Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱԶԻԶ ՈՒՍՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱԶԻԶ ՈՒՍՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5117 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-51)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 51 | ԱԶԻԶ ՈՒՍՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 17 սեպտեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Ազիզ Ուսոյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց .

1. Ազիզ Ուսոյանը (այսուհետ նաև՝ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի օգոստոսի 29-ին )՝ խնդրելով.

««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության առաջին՝ իրա-վական պետության մասով, 28-րդ, 29-րդ, 78-րդ հոդվածներին, 71-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող»:

2. Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթով «(…) լրացուցիչ պարտականու-թյուններ նախատեսելը, ոչ միայն դուրս է գալիս վարչական օրենսգրքով հետա-պնդվող նպատակներից, այլ իր մեջ պարունակում է որոշակի պատժի տարրեր, ինչն անթույլատրելի է իրավական պետությունում և հակասում է օրենքի առջև հավասարության ու արդարացիության սահմանադրական երաշխիքներին»:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորմամբ նախատեսված պար-տավորությունը «(…) ոչ միայն հակասում է ՎԻՎ օրենսգրքին, այլև՝ չունի օբյեկտիվ բնույթ, հիմնավորված չէ և չի հետապնդում իրավաչափ նպատակ, հետևապես «օրենք» չէ և չպիտի անձի նկատմամբ կիրառվի»։

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթով սահմանված՝ վարորդական իրավունքի վերականգնման համար որակավորման քննություն հանձնելու պահանջը «(…) չի ծառայում երթևեկության անվտանգության ապահովման նպատակին, այսինքն՝ պահանջը թեև օրենքով է նախատեսված, սակայն լեգիտիմ չէ, քանի որ պարզ չէ, թե այդ պայմանը ինչ կորելացիայի մեջ է երթևեկության անվտանգության հետ»:

Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ «(…) եթե վարորդական իրավունք չունեցողի, այն ստանալու համար որակավորման քննության սահմանումը, ողջամտորեն բխում է երթևեկության անվտանգության ապահովման նպատակից, ուստի պիտանի և անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար, սակայն այդ իրավունքն ունեցողի նկատմամբ օրենքով արգելված արարքի կատարման հիմքով դադարեցված վա-րելու իրավունքի վերականգնման նախապայմանի սահմանումը չի կարող պիտանի, առավել ևս անհրաժեշտ համարվել, քանի որ չկա որևէ ողջամիտ պատճառ, թե ինչով է պայմանավորված՝ պատիժը կրելուց հետո անձի վրա դրված լրացուցիչ պարտավորությունը, առավել ևս երբ որակավորման քննություն հանձնելու պայմանը պատասխանատվություն նախատեսող նորմի սանկցիայով նախատեսված չէ՝ ոչ որպես հիմնական և ոչ էլ որպես լրացուցիչ պատիժ»:

Դիմողը գտնում է, որ «(…) քննարկվող նորմով սահմանված պայմանը ոչ այլ ինչ է, եթե ոչ կիրառված պատժի շարունակություն, քողարկված պատիժ, որն ինքնին՝ հակասահմանադրական է»:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ «(…) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով հետապնդվող իրավաչափ նպատակի տեսանկյունից նույն օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանը «օրենք» կոչվել չի կարող, քանի որ այն լեգիտիմ նպատակ չի հետապնդում, պիտանի և անհրաժեշտ չէ օրենքով հետապնդվող հանրային շահի տեսանկյունից, ավելին՝ այն խաթարում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը, ինչպես նաև իր բնույթով խտրական է»:

Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացված միջ-նորդությամբ Սահմանադրական դատարանին խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից կամ դրա վճարումը հետաձգել այն հանգամանքների հաշվառ-մամբ, որ վերջինս, առողջական խնդիրներով պայմանավորված, առայժմ չի կարողա-նում աշխատել, ապրում է միայնակ և, բացառությամբ տնամերձից ստացված հա-մեստ բերքի, այլ եկամուտներ չունի:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմա-նադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանա-դրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմա-նադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն

հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմա-նադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատու-թյունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավա-կիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդ-վածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախա-տեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխա-տակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրա-վաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորու-թյունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դա-տական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպա-նության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնա-գիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանա-դրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենս-դրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսում-նասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պա-հանջը:

Մասնավորապես՝ թիվ ՎԴ/9989/05/23 վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը 2025 թվականի հուլիսի 2-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում, որով արձանագրել է. «Վճռաբեկ դա-տարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանի 12․03․2025 թվականին հրա-պարակված (թվագրված՝ 10․03․2025 թվական) որոշումը բողոքաբերին ուղարկվել է 19․03․2025 թվականին (գ․թ․ 95), այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի և 149-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, նշված որոշումը բողոքաբերը ստացել է 20․03․2025 թվականին և վճռաբեկ բողոքը ներկայացնելիս իր հերթին խախտել է օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետը՝ վճռաբեկ բողոքը ներկայացնելով դատական ակտն ստանալու օրվանից՝ 20․03․2025 թվականից, հաշված մեկամսյա ժամկետի ավարտից հետո՝ 12․05․2025 թվականին, մինչդեռ կարող էր ներկայացնել 21․04․2025 թվականը ներառյալ, իսկ միջնորդությունը հիմնավորումներ չի պարու-նակում վճռաբեկ բողոքը Վերաքննիչ դատարանի որոշումն ստանալու պահից մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացնելու պատճառների հարգելիության մասին։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է»։

Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը որոշել է.

«1․ Ազիզ Ուսոյանի միջնորդությունը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10․03․2025 թվականի (հրապարակված՝ 12․03․2025 թվականին) որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժել:

2․ Թիվ ՎԴ/9989/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատա-րանի 10․03․2025 թվականի (հրապարակված՝ 12․03․2025 թվականին) որոշման դեմ Ազիզ Ուսոյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

(...)»:

Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը 2022 թվա-կանի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմա-նադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենս-դրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգա-վորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելուն։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողը, ունենալով Վերաքննիչ վարչական դատարանի համապատասխան որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք (իրական հնարավորություն), ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն, որը Վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է: Նշվածի արդյունքում Դիմողի ներ-կայացրած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձա-նագրում է, որ Դիմողը պատշաճ կերպով չի իրացրել իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելու պահանջը, քանի որ Վճռա-բեկ դատարանի կողմից 2025 թվականի հուլիսի 2-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման կայացման հիմքում ընկած է հենց Դիմողի կողմից իր իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ օրենսդրական պա-հանջները չպահպանելը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից Դիմողի նկատմամբ կայացված վերջին դատական ակտը թիվ ՎԴ/9989/05/23 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 2025 թվականի հուլիսի 2-ի որոշումն է, որի բովանդակությունից, մասնավորապես` վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետա-կան դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմա-նադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատա-րանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց .

1․ Բավարարել Ազիզ Ուսոյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը։

2․ Ազիզ Ուսոյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

17 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-51

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-51
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել