Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7613 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-76)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 մայիսի 2024թ. ՍԴԱՈ - 76 | «ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի և 144-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

1. Սուրեն Անտոնյանի (այսուհետ նաև` Դիմող, ներկայացուցիչ` փաստաբան Է. Ամիրխանյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հուլիսի 28-ին, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը (լրացված՝ 25.03.2020 թվականին ընդունված Օրենք 1-ի 48-րդ հոդվածի 1-ին մասով) ինչպես ինքնին, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը և 144-րդ հոդվածի 1.1-րդ մասը (Լրացված՝ Օրենք 2-ի 1-ին հոդվածով) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Սահմանադրական դատարանի դատական կազմի 2023 թվականի օգոստոսի 17-ի ՍԴԴԿՈ-31 որոշմամբ գործն ընդունվել է քննության:

Սահմանադրական դատարանի 2023 թվականի օգոստոսի 30-ի ՍԴԱՈ-93 աշխատակարգային որոշմամբ նշանակվել է գործով զեկուցող դատավոր, որոշվել է գործի դատաքննությունն սկսել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին:

Սահմանադրական դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԱՈ-119 աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը երկարաձգվել է, գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 5-ին:

Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի ՍԴԱՈ-147 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանի՝ գործով զեկուցող դատավորը փոխարինվել է, և գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այլ դատավոր, իսկ ՍԴԱՈ-148 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը` վերսկսվել, և գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի հունվարի 9-ին:

Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴԱՈ-156 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է՝ մինչև կասեցման հիմքերը վերանալը:

Սահմանադրական դատարանի 2024 թվականի ապրիլի 9-ի ՍԴԱՈ-58 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, և գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 26-ին, իսկ ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշմամբ որոշվել է անցնել բանավոր ընթացակարգով դատաքննության։

Սահմանադրական դատարանի 2024 թվականի ապրիլի 26-ի ՍԴԱՈ-65 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը հետաձգվել է Դիմողի միջնորդության հիման վրա և նշանակվել ու անցկացվել է 2024 թվականի ապրիլի 30-ին, ապա մայիսի 2-ին:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը» վերտառությամբ 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է.

«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.»:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը փոփոխվել և լրացվել է 2020 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով (այսուհետ նաև՝ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենք), որի 45-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանվել են «ակնհայտ և կոպիտ» բառերը, ինչպես նաև նշված կետը «խախտումը» բառից հետո լրացվել է «, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.» բառերով:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված է.

«6. Էական կարգապահական խախտում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.»:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը գործող խմբագրությամբ շարադրվել է ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:

Օրենսգրքի՝ «Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները» վերտառությամբ 144-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված է.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետները չեն տարածվում սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների վրա: Եթե արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքով, ապա այդ խախտման հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի»:

Վերոնշյալ իրավակարգավորումն Օրենսգրքի 144-րդ հոդվածում լրացվել է 2022 թվականի հուլիսի 6-ին ընդունված ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ ՀՕ-333-Ն սահմանադրական օրենք) 1-ին հոդվածի 2-րդ կետով։

ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի՝ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթ» վերտառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է․

«Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտումներով, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտման հիմքով հարուցված կարգապահական վարույթով էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով»։

Օրենսգրքի՝ «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները» վերտառությամբ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է.

«1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

(…)

4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը»:

ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով․

«4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը»:

ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի՝ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» վերտառությամբ 58-րդ հոդվածի 19-րդ մասով, մասնավորապես, սահմանվել է․

«Սույն օրենքով լրացվող՝ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա»:

ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի» բառերը փոխարինվել են «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի» բառերով:

3. Գործի համառոտ պատմությունը

1. Արդարադատության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 108-Ա որոշմամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

2. Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 22343/08) գործով 2015 թվականի դեկտեմբերի 3-ին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:

3. Արդարադատության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 111-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

4. Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի հունվարի 26-ին ընդունած թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4 որոշման մեջ Ս. Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարել անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք դատավորը թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում 2007 թվականի հոկտեմբերի 1-ին որոշում կայացնելով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին, այն պայմաններում, երբ 2007 թվականի ապրիլի 12-ին նույն [Վճռաբեկ] դատարանի կողմից որոշում է կայացվել նույն կողմի ներկայացրած նախորդ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-ին հոդվածի 3-րդ մասի, 231.2-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և նյութական իրավունքի նորմի՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի պահանջների ենթադրյալ խախտումներ,

- արդյո՞ք թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործերով դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել, որպես էական կարգապահական խախտում, որն ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

2023 թվականի հունվարի 26-ին ընդունված թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4 որոշմամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են: Այդ առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի հիշյալ որոշման մեջ, մասնավորապես, նշված է.

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-333-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտման հիմքով հարուցված կարգապահական վարույթով էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել անձի արդար դատաքննության և սեփականության պաշտպանության իրավունքի խախտումներ և դրանք ակնհայտորեն պայմանավորված են եղել դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով՝ հաշվի առնելով բացարձակ կամայական կիրառման հանգամանքը»:

4. Դիմողի դիրքորոշումները

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի առնչությամբ Դիմողը, մասնավորապես, նշում է. «Խորհուրդը կիրառելով վերոնշյալ նորմերը, իր որոշմամբ արձանագրել է, որ Դատարանն առանց ժամկետի սահմանման վերադարձված վճռաբեկ բողոքի և օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի առկայության պայմաններում վերստին ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելով և Քաղաքացիական վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը բեկանելով, թույլ է տվել մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտում, որը նաև հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկմանը։

Մասնավորապես, Որոշմամբ դատավորին վերագրվել է Օրենսգրքի [Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք] 231.1-ին հոդվածի 3-րդ մասի, 231.2-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Նման պնդումը հիմնավորվել է նրանով, որ բողոքը վերադարձնելու մասին 12.04.2007 թվականի որոշման առկայության պայմաններում Դատավորը իրավասու չէր վարույթ ընդունել հետագայում (վեցամսյա ժամկետում) ներկայացված վճռաբեկ բողոքը: Մինչդեռ, կիրառելի օրենսդրությամբ առկա չէր բողոքը վերադարձնելուց հետո այն կրկին ներկայացնելու արգելք:

(...)

Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկին, որ իրեն վերագրվող արարքը, որը դրսևորվել է 2007 թվականի որոշման կայացմամբ, չի կարող որակվել որպես մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտում, որը նաև հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկմանը, քանի որ Վճռաբեկ դատարանի այդ դատական պրակտիկան, ըստ էության, իրավաչափ է որակվել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից՝ 27.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-754 որոշմամբ արձանագրելով հետևյալը.

«Ինչ վերաբերվում է Դատավորի և նրա ներկայացուցչի կողմից վկայակոչված ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 27.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-754 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներին, ապա Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ վերջիններիս կողմից ներկայացված փաստարկները ևս անհիմն են և Խորհրդի կողմից քննության առարկա չեն դարձվում»:

(...)

Ստացվում է, որ իրավակիրառ պրակտիկայում, վերոնշյալ նորմերը [Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը] Խորհրդի կողմից մեկնաբանվել են այնպես, որով ստացել են հակասահմանադրական բովանդակություն, առ այն, որ Խորհուրդը կարող է/իրավասու է ոչ իրավաչափ և դատական իշխանությունը հեղինակազրկող ճանաչել (արդյունքում նաև դադարեցնել դատավորի լիազորությունները) դատարանի որդեգրած այնպիսի պրակտիկան, որը (...) Սահմանադրական դատարանը գնահատել է որպես իրավաչափ և հակասահմանադրական է ճանաչել հետագայում հակառակը սահմանող նորմը:

Խորհրդի նման մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին, խախտում Դատավորի՝ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված՝ հանրային ծառայության անցնելու իրավունքը, 57-րդ հոդվածով երաշխավորված աշխատանքային իրավունքները, և ՄԻԵԿ 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը (...)»։

Դիմողը նշում է․ «ՄԻԵԴ ակտը (դրա ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը) որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ սահմանվել է 25.03.2020 թվականին ընդունված (ուժի մեջ է մտել 02․05․2020թ․) թիվ ՀՕ-197-Ն օրենքով Օրենսգրքի 146-րդ հոդվածում կատարված լրացմամբ:

(…)

Միևնույն ժամանակ, նույն օրենքի անցումային դրույթների 19-րդ մասի համաձայն՝ Սույն օրենքով լրացվող՝ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա:

(...)

(...) Օրենսգրքի վերոնշյալ նորմը հակասում է Սահմանադրությանը (հոդված 73) նախ այն պատճառաբանությամբ, որ այն ինքնին խախտում է հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, քանի որ սահմանում է կարգապահական վարույթի հարուցման նոր առիթ, այն տարածելով նաև այն կարգապահական խախտումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև այդ առիթը սահմանող օրենքի ընդունումը: Բացի այդ, նշված նորմը հակասում է Սահմանադրությանը նաև իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, քանի որ չնայած այն հանգամանքին, որ Օրենք 1-ի [ՀՕ-197-Ն սահմանադրական օրենք] անցումային դրույթներից ուղղակիորեն և անվերապահորեն հետևում է, որ որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է ծառայել միայն այն ՄԻԵԴ վճիռը, որը կայացվել է նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, այն է՝ 02.05.2020 թվականից հետո, այնուամենայնիվ այն կիրառվել է նաև սույն գործով և իրավաչափ է համարվել 2015 թվականին կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա կարգապահական վարույթի հարուցումը:

(…)

(…) 2020 թվականին ընդունվել է դատավորի իրավական վիճակը վատթարացնող՝ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նոր առիթ սահմանող օրենք, որին նույն օրենքով տրվել է հետադարձ ուժ։

Մասնավորապես, կարգապահական վարույթը հարուցվել է 2022 թվականին՝ 2015 թվականին կայացված ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերման արդյունքում, որը վերաբերում է 01․10․2007 թվականին կատարած արարքին: Մինչդեռ, ոչ արարքը կատարելու և ոչ էլ նույնիսկ ՄԻԵԴ վճիռը կայացնելու պահին (չնայած հետադարձության կանոնի կիրառությունը ենթադրում է խախտման պահին գործող օրենսդրության վերհանումը) գործող օրենսդրությամբ, ՄԻԵԴ վճիռը չէր հանդիսանում կարգապահական վարույթ հարուցելու առիթ։

(…)

(…) եթե կիրառվեր դատավորին վերագրվող արարքի կատարման պահին գործող օրենսդրությունը և/կամ քննարկման առարկա օրենքը չընդունվեր, ապա դատավորը չէր կարող պատասխանատվության ենթարկվել այն պատճառով, որ դատավորին վերագրվող արարքի կատարման պահին բացակայում էր կարգապահական վարույթ հարուցելու առիթը։

(…)

(…) 2020 թվականի օրենսդրական փոփոխություններով սահմանվել է կարգապահական վարույթ հարուցելու նոր առիթ, սակայն բաց մնաց այն հարցի կարգավորումը, թե այդ առիթով ինչ ժամկետներում կարող է կարգապահական վարույթ հարուցվել։

Նշված բացը լրացվել է 06․07․2022 թվականին ընդունված թիվ ՀՕ-333-Ն օրենքով ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածում կատարված լրացմամբ։

(…)

(…) թիվ ՀՕ-197-Ն օրենքը սահմանել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է 02․05․2020 թվականից հետո կայացված ՄԻԵԴ ակտը, իսկ հետագայում այդ առիթով վարույթ հարուցելու ժամկետ սահմանող նորմով սահմանվել է, որ 02․05․2020 թվականից հետո կայացված ՄԻԵԴ ակտի հիման վրա վարույթ կարող է հարուցվել դրա ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում։ Անցումային դրույթով էլ սահմանվել է, որ այդ 15 տարվա կանոնը կիրառելի է ոչ միայն ՀՕ-333-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո (2022թ․), այլ նաև մինչ այդ (բայց ոչ 02․05․2020 թվականին նախորդող ժամանակահատվածում) կայացված ՄԻԵԴ ակտերի նկատմամբ։

(…)

(…) թիվ ՀՕ-197-Ն օրենքը (ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը) և թիվ ՀՕ-333-Ն օրենքը (ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1․1 մասը) դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական գործով կիրառելի չէին և ՄԻԵԴ 13․12․2015 թվականի վճիռը չէր կարող հիմք հանդիսանալ վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման համար։ Հետևաբար, նշված նորմերը Խորհրդի կողմից տրված մեկնաբանությամբ հակասում են Սահմանադրության 73-րդ հոդվածով երաշխավորված՝ անձի վիճակը վատթարացնող նորմի հետադարձության արգելքի սկզբունքին, ինչպես նաև 79-րդ հոդվածով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքին»։

5․ Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), մասնավորապես, նշում է. «(...) Դիմողը բավարար կերպով չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի որպես վիճարկվող դրույթների սահմաններում, ավելին՝ որևէ հիմնավորումներ և փաստարկներ նշված դրույթների (...) հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը Դիմումում չի նշել»:

Վիճարկվող մյուս դրույթների առնչությամբ, Պատասխանողը, մասնավորապես, նշում է. «Դատական օրենսգրքի 2020թ. մարտի 25-ի ՀՕ-197-Ն օրենքով կատարված փոփոխություններով որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսվեց նաև վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:

(...)

(...) հարկ է նկատի ունենալ, որ ներպետական ատյաններում վեճի սպառումից և ներպետական դատական ակտի կայացումից մինչև ՄԻԵԴ վերջնական ակտի կայացումը, որպես կանոն, անցնում է բավական երկար ժամանակ: Այդ իսկ պատճառով Դատական օրենսգրքի 2020թ. մարտի 25-ի փոփոխություններով նյութական կամ դատավարական իրավունքի խախտում հայտնաբերելու հիմքով կարգապահական վարույթ հարուցելու բացարձակ՝ ութ տարվա ժամկետը, որը հաշվարկվում է եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո, որպես բացառություն չկիրառվեց ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում վերհանվող խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու դեպքերի նկատմամբ:

(...)

Եթե Օրենքի համապատասխան դրույթը դիտարկենք օրենքի հետադարձ ուժի տեսանկյունից, ապա հարկ է նշել հետևյալը. հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով (...):

(...)

ՄԻԵԴ վճիռների առումով մինչև 15 տարվա վաղեմության ժամկետ սահմանելը հնարավորություն է տալիս դատական համակարգին գնահատել իր դատավորների գործունեության իրավաչափությունը: Այն նպատակ ունի բարձրացնել արդարադատության համակարգի հանդեպ հանրային վստահությունը:

Նախկինում կայացված ՄԻԵԴ վճիռներին չանդրադառնալով՝ բաց է թողնվում դրանց հետևանքներին գնահատական տալու հնարավորությունը, քանի որ նախկինում առկա չեն եղել արդյունավետ մեխանիզմներ այդ հիմքով դատավորների նկատմամբ բացասական հետևանքներ կիրառելու համար:

(...) 15 տարվա վաղեմության ժամկետի սահմանումն ինքնանպատակ չէ, քանի որ կարգապահական պատասխանատվության հիմքը ոչ թե ինքնին ՄԻԵԴ վճիռն է, այլ դրանով բացահայտված մարդու իրավունքների հիմնարար խախտումը, որը ենթակա է գնահատման որպես դատարան գործող Բարձրագույն դատական խորհրդի կողմից: (…)

(...) սահմանված կարգավորումը անձի իրավական վիճակը վատթարացնող դրույթ չէ, միայն այն հիմքով, որ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորություն է նախատեսում նաև մինչև նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելը կայացված Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումներով, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի, քանի որ այն բխում է հանրային շահ հանդիսացող որոշակի հիմքերից, ինչպես նաև կանխատեսելիության պահանջից: Հստակ հիմքերի առկայության պարագայում հնարավոր է շեղում կատարել հետադարձ ուժ տալու արգելքի ընդհանուր սկզբունքից:

(…)

(...) Դիմողը ինքն էլ չի բացառում տվյալ հոդվածով նախատեսված հետադարձությունը, սակայն թույլատրում է հետադարձ ուժ տալ միայն թիվ ՀՕ-197-Ն օրենքով նախատեսված ժամկետի շրջանակներում: Այսինքն` Դիմողը զուտ «նեղացրել է» հետադարձության ժամկետը: Ավելին, (…) Դիմողն է շեշտում, որ թիվ ՀՕ-333-Ն օրենքի անցումային դրույթը որևէ կերպ հակասության մեջ չի մտնում ՀՕ-197-Ն օրենքով սահմանված վերոնշյալ կարգավորման հետ, քանի որ դրանով սահմանված հետադարձ ուժի կանոնը վերաբերում է միայն վարույթ հարուցելու ժամկետ սահմանող նորմին: Իսկ ՀՕ-197-Ն օրենքով և դրա անցումային դրույթով սահմանվում են վարույթի հարուցման առիթները: Այսինքն այս երկու օրենքների կարգավորման առարկաները տարբեր են»:

Պատասխանողը, հղում կատարելով Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ վերաբերելի իրավական դիրքորոշումներին, գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթները ձևակերպված են հստակ, կանխատեսելի են և տարըմբռնման տեղիք չեն տալիս:

Ամփոփելով՝ Պատասխանողը խնդրում է Օրենսգրքի վիճարկվող դրույթները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:

6. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Այն սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Ուսումնասիրելով դիմումը, կից ներկայացված դատական ակտը (ԲԴԽ համապատասխան որոշումը), ինչպես նաև գործում առկա մյուս նյութերը, Դիմողի և Պատասխանողի գրավոր և բանավոր բացատրությունները և պարզաբանումները, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ անհատական դիմումի ընդունելիության վերոհիշյալ ընդհանուր չափանիշների ներքո հետևյալ պատճառաբանություններով.

6.1. Դիմողի կողմից նշված՝ Սահմանադրության 73-րդ հոդվածով նախատեսված անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքին սույն գործով վիճարկվող դրույթների համապատասխանության վերաբերյալ հիմնավորումների նկատմամբ կիրառելի իրավունքի առնչությամբ Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված նշված դիրքորոշումը վերաբերելի է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջներին, մասնավորապես, Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջին, համաձայն որի՝ Դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա անհատական դիմումով սահմանադրական արդարադատություն հայցող անձը Սահմանադրական դատարանի առջև պետք է բարձրացնի բացառապես այն նորմերի սահմանադրականության ստուգման հարց, որոնց կիրառումն է անմիջականորեն հանգեցրել հիմնական սահմանադրական իրավունքի կամ ազատության ենթադրյալ խախտմանը: Դիմումում այս կարևոր արձանագրումն է, որ վերջնարդյունքում կարող է երաշխավորել սահմանադրական արդարադատության միջոցով ենթադրյալ խախտված իրավունքի կամ ազատության վերականգնման հնարավորությունը:

Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը բարձրացնում է Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի և 144-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը՝ դրանց՝ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխանության մասով:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արժևորում է վիճարկվող դրույթների բովանդակության վերհանումը՝ բացահայտելու դրանց կիրառման արդյունքում Դիմողի հիմնական սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտումը՝ պայմանավորված դրանց ենթադրյալ հակասահմանադրականությամբ: Այսպես՝ Օրենսգրքի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը» վերտառությամբ 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որպես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինքնուրույն հիմք, սահմանված է արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված է էական կարգապահական խախտման օրենսդրական բնորոշումը. հիշատակված կարգապահական խախտում է համարվում «(…) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման»:

Այդ համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի հիշատակված դրույթները փոփոխվել/լրացվել են ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով:

Օրենսգրքի՝ «Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները» վերտառությամբ 144-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված է, որ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետները չեն տարածվում Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների վրա: Եթե արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքով, ապա այդ խախտման հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:

Օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված դրույթը լրացվել է ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքով:

Օրենսգրքի՝ «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները» վերտառությամբ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ սահմանված է վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասը վերոնշյալ դրույթով լրացվել է ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիշատակված օրենսդրական փոփոխությունները կատարվել են Օրենսգրքում՝ (1) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-197-Ն և (2) փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքներով նախատեսված կարգավորումներով:

Միաժամանակ, ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի՝ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթ» վերտառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է ինքնավար կարգավորում՝ ամրագրելով, որ համապատասխան դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև նույն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելը կայացված` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտումներով, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: Մինչև նույն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելը կայացված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտման հիմքով հարուցված կարգապահական վարույթով էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ է կայացվել Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4 որոշումը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ որոշմամբ արձանագրել է. ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-333-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտման հիմքով հարուցված կարգապահական վարույթով էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ դատավորի կողմից թույլ են տրվել անձի արդար դատաքննության և սեփականության պաշտպանության իրավունքի խախտումներ և դրանք ակնհայտորեն պայմանավորված են եղել դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով՝ հաշվի առնելով բացարձակ կամայական կիրառման հանգամանքը»:

Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի գործողության արդյունքում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտումներով, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի:

Վերոգրյալը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ Սահմանադրության 73-րդ հոդվածի ներքո բերված հիմնավորումներում Դիմողի կողմից վկայակոչված սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտումը վրա է հասել ոչ թե նրա վիճարկած Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի և 144-րդ հոդվածի 1.1-ին մասի, այլ Օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ, որի սահմանադրականությունը Դիմողի կողմից որևէ կերպ չի վիճարկվել:

Սահմանադրական դատարանն ընդունում է, որ իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում սահմանադրական արդարադատություն հայցող անձի համար առանձին դեպքերում հնարավոր է դյուրին չլինի սպառիչ և ճշգրիտ հիմնավորումներ ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանը հակասությունը հիմնավորելու համար։ Դա, ամեն դեպքում, Սահմանադրական դատարանին չի կարող սահմանափակել գործի ի պաշտոնե (ex officio) քննության և արդարադատություն իրականացնող ատյանի կողմից կիրառվող իրավունքի հարցում հիմնավորումների, թեկուզև Դիմողի կողմից որևէ կերպ վկայակոչված չլինելու պայմաններում, շրջանակից դատարանի հայեցողությամբ դուրս գալու (iura novit curia) սկզբունքներին համապատասխան վիճարկվող նորմի հակասահմանադրականության այլ հիմնավորումների առկայությամբ շարունակել գործի քննությունը՝ արդարադատությունը չկաշկանդելով դրա էության հետ անհամատեղելի ձևապաշտությամբ (տե'ս, օրինակ, սակայն չսահմանափակվելով միայն՝ Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 22-ի ՍԴՈ-1644 (կետ 3) որոշմամբ, որտեղ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը շարունակվել է Դիմողի վկայակոչած հիմնավորումներից էականորեն տարբերվող հանգամանքների վերհանման միջոցով)։

Նույնը, սակայն, վերաբերելի չէ դիմումի առարկայի շրջանակի որոշակիացման հարցում Սահմանադրական դատարանի իրավասությանը, երբ Սահմանադրական դատարանի հայեցողությամբ (proprio motu) սահմանադրական արդարադատություն հայցելու վերաբերյալ դիմումի առարկայի շրջանակի փոփոխությունը դրանում վիճարկվող դրույթներից բացի այլ դրույթներ ներառելու միջոցով (բացառությամբ՝ Սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի, որի նախադրյալները, սակայն, սույն գործում առկա չեն)։ Հակառակ դեպքում, (1) Սահմանադրական դատարանը սահմանադրական վեճ լուծող ատյանից վերածվելու է սահմանադրական վեճ նախաձեռնող կողմի, ինչն անհամատեղելի է Սահմանադրական դատարանի անկախ և անաչառ սահմանադրական արդարադատության ատյանի իր սահմանադրական կարգավիճակի հետ, ինչպես նաև (2) հակասելու է Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող անձի՝ իր պահանջի որոշակիացման հարցում տնօրինչականության սկզբունքին կամ հանրային իշխանության մարմնի դեպքում՝ նրա համապատասխան իրավասության իրականացման հայեցողությանը։

Արձանագրելով, որ ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը Դիմողի կողմից որևէ կերպ չի վիճարկվել, վերոշարադրյալ հիմնավորումներով Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումը՝ վիճարկվող դրույթների՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին ենթադրյալ հակասության մասով, ակնհայտ անհիմն է, ուստի՝ սույն գործի վարույթը՝ այդ հարցի մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

6․2․ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված նշված դիրքորոշումը վերաբերելի է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներին։

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 73-րդ հոդվածին հակասության խնդրից (որին վերաբերող մասով տե'ս սույն որոշման 6․1-ին կետը) դուրս բոլոր այլ հարցադրումների առնչությամբ դիմումի շրջանակներում բարձրացնելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 6-րդ մասի 1-ին կետով ամրագրված դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, սահմանադրականության հարցը՝ Դիմողը որևէ հիմնավորում չի ներկայացրել վերոնշյալ դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, և Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր որևէ իրավունքի կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Դիմողի կարծիքով՝ վերոնշյալ դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին հակասելու առնչությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքը կարող է քննության առարկա դառնալ միայն Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում նախատեսող օրենքի/վերջինիս դրույթ(ներ)ի որոշակիությունը պարզելու նպատակով, այլ ոչ առանձին վերցված և Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման հետ առնչություն չունեցող դրույթի կապակցությամբ։

Դիմողի կարծիքով՝ վերոնշյալ դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, Սահմանադրության 5-րդ հոդվածին հակասելու առնչությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիշյալ հոդվածն արտացոլված է Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելիս անհրաժեշտ է հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության խախտման:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի կայուն և շարունակական դիրքորոշումն է եղել նման իրավիճակում գործի վարույթն այս մասով կարճելը՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Սակայն հաշվի առնելով, որ սույն գործի մանրամասն քննության նպատակով Սահմանադրական դատարանի գործադրած ջանքերի և դատավարական գործիքակազմի կիրառմամբ Դիմողի կողմից դիմումում՝ վերը նշված անհրաժեշտ բացատրությունների բացակայությունն անհնար չէ լրացնել Սահմանադրական դատարանի կողմից սույն գործի քննության ընթացքում վիճարկվող դրույթների նկատմամբ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված անհատական իրավունքի որոշակիացման նպատակով Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության շրջանակում ի պաշտոնե (ex officio) գործի քննությանը վերաբերելի, սակայն Դիմողի կողմից չմատնանշված հիմնական իրավունքի մատնանշմամբ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 6-րդ մասի 1-ին կետով ամրագրված դրույթների սահմանադրականության վեճը դիտարկել Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված յուրաքանչյուր քաղաքացու ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի պաշտպանության տիրույթում՝ հաշվի առնելով դիմումով վիճարկվող նորմերի կիրառման արդյունքում Դիմողի՝ որպես դատավորի պաշտոնավարումը լիազորությունները դադարեցնելու միջոցով միջամտության հանգամանքը։

Այս առնչությամբ կիրառելի իրավունքի մասով Սահմանադրական դատարանն ունեցել է կայուն և երկարաժամկետ մոտեցում առ այն, որ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված նշված դիրքորոշումը վերաբերելի է նաև Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված չափանիշին։

Անհատական դիմումով Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այնպիսի վեճ, որի հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող դրույթի՝ տվյալ գործով կիրառման իրավաչափության, այլ վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարց:

Վերոնշյալի համատեքստում, դիմումի շրջանակներում վիճարկելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 6-րդ մասի 1-ին կետով ամրագրված դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, սահմանադրականությունը, Դիմողն, ըստ էության, բարձրացրել է դրանց՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կիրառման իրավաչափության հարց: Այդ առնչությամբ, Դիմողի ներկայացրած դիրքորոշումները վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների, Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի հունվարի 26-ին ընդունված թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4 որոշման իրավաչափության գնահատմանը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումում առաջադրված հարցը՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 6-րդ մասի 1-ին կետի մասերով, ենթակա չէ Սահմանադրական դատարանին, դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից, ուստի՝ սույն գործի վարույթը՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 6-րդ մասի 1-ին կետի մասերով, ենթակա է կարճման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին) հիմքով՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

6․3․ Դիմողի կողմից Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքին սույն գործով վիճարկվող դրույթների համապատասխանության հարցի վերաբերյալ սույն որոշման 6․1-ին կետում շարադրված եզրահանգումը, այնուամենայնիվ, չի սպառում կամ կանխում սույն դիմումով Դիմողի կողմից Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1․1-ին մասի սահմանադրականության առնչությամբ բաց մնացած այն խնդրի լուծումը, թե արդյո՞ք Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1․1-ին մասի առաջին նախադասությամբ նախատեսված դրույթի ուժով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերջնաժամկետի բացակայությունն ինքնին համատեղելի է Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության անցնելու սահմանադրական իրավունքին միջամտության հիմք հանդիսացող օրենքի որոշակիության սկզբունքի հետ։

Սահմանադրական դատարանն այս կապակցությամբ արձանագրում է, որ սույն հարցադրումն ինքնին երբևէ չի ներկայացվել դիմումում և բանավոր դատաքննության ընթացքում Դիմողի կողմից ներկայացված բացատրություններում՝ Սահմանադրության 73-րդ հոդվածին վիճարկվող նորմերի համապատասխանության համատեքստից առանձին։ Այս հարցը, ի տարբերություն սույն որոշման 6․1-ին կետով նախատեսված իրավիճակի, վերաբերում է ոչ թե Դիմողի ներկայացրած դիմումի առարկային, այլ դրա հիմնավորումներին, որոնց ընտրության հարցում Սահմանադրական դատարանի կողմից գործի ի պաշտոնե (ex officio) քննության և արդարադատություն իրականացնող ատյանի կողմից կիրառվող իրավունքի հարցում հիմնավորումների, թեկուզև Դիմողի կողմից որևէ կերպ վկայակոչված չլինելու պայմաններում, շրջանակից դատարանի հայեցողությամբ դուրս գալու (iura novit curia) սկզբունքներին համապատասխան սույն գործով դիմումի ընդունելիության հարցում վերջնական որոշման և ըստ էության քննության շարունակության համար Սահմանադրական դատարանը չի նկատում իրավական որևէ արգելք, որը կբացառի Սահմանադրական դատարանի կողմից Օրենսգրքի 144-ին հոդվածի 1․1-ին մասի սահմանադրականության ստուգման հարցի ընդունելիության դեպքում՝ սույն գործի քննությունը շարունակել հիշյալ դրույթի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածին համապատասխանության ուղղությամբ՝ Սահմանադրության 79-րդ հոդվածի իմաստով «օրենքին» առաջադրվող որոշակիության պահանջները բավարարված լինելը ստուգելու նպատակով։

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված նշված դիրքորոշումը վերաբերելի է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջներին, մասնավորապես, Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, որի համաձայն՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև:

Այդ առնչությամբ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ անհատական դիմումի (սահմանադրական վեճի քննությունը in concreto սկզբունքով) ընդունելիության շեմը բավարարելու իմաստով դիմումի հիմնավորվածությանն առաջադրվող պահանջներն էականորեն տարբերվում են իրավական ակտերի դրույթների վերացական ստուգման (սահմանադրական վեճի քննությունը in abstracto սկզբունքով) նպատակով պահանջվող հիմնավորումներից։ Մասնավորապես, անհատական դիմումի հիմնավորվածությանն առաջադրվող առաջնային և առանցքային տարբերությունը Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված որևէ հիմնական իրավունքի խախտման առկայության համար Դիմողի գործով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ն մասի 8-րդ կետի իմաստով «իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման» առկայության վերաբերյալ առկա իրեն ուղղակիորեն վերաբերելի փաստական հանգամանքների գնահատականն է։

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի ընդունելիության վերաբերյալ վերջնական որոշումը, ի թիվս դիմումի ընդունելիության համար անհրաժեշտ Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքով թվարկված այլ պայմանների, պետք է հիմնված լինի այն հարցադրումների դրական պատասխանի վրա, թե (1) արդյո՞ք դիմումով վիճարկվող իրավական ակտի դրույթն ունի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված որևէ իրավունքի կամ ազատության վերաբերյալ դրույթի հետ առերևույթ (prima facie) հակասություն (առաջին պայման), և (2) արդյո՞ք դիմումով վիճարկվող իրավական ակտի դրույթի ներկայացված հակասությունն առերևույթ (prima facie) հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված որևէ իրավունքի կամ ազատության խախտման (երկրորդ պայման)։

Վերը թվարկված որևէ պայմանի բացակայությունը բացառում է Սահմանադրական դատարանում գործի քննությունը, քանի որ առաջին պայմանի բացակայության դեպքում գործի քննությունը ենթադրում է հիմնական իրավունքի խախտումը վերացնելուն ուղղված այլ դատարանի կողմից կայացված դատական ակտի ստուգման լիազորություն Սահմանադրական դատարանի կողմից, որով Սահմանադիրը Սահմանադրական դատարանին չի օժտել։ Իսկ, երկրորդ պայմանի բացակայությամբ գործի քննությունը Սահմանադրական դատարանում հանգեցնում է Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումով վիճարկվող դրույթի սահմանադրականության վերացական ստուգման անհրաժեշտության, որպիսի դիմում ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը հստակ և սպառիչ թվարկված է Սահմանադրության 169-րդ հոդվածում, որոնց թվին Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք չեն դասվում։

6․3․1․ Առաջին պայմանի՝ Սահմանադրական դատարանում դիմումի ընդունելիության շեմը բավարարելու գնահատականի համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերհանել դրա համառոտ բովանդակությունը։

Մասնավորապես․

Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով»: Ըստ այդմ՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացման պայմաններն ու կարգը սահմանվում են օրենսդրությամբ, որի շրջանակներում նախատեսվում են հանրային ծառայության անցնելուն, հանրային պաշտոն զբաղեցնող անձին/հանրային ծառայողին ներկայացվող պահանջները:

Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(...) ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի իրականացման կառուցակարգերը կարող են էապես տարբերվել միմյանցից՝ կախված հանրային պաշտոնի առանձնահատկություններից և հանրային ծառայության տեսակից:

Բացի դրանից, ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սահմանադրական պահանջների բովանդակությանը՝ արձանագրելով, մասնավորապես.

ա) «(…) իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270, 7-րդ կետ).

բ) «(…) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (…) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630, 11-րդ կետ).

գ) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (ՍԴՈ-753, 9-րդ կետ).

դ) «(…) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (ՍԴՈ-1176, 6-րդ կետ).

ե) «(...) իրավական որոշակիությունը նաև իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ,

(...) իրավական պետությունում բացառապես որոշակի` կանխատեսելի, հստակ և բոլորի համար մատչելի օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է երաշխավորվի առկա իրավակարգի հետագա գոյության նկատմամբ վստահության պաշտպանությունը» (ՍԴՈ-1488, 4.3-րդ կետ).

զ) «(...) իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (ՍԴՈ-1213, 9-րդ կետ).

է) «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (ՍԴՈ-1270, 7-րդ կետ, ՍԴՈ-1488, 4.3-րդ կետ):

ը) «(...) իրավական որոշակիության սկզբունքի ապահովման առումով ընդհանուր տրամաբանությունը հանգում է այն գաղափարին, որ թեև իրավական որոշակիությունն անհրաժեշտ է, այնուամենայնիվ, այդ սկզբունքը չի բացառում իրավական ակտերում այնպիսի ձևակերպումների կամ եզրույթների առկայությունը, որոնք գնահատողական բնույթ ունեն և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առավել հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում» (ՍԴՈ-1592, 4.3-րդ կետ):

Սահմանադրական դատարանն իր՝ վկայակոչված իրավական դիրքորոշումները կիրառելի է համարում նաև սույն գործով՝ միաժամանակ, ընդգծելով, որ որոշակիության պահանջը պետք է պահպանվի նաև օրենսդրական փոփոխությունների շրջանակում, ինչն առավել մեծ կարևորություն է ձեռք բերում այնպիսի հարցերում, ինչպիսիք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով վարույթ հարուցելու ժամկետի/վերաբերելի ձևակերպումների օրենսդրական ամրագրումը, օրենսդրական փոփոխությունների/լրացումների գործընթացում վերաբերելի անցումային դրույթների նախատեսումը: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը» վերտառությամբ 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը փոփոխվել և լրացվել է ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով, որի 45-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանվել են «ակնհայտ և կոպիտ» բառերը, ինչպես նաև նշված կետը «խախտումը» բառից հետո լրացվել է «, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.» բառերով): Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ էական կարգապահական խախտում է նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման (Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը գործող խմբագրությամբ շարադրվել է ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան):

Օրենսգրքի՝ «Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները» վերտառությամբ 144-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված է, որ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետները չեն տարածվում Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների վրա: Եթե արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքով, ապա այդ խախտման հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի: Սույն իրավակարգավորումն Օրենսգրքի 144-րդ հոդվածում լրացվել է ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով։

ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի՝ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթ» վերտառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ նույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտումներով, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: Մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտման հիմքով հարուցված կարգապահական վարույթով էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով։

Օրենսգրքի՝ «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները» վերտառությամբ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը: ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է «4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը» բովանդակությամբ 4-րդ կետով, իսկ ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի» բառերը փոխարինվել են «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի» բառերով:

ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի՝ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» վերտառությամբ 58-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանվել է, որ նույն սահմանադրական օրենքով լրացվող՝ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա:

Սահմանադրական դատարանը նկատում է, որ մինչև ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելը, Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուներ հետևյալ բովանդակությունը.

«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, բացառությամբ սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթի.»:

Վերոնշյալ օրենսդրական կարգավորումների համալիր վերլուծությունից հետևում է, որ մինչև ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելը, Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով (վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ համապատասխան ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար որևէ ժամկետային սահմանափակում նախատեսված չի եղել, իսկ ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքով նախատեսված լրացմամբ ամրագրվել է 15 տարվա ժամկետ, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածին:

Վիճարկվող կարգավորումը՝ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասը, համադրված վերլուծության ենթարկելով նույն հոդվածի մյուս կարգավորումների հետ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով համապատասխան հիմքերով վարույթ հարուցելու հստակ ժամկետներ, որոնցով որոշակիացված է նաև խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո ընկած ժամանակահատվածը՝ 1-ին կետով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում. կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, 2-րդ կետով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո, 3-րդ կետով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց երեք տարի հետո:

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների մասով օրենսդիրը որդեգրել է այլ մոտեցում՝ սահմանելով, որ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետները չեն տարածվում նշված վարույթների վրա: Միաժամանակ, օրենսդիրը նախատեսել է, որ եթե արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքով, ապա այդ խախտման հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասի երկրորդ նախադասությամբ սահմանված 15 տարվա ժամկետը համապատասխան առերևույթ խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու իրավական հնարավորության առավելագույն ժամկետն է, որը հաշվարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո: Տվյալ դեպքում Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասի երկրորդ նախադասությունում որոշակիացված չէ համապատասխան խախտման հայտնաբերման պահը, և դատավորի համար կարգապահական վարույթ հարուցելու համար նախատեսված առավելագույն ժամկետ, առանց այլ ժամկետային սահմանափակում նախատեսող երաշխիքների, որպես այդպիսին կարող է դիտարկվել մինչև 15-ամյա ժամկետի ավարտը՝ հաշվված ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելու պահից։

Վերը նշված իրավակարգավորումների համալիր վերլուծության արդյունքում և հաշվի առնելով, որ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասով ամրագրված իրավակարգավորման գործողության պայմաններում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու, ըստ էության, 15 տարվա (թեկուզ՝ Օրենսգրքով սահմանված առավելագույն) ժամանակահատվածի տևողությունը և այդ ընթացքում կարգապահական վարույթ հարուցելու նպատակով նման վարույթի հարուցման հայեցողության ժամանակային սահմանափակումների բացակայությունը հանրային ծառայության անցնելու մասին Սահմանադրության 49-րդ հոդվածի՝ Սահմանադրության 79-րդ հոդվածի հետ համակցությամբ, առանց վիճարկվող իրավական դրույթի սահմանադրականության վերաբերյալ ըստ էության դատողության նկատմամբ նախորոշվածության և խստորեն ընդգծելով Սահմանադրական դատարանի կողմից ստուգման ենթակա ցանկացած դրույթի նկատմամբ դրա Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ վերջնական եզրահանգման բացակայությամբ վիճարկվող դրույթի սահմանադրականության կանխավարկածը, Սահմանադրական դատարանը համարում է Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության անցնելու 2-րդ գլխով նախատեսված որևէ իրավունքի կամ ազատության վերաբերյալ դրույթի հետ առերևույթ (prima facie) հակասությունը քննությանն արժանի հարց է, քանի որ ակնհայտորեն բավարարում է Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորվածությանը առաջադրվող և վերը նշված առաջին պայմանը։

6․3․2․ Երկրորդ պայմանի՝ Սահմանադրական դատարանում դիմումի ընդունելիության շեմը բավարարելու գնահատականի համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Դիմողի գործի անհատական հանգամանքներին՝ պարզելու համար, թե արդյո՞ք Սահմանադրական դատարանում դիմումի ընդունելիության շեմը բավարարված լինելու իմաստով ներկայացված հանգամանքները թույլ են տալիս Դիմողի նկատմամբ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով «իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման» առկայությունն առերևույթ (prima facie) հաստատելու համար։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1․1-ին կետով նախատեսված դրույթի՝ Սահմանադրության 73-րդ հոդվածին հակասության մասին Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները չեն կարող սույն հարցի առնչությամբ վերաբերելի լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման 6․2-րդ կետում նշված պատճառաբանությամբ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1․1-ին կետով նախատեսված դրույթի սահմանադրականության հարցն այլևս քննության ենթակա չէ Սահմանադրական դատարանի կողմից սույն որոշման նույն հատվածում նշված պատճառաբանությամբ։ Ընդսմին, Դիմողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավական հիմքը և դրա գործողության ժամանակահատվածը դիտարկելիս վիճարկվող դրույթների սահմանադրականության կանխավարկածի սկզբունքին համահունչ կարող է դիտարկվել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 6-ին ընդունված և նույն թվականի օգոստոսի 13-ին ուժի մեջ մտած ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու պահից։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առնչությամբ ուսումնասիրություն կատարելուն ուղղված և Սահմանադրական դատարանում քննվող գործում առկա ապացույցներից բխող առաջին գործողությունը եղել է ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրության նպատակով դատական դեպարտամենտի ղեկավարին ուղղված 2022 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 28․1/39695-2002 գրությունը՝ 2022 թվականի օգոստոսի 13-ին ուժի մեջ մտած ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու պահից 25 օր անց։

Դատական դեպարտամենտի ղեկավարի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի գրությամբ ի թիվս այլնի, տրամադրված նյութերը, թիվ ԵԷԴ/0299/02/09 քաղաքացիական գործի նյութերը (3 հատորից) ստանալուց հետո՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ին (2022 թվականի օգոստոսի 13-ին ուժի մեջ մտած ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու պահից 3 ամիս 17 օր անց), արդարադատության նախարարի թիվ 108-Ա որոշմամբ Դիմողի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որի արդյունքով 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կայացվել է թիվ 111-Ա որոշումը (2022 թվականի օգոստոսի 13-ին ուժի մեջ մտած ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու պահից 4 ամիս 13 օր անց) Դիմողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին։

Արդարադատության նախարարի հիշյալ միջնորդության քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի հունվարի 26-ին կայացրել է ԲԴԽ-1-Ո-Կ-4 որոշումը, որն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

Այսինքն՝ Դիմողի գործի անհատական հանգամանքների վերլուծությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը տևել է 3 ամիս 17 օր։

Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված՝ Դիմողի հանրային ծառայության անցնելու իրավունքին միջամտություն նախատեսող օրենքի որոշակիության սահմանադրական պահանջին համապատասխանության մասին դատողությունները Սահմանադրական դատարանը չի կարող երկրորդ պայմանի շրջանակում վերացականորեն կատարել նման վարույթի հարուցման առավելագույն ժամկետի օրենսդրական ամրագրման բացակայության հիման վրա, ինչն առաջին պայմանի բովանդակությունն է, որը, ինչպես նշվել է վերը, արդեն բավարարում է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող նվազագույն շեմը։ Երկրորդ պայմանի բավարարման վերաբերյալ դատողությունը հիմնվում է միայն գործի անհատական հանգամանքների վերլուծության և այդ հանգամանքների բազմակողմանի գնահատմամբ դրանց՝ Դիմողի նկատմամբ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով «իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման» առերևույթ (prima facie) առկայության մեջ համոզվելու համար։

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ոչ Դիմումում, ոչ դրան կից նյութերում, ոչ Սահմանադրական դատարանում բանավոր դատաքննության ընթացքում Սահմանադրական դատարանի և կողմի որևէ հարցադրմանն ի պատասխան, ոչ իր եզրափակիչ ելույթում Դիմողի կողմից, ոչ մինչ այդ՝ Բարձրագույն դատական խորհրդում իրականացված վարույթի շրջանակում, ոչ էլ մինչ այդ՝ վարույթ հարուցող մարմնի առջև իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմնի կողմից 3 ամիս 17 օր անց կարգապահական վարույթ հարուցելու որոշման ընդունումը չի դիտարկվել որպես այնպիսի տևական ժամանակահատված, որը, նույնիսկ առավելագույն 15 ամյա ընդհանուր ժամկետի շրջանակում, որը Դիմողի անհատական հանգամանքների հաշվառմամբ պետք է լիներ մոտ 9 տարի (հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ համապատասխան վճիռը ՄԻԵԿ 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուժի մեջ է մտել 2016 թվականի մարտին), կարգապահական վարույթ հարուցելու ժամկետային սահմանափակման բացակայության պայմաններում իր իրավական վիճակի տևական անորոշության այնպիսի հանգամանք էր, որն անհամատեղելի լիներ Սահմանադրության 49-րդ հոդվածի ներքո անձի հանրային ծառայության անցնելու իրավունքի շրջանակում իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման ժամկետային հայեցողություն իրականացնելիս անողջամտության և Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության անցնելու իրավունքին միջամտելու հիմք ծառայած օրենքի կիրառմամբ Դիմողի հիմնական իրավունքի խախտման շեմը բավարարող անորոշության համար հիմնավոր ենթադրություն կազմելու համար։

Ավելին, Սահմանադրական դատարանի կողմից գործի ի պաշտոնե քննության արդյունքում զեկուցող դատավորների կողմից ձեռք բերված նյութերը (այդ թվում նաև Դիմողի նկատմամբ կարգապահական գործի նյութերի պատճենները) նույնպես չեն պարունակում որևէ ապացույց առ այն, որ Դիմողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմնի կողմից 3 ամիս 17 օր անց կարգապահական վարույթ հարուցելու համար օգտագործված ժամանակը անողջամտորեն երկար կարող էր համարվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով «իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման» առերևույթ (prima facie) առկայությունը Սահմանադրության 49-րդ հոդվածի իմաստով հաստատված համարվելու համար (Սահմանադրության 79-րդ հոդվածի համակցությամբ)։

Հետևաբար՝ երկրորդ պայմանը սույն դիմումի՝ նշյալ հարցի առնչությամբ այս գործով բավարարված չէ, ինչը սույն հարցի առնչությամբ գործի վարույթը կարճելու հիմք է՝ համաձայն Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի՝ որպես ակնհայտ անհիմն՝ Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի և 144-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

13 մայիսի 2024 թվականի

ՍԴԱՈ-76

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-76
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել