Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-787 հունիսի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-78)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հունիսի 2007թ. ՍԴԱՈ - 78 | «ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Ն. Փաշինյանի միջնորդությունները,

ՈՐՈՇԵՑ.

1. ՀՀ ԿԸՀ-ի 2007թ. մայիսի 19-ի թիվ 149-Ա որոշման գործողությունը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի հիմքով կասեցնելու մասին կրկնակի միջնորդության կապակցությամբ միջնորդությունը մերժել, նկատի ունենալով, որ դիմողի հիմնավորումները բավարար հիմք չեն այդ հարցի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. մայիսի 29-ի ՍԴԱՈ-70 աշխատակարգային որոշումը վերանայելու համար։

2. Միջնորդության բ) կետում շարադրված նպատակներով հանձնախումբ ձևավորելու առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետի վերլուծությունից բխում է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների արդյունքներով ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշման վիճարկման վերաբերյալ գործերով սահմանադրական դատարանում գործի քննության առարկան նշված որոշումն է։ Դրա իրավաչափ լինելը գնահատելիս, առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով և 19-րդ հոդվածով, սահմանադրական դատարանն իրավասու է հետազոտելու այն հանգամանքները, մասնավորապես գործողությունները, անգործությունը, ընդունված որոշումները, կազմված փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքներով նման որոշում կայացնելու համար։ Մյուս կողմից, ՀՀ Սահմանադրության 94 հոդվածի 3-րդ մասի, 100 հոդվածի 3.1. կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 13-րդ մասի, ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 և 26-րդ գլուխների նորմերի վերլուծության հիման վրա արձանագրել, որ սահմանադրական դատարանը, ի կատարումն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2-րդ կետի և 19 հոդվածի, գործի հանգամանքների ի պաշտոնե պարզմանն ուղղված դատավարական գործողություններ իրավասու է կատարելու միայն այն դեպքում, եթե պարզում է, որ իրավասու մարմիններն ընտրությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված դիմում-բողոքների քննարկումն (քննությունը) անհիմն մերժել են, նման բողոքները սահմանված ժամկետներում չեն քննարկել (չեն քննել) և քննարկումից (քննությունից) հրաժարվել կամ խուսափել են, որի արդյունքում տեղի է ունեցել կողմի իրավունքների խախտում։ Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման շուրջ ներկայացված վեճի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը չի կարող նախաձեռնել ամիսներ պահանջող այնպիսի ուսումնասիրություն, որին առնչվող վերահսկողական գործառույթ իրականացնելու համար ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսել է համապատասխան ժամկետներ ու հնարավորություն ընտրական գործընթացով շահագրգիռ բոլոր կողմերի համար։

Վերոշարադրյալից ելնելով, ինչպես նաև նկատի ունենալով ընտրացուցակների և ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրման վերաբերյալ դիմող, պատասխանող կողմերի ու հարակից պատասխանողների ներկայացրած ապացուցողական նշանակություն ունեցող ու գործում առկա փաստարկները, միջնորդությունը մերժել։

3. Միջնորդության գ) և դ) կետերի առնչությամբ միջնորդությունները մերժել, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 05.06.2007թ. թիվ 007-2717 պատասխանը և սույն որոշման 2-րդ կետի հիմնավորումները, ինչպես նաև հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 1-ին մասի դրույթները, որոնցով հստակեցված են սահմանադրական դատարանի իրավասության շրջանակները գործին առնչվող նյութեր պահանջելու վերաբերյալ։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 56 հոդվածի հատկանիշներով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ դատաքննության ընթացքում հետազոտված, դիմող կողմի միջնորդությունների հիման վրա և սահմանադրական դատարանի կողմից պահանջված ու քննության առարկա դարձած նյութերն ամբողջական պատկերացում տալիս են վեճի առարկայի առնչությամբ դիմողների և պատասխանողների փաստարկների ու դրանց հիմնավորումների մասին և նշված հոդվածի հատկանիշներով գործի կասեցման հիմքեր չկան։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունիսի 2007 թվականի

ՍԴԱՈ-78

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հունիսի, 2007 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-78
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել