ԱՇՈՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 օգոստոսի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 19 | ԱՇՈՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 օգոստոսի
2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Աշոտ Ղուկասյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Աշոտ Ղուկասյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 63-րդ և 69-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
Դիմողը ներկայացրել է նաև միջնորդություն պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դիմողը, մատնանշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, մասնավորապես, 412-րդ հոդվածի 2-րդ մասը, 426.3-րդ հոդվածի 5-րդ մասը, նշել է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը կամ առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ցույց են տալիս դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, անձի վիճակի բարելավման հիմքով բերված բողոքները ժամկետներով սահմանափակված չեն:
Ըստ դիմողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բացառություն է արված միայն 376.1-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վերաքննիչ բողոք բերելու համար, որի պարագայում անձի վիճակը բարելավող, գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված հիմնարար խախտումների հիմքով բերված վերաքննիչ բողոքների համար սահմանված է վեցամսյա ժամկետ և դրանում առկա չէ որևէ բացառություն այնպես, ինչպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար կամ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար ներկայացված բողոքների պարագայում: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթում առկա իրավակարգավորումը խտրական վերաբերմունք է վերաքննիչ բողոք ներկայացնող անձի համար, քանզի նույն հիմքերով վճռաբեկ բողոք ներկայացնող անձը որևէ ժամկետով սահմանափակված չէ:
3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց.
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 28.07.2011թ. դատավճռով Ա. Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշյալ դատավճռի դեմ ամբաստանյալը բերել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ դատարանի 23.11.2011թ. որոշմամբ մերժվել է: ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ամբաստանյալը վիճարկել է վճռաբեկության կարգով: ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2011թ. որոշմամբ Ա. Ղուկասյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Դրանից հետո` 2016 թվականին Ա. Ղուկասյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով բեկանել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 28.07.2011թ. դատավճիռը և փոփոխել` Ա. Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և 147-րդ հոդվածի 2-րդ մասով և ընդհանուր սկզբունքներով նշանակել պատիժ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ առանց քննության է թողել վերաքննիչ բողոքը` այն պատճառաբանությամբ, «…որ ամբաստանյալ Ա. Ղուկասյանը օրենքով սահմանված կարգով օգտվել է իր դատավարական իրավունքից և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` 28.07.2011թ. կայացված դատական ակտը բողոքարկել է ինչպես վերաքննության, այնպես էլ վճռաբեկության կարգով»: ՀՀ վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետի պահանջներով, առանց քննության է թողել վերաքննիչ բողոքը` շեշտադրելով, որ դիմողը բաց է թողել բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետը: Համաձայն 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել`… «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ի թիվս այլ պայմանների, ՀՀ սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթ:
Դիմողի նկատմամբ կիրառվել և համապատասխան իրավական հետևանքներ առաջացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, մինչդեռ դիմողը ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: Վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս դիմողն իր բողոքներում որևէ անդրադարձ չի կատարել իր կողմից վիճարկվող դրույթին:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Աշոտ Ղուկասյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
28 օգոստոսի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 օգոստոսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
