Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՅՐԱՆՈՒՇ ՀԱԼԼԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՅՐԱՆՈՒՇ ՀԱԼԼԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5113 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-51)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 նոյեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 51 | ՄԱՅՐԱՆՈՒՇ ՀԱԼԼԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 նոյեմբերի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Մայրանուշ Հալլաբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մայրանուշ Հալլաբյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հոկտեմբերի 6-ին)` խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետը, այնքանով որ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը » իրավակարգավորմամբ չի բացահայտում այդ հիմքով վճռաբեկ բողոք բերելու անհրաժեշտ հիմնավորումների նվազագույն չափանիշները և թիվ ՎԴ/5953/05/19 վարչական գործով Վճռաբեկ դատարանի կողմից 04.04.2023 թվականի որոշմամբ դրան տրված մեկնաբանությունը, ըստ որի` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ` Վճռաբեկ դատարանը գտել է, որ բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5953/05/19 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ օրենսդրի կողմից սահմանված արդարադատության բուն էության խաթարում» նախապայմանը ձևակերպված չէ հստակ և որոշակի, «(...) քանի որ հասկանալի չէ կոնկրետ գործով դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավանորմերի խախտումների այն շեմը, որի պարագայում վճռաբեկ բողոք բերող անձը կարող է ակնկալել Վճռաբեկ դատարանի կողմից իր գործով բողոքի վարույթ ընդունումը և դրա ըստ էության քննությունը»: Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված գործող իրավակարգավորումն այնքան անորոշ է ձևակերպված, որ թույլ է տալիս Վճռաբեկ դատարանին դատական պրակտիկայում սեփական հայեցողությամբ լուծելու կոնկրետ գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը իր իրավունքների դատական պաշտպանություն ակնկալող անձին զրկելով իր գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հեռանկարները և նպատակահարմարությունը գնահատելու հնարավորությունից: Դիմողի պնդմամբ վիճարկվող դրույթը և թիվ ՎԴ/5953/05/19 վարչական գործով Վճռաբեկ դատարանի կողմից դրան տրված մեկնաբանությունը հակասում են իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես, ըստ Դիմողի, մի կողմից դրանք Վճռաբեկ դատարանին կոնկրետ գործով խիստ սուբյեկտիվ գործելու իրավական հնարավորություն են տալիս, որը տվյալ գործով հանգեցրել է իր Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող դատական պաշտպանության իրավունքի խախտմանը, մյուս կողմից ինքը` որպես խնդրո առարկա գործով շահագրգիռ անձ, իրավական հնարավորություն չի ունեցել գնահատելու արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավանորմերի խախտումները, որոնց առկայությունը չի հերքվել նաև Վճռաբեկ դատարանի կողմից, բավարար են վճռաբեկ բողոք ներկայացնելու համար, թե ոչ: Արդյունքում, Դիմողի պնդմամբ, ստացվում է, որ ինքն իր իրավունքների դատական պաշտպանության ապահովման նպատակով ծախսել է նյութական և այլ ռեսուրսներ, սակայն վիճարկվող դրույթով սահմանված իրավակարգավորման և Վճռաբեկ դատարանի կողմից դրան տրված մեկնաբանության անորոշության պայմաններում չի հասել տվյալ նպատակին: Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը դրանով սահմանված հետևյալ իրավակարգավորմամբ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը », այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս կոնկրետ գործով բողոք ներկայացնող անձին գնահատելու իր գործով դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի արդյունքում արդարադատության բուն էության խաթարումը, և այդպիսի փաստի առկայության գնահատումը վերապահվում է բացառապես Վճռաբեկ դատարանի հայեցողությանը, հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքին, որն էլ թիվ ՎԴ/5953/05/19 վարչական գործով հանգեցրել է իր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքների խախտմանը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմը նշում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետով և դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ որոշակի չէ, թե տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը հատկապես ի՞նչ հիմնավորումների իրավական ակնկալիք է ունեցել դիմումատուից, մասնավորապես արդյո՞ք այն պայմաններում, երբ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտի վերանայման արդյունքում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածների առաջին մասերի, ինչպես նաև նույն Օրենսգրքի 114-րդ հոդվածի հինգերորդ մասի խախտմամբ չի արձանագրել, որ թեև դիմումատուն սույն գործով վարչական վարույթը վերսկսելու հիմքում դրել է ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ բնակարանների բաշխման համատեղ հանձնաժողովի կողմից Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամասի թիվ 27 քոթեջը փախստական Զինավոր Վարդանյանին և վերջինիս ընտանիքին հատկացված լինելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչած լինելու փաստը, սակայն Վարչական դատարանը չի գնահատել գործով ներկայացված այն ապացույցները, որոնցով հիմնավորվել է դիմումատուի` այդպիսի փաստի մասին տեղեկացված լինելու ժամանակահատվածը, որպիսի պայմաններում էլ Վերաքննիչ դատարանը որոշմամբ վերահաստատել է, որ դիմումատուն բաց է թողել վարչական վարույթը վերսկսելու ժամանակահատվածը»: Դիմողը նաև նշել է. դիմումատուն Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերոնշյալ խախտումների պայմաններում իրավաչափորեն գտել է, որ սույն գործով խաթարվել է արդարադատության բուն էությունը և առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետով վճռաբեկ բողոք ներկայացնելու նախապայմանը, քանի որ ստորադաս դատարանները չեն ապահովվել իր գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչպես նաև չեն ապահովվել դատական ակտի հիմնավորվածությանը ներկայացվող պահանջը, ինչի հետևանքով վերջինս զրկվել է իր սեփականության իրավունքի օրինական ակնկալիքից, որպիսի պայմաններում հայցել է դատական պաշտպանություն, մինչդեռ Վճռաբեկ դատարանը, թեև չի ժխտել Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով դատավարական իրավանորմերի խախտումները, սակայն առանց որևէ հիմնավոր պատճառաբանության գտել է, որ այդպիսի խախտումները բավարար չեն արդարադատության բուն էության խաթարման առկայության տեսանկյունից»: Վերոգրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված այլ դիրքորոշումները ևս` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի իրավաչափությանը, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մայրանուշ Հալլաբյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ` Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

13 նոյեմբեր-2023 թվականի

ՍԴԴԿՈ-51

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-51
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել