Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-8730 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-87)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 87 | «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևան 30 սեպտեմբերի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲ ընկերության

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Դիմող, տնօրեն՝ Միքայել Մացակյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 22-ին, որով Դիմողը խնդրել է.

««ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԻ-ի նկատմամբ թիվ ԵԴ2/1038/02/25 գործով կիրառված «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետը՝ «որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը» նախադասության մասով, «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը, այն է՝ Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա,

ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ 1-ին մասին, 11-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ2/1038/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունն, ըստ էության, հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 11-րդ և 78-րդ հոդվածներին, քանի որ անհամաչափորեն իրավունք է տալիս պայմանագրի մի կողմին պայմանագրի մյուս կողմի հանդեպ կիրառելու վարչական բնույթի սահմանափակում, որի պարագայում պայմանագրի մյուս կողմը 2 տարի ժամկետով հայտնվում է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում և նշված ժամկետում չի կարողանում մասնակցել պետական գնումների մրցույթներին, կնքել նոր պայմանագրեր, իրականացնել մատակարարումներ և ստանալ եկամուտներ: Ըստ Դիմողի, «(...) օրենքի նման կարգավորման պարագայում ծագում է ռիսկ, որ պայմանագրի կողմը, լինելով շահագրգիռ անձ, կարող է առանձին դեպքերում նաև սուբյեկտիվ հիմքերով որոշում կայացնել և պայմանագրի մյուս կողմին անհարկի ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում: Սակայն պայմանագրային իրավահարաբերություններում պայմանագրի մեկ կողմը չպետք է նման առավելություններով և արտոնություններով օժտված լինի պայմանագրի մյուս կողմի հանդեպ»:

Դիմողը գտնում է, որ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված կարգավորումները հակասում են Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ հնարավորություն են տալիս պայմանագրի մեկ կողմի համար անհարկի խախտել պայմանագրի մյուս կողմի սեփականության իրավունքը, ինչպես նաև Սահմանադրության 11-րդ հոդվածին, «(...) քանի որ առաջացնում է հնարավորություն պայմանագրի մեկ կողմի համար անհարկի խախտելու պայմանագրի մյուս կողմի տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության իրավունքները»:

Ըստ Դիմողի՝ «Վերոնշյալ կարգավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին, քանի որ առաջացնում է հնարավորություն պայմանագրի մեկ կողմի համար պայմանագրի մյուս կողմին 2 տարի ժամկետով զրկել վերոնշյալ՝ սահմանադրական հիմնարար իրավունքներից: Այսինքն «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության նորմով տրված կարգավորումը անհամաչափ կերպով է սահմանափակում պայմանագրի մյուս կողմին, քանի որ սահմանափակման հնարավորությունը տրված է վեճի մյուս կողմին և չկա մի երրորդ անաչառ սուբյեկտ, որը կկարողանա անաչառ գնահատական տալ ծագած տարաձայնությանը և որոշում կայացնել»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել այն դեպքերում, երբ դիմողն անգամ հղում չի կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության, հետևաբար՝ չներկայացնելով հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացրել է «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համապատասխան դրույթի և հիշյալ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության՝ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 11 և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:

Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմումում առկա չէ հիշատակում Դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի մասին, հետևաբար՝ ներկայացված չեն հիմնավորումներ Դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչպես նաև վիճարկվող դրույթների և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։

Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78-րդ հոդվածի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրության հիշյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 10 և 11-րդ հոդվածների առնչությամբ հարկ է նշել, որ դրանք արտացոլված են Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխի ներքո: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելիս անհրաժեշտ է բավարար հիմնավորումներ ներկայացնել, որ վիճարկվող դրույթը՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Վ. Վարդանյան

30 սեպտեմբերի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-87

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-87
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել