ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 ապրիլի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 14 | ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
30 ապրիլի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Գարեգին Ղազարյանի
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Գարեգին Ղազարյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի ապրիլի 17-ին)` խնդրելով.
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 12-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 23-րդ հոդվածներին հակասող և անվավեր.
2) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ, 27.1-րդ և 42-րդ հոդվածներին հակասող և անվավեր.
3) ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր.
4) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3- րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14-րդ, 18-րդ և 20-րդ հոդվածներին հակասող և անվավեր.
5) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14-րդ, 14.1-րդ, 18-րդ, 19-րդ, 27.1-րդ, 100-րդ, 101-րդ և 102-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Ըստ դիմողի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրված` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի իրացումը խոչընդոտվել է բոլոր երեք ատյանների դատարանների կողմից, ինչի արդյունքում ոտնահարվել են իր` մի շարք այլ սահմանադրական իրավունքներ ևս:
Ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի, 1087.1-րդ հոդվածի 13-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի առնչությամբ`
խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված հիմնավորումներ, ինչպես նաև դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը. դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքների դրույթների
սահմանադրականության հարցը` ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` §...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ¦.
խնդրո առարկա անհատական դիմումով վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ մասով առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշումը, ինչը, որպես գործի քննությունը մերժելու հիմք, ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով,
2) ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ` դիմողի կողմից վիճարկվող դրույթները նրա նկատմամբ չեն կիրառվել: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը¦։
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում օրենքի դրույթի կիրառման պայմանը։
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...«Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ¦.
խնդրո առարկա անհատական դիմումով վիճարկվող ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշումը, ինչը, որպես գործի քննությունը մերժելու հիմք, ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Գարեգին Ղազարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
30 ապրիլի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/1-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 ապրիլի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
