Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2325 հոկտեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հոկտեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 23 | ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

25 հոկտեմբերի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Խաչատուր Սուքիասյանը 2012թ. սեպտեմբերի 29-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.

... 1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

2. ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը ՀՀ վարչական դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության շրջանակներում, ճանաչել իրավական որոշակիության սկզբունքին հակասող և անվավեր[1]։

3. ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածում «մշտապես բնակվող» հասկացությունը ճանաչել իրավական որոշակիության սկզբունքին հակասող և անվավեր։ Դիմումի հեղինակը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1- ին մասի առնչությամբ մատնանշելով Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները դատարանի մատչելիության սկզբունքի վերաբերյալ, գտնում է, որ վիճարկվող նորմով նախատեսված կարգավորման պարագայում օրենսդիրը, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերին վերջնական բնույթ տալով և վերանայման ենթակա չլինելու և հրապարակման պահից ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթ նախատեսելով ըստ էության բացառել է անձի կողմից ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու հնարավորությունը դրանով իսկ սահմանափակելով անձի արդարադատության մատչելիության իրավունքը։

ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության վերաբերյալ դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմին ՀՀ վարչական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը չի համապատասխանում օրենքի որոշակիության սկզբունքին։ ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի առնչությամբ դիմողը գտնում է, որ տվյալ նորմի մեջ ուշադրության է արժանի «մշտապես բնակվող» եզրույթը, որն անձի համար բավարար չափով հստակ և կանխատեսելի չէ, որպեսզի անձը կարողանա դրան համապատասխանեցնել իր վարքագիծը։

Դատական կազմը, ուսումնասիրելով դիմումն ու կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության և 105-րդ հոդվածի վերաբերյալ

Նշյալ դրույթների մասով դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողը վիճարկելով այդ դրույթների սահմանադրականությունը չի անդրադարձել այդ իրավադրույթների սահմանադրաիրավական բովանդակությանը, չի ներկայացրել իրավական հիմնավորում դրանց հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ ձևավորել է իրավական դիրքորոշում, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում, այլ բարձրացված է «իրավական որոշակիության սկզբունքին» այդ նորմերը հակասող և անվավեր ճանաչելու հարցը։

Բացի դրանից, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքներն են խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի կողմից ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

Միաժամանակ, դատական կազմը գտնում է, որ դիմողն ըստ էության բարձրացրել է նշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ գործի փաստական հանգամանքների քննության հետ կապված դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն անդրադարձել է դրանց կիրառման իրավաչափության հարցին համադրելով դրանք ՀՀ գործող այլ օրենքների պահանջների հետ։

Հետևաբար, ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17- ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, դատական կազմը գտնում է, որ քննության առնվող դիմումում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը 25.04.2012թ. ՍԴԴԿՈ/1-11 որոշմամբ մերժել է նշյալ դրույթի մասով անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը հետևյալ պատճառաբանությամբ։

Հղում կատարելով սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին (մասնավորապես, ՍԴՈ-664, ՍԴՈ-700, ՍԴՈ-

758) ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը խնդրո առարկա հարցի վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի կոլեգիալ, տվյալ դեպքում 5 դատավորի կազմով, վերջնական որոշման կայացումը հատկապես ժամկետային սահմանափակում ունեցող գործերով, բնորոշ է մասնագիտացված դատարաններին, և նման կարգի առկայության իրավաչափությունը ներդաշնակ է սահմանադրական դատարանի նշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին։ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն, մասնավորապես, 1995թ. փետրվարի 7-ի R(95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածում, որպես կանոն, շեշտելով ստորադաս դատարանի դատական ակտի բողոքարկման հնարավորության անհրաժեշտությունը, միաժամանակ նկատի է ունեցել, որ «եթե նպատակահարմար է համարվում նախատեսել շեղում նշված սկզբունքից, ապա այդ շեղումը պետք է հիմնվի օրենքի վրա և պետք է համապատասխանի արդարության ընդհանուր սկզբունքներին»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ... (մասնավորապես Poitrimol v. France, գանգատ թիվ 14032/88, 1993

թ. նոյեմբերի 23-ի վճիռ, պարբ. 13-15)։ Այս հանգամանքն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշման մեջ։ Իսկ ՍԴՈ-700 որոշման 5-րդ կետում անդրադառնալով ընտրական իրավունքների պաշտպանության վեճերով ըստ էության կայացված դատական ակտերի վերջնական լինելու, բողոքարկման չլինելու և հրապարակման պահից ուժի մեջ մտնելու իրավակարգավորման սահմանադրականության խնդրին սահմանադրական դատարանը գտել է, որ այդպիսի իրավակարգավորումը նպատակ ունի «... վերացնել ընտրական իրավունքի խախտումները մինչև ընտրությունների ավարտը, այլապես խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ դատարանի վճիռը կկորցնի իր իմաստը դիմողը չի կարող մասնակցել ընտրություններին, ընտրել կամ ընտրվել»։ Այսպիսով, դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն առաջադրում է այնպիսի հարց, որի վերաբերյալ առկա են սահմանադրական դատարանի որոշումներ, որը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դիմումի ընդունումը մերժելու հիմք է։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

25 հոկտեմբերի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/1-23

-----------------------

[1] Դիմողի կողմից թույլ է տրվել վրիպակ: Թե դիմումում, թե դիմումի եզրափակիչ մասում այս հոդվածը նշվել է որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերություն: Սակայն դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հոկտեմբերի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-23
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել