Մկրտչյան — ՇԴ/0214/01/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 362. Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը · Հոդված 390. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոք բերելու և բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետներըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի դատավճռով, ճանաչվել և հռչակվել է մեղադրյալ Արամ Մկրտչյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ նրան վերագրվող փաստական հանգամանքները (արարքը) ապացուցված չլինելու հիմքով: Արամ Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 երեք տարի 4 (չորս) ամիս ժամկետով։ Արամ Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվվել է նրան փաստացի արգելանք
Ամբողջ Տեքստ
ՇԴ/0214/01/25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Շիրակի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր` Վ.Մելքոնյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Կ.Հովհաննիսյան
12 հունիսի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արամ Արմենի Մկրտչյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման դեմ պաշտպան Ա.Մանասյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի դատավճռով, ճանաչվել և հռչակվել է մեղադրյալ Արամ Մկրտչյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ նրան վերագրվող փաստական հանգամանքները (արարքը) ապացուցված չլինելու հիմքով: Արամ Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 երեք տարի 4 (չորս) ամիս ժամկետով։ Արամ Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվվել է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ից։ Արամ Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է, և նրա նկատմամբ ընտրվել են համակցված խափանման միջոցներ՝ տնային կալանքը՝ 3 երեք ամիս ժամկետով, գրավը՝ 500.000 հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը։ Նույն դատավճռով դատապարտվել է նաև Հայկ Արթուրի Գրիգորյանը։
2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ մեղադրյալ Արամ Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցներ՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը փոխվել են, և վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ մեղադրյալ Արամ Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ, թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Արամ Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանի որոշումն անհիմն է և չպատճառաբանված, որոշումը կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի էական խախտմամբ, հետևաբար այն ենթակա է բեկանման։ Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշումը ստացել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին, ինչը հավաստվում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության ծրարի՝ թիվ LO129203941AM բեռնային համարի որոնման արդյունքներով, ուստի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ներկայացվել է բողոքարկման համար սահմանված տասնօրյա ժամկետի պահպանմամբ՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին։ 5.1. Ինչ վերաբերում է հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին կցված՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից հայտնած տեղեկատվության ստացման օրվանից բողոքարկման ժամկետի հաշվարկման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, բողոքաբերը նշել է, որ ինքը նշվածը հիմք չի ընդունել բողոքարկման ժամկետը հաշվարկելիս։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշումը, փոստային առաքման միջոցով, նույն օրվա թիվ «ՇԴ-25-24944/25» գրությամբ ուղարկվել է պաշտպան Ա.Մանասյանին[1]։
- Վարույթի նյութերում առկա և նշված առաքանին պաշտպանի կողմից ստանալը հաստատող հավաստագրի ելքային համարն է «Ե-24452/25» (բեռնային համարը՝ LO129166780AM)։ Նշված հավաստագրի և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջի համաձայն՝ առաքանին ստորագրությամբ հասցեատիրոջն է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 22-ին[2]։
- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ մեղադրյալ Արամ Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն էլեկտրոնային փոստի միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2025 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:24-ին, և մուտքագրվել 2025 թվականի սեպտեմբերի 11-ին։ Բողոքին կից ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից պաշտպանին ուղարկված գրություն, որով տրամադրվել է պրոբացիայի շահառու Արամ Մկրտչյանի անձնական գործում առկա խախտումների վերաբերյալ տեղեկատվություն[3]։
- Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Ա.Մանասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «[Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ կայացված դատական ակտի բողոքարկման ժամկետը բաց է թողնված: Այսպես. 2025 թվականի օգոստոսի 21-ին Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման օրինակը նույն օրը ուղարկվել է դատավարության մասնակիցներին, այդ թվում՝ բողոքաբերին: Որոշումը Ա.Մանասյանին է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 22-ին, ինչը հաստատվում է գործի նյութերում առկա՝ Հայփոստ ՓԲԸ-ի կողմից տրամադրված հետադարձ հավաստագրի՝ LO129166780AM բեռնային համարի տվյալից: (...)
Նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրյալ Ա.Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ստանալուց՝ 22.08.2025 թվականից 19 (տասնինը) օր հետո՝ 10.09.2025թ.: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պաշտպանի կողմից բողոքին կցված՝ պրոբացիայի ծառայության գրությամբ իրեն հասանելի դարձած տեղեկատվության ստացման օրվանից՝ 09.09.2025թ. հետո հատուկ վերանայման բողոքը 10.09.2025թ. ներկայացնելով չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 10-օրյա ժամկետը, քանի որ այդ ժամկետը հոսում է վիճարկվող դատական ակտն ստանալու օրվանից հետո, և չի կարող սկսել հոսել վիճարկվող որոշումից բխող հարցումների պատասխանները հասու դառնալուց հետո, հետևաբար հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը բաց է թողնված: Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Ա.Մանասյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը ժամկետանց է, գտնում է, որ այն պետք է թողնել առանց քննության (...)»[4]:
- Մեղադրյալ Արամ Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է թիվ LO129203941AM բեռնային համարով ծրարի պատճեն, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նշված ծրարի առաքանին հանդիսացող գրության ելքագրման համարն է՝ «Ե-24944/25»[5]։ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջի համաձայն՝ առաքանին հասցեատիրոջն է հանձնվել 2025 թվականի սեպտեմբերի 1-ին։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք մեղադրյալ Արամ Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե` (․․․)
4) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հետևանքով բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ: (․․․)
5. Բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական կամ իրավական հանգամանք է դատական ակտ կայացնելիս դատարանին և կողմերին անհայտ մնացած կամ դատական ակտը հրապարակելուց հետո առաջացած որևէ փաստ կամ ուժի մեջ մտած որևէ իրավական ակտ կամ արտահայտված որևէ իրավական դիրքորոշում։ (...)»։ Մեջբերված դատավարական նորմերի բովանդակությունից հետևում է, որ հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակում դատական ակտի իրավաչափության ստուգման դեպքում, դատական վերանայման ծավալը սահմանափակված է ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների գնահատմամբ, եթե առկա չէ դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք[6]։ Դատական ակտի իրավաչափության վրա ազդող փաստական հանգամանքի առանձնահատկությունն այն է, որ վերջինս ոչ թե ստորադաս դատարանի վարութային թերացման արդյունք է, այլ հետագայում ի հայտ եկած փաստական հանգամանք, որի առկայությունը և դատական ակտի սկզբնական բովանդակությունն անհամատեղելի են։
10. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշումը, փոստային առաքման միջոցով՝ նույն օրվա` թիվ «ՇԴ-25-24944/25» գրությամբ ուղարկվել է պաշտպան Ա.Մանասյանին, իսկ վարույթի նյութերում առկա և նշված առաքանին պաշտպանի կողմից ստանալը հավաստող հավաստագրի վրա առկա է «Ե-24452/25» ելքային համարը (բեռնային համարը՝ LO129166780AM)։ Նշված հավաստագրի և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջի համաձայն՝ առաքանին ստորագրությամբ ստացողին է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 22-ին։
- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ մեղադրյալ Արամ Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանի հատուկ վերանայման բողոքն էլեկտրոնային փոստի միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2025 թվականի սեպտեմբերի 10-ին։
- Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Արամ Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանի հատուկ վերանայման բողոքը 2025 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքաբերին հանձնվել է 2025 թվականի օգոստոսի 22-ին, ինչը հաստատվում է գործի նյութերում առկա՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջի կողմից տրամադրված հետադարձ հավաստագրի՝ LO129166780AM բեռնային համարի տվյալից, հետևաբար բողոքը ներկայացվել է այն ներկայացնելուց 19 (տասնինը) օր անց՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին:
- Մեղադրյալ Արամ Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանի կողմից հատուկ վերանայման վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ թիվ LO129203941AM բեռնային համարով ծրարի պատճենի և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջի համաձայն՝ նշված ծրարը, որի առաքանին հանդիսացող գրության ելքագրման համարն է՝ «Ե-24944/25», ստացողին է հանձնվել 2025 թվականի սեպտեմբերի 1-ին[7]։
11. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հեղինակի կողմից ներկայացվել է վիճարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանին անհայտ մնացած կոնկրետ փաստ, որի առկայությունը և բողոքարկվող դատական ակտի բովանդակությունն անհամատեղելի են։ Այսպես, համաձայն հատուկ վերանայման վճռաբեկ բողոքին կից ներկայացված հիշյալ փաստաթղթի՝ մեղադրյալ Արամ Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշումը փոստային ծառայության միջոցով ստացել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին, հետևաբար դրա դեմ հատուկ վերանայման բողոք բերելու ժամկետը սկսվել է նույն թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 00։00–ից, և ավարտվել սեպտեմբերի 11-ին՝ ժամը 24։00-ին։ Վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պաշտպան Ա.Մանասյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը էլեկտրոնային փոստի միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկել 2025 թվականի սեպտեմբերի 10-ին, այսինքն՝ մինչև բողոքարկման ժամկետի ավարտը։ Նշվածը հիմնավորվում է Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշմանը կից գրության ելքագրման համարի («ՇԴ-25-24944/25») և բողոքին կից ներկայացված ծրարի առաքանին հանդիսացող գրության ելքագրման համարի համընկնմամբ, որպիսի փաստը սակայն, Վերաքննիչ դատարանին հայտնի չի եղել։
12. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա՝ թիվ «Ե-24452/25» ելքային համարը կրող հավաստագրի պատճենը չի հավաստում բողոքաբերի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշումը՝ 2025 թվականի օգոստոսի 22-ին ստանալու փաստը, իսկ բողոքաբերի կողմից հատուկ վերանայման բողոքին կից ներկայացված ծրարի պատճենով հավաստվում է, որ նշված որոշումը վերջինին ուղարկվել է թիվ «Ե-24944/25» գրությամբ (բեռնային համարը՝ LO129203941AM) և նրա կողմից ստացվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին։ Փաստորեն, վիճարկվող որոշման կայացումից հետո ի հայտ է եկել Վերաքննիչ դատարանին անհայտ մնացած այնպիսի փաստական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ։ Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Արամ Մկրտչյանի պաշտպան Ա.Մանասյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ։ 13․ Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք, որը ստորադաս դատարանի վարութային թերացման արդյունք չէ, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար[8]։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Արամ Արմենի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 109։
[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 111։
[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 2-9։
[4] Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 12-13։
[5] Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 34։
[6] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 և Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշումը: [7] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
[8] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՇԴ/0214/01/25
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
