Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-114 հունվարի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հունվարի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 1 | ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

14 հունվարի 2014 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով քաղաքացի Սոնա Գրիգորյանի և «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 42.1- րդ հոդվածի քաղաքացի Սոնա Գրիգորյանը և «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն 2013թ. դեկտեմբերի 27-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի 1-ին մասը և 1087.1 հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14 հոդվածին և 18 հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Ըստ դիմողների վիճարկվող իրավանորմերի հակասահմանադրականությունը կայանում է հենց նրանում, որ դրանք որևէ կերպ չեն անդրադառնում այն դեպքերին, երբ վիրավորանքը հասցվում է ոչ հրապարակային եղանակով։

Դիմողները գտնում են նաև, որ անձը, ում հասցեին ոչ հրապարակային ձևով հասցվել է վիրավորանք, փաստացի զրկված է իր խախտված իրավունքի պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից։

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը չի կիրառվել դիմողների նկատմամբ։ Դիմողների նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումը որպես անհատական դիմումին ներկայացվող պայման, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

3. Դատական կազմը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ վիճարկվող դրույթի առնչությամբ դիմողները հակասահմանադրականությունը փորձում են հիմնավորել դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը մատնանշելով։

Դատական կազմը հարկ է համարում նշել, որ օրենսդրական բացը որպես իրավունքի բացի տեսակ, իրավունքի կարգավորման ոլորտում առկա փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարմանն ուղղված գործընթացներում սահմանադրական դատարանի և օրենսդրի իրավասությունների շրջանակներին իր ՍԴՈ-864 որոշմամբ իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում ամրագրված վերը հիշատակված դիրքորոշումները դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում վիճարկվող դրույթներում առկա չէ որևէ իրավական բաց, հետևաբար տվյալ դեպքում չի կարող խոսք լինել վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշության, դրա արդյունքում իրավակիրառական պրակտիկայում նորմի կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտմանը հանգեցնող մեկնաբանության ու կիրառման մասին։

4. Դատական կազմը գտնում է նաև, որ դիմողների համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն, դիմողները վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց, որն էլ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

5. ՀՀ քաղ. օր.-ի 1087.1-րդ հոդվածի խնդրո առարկա դրույթի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշումը, որում ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դիմողի կողմից մատնանշված հիմնախնդրին, իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վեճի առարկա հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է միայն հանրության առջև, առնվազն երրորդ անձանց ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելու հետևանքների հաղթահարմանը։ Իր կարևորությամբ հանդերձ, վիճարկվող հոդվածի իրավակարգավորման շրջանակներից դուրս է մասնավոր- իրավական բնույթի հարաբերությունների կարգավորումը։ Այդուհանդերձ, սահմանադրական դատարանը գտնում է, որ դա ոչ թե օրենսգրքի հիշյալ հոդվածի, այլ ընդհանուր իրավակարգավորման բաց է, և այն հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Սոնա Գրիգորյանի և «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

14 հունվարի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/2-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունվարի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել