«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-74)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 ապրիլի 2021թ. ՍԴԱՈ - 74 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 4-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2021 թվականի փետրվարի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև Դատարան) դիմումը, որով ներկայացվել է թիվ ԱՐԴ1/0024/15/20 գործով «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2021 թվականի փետրվարի 9-ի որոշումը: Վերոնշյալ որոշմամբ Դատարանը որոշել է. …. դիմել ՀՀ սահմանադրական դատարան Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի լուծման խնդրանքով»:
2. Ըստ դիմողի Օրենքի 4-րդ հոդածի 5-րդ մասի կանոնի և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի համադրության արդյունքում ստացվում է, որ այն դեպքում, երբ անձը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա պատիժ է կրում, որի նկատմամբ առանձին վերցրած կիրառելի է համաներում, ապա այն չի կարող կիրառվել, եթե դատավճիռ կայացնելուց հետո (կարող է նաև մինչև կայացնելը) պարզվի, որ այդ անձը կասկածվում կամ մեղադրվում է մինչև դատապարտվելը (դատավճիռ կայացնելը) կատարած մեկ այլ ենթադրյալ հանցագործություն կատարելու համար, որի առնչությամբ իրականացվում է քրեական վարույթ (մինչդատական կամ դատական, այդ թվում վերաքննիչ կամ վճռաբեկ վարույթ): Ընդ որում օրենսդիրը նման դեպքերում ոչ թե արգելում է համաներման կիրառումը, այլ պահանջ է սահմանում, որ համաներման կիրառման հարցը լուծվի համակցություն համարվող և առանձին քննվող գործով դատավճիռ կայացնելուց և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելուց հետո, ինչը նշանակում է, որ անձը փաստացի պետք է «սպասի» համաներման կիրառմանն այնքան ժամանակ, մինչև երկրորդ գործով կայացվի դատավճիռ (անկախ տեսակից մեղադրական, թե արդարացման), որպեսզի դատավճռով կամ դրանից հետո կատարման փուլում քննարկվի համաներման կիրառման հարցը»: Դիմողը հայտնում է, որ օրենսդիրը հաշվի չի առել այն դեպքերը, երբ համաներման կիրառմանը «սպասելու» արդյունքում, կախված դատարանի կողմից կայացված դատավճռի կամ որոշման տեսակից, կարող են խախտվել անձի Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Դիմողը նշում է, որ Օրենքում համապատասխան պայմաններ և կիրառման կանոններ սահմանելը Սահմանադրության 117-րդ հոդվածի ուժով օրենսդրի հայեցողության և իրավասության տիրույթում է, սակայն այդ հայեցողությունն ու իրավասությունը չեն կրում բացարձակ բնույթ և կարող են իրացվել հաշվի առնելով անձի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները: Վկայակոչելով Սահմանադրության 66 և 169-րդ հոդվածները դիմողը գտնում է, որ Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է Սահմանադրությանը:
3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, ինչպես նաև ներկայացված փաստարկների վերլուծությունը վկայում են, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, և գործի քննությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանն իր` 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ (և հետագա մի շարք այլ որոշումներով (13.11.2012 թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014 թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015 թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016 թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016 թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլն) վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ... ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ: Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի (կոնկրետ վեճի լուծման համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կիրառման ենթակա նորմերի) բովանդակության մեկնաբանությանը անկախ սահմանադրականության գնահատման հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի գործառույթ, ինչի իրավասությունը, Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանը չունի: Այլ կերպ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերա-պահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում: Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ առաջ քաշված հարցերը հնարավոր է լուծել Օրենքի համապատասխան դրույթների մեկնաբանության արդյունքում չնեղացնելով համաներման կիրառման ենթակա անձանց և համաներում կիրառող համապատասխան մարմինների շրջանակը, ինչպես նաև հաշվի առնելով Օրենքի 4-րդ հոդվածի 11-րդ մասի իմպերատիվ պահանջը: Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
.
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 ապրիլի 2021 թվականի
ՍԴԱՈ-74
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 ապրիլի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-74
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
