Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1925 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 ապրիլի 2023թ. ՍԴԴԿՈ - 19 | «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 ապրիլի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի ապրիլի 19-ին), խնդրել է հետևյալը. «(...)

2. Որոշել ՀՀ քրեական դատավարություն օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասի ՀՀ Սահմանադրության 61-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցն այնքանով, որքանով «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և բողոքների քննությունն իրականացվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով» ձևակերպմամբ չի հստակեցված, թե օրենսդիրը նկատի է ունեցել մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը նախաձեռնված մինչդատական վարույթների շրջանակներում ներկայացված միջնորդությունների և բողոքների քննության կարգին, թե մինչև ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ներկայացված բողոքների և միջնորդությունների քննության կարգին»։

2. Դիմողը նշում է, որ «(…) դիմումով բարձրացված հարցը կարևորվում է այն հանգամանքով, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառության պրակտիկայի համար։ Քանի որ վիճարկվող դրույթի ներկա ձևակերպմամբ իրավական անորոշություն է առաջացել, ինչի հետևանքով նշված նորմի տարատեսակ մեկնաբանություններով ձևավորվել է անհասկանալի իրավակիրառ պրակտիկա, որի արդյունքում սահմանափակվել է բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը»։ Դիմողը գտնում է, որ «(…) սույն գործով մինչդատական վարույթն իրականացվել է մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը, հետևաբար նշված վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված բողոքի քննությունը ենթակա էր իրականացման մինչև 2022թ. հուլիսի 1-ը գործող կարգով, այսինքն 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգավորումներով։ Իսկ այն հիմնավորումներով, որոնցով դատարանը մերժել է վարույթի հարուցումը 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգավորումներով ներկայացվող բողոքին այդպիսի պահանջներ չեն եղել նախատեսված։ Այսինքն, բողոքը ներկայացվել է 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգավորումներով մեկամսյա ժամկետում, հաշվի առնելով վիճարկվող դրույթի ներկայիս ձևակերպումը»։ Ըստ դիմողի «(…) վիճարկվող նորմի ներկայիս ձևակերպմամբ այդպես էլ հնարավորություն չի տրվել դիմումատուին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին, քանի որ հստակ չէ, թե ի վերջո վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասի հետևյալ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և բողոքների քննությունն իրականացվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով» ձևակերպմամբ պետք է ընկալել մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը նախաձեռնված մինչդատական վարույթների շրջանակներում բերված բողոքներին և միջնորդություններին վերաբերող, թե մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ներկայացված բողոքների և միջնորդությունների քննության կարգի մասին։ Քանի որ նախադասության առաջին մասում տրված ձևակերպումը. «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ...»-ը կարելի է ամբողջովին ընկալել որպես. «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը նախաձեռնված մինչդատական վարույթների շրջանակներում ...»։ Հետևաբար նաև խնդրահարույց է դարձել, թե ի վերջո վերը թվարկված միջնորդություններն ու բողոքները պետք է քննարկվեն մինչև 2022 թվականի հուլիսի 01-ը գործող կարգով, թե 2022 թվականի հուլիսի 01-ից ուժի մեջ մտած գործող կարգով»։ Դիմողը գտնում է, որ «(…) Օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասը չի բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշները, իսկ դրանց իրավակիրառ պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակությունը հանգեցրել է Դիմողի իրավունքների խախտման, քանի որ նորմերի մեկնաբանման արդյունքում Դիմողը զրկվել է համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորությունից, որը դրսևորվել է բողոքը մինչև 2022 թվականի հուլիսի 01-ը գործող կարգով կազմելու, թե դրանից հետո գործող կարգով կազմելու հնարավորությունից, որի արդյունքում էլ զրկվել է դատական պաշտպանության իրավունքից»։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Ընդ որում, Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչը ոչ միայն չի բխում Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը։ Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի ներկայացրած հիմնավորումները, ըստ էության, հանգում են նրան, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումը կարող է էական նշանակություն ունենալ վիճարկվող դրույթի առնչությամբ իրավակիրառ պրակտիկայի համար։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցը համատեղելի չէ Սահմանադրական դատարանի լիազորությունների հետ, ավելին այն սահմանադրի կողմից Վճռաբեկ դատարանին պատվիրակված լիազորություն է, մասնավորապես Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանվում է, որ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։ Ուստի դիմողը, չհամաձայնելով իր մասնակցությամբ գործով վիճարկվող դրույթի կիրառմամբ դատարանների կողմից կայացված դատական ակտերին, ըստ էության քողարկված ձևով բարձրացնում է այնպիսի խնդիր, որը վերաբերում է ոչ թե նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությանը, այլ դատական ակտերի օրինականության, այդ դատական ակտերով նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցին։ Ամփոփելով վերոնշյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

25 ապրիլի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել