթի գնահատողական կատեգորիա լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավորություն է ստանում սեփական հայեցողությամբ յուրաքանչյուր դեպքում լուծել կոնկրետ գործով բողոքը վարույթ ընդունելու հարցը: Դիմողի կարծիքով` դատական պրակտիկայում ստացվում է մի իրավիճակ, որ յուրաքանչյուր դեպքում Վճռաբեկ դատարանը հնարավորություն ունի կամայականորեն, սեփական նախաձեռնությամբ և առանց տվյալ բողոքը մերժելու համար իրավական նշանակություն ունեցող փաստարկների մատնանշման մերժել կոնկրետ գործով բերված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը, քանի որ, ըստ դիմողի, օրենսդիրը չի բացահայտել, թե որոնք են «արդարադատության բուն էություն» եզրույթի սահմանները, և հատկապես ինչ իրավական և փաստական հանգամանքների առկայությամբ կամ բացակայությամբ է Վճռաբեկ դատարանը եզրահանգել, որ կոնկրետ գործով վճռաբեկ բողոքի վարույթը ենթակա է մերժման:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի իր հայեցողությամբ ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ։ Վերահաստատելով նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերապահված իր իրավունքի շրջանակներում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով, ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Նշված աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների քննության մերժման հիմքերին, մասնավորապես ակնհայտ անհիմն դիմումներին, արձանագրել է հետևյալը. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից»։ Վերոգրյալից բխում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը չի ենթադրում միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումներ ներկայացնելու հնարավորություն այն պարագայում, երբ դրա քննության վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ աշխատակարգային որոշում։ Տվյալ դեպքում Առգո Ֆարմ» ՍՊ ընկերության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 18-ին անհատական դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան, որով ի թիվս այլ նորմերի վիճարկվել էր նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ 3-րդ մասի 1-ին կետի սահմանադրականությունը, և որի վերաբերյալ առկա է գործի քննությունը մերժելու մասին Սահմանադրական դատարանի դատական կազմի 2021 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-79 որոշումը։ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Առգո Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից Սահմանադրական դատարան է մուտքագրվել նույնաբովանդակ դիմում, որի քննության ընդունումը վերոնշյալ պատճառաբանություններով ենթակա է մերժման դիմումը ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Առգո Ֆարմ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Ա. Վաղարշյան

Է. Շաթիրյան

27 հունվարի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել