Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲՐԵՎԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲՐԵՎԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4927 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հոկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 49 | «ԲՐԵՎԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 հոկտեմբերի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով «Բրեվիս Փրոփերթիս» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

«Բրեվիս Փրոփերթիս» ՍՊԸ-ն (այսուհետ Դիմող, ներկայացուցիչ փաստաբան Տիրայր Կարապետյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի սեպտեմբերի 22-ին) խնդրելով. «(...)

(...) Որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հաշվի առնելով մինչդատական ակտի բողոքարկման վարույթով ներկայացված բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները բողոք բերած անձի կողմից պահպանված չլինելու դեպքում այդ թերությունների մատնանշմամբ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու օրենսդրական կարգավորման բացակայությունը»: Դիմողը հայտնել է, որ քրեական գործի շրջանակներում 2022 թվականի հունիսի 13-ին կայացվել է գույքի վրա կալանք դնելու մասին որոշում։ 2023 թվականի փետրվարի 28-ին Դիմողը վարույթն իրականացնող քննիչին միջնորդել է վերացնել գույքի վրա դրված արգելադրումը, և համաձայն չլինելով միջնորդության վերաբերյալ 2023 թվականի մարտի 6-ին կայացված որոշման հետ դրա դեմ բողոք է ներկայացրել դատախազություն, որը մերժվել է։ Դիմողը քննիչի 2023 թվականի մարտի 6-ի հիշյալ որոշման դեմ բողոք է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան, որով վերջինս 2023 թվականի ապրիլի 5-ին կայացրել է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում բողոքում բողոքաբերի հայրանունը նշված չլինելու և բողոքի պատճենը բողոքարկվող ակտը կայացրած մարմնին ուղարկված լինելը հավաստող ապացույց չներկայացնելու պատճառաբանություններով։ Հակակոռուպցիոն դատարանի հիշյալ որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մայիսի 24-ի որոշմամբ մերժել է, իսկ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը 2023 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելը մերժել է։ Դիմողը նշում է, որ անհատական դիմումի առարկան է Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում մինչդատական ակտի վիճարկման վարույթով ներկայացված թերությունների մատնանշմամբ բողոքը վերադարձնելու օրենսդրական հնարավորություն, որով խախտվում են Դիմողի իրավունքներն ու հիմնարար ազատությունները, քանի որ թույլ է տրվել իր դատական պաշտպանության իրավունքի խախտում։ Դիմողը գտնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում ներկայացված բողոքը վերադարձնելու օրենսդրական հիմք, այլ ձևական պահանջները չպահպանելու հիմքով նախատեսում է միայն բողոքի վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու հնարավորություն, անհամատեղելի է Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին: Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է այն հարցը, թե արդյո՞ք Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածով չեն խախտվում Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներով նախատեսված սահմանադրական երաշխիքները հաշվի առնելով, որ մինչդատական ակտի բողոքարկման վարույթով ներկայացված բողոքի ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները չպահպանելու համար նախատեսվում է բացառապես վարույթի հարուցումը մերժելու կառուցակարգ, և չի նախատեսվում բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները բողոք բերած անձի կողմից պահպանված չլինելու դեպքում այդ թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն։ Ըստ Դիմողի (...) մինչդատական ակտի վիճարկման վարույթով ներկայացված բողոքի թերությունների մատնանշմամբ վերադարձնելու հնարավորություն նախատեսված չլինելն անհամաչափ կերպով սահմանափակում է դատական պաշտպանության իրավունքը, դրանով ևս արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պետության պոզիտիվ պարտականությունը, քանի որ անձը ձևական պահանջների խախտման հետևանքով զրկվում է իր արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից այն դեպքում, երբ ձևական պահանջը հնարավոր է վերականգնել կամ շտկել»։ Դիմողը գտնում է, որ բողոքը վերադարձնելու համար որպես չափանիշ անհրաժեշտ է ընդունել այն հանգամանքը արդյո՞ք առկա է թերությունը վերացնելու ողջամիտ հնարավորություն, թե` ոչ, և ըստ այդմ` տարբերակված մոտեցում ցուցաբերել այն բողոքների նկատմամբ, որոնցում թույլ տրված թերությունները ողջամտորեն հնարավոր է ուղղել: Դիմողը նշում է, որ այսպիսի մոտեցումը թույլ կտա խուսափել ձևական պահանջների չարաշահումից և կհանգեցնի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, ինչպես նաև իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքի պահպանմանը: Դիմողի պնդմամբ (...) դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից զրկելը ձևական պահանջի չպահպանման հետևանքով չի համապատասխանում անհրաժեշտության պահանջին և ակնհայտորեն առավել մեղմ եղանակով օրինակ ոչ թե բողոքի առնչությամբ վարույթի հարուցումը մերժելու, այլ բողոքը վերադարձնելու միջոցով հնարավոր կլիներ լեգիտիմ նպատակին հասնել»: Դիմողը նշում է, որ ձևական պահանջները չպահպանելը չի կարող անձին ամբողջությամբ զրկել դատական պաշտպանության իրավունքից, ուստի` կիրառված սահմանափակումը նաև համարժեք չէ: Ըստ Դիմողի վիճարկվող օրենսդրական կարգավորումը չի բավարարում համաչափության թեստի բոլոր վավերապայմանները, որպիսի պարագայում այն հակասում է նաև Սահմանադրության 78-րդ հոդվածին: Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-125 աշխատակարգային որոշմամբ նշել է, որ «Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերլուծությունից կարելի է մակաբերել, որ անձը, ի թիվս այլնի, սահմանադրական արդարադատության կարող է դիմել բացառապես այն պարագայում, երբ վերջինիս կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի/դրույթների հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ մինչև Սահմանադրական դատարան դիմելը Դիմողի կողմից հարուցված հարցը թե՛ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության, թե՛ դատարանի առջև վերաբերել է գույքի առկա արգելադրումը վերացնելուն, իսկ Սահմանադրական դատարանի առջև բարձրացվում է այն հարցը, որ Դիմողի համար այդ առնչությամբ չեն երաշխավորվել դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։ Մասնավորապես Դիմողը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում դատական կարգով մինչդատական ակտի (իր դեպքում գույքի արգելադրումը վերացնելու հարցի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշման) վիճարկման վարույթով ներկայացված բողոքը դրա առկա թերությունների մատնանշմամբ վերադարձնելու օրենսդրական հնարավորություն, խախտում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իր իրավունքները։ Այսինքն Դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթում ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարց։ Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը: Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմումում ներկայացված օրենսդրական բացի ենթադրյալ հակասահմանադրականության և Դիմողի դատարան դիմելու իրավունքի խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը պարզելու համար պետք է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք օրենսդրական ենթադրյալ բացի պայմաններում Դիմողը կարող էր գույքի արգելադրումը վերացնելու հարցով օգտվել դատական պաշտպանության արդյունավետ միջոցներից, թե ոչ։ Դիմողի կողմից հետապնդվող նպատակների լույսի ներքո Քրեական դատավարության օրենսգրքի «Սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդությունը և դրա քննությունը» վերտառությամբ 298-րդ հոդվածը սահմանում է. «1. Արգելադրված գույքի սեփականատերը, դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձը կամ նրանց ներկայացուցիչը իրավունք ունեն մինչդատական վարույթի ընթացքում միջնորդություն ներկայացնելու դատարան գույքի արգելադրումը վերացնելու մասին ոչ շուտ, քան գույքի արգելադրումից երեք ամիս հետո։ Միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին։

2. Դատարանը մերժում է միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը, եթե միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից կամ ոչ պատշաճ ժամկետում, կամ եթե դրանում չեն ներկայացվել գույքի արգելադրման իրավաչափությունը վիճարկող նոր էական փաստարկներ։ Հակառակ դեպքում դատարանը միջնորդության հիման վրա հարուցում է վարույթ որոշման մեջ նշելով այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին։ Վարույթը բանավոր ընթացակարգով իրականացնելու դեպքում դատական նիստը նշանակվում է յոթնօրյա ժամկետում։

3. Սույն հոդվածով նախատեսված միջնորդությունը բանավոր ընթացակարգով քննելու դեպքում դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 296-րդ հոդվածի վերաբերելի պահանջների պահպանմամբ։

4. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․

1) միջնորդությունը մերժելու մասին, եթե գալիս է հետևության, որ գույքի արգելադրման իրավաչափության մասին հետևությունները շարունակում են հիմնավոր լինել.

2) միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու և գույքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին, եթե համաձայնվում է միջնորդության փաստարկներին: 5․ Բանավոր ընթացակարգով միջնորդության քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն ամբողջությամբ պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հաջորդ օրը»: Ներկայացված իրավական դրույթից հետևում է, որ մինչդատական վարույթի ընթացքում գույքի սեփականատերը կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող անձը պայմանով, որ գույքի արգելադրումից անցել է երեք ամիս, կարող է դիմել դատարան գույքի արգելադրումը վերացնելու միջնորդությամբ։ Դատարանը կարող է մերժել միջնորդության հիման վրա վարույթ հարուցելը միայն այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից կամ ոչ պատշաճ ժամկետում։ Միջնորդության քննության արդյունքներով դատարանը կարող է մասնակի կամ ամբողջությամբ վերացնել գույքի արգելադրումը։ Իր հերթին, դիմումում նշվել է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կայացվել է 2022 թվականի հունիսի 13-ին, իսկ վարույթն իրականացնող մարմնին գույքի վրա դրված արգելադրումը վերացնելու մասին միջնորդությունը ներկայացվել է 2023 թվականի փետրվարի 28-ին։ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ գույքի արգելադրումը վերացնելու իր կողմից հետապնդվող նպատակին հասնելու համար Դիմողը կարող էր Քրեական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով դիմել դատարան իրացնելով այդ հարցով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իր իրավունքները, մինչդեռ դիմումը չի պարունակում հիմնավորումներ այն մասին, որ Դիմողը չի օգտվել դատական պաշտպանության այդ միջոցից իր համար այն մատչելի և/կամ արդյունավետ չլինելու պատճառով։ Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմումում նշված ենթադրյալ օրենսդրական բացի ենթադրյալ հակասահմանադրականության և գույքի արգելադրումը վերացնելու հարցով Դիմողի դատարան դիմելու իրավունքի խախտման միջև պատճառահետևանքային կապը չի հիմնավորվում։ Այսինքն սույն դիմումն ակնհայտ անհիմն է, հետևաբար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Բրեվիս Փրոփերթիս» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ա. Թունյան

Ե. Խունդկարյան

27 հոկտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-49

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-49
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել