Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԱՇԽԻՔ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ, ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԱՇԽԻՔ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ, ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-818 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-81)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 սեպտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 81 | «ԵՐԱՇԽԻՔ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ, ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 8 սեպտեմբերի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ, Աշոտ Հովհաննիսյանի և Քնարիկ Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ, Աշոտ Հովհաննիսյանի և Քնարիկ Հարությունյանի (այսուհետ՝ Դիմողներ) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 24-ին, որով Դիմողները խնդրել են.

«1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասը՝ համակարգային կապի մեջ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի և 305-րդ հոդվածի հետ, ու իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 74-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին և երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, ընկերությունն իրավասու չէ սեփականության իրավունքով պատկանող և իր կամքից անկախ հանգամանքներում, առանց դատական ակտի և օրենքով սահմանված դեպքերի շրջանցմամբ, տիրապետումից դուրս եկած գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի կիրառմամբ բարեխիղճ ձեռքբերողներից հետ պահանջելու և իրավական պաշտպանություն հայցելու։

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը, 63-րդ հոդվածի 2-րդ մասը, 169-րդ հոդվածի 3-րդ մասը ու իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 74-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին և երաշխիքներին հակասող և անվավեր այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և իր կամքից անկախ հանգամանքներում, առանց դատական ակտի և օրենքով սահմանված դեպքերի շրջանցմամբ, տիրապետումից դուրս եկած գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի կիրառմամբ հետ պահանջելու և իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը կանխատեսելի ու որոշակի չէ, ձևավորված պրակտիկայի ուժով հայցը մերժելու վճռի հիմքում կարող է դրվել այնպիսի փաստ, որը ներառված չի եղել գործի քննության սահմաններն ուրվագծող՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշման մեջ և չի դարձվել քննարկման առարկա գործի ամբողջ քննության ընթացքում։

3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ համակարգային կապի մեջ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի հետ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասը՝ համակարգային կապի մեջ 99-րդ հոդվածի 1-ին մասի հետ, 374-րդ հոդվածի 1-ին մասը ու իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 74-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին և երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և իր կամքից անկախ հանգամանքներում, առանց դատական ակտի և օրենքով սահմանված դեպքերի շրջանցմամբ, տիրապետումից դուրս եկած գույքը հետ պահանջելիս, այդ պահանջի քննության համար նախադատելի գործի քննությանը մասնակցած և բացարկման ենթակա դատավորին բացարկի միջնորդություն ներկայացնել հնարավոր չէ` վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնող դատական կազմի փոփոխության մասին եզրափակիչ դատական ակտի կայացումից հետո ծանուցվելու արդյունքում։

4. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ից 3-րդ մասերն ու իրավակիրառ պրակտիկայում Վճռաբեկ դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 74-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին և երաշխիքներին, 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաքելությանը հակասող և անվավեր այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2026 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ մերժել է ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել՝ ա) այն մասով, որով արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության թույլ են տրվել ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի և այլ հոդվածների խախտումներ, բ) այն մասով, որով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ուղղակիորեն հակասել են իր նախադեպային իրավունքին և հիմք են հանդիսացել ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ՍԴՈ-1789 որոշման իրավական դիրքորոշումների ուժով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար։

5. (...) սույն դիմումի քննությունն իրականացնել առաջնահերթության և հրատապության կարգով՝ նկատի ունենալով, որ «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը 73 տարեկան է, իսկ իր կինը՝ «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ի մասնակից Քնարիկ Հարությունյանը՝ 70 տարեկան, նրանք ավելի քան երեսուն տարի փորձել են պաշտպանել իրենց ընկերության շահերը, իսկ 2014 թվականի հունվար ամսից, հարկադիր կատարողական վարույթի արդյունքում, առանց դատական ակտի և օրենքով սահմանված դեպքերի շրջանցմամբ, հետ բերել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքի 50%-ը։ Այս ամբողջ ընթացքում, Աշոտ Հովհաննիսյանը քաղաքացիական բնույթի իրավահարաբերություն պարունակող և «անանուն» հաղորդման հիման վրա կառուցված մեղադրանքով հինգ տարի շարունակ անցկացրել է քրեակատարողական հիմնարկում, իսկ Քնարիկ Հարությունյանը զրկվել է ընկերությունում իր բաժնեմասին համապատասխանող գույքից։ Հաշվի առնելով նրանց տարիքը և այս տարիների ընթացքում ձեռքբերված լուրջ առողջական խնդիրները, սույն դիմումը քննության ընդունելու դեպքում, այն սովորական ընթացակարգով քննելու պարագայում, առկա է իրական վտանգ առ այն, որ այսքան տարի անց Աշոտ Հովհաննիսյանը և Քնարիկ Հարությունյանը չեն կարողանա ականատես լինել իրենց՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքների խախտումների վերացմանը և իրենց խախտված իրավունքների վերականգնմանը»:

2. Դիմողները, ներկայացնելով թիվ ՇԴ/4982/02/20 և թիվ ՀՅՔԴ1/0022/02/08 քաղաքացիական, ինչպես նաև վերաբերելի այլ դատական գործերի դատավարական նախապատմությունները՝ մասնավորապես, գտնում են, որ թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործով դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածին տրված հակասահմանադրական մեկնաբանությունը հանգեցրել է իրենց՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի կառուցակարգով իրավական պաշտպանություն հայցելու անհնարինության: Մասնավորապես՝ Դիմողների պնդմամբ՝ իրենք ամբողջությամբ՝ 100 տոկոսով, սեփականազրկվել են՝ առանց համապատասխան դատական ակտի առկայության և «օրենքով նախատեսված դեպքերի» շրջանցմամբ:

Ըստ Դիմողների՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով՝ առկա է եղել օրինական ուժի մեջ մտած վերջնական (res judicata) դատական ակտ՝ բացառապես Մամիկոն Սիմոնյանի բաժնեմասին փաստացի համապատասխանող՝ գույքի 50 տոկոսը բռնագանձելու և ընկերությանն այդ մասով սեփականությունից զրկելու վերաբերյալ (թիվ ՀՅՔԴ1/0022/02/08 քաղաքացիական գործ), սակայն բացակայել է որևէ դատական ակտ Դիմող Քնարիկ Հարությունյանի 50 տոկոս բաժնեմասին փաստացի համապատասխանող՝ ընկերության մյուս 50 տոկոս գույքը բռնագանձելու վերաբերյալ։

Դիմողները գտնում են, որ թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասը՝ համակարգային կապի մեջ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի և 305-րդ հոդվածի հետ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 74, 75, 78-81-րդ հոդվածներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների՝ «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ն իրավասու չէ սեփականության իրավունքով իրեն պատկանող և իր կամքից անկախ հանգամանքներում, առանց դատական ակտի և օրենքով սահմանված դեպքերի շրջանցմամբ, իր տիրապետումից դուրս եկած գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի կիրառմամբ բարեխիղճ ձեռք բերողներից հետ պահանջելու և իրավական պաշտպանություն հայցելու։

Դիմողները պնդում են, որ թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը «ավելի քան չորս տարվա գործի քննության արդյունքում ներկայացված հայցը մերժել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման մեջ չներառված և երբևէ հայցվորի հետ չքննարկված այն ձևական հիմնավորմամբ, թե իբր հայցվորը ԴԱՀԿ որոշումները չի վիճարկել վարչական դատարանում՝ այդ կերպ խաթարելով դիմողների արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի կիրառմամբ իրավական պաշտպանության ողջ կառուցակարգը դարձնելով անկանխատեսելի և անորոշ»։

Ըստ Դիմողների՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը, 63-րդ հոդվածի 2-րդ մասը, 169-րդ հոդվածի 3-րդ մասն ու դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 74, 75, 78-81-րդ հոդվածներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և իր կամքից անկախ հանգամանքներում, առանց դատական ակտի և օրենքով սահմանված դեպքերի շրջանցմամբ, տիրապետումից դուրս եկած գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի կիրառմամբ հետ պահանջելու և իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը կանխատեսելի և որոշակի չէ, ձևավորված պրակտիկայի ուժով հայցը մերժելու վերաբերյալ վճռի հիմքում կարող է դրվել այնպիսի փաստ, որը ներառված չի եղել գործի քննության սահմաններն ուրվագծող՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշման մեջ և չի դարձել քննարկման առարկա գործի քննության ընթացքում։

Դիմողները նշում են. «(...) կարևոր է, որ դատարանի դատական կազմի փոփոխության վերաբերյալ շահագրգիռ անձինք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` համակարգային կապի մեջ 99-րդ հոդվածի 1-ին մասի հետ, ծանուցվեն այն սկզբունքով, որ գործնականում հնարավոր լինի դատական կազմում նոր ընդգրկված դատավորների անկողմնակալության վերաբերյալ առկա հիմնավոր կասկածները փարատել։ (...)

(...) Հակառակ պարագայում, ինչպես արդեն նշվել է, ձևավորվել է այնպիսի պրակտիկա, երբ օրենքով նախատեսված՝ բացարկի ներկայացման երաշխիքը գոյություն ունի միայն թղթի վրա, իսկ դատարանի անաչառության սահմանադրական երաշխիքի վերաբերյալ ողջամիտ կասկածները մնում են չստուգված՝ շահագրգիռ անձանց զրկելով արդար դատաքննության հիմնարար իրավունքից։ (...)»:

Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, նույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ համակարգային կապի մեջ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի հետ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասը՝ համակարգային կապի մեջ նույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի հետ, 374-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 74, 75, 78-81-րդ հոդվածներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և իր կամքից անկախ հանգամանքներում, առանց դատական ակտի և օրենքով սահմանված դեպքերի շրջանցմամբ, տիրապետումից դուրս եկած գույքը հետ պահանջելիս, այդ պահանջի քննության համար նախադատելի գործի քննությանը մասնակցած և բացարկման ենթակա դատավորին բացարկի միջնորդություն ներկայացնել հնարավոր չէ` վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնող դատական կազմի փոփոխության մասին եզրափակիչ դատական ակտի կայացումից հետո ծանուցվելու արդյունքում։

Դիմողների պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-3-րդ մասերը և Վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 74, 75, 78-81-րդ հոդվածներին, 171-րդ հոդվածի 2-րդ մասին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2026 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ մերժել է ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել՝ ա) այն մասով, որով արձանագրել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ըստ էության թույլ են տրվել Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին և այլ հոդվածների խախտումներ, բ) այն մասով, որով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի պատճառաբանություններն ուղղակիորեն հակասել են իր նախադեպային իրավունքին և հիմք են հանդիսացել Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ՍԴՈ-1789 որոշման իրավական դիրքորոշումների ուժով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար։

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով.

Դիմող Աշոտ Հովհաննիսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ հանդիսանալու հարցի առնչությամբ

3.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ» (6-րդ կետ):

Սահմանադրական դատարանի 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման համաձայն՝ «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»» (5-րդ կետ)։

Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրված է. «Հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ (...), երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը» (4.4-րդ կետ):

Անհատական դիմումի շրջանակում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթի (դրույթների)՝ վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս առանցքային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի (դրույթների)՝ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի (դրույթների) կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը:

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում Դիմող Աշոտ Հովհաննիսյանի՝ թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում ծագած և դիմումով բարձրացված հարցերով Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ լինելու հանգամանքը: Մասնավորապես՝ սույն դիմումով չի հիմնավորվում վերը նշված քաղաքացիական գործի շրջանակներում Դիմող Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ դիմումով վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) կիրառված լինելը։ Թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշված քաղաքացիական գործով «Երաշխիք» ՍՊԸ, «Երաշխիք» ՍՊԸ մասնակից Քնարիկ Հարությունյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արտուշ Վարուժանի Նիկողոսյանի, Կարեն Լեռնիկի Տոնոյանի, Մելինե Գառնիկի Հարությունյանի, Արաքսյա Գրիգորի Կարապետյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Ռուզաննա Հրաչի Սիմոնյանի՝ անշարժ գույքերը բարեխիղճ ձեռք բերողներից վերադարձնելու, որպես հետևանք` անշարժ գույքի նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագրերը և իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այսինքն՝ հիշյալ քաղաքացիական գործի շրջանակներում հայցվորներ են հանդիսանում բացառապես «Երաշխիք» ՍՊԸ և «Երաշխիք» ՍՊԸ մասնակից Քնարիկ Հարությունյանը: Դիմող Աշոտ Հովհաննիսյանը չի հանդիսանում թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործով դատավարության կողմ: Սույն անհատական դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ու նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Աշոտ Հովհաննիսյանը հանդիսանում է հայցվորներ «Երաշխիք» ՍՊԸ և վերջինիս մասնակից Քնարիկ Հարությունյանի ներկայացուցիչը՝ միաժամանակ, հանդիսանալով վերոնշյալ ընկերության տնօրենը: Թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի վճռում Աշոտ Հովհաննիսյանի մասին նշված է որպես հայցվորների ներկայացուցիչ: Այդ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ որպես բողոք բերող անձի ներկայացուցիչ ստորագրել է Աշոտ Հովհաննիսյանը:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումով վիճարկվող դրույթները (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում Դիմող Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ չեն կիրառվել, որևէ իրավական հետևանք չեն առաջացրել, քանի որ նա հիշյալ քաղաքացիական գործով չի հանդիսացել դատավարության կողմ և հանդես է եկել որպես հայցվորներ «Երաշխիք» ՍՊԸ և վերջինիս մասնակից Քնարիկ Հարությունյանի ներկայացուցիչ՝ ի պաշտոնե հանդիսանալով նաև «Երաշխիք» ՍՊԸ տնօրենը:

Այսպիսով, չի հիմնավորվում թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում Դիմող Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ սույն անհատական դիմումով վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) կիրառված լինելը, և Դիմող Աշոտ Հովհաննիսյանն այդ համատեքստում Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ: Ուստի՝ Դիմող Աշոտ Հովհաննիսյանի մասով սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չհանդիսանալու հիմքով:

3.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ» (8-րդ կետ):

Սահմանադրական դատարանի 2026 թվականի հունիսի 16-ի ՍԴԱՈ-104 աշխատակարգային որոշման համաձայն՝ «(…) իրավական նորմերի կիրառման իրավաչափության հարցերը, ըստ էության, դուրս են Սահմանադրական դատարանի քննության առարկայական սահմաններից, քանի որ դրանք վերաբերում են իրավակիրառ գործունեության օրինականության վերահսկմանը։ Սահմանադրական դատարանի իրավասությունը ծագում է միայն այն դեպքում, երբ վիճարկման առարկան նորմն է, դրա սահմանադրաիրավական բովանդակությունը կամ իրավակիրառ պրակտիկայում նորմին հաղորդված այնպիսի իմաստը/մեկնաբանությունը, որը կարող է հակասել սահմանադրական արժեբանությանը։ Հենց այս տարբերակման միջոցով է ապահովվում սահմանադրական արդարադատության և սովորական դատական վերահսկողության գործառութային տարանջատումը, ինչպես նաև պահպանվում է Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրականության երաշխավորի առանձնահատուկ տեղն իրավական համակարգում» (6-րդ կետ)։

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմ(եր)ի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողները, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի, 275-րդ հոդվածի 1-ին մասի, 305-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի, 29-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 61-րդ հոդվածի 2-րդ մասի, 63-րդ հոդվածի 2-րդ մասի, 93-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 1-ին մասի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, 374-րդ հոդվածի 1-ին մասի, 394-րդ հոդվածի 1-3-րդ մասերի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում են հիշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես, Դիմողները սույն անհատական դիմումով ներկայացրել են հետևյալ դիրքորոշումները. «(...) դատարանները, տվյալ դեպքում դիմողներին զրկել են ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքից՝ գտնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը կիրառելի չէ ԴԱՀԿ գործողությունների արդյունքում բռնագանձված գույքը բարեխիղճ ձեռքբերողներից հետ պահանջելիս։ Ընդ որում, դատարաններն իրավակիրառ պրակտիկայում որդեգրած իրենց այս մոտեցումը հիմնավորելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածից օգտվելու հնարավորությունը պայմանավորել են հարկադիր գործողությունների իրավաչափությունը ՀՀ վարչական դատարանում վիճարկելու հետ և լրացուցիչ վեց տարվա գործի քննության արդյունքում, եզրափակիչ դատական ակտով առանց բովանդակային քննություն իրականացնելու, եզրահանգել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը կիրառելի չէ քաղաքացիական դատարանում իրավական պաշտպանություն հայցելու համար, քանի որ ԴԱՀԿ որոշումները չի վիճարկել ՀՀ վարչական դատարանում։

(...)

(...) դատարանների կողմից այն աստիճանի է խեղաթյուրվել դիմողների՝ իրենց խախտված իրավունքների վերականգնմանը հասնելու ակնկալիքը՝ արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու սահմանադրական իրավունքի համատեքստում, որ այն դեպքում, երբ նույնիսկ թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքին կից «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրել է թիվ ՎԴ5/0003/05/14 վարչական գործով վարչական դատարանների կողմից կայացված դատական ակտերը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2025 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ որևէ բովանդակային գնահատման չի ենթարկել դրանք։ Փոխարենը, վերադաս դատական ատյանը փաստել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը կիրառելի չէ խախտված սեփականության իրավունքի կապակցությամբ իրավական պաշտպանություն հայցելիս «այն պարզ և հասկանալի պատճառով, որ հարկադիր կատարողը ոչ թե քաղաքացիաիրավական հարաբերություններին բնորոշ պայմանագիր է կնքում և օտարում է գույքը, այլ դատական ակտն է հարկադիր կատարման ենթարկում»։ Մինչդեռ, գրավոր ընթացակարգով, առանց քննարկման առարկա դարձնելու նշված հարցը Հայցվորի հետ, Վերաքննիչ դատարանը պարզապես անտեսել է այն իրողությունը, որ հարկադիր կատարողը դատական ակտի հարկադիր կատարման ընթացքում գույքն օտարելիս կնքում է քաղաքացիաիրավական հարաբերություններին բնորոշ պայմանագիր, ինչպես որ արվել է սույն գործով, (...)»:

Դիմողները նաև նշել են. «(...) Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի վճռով «Երաշխիք» ՍՊ ընկերության, «Երաշխիք» ՍՊ ընկերության մասնակից Քնարիկ Հարությունյանի հայցը մերժվել է: Նշված վճռով դատարանը, առանց երբևէ կողմերի հետ քննարկելու կամ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ նշելու ԴԱՀԿ որոշումները ՀՀ վարչական դատարան բողոքարկելու հարցը, եզրափակիչ դատական ակտով նշել է, որ ԴԱՀԿ որոշումներն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են Հայցվորին, որով պարզաբանվել է որոշումները բողոքարկելու նրանց իրավունքի օրենքով սահմանված կարգի մասին, սակայն վերջիններս գույքն էլեկտրոնային աճուրդի հանելու մասին հարկադիր կատարողի որոշումները չեն բողոքարկել և չեն վիճարկել ԴԱՀԿ որոշումները։ Այս պատճառաբանությամբ դատարանը գտել է, որ դիմողներն իրավասու չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի կիրառմամբ հետ պահանջելու իրենց անշարժ գույքերը՝ առանց անդրադառնալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ բարձրացված հարցադրումներին։ (...):

(...)

(...) սույն գործով դիմող «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ի և ՍՊԸ-ի մասնակից Քնարիկ Հարությունյանի՝ սեփականության իրավունքով պաշտպանված գույքը բարեխիղճ ձեռքբերողներից հետ պահանջելու վերաբերյալ հայցը դատարանների կողմից քննվել է առանց արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ կանխատեսելիության և որոշակիության սկզբունքների ապահովման, որոնց ուղղված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 169-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները։ Դատարանների կողմից եզրափակիչ դատական ակտերի հիմքում դրվել են այնպիսի հիմնավորմամբ փաստարկներ, որոնք ոչ միայն ներառված չեն եղել գործի քննության սահմաններն ուրվագծող՝ կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի որոշման մեջ, այլ առհասարակ քննարկման առարկա չեն դարձվել գործի ողջ քննության ընթացքում»:

Միաժամանակ, Դիմողները ներկայացրել են ներքոնշյալ բովանդակությամբ պնդումներ. «(...) սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ի շահերի պաշտպանությանն ուղղված վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելը հանգեցրել է ընկերության՝ Վճռաբեկ դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի անհամաչափ և բացարձակ խախտմանն այն դեպքում, երբ դատարանն անտեսել է ընկերության սեփականազրկման վերաբերյալ ներկայացված փաստարկները և հրաժարվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց։

(...)

(...) ողջամիտ դիտորդի տեսանկյունից Վճռաբեկ դատարանն անհասկանալի ձևանմուշային և վերացական պատճառաբանություններով մերժել է «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել՝ հանգեցնելով ընկերության՝ վճռաբեկ դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքների անհամաչափ սահմանափակման, նշված սահմանադրական իրավունքների էության անխախտելիության և միջազգային չափորոշիչների խախտման։

(...) Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից կրկին ձևական մոտեցում է դրսևորվել սեփականության իրավունքի պաշտպանության նկատմամբ՝ ավելի քան 12 տարվա պայքարից հետո դիմողներին թողնելով առանց որևէ իրավական պաշտպանության եռաստիճան դատական համակարգի շրջանակներում»:

Հաշվի առնելով ողջ վերոշարադրյալը, նկատի ունենալով նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողներն իրենց անհամաձայնությունն են հայտնում թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործով դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ: Մասնավորապես՝ Դիմողները վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումները/պնդումներն առավելապես վերաբերում են թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների/կայացրած դատական ակտերի իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե նշյալ դրույթների՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործով դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Միաժամանակ, սույն անհատական դիմումով բարձրացրված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի, 29-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 93-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 1-ին մասի, 374-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականության հարցի առնչությամբ այնքանով, որքանով, Դիմողների պնդմամբ, «Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և իր կամքից անկախ հանգամանքներում, առանց դատական ակտի և օրենքով սահմանված դեպքերի շրջանցմամբ վերջինիս տիրապետումից դուրս եկած գույքը հետ պահանջելիս, այդ պահանջի քննության համար նախադատելի գործի քննությանը մասնակցած և բացարկման ենթակա դատավորին բացարկի միջնորդություն ներկայացնել հնարավոր չէ` վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնող դատական կազմի փոփոխության մասին եզրափակիչ դատական ակտի կայացումից հետո ծանուցվելու արդյունքում, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ թիվ ՇԴ/4982/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացված վճռաբեկ բողոքի, ինչպես նաև այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 25-ի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողների կողմից բարձրացված՝ խնդրո առարկա հարցի առանցքում ընկած իրավական վեճին առնչվող որևէ հարց չի բարձրացվել և վիճարկվել վճռաբեկության կարգով բողոքարկման ընթացքում: Ավելին՝ տվյալ հարցն օրենսդրությամբ սահմանված կարգով եռաստիճան դատական համակարգում, մասնավորապես՝ քննարկվող համատեքստում Վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքով չբարձրացնելու և այն տվյալ դատարանում քննության առարկա չդարձնելու հանգամանքն արձանագրվել է նաև Դիմողների կողմից՝ սույն անհատական դիմումով: Դիմողները, մասնավորապես, նշել են. «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի առջև ուղղակիորեն չի բարձրացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տ. Նազարյանին բացարկ հայտնելու անհնարինության փաստարկը և այս առնչությամբ թույլ տրված իրավական երաշխիքի խախտումը։ (...)»:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Երաշխիք» ապահովագրական ՍՊԸ, Աշոտ Հովհաննիսյանի և Քնարիկ Հարությունյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Վ. Վարդանյան

8 սեպտեմբերի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-81

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-81
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել