Վերմիշյան — ԵԴ/0083/01/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2020 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58201620 քրեական գործը: 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Վ․Վերմիշյանին մինչ այդ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0083/01/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ․Մարտիրոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Կ.Ամիրյան
դատավորներ՝ Մ․Մակյան
Ա․Հովհաննիսյան
2025 թվականի օգոստոսի 21-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Վահագն Վանիկի Վերմիշյանի և մյուսների վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Վահագն Վանիկի Վերմիշյանի պաշտպաններ Մ․Շահգալդյանի և Ա․Կոչուբաևի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2020 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58201620 քրեական գործը: 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Վ․Վերմիշյանին մինչ այդ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ կետով՝ երկու դրվագ, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1-ին և 2-րդ կետերով։ Նախաքննության մարմնի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ թիվ 58201620 քրեական գործից անջատվել է թիվ 58234220 քրեական գործը։ 2․ 2021 թվականի հունվարի 15-ին թիվ 58234220 քրեական գործն ըստ մեղադրանքի Վահագն Վերմիշյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ, 310-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ երկու դրվագ, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1-ին և 2-րդ կետերով, Վազգեն Պողոսյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Գալստյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ջոն Ֆարխոյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, Ռազմիկ Խուրշուդյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, Մուշեղ Ավետիսյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, Էլեն Գրիգորյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, Վրեժ Ասրյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մայիսի 15-ի դատավճռով Վ․Վերմիշյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք 441-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեք դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, և նրա նկատմամբ հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով, տուգանք՝ 1․300․000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ 3.1. Նույն դատավճռով մեղավոր են ճանաչվել նաև Գ․Գալստյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վ․Պողոսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ռ․Խուրշուդյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վ․Ասրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ․Ավետիսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Է․Գրիգորյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով, և Ջ․Ֆարխոյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքները կատարելու մեջ։ 4․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դ․Աղաջանյանի, ամբաստանյալներ Մ․Ավետիսյանի, Է․Գրիգորյանի և Վ․Ասրյանի պաշտպան Լ․Սահակյանի, ամբաստանյալ Վ․Վերմիշյանի պաշտպաններ Մ․Շահգալդյանի և Ա․Կոչուբաևի, ամբաստանյալ Ջ․Ֆարխոյանի պաշտպան Ե․Սարգսյանի, մեղադրյալ Գ․Գալստյանի պաշտպաններ Ա․Ֆերոյանի ու Լ․Գասպարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը որոշակի մասով բեկանվել և կայացվել է փոխարինող դատական ակտ։ 4․1․ Ճանաչվել և հռչակվել է Վ․Վերմիշյանի անմեղությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Ջ․Ֆարխոյանի դրվագով) և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ։ Վ․Վերմիշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագ, նախատեսված հանցանքներ կատարելու մեջ։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի կանոնների կիրառմամբ՝ Վերաքննիչ դատարանը պատիժները մասնակի գումարելու միջոցով, Վ․Վերմիշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես պատիժ նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակի գումարել է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով պատժից 2 (երկու) տարին, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված տուգանքներից առաջին դրվագով նշանակված 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամին մասնակի գումարել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ դրվագով նշանակված 300․000 ՀՀ դրամ տուգանքից 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը և Վ․Վերմիշյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակել է ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով և տուգանք՝ 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ չի նշանակվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։ 4․2․ Գ․Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: 4․3․ Ամբաստանյալներ Վ․Պողոսյանը և Ռ․Խուրշուդյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ։ Վ․Պողոսյանի նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ Ռ․Խուրշուդյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։ 4․4․ Նույն որոշմամբ ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալներ Մ․Ավետիսյանի, Է․Գրիգորյանի, Վ․Ասրյանի և Ջ․Ֆարխոյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքներում։ 4․5․ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
5․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ
ներ են բերել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը, ամբաստանյալ Գ․Գալստյանի պաշտպաններ Լ․Գասպարյանը, Ա․Ֆերոյանը և ամբաստանյալ Վ․Վերմիշյանի պաշտպաններ Մ․Շահգալդյանն ու Ա․Կոչուբաևը։ 5․1․ Վճռաբեկ դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ ամբաստանյալ Վ․Վերմիշյանի պաշտպաններ Մ․Շահգալդյանի և Ա․Կոչուբաևի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի, ամբաստանյալ Գ․Գալստյանի պաշտպաններ Լ․Գասպարյանի և Ա․Ֆերոյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունվելը մերժվել է։ Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքների հեղինակների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտով լուրջ դատական սխալ թույլ տալու հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը։ Մասնավորապես, բողոք բերած անձինք նշել են, որ գործում առկա ապացույցներն ու փաստական հանգամանքները պատշաճ չեն հետազոտվել և վերլուծվել ստորադաս դատարանների կողմից, որի արդյունքում Վ․Վերմիշյանն անհիմն մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ն մասով՝ երկու դրվագ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով, և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագ, նախատեսված հանցանքներ կատարելու մեջ։ 6․1․ Ըստ բողոքաբերների՝ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ Վ․Վերմիշյանն աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով է Ն․Չեռնիկովային առաջարկել աշխատանքի ընդունվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում, քանի որ վերջինս հանդիսացել է լավ մասնագետ, ժամանակին ուսանել է Վ․Վերմիշյանի մոտ, այդ իսկ պատճառով նա լավ տեղյակ է եղել Ն․Չեռնիկովայի մասնագիտական կարողություններին, սակայն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում չեն հետազոտվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվող մի շարք փաստական տվյալներ պարունակող ապացույցներ, որոնց հետազոտմամբ պարզ կդառնար Ն․Չեռնիկովայի կողմից իր պաշտոնից բխող մի շարք մեծածավալ աշխատանքներ կատարած լինելու հանգամանքը։ Մասնավորապես, խուզարկություններով Ն․Չեռնիկովայի և Վ․Վերմիշյանի աշխատասենյակներից առգրավված համակարգիչները զննվել են թերի՝ միայն այն պանակների մասով, որոնք պարունակել են քննությանն արդեն հայտնի դրվագներով շինա րարական նախագծերի անվանումներ, մինչդեռ նշված համակարգիչներում առկա են եղել բազմաթիվ այլ պանակներ, որոնք պարունակել են Ն․Չեռնիկովայի կողմից կատարված աշխատանքները՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեում աշխատելու ընթացքում։ 6․2․ Անդրադառնալով Վ․Վերմիշյանին մեղսագրվող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարմանը՝ բողոքաբերները նշել են, որ գործում առկա փաստական հանգամանքները չեն հաստատում Վ․Վերմիշյանի մասնակցությունը «Մոսս Գրուպ» ՍՊ ընկերության կառավարմանը, քանի որ Վ․Վերմիշյանը չի հանդիսացել նշված ընկերության հիմնադիր, ներառված չի եղել ընկերության կառավարման որևէ մարմնում, չի եղել ընկերության իրական շահառու, չի ունեցել ընկերության բանկային հաշիվների նկատմամբ որևէ տնօրինման իրավասություն։ Բացի այդ, ըստ բողոքաբերների գործի քննության ընթացքում չի հարցաքննվել առանցքային վկա Ն․Չեռնիկովան, ով կարող էր հերքել կամ հաստատել Վ․Վերմիշյանի՝ ընկերության իրական շահառու հանդիսանալու, ընկերությունից գումարներ ստանալու և ընկերության գործունեության մեջ դեր ունենալու փաստերը։ 6․3․ Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում Վ․Վերմիշյանին մեղավոր ճանաչելուն՝ բողոքների հեղինակները գտել են, որ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն անթույլատրելի ապացույցներ են, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը տարանջատում է օպերատիվ ստորաբաժանման ղեկավար և օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնող մարմնի ղեկավար հասկացությունները և դրանցից յուրաքանչյուրի համար սահմանում է լիազորությունների հստակ ծավալ։ Դատարանի որոշում ենթադրող բոլոր միջնորդություններն օրենսդիրը թույլատրել է ներկայացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կողմից, սակայն սույն գործի պարագայում դատարան միջնորդությունները ներկայացվել են օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի կողմից, ինչով խախտվել է սուբյեկտների լիազորությունները, քանի որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը հստակ ամրագրում է, որ օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը պետք է միջնորդությունը և կից նյութերը ներկայացնի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին, վերջինս էլ այն ներկայացնի դատարան։ Բացի այդ, բողոքաբերները նշել են, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով Վ․Վերմիշյանի վերաբերյալ գործի նախաքննությունը պետք է կատարվեր բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, մինչդեռ իրականացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչների կողմից։ Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներով՝ դատախազը կարող էր փոփոխել այլընտրանքային կամ հայեցողական քննչական ենթակայության կանոնները բացառիկ դեպքերում և այն էլ այն պարագայում, եթե պատճառաբանված որոշմամբ հիմնավորեր, որ գործը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ չի հանձնվում, քանի որ առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն, որը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չի կարող ապահովել, մինչդեռ Վ․Վերմիշյանի վերաբերյալ քրեական գործը չի համընկել այլընտրանքային կամ հայեցողական քննչական ենթակայության կանոններին, հետևաբար քննչական ենթակայությունը փոփոխվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նախնական քննության ընդհանուր պայմանների խախտմամբ, ինչը ձեռք բերած բոլոր ապացույցները դարձնում է անթույլատրելի, քանի որ խախտված է ապացույցի ձեռք բերման պատշաճ սուբյեկտի դատավարական պահանջը։ 7․ Անդրադառնալով Վ․Վերմիշյանի նկատմամբ կիրառված պատժին՝ բողոքների հեղինակները գտել են, որ Վերաքննիչ դատարանն անհիմն խստացրել է պատժաչափը։ Այսպես՝ Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած դատական ակտում առկա չէ որևէ վերլուծություն, թե ինչու Առաջին ատյանի դատարանի կողմից Ռ․Խուրշուդյանի և Վ․Պողոսյանի դրվագներով նշանակված հինգ տարի ժամկետով ազատազրկումը եղել ոչ համաչափ, իսկ վեց տարին՝ համաչափ։ Բողոքաբերները նշել են նաև, որ պաշտպանական կողմի այս պնդումը հիմք չէ արձանագրելու, որ օրինակ հինգ տարի ժամկետով ազատազրկումն ընդունելի է, այս պնդումն արվում է նրա համար, որպեսզի ընկալելի լինի ստորադաս ատյանի կողմից գործի մակերեսային քննությունը և ոչ իրավաչափ դատական ակտի կայացումը։ 8․ Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը, ճանաչել և հռչակել Վ․Վերմիշյանի անմեղությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագ, կամ բեկանված մասով վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Վ․Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ․ «(…) [Նա], 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը քաղաքաշինության բնագավառում իրականացնող, նույն բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը աջակցող Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, (այսուհետ` նաև Կոմիտե), (…) 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներն առ այն, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը: Այսպես.
Կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով օժտված, պաշտոնատար անձ հանդիսացող Վահագն Վերմիշյանը, պատասխանատու լինելով Կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների պատշաճ իրականացման համար, պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Նատալիա Անդրեյի Չեռնիկովայի կողմից 2019 թվականի մայիսի 16-ին հիմնադրած, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ճարտարապետական և նախագծային աշխատանքներ կատարող «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության կառավարմանը առավել արդյունավետ մասնակցություն ունենալու, նույն կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու, ինչպես Նատալյա Չեռնիկովայի օժանդակությամբ, այնպես էլ անձամբ այդ ընկերության անունով նախագծային աշխատանքներ կատարելու և արդյունքում նյութական օգուտներ ստանալու համար, 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, Նատալյա Չեռնիկովայի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն և իր կողմից ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Մկրտչյանին տրված բանավոր ցուցումի հիման վրա, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվել «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության տնօրեն Նատալյա Չեռնիկովայի հետ, որով վերջինն ամսեկան 314,165 (երեք հարյուր տասնչորս հազար հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ աշխատավարձով ընդունվել է աշխատանքի ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ որպես միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի խորհրդական: Աշխատանքի ընդունելուց հետո Վահագն Վերմիշյանը «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության գործունեությունն առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպելու նպատակով, ցուցում է տվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Արման Մեսրոպի Հարությունյանին, որպեսզի վերջինը իր մտերիմի՝ Նատալիա Չեռնիկովայի նկատմամբ աշխատանքային հսկողություն չսահմանի, նրան ազատի գործառնական պարտականությունների կատարումից, նրա նկատմամբ սահմանի աշխատանքի հաճախելու և աշխատանքային օրն ավարտելու ազատ գրաֆիկ, որպիսի գործողություններով ապահովել է Նատալյա Չեռնիկովայի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ և շահույթ ստանալուն ուղղված՝ «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերությանը տրված նախագծային պատվերների կատարումը՝ միաժամանակ բարենպաստ միջավայր ստեղծելով, որ Նատալյա Չեռնիկովան, կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում ստանա ամսեկան աշխատավարձ և ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային հարմարավետ պայմաններ, որպիսի հանգամանքներում՝ 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նատալիա Չեռնիկովան պետական միջոցներից անհիմն ստացել է ընդհանուր 1,478,483 (մեկ միլիոն չորս հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ փաստացի չկատարելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործառութային պարտականություններից բխող աշխատանքները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Դրանից հետո, Վահագն Վերմիշյանն անձամբ մասնակցելով «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության կառավարմանը, Նատալիա Չեռնիկովայի կողմից խորհուրդներ, ցուցումներ, տեղեկատվություն և միջոցներ տրամադրելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտները պարտակելու եղանակներով օժանդակությունը ստանալու պայմաններում, օրենքի խախտմամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ընթացքում, էսքիզային նախագծեր պատրաստելիս և ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երևանի քաղաքապետարանի կողմից անխոչընդոտ ստանալու ու այդ կերպ Նատալիա Չեռնիկովայի անվամբ գրանցված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հեղինակությունը բարձրացնելու նպատակով, օգտագործելով նույն գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպությունների նկատմամբ ունեցած՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հովանավորչությունից բխող հնարավորություններն ու առավելությունները, Վահագն Վերմիշյանն ինչպես անձամբ, այնպես էլ իր ենթակայության տակ գտնվող աշխատողներին ապօրինի հրահանգներ և հանձնարարականներ տալու և նրանց մի շարք աշխատանքներում ներգրավելու միջոցով ապահովել է, որպեսզի վերջինները կազմակերպեն և մասնակցեն Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ մասնագիտական քննարկումներին, նրանց մոտ ընդունելի դարձնեն «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության առաջ քաշած տեսակետները ու մասնագիտական կարծիքները՝ այդ կերպ այս ու մի շարք այլ եղանակներով կազմակերպել, որպեսզի նույն ընկերության կողմից կազմված էսքիզային նախագծերը պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ընդունելի համարվեն և դրանցում կամ առհասարակ փոփոխություններ չկատարվեն կամ՝ հնարավորության սահմաններում քիչ փոփոխություններ կատարվեն՝ վերջնական արդյունքում նպաստելով բարենպաստ որոշումների կայացմանը, այն է՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ընկերության ծառայություններից օգտվող անձանց և կազմակերպություններին ճարտարապետահատակագծային առաջադրանքների անխոչընդոտ և հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելը: Մասնավորապես.
Վահագն Վերմիշյանը, ձեռնամուխ լինելով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությանը արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու միջոցով դրա կառավարմանը մասնակցելու դիտավորության իրագործմանը, «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության ծառայություններից օգտվող և պատվիրատու հանդիսացող Երևան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամաս 22/3 հասցեում կառուցապատման աշխատանքներ կատարող Բագրատ Գագիկի Խաչատրյանի օգտին գործողություններ կատարելու և այդ եղանակով իր հովանավորության տակ գտնվող և նույն գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպությունների նկատմամբ «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության ունեցած՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հովանավորչությունից բխող հնարավորություններն ու առավելություններն օգտագործելով, անձամբ վերահսկել է Բագրատ Խաչատրյանի նախաձեռնած շինարարական աշխատանքների նախագծերի կազմակերպման գործընթացը, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանին մոլորության մեջ գցելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր հանձնարարությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Ղալթախչյանի միջոցով, Երևանի քաղաքապետարանի հիշյալ պաշտոնատար անձանց հետ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ ունենալու շնորհիվ, վերջինի կողմից Վահագն Վերմիշյանի հանձնարարությունների շրջանակում Բագրատ Խաչատրյանին անհրաժեշտ փաստաթղթերի ապահովման գործընթացում մասնագիտական և այլ օգնություն ցուցաբերելու պայմաններում, ապահովել է, որպեսզի հիշյալ հասցեի ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստացվի սեղմ ժամկետներում, դրա էսքիզային նախագծերում հնարավորինս քիչ փոփոխություններ կատարվեն և վերջնական արդյունքում քաղաքացի Բագրատ Խաչատրյանին առանց խոչընդոտների տրամադրվի ճարտարապետահատակագծային առաջադրանք, որն էլ փաստացի կատարվել է, իսկ դրա դիմաց՝ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում որպես եկամուտ ստացվող գումարի չափը՝ 25.100.000 (քսանհինգ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը, որպես մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար, նախապես քննարկվել և փոխադարձ համաձայնությամբ որոշվել է Նատալյա Չեռնիկովայի և Վահագն Վերմիշյանի կողմից: Բացի այդ, Վահագն Վերմիշյանը նույն՝ ձեռնարկատիրական գործունեության կառավարմանը մասնակցելու դիտավորությամբ, տեղեկացված լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող փաստացի Ջոն Սուրենի Ֆարխոյանի ընտանիքին և նրա ընկերոջը՝ Հարություն Բադաջյանին պատկանող Երևան քաղաքի Հանրապետության 61 հասցեում գտնվող շենքի վերջին երեք հարկերի շինարարական և կառուցապատման աշխատանքների համար անհրաժեշտ էսքիզային նախագծեր կազմելու անհրաժեշտության մասին ուղղորդել է վերջինին օգտվելու փաստացի իր կառավարման ներքո գտնվող և Նատալիա Չեռնիկովայի անվամբ գրանցված «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերությունից, որպիսի համաձայնությունը ստանալուց հետո 2019 թվականի դեկտեմբերի 26-ին 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով «ՄՈՍՍ ԳՌՈՒՊ» և «Լ Զառա» ՍՊ ընկերությունների միջև կնքվել է «նախագծային ծառայության մատուցման» պայմանագիր, որի մի մասը՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը Վահագն Վերմիշյանի միջնորդությամբ «ՄՈՍՍ ԳՌՈՒՊ» ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցվելուց հետո՝ Նատալիա Չեռնիկովայի կողմից բանկային քարտով հանձնվել է Վահագն Վերմիշյանին՝ համատեղ օգտագործելու նպատակով, իսկ Վահագն Վերմիշյանն ինչպես անձամբ, այնպես էլ Նատալիա Չեռնիկովայի միջոցով պատրաստել է պահանջվող նախագծերը և դրանք փոխանցել պատվիրատուներին : Այսպիսով, Վահագն Վերմիշյանը, Նատալյա Չերնիկովայի կողմից խորհուրդներ, ցուցումներ, տեղեկատվություն և միջոցներ տրամադրելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտները պարտակելու եղանակներով օժանդակությունը ստանալու պայմաններում, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները շահադիտական շահագրգռվածությունից ելնելով չկատարելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ պետության օրինական շահերին պատճառելով էական՝ 1,478,483 (մեկ միլիոն չորս հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր ութսուներեք) ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև հեղինակազրկել է պետական մարմինը, խաթարվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնականոն գործունեությունը, գերատեսչական, ենթաօրենսդրական ակտերով ամրագրված սկզբունքներն ու պահանջները, անձնական նպատակներով օգտագործվել են պետական ռեսուրսները և օրենքով սահմանված արգելքին հակառակ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը: Այսինքն, Վահագն Վերմիշյանը կատարել է հանցավոր արարքներ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով: Վերոգրյալից բացի, Ջոն Սուրենի Ֆարխոյանը, ճանաչելով և մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով պաշտոնատար անձ հանդիսացող կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով օժտված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ, նպատակ ունենալով նպաստել իր ընտանիքին պատկանող և որդու՝ Ռաֆայել Ջոնի Ֆարխոյանի անվամբ գրանցված Երևան քաղաքի Աճառյան փողոցի 39/22, 39/23, 39/24 և 39/25 հասցեներում կառուցվելիք բազմաբնակարան շենքերի շինարարական և կառուցապատման աշխատանքների անխոչընդոտ և դրանց փաստաթղթային ձևակերպումների՝ սեղմ ժամկետներում ապահովման գործընթացը, 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում դիմել է Վահագն Վերմիշյանին՝ վերջինի կողմից իր պաշտոնեական դիրքը և պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով այլ անձանց կողմից անհրաժեշտ էսքիզային նախագծերի կազմմանը, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների և սեղմ ժամկետներում տրամադրման գործընթացը կազմակերպելու համար: Վահագն Վերմիշյանը, ձեռնամուխ լինելով Ջոն Ֆարխոյանի կողմից ներկայացված պահանջի կատարմանը և գիտակցելով դրա դիմաց որպես կաշառք ակնկալվող գումարի ստացումը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության առաջատար մասնագետ Դալար Հերայրի Բաբախանյանցին բանավոր հանձնարարական է տվել կազմել վերը հիշատակված հողատարածքում բազմաբնակարան շենքերի շինարարական և կառուցապատման աշխատանքների համար անհրաժեշտ էսքիզային նախագծերի կազմումը՝ իրականությունը չհայտնելու եղանակով քողարկելով և Դալար Բաբախանյանցից թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից չբխելու հանգամանքը, որից հետո՝ Վահագն Վերմիշյանից ծառայողական կախվածության մեջ գտնվող աշխատակիցը, հայտնվելով մոլորության մեջ, անմիջապես ձեռնամուխ է եղել իրեն տրված հանձնարարականի կատարմանը և իր աշխատաժամանակն ու ռեսուրսները ներդրել է մասնավոր անձանց՝ Ֆարխոյանների կողմից նախատեսվող շինարարական և կառուցապատման աշխատանքների համար անհրաժեշտ էսքիզային նախագծերի պատրաստմանը՝ այդ ընթացքում փաստացի չկատարելով իր գործառութային պարտականությունները և 2019 թվականի սեպտեմբերի 20-ին արդեն պատրաստի էսքիզային նախագծերի փաթեթը հանձնելով Վահագն Վերմիշյանին՝ ճարտարապետահատակգծային առաջադրանք ստանալու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ համաձայնություն ձեռք բերելու և այն անխոչընդոտ ստանալու նպատակով: Նույն օրը, Ջոն Ֆարխոյանը տեղեկանալով, որ Վահագն Վերմիշյանն ըստ պայմանավորվածության կատարել է իր խնդրանքը՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, Երևան քաղաքի Բյուզանդ փողոցի «Ռամադա» հյուրանոցի մոտ հանդիպել է Վահագն Վերմիշյանին և որպես արդեն իսկ կատարված, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար հետագայում կատարվելիք գործողությունների դիմաց վերջինին տվել է խոշոր չափի՝ ընդհանուր 952.000 (ինը հարյուր հիսուներկու հազար) ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար կաշառք: Կաշառքի դիմաց իր տված խոստումը մինչև վերջ իրականացնելու դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Վահագն Վերմիշյանը բազմիցս հեռախոսազրույցներ և քննարկումներ է ունեցել Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանի հետ՝ վերջիններին համոզելու եղանակով փորձելով ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել այն մասին, որ բազմաբնակարան շենքերի համալիրի կառուցումը ներառված է պետական աջակցության ծրագրում, իբր այն գտնվում է ուժային կառույցների ուշադրության ներքո և որ նախագծման թույլտվությունը պետք է ներկայացվի և քննարկվի ՀՀ կառավարության նիստին՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով հիշյալ թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելու համար, որպիսի գործողությունների արդյունքում՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի քաղաքապետի ստորագրությամբ տրամադրվել է թիվ 01/18-07/1-Ֆ-186-1207 նախագծման թույլտվությունը: Արդյունքում, Ջոն Ֆարխոյանը պաշտոնատար անձ հանդիսացող Վահագն Վերմիշյանին տվել, իսկ վերջինը ստացել է խոշոր չափերի կաշառք գումարներ, ինչպես նաև շահադիտական շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ հեղինակազրկել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բարի համբավը, պետական ռեսուրսներն օգտագործվել են անձնական նպատակներով, խախտվել են գերատեսչական, ենթաօրենսդրական ակտերով ամրագրված սկզբունքներն ու պահանջները: Այսինքն, Վահագն Վերմիշյանը կատարել է հանցավոր արարք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերոգրյալից բացի, Վահագն Վերմիշյանը Վազգեն Վոլոդյայի Պողոսյանից և Գագիկ Շաղաբեկի Գալստյանից ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք: Այսպես.
Վազգեն Վոլոդյայի Պողոսյանը, հանդիսանալով շինարարական ու կառուցապատման աշխատանքներ ծավալող Երևան Շին ՓԲ ընկերության խորհրդի նախագահ, մտերիմ հարաբերություններ ունենալով «Շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, շինարարական և կառուցապատման աշխատանքներ ծավալող «Հորիզոն-95» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Շաղաբեկի Գալստյանի հետ, նպատակ ունենալով ստանալու բացառիկ արդյունավետ գործունեության, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության ու ստեղծարար գործունեության մեծ վաստակի համար տրվող Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում, ինչպես նաև պետական և մասնավոր պատվերները Երևան Շին և «Հորիզոն-95» ընկերություններին տրամադրելու, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի հետ առնչություն ունեցող անձանց նշված կազմակերպություններ ուղղորդելու և այդ կերպ վերջինների ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու և շահույթներ ապահովելու շահադիտական շարժառիթներով պայմանավորված 2019 թվականի օգոստոս ամսին դիմել են կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանին, որպեսզի վերջինս, պաշտոնից բխող իր հեղինակությունն օգտագործելով և ծառայության գծով հովանավորչություն իրականացնելով, իր լիազորությունների մեջ մտնող գործողություններ կատարելով կամ այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելով՝ իրականություն դարձնի իրենց մտադրությունները: Ստանալով պաշտոնատար անձ Վահագն Վերմիշյանի համաձայնությունը և վերը թվարկված նպատակների իրականացմանը նպաստելու իր պատրաստակամությունը, իսկ հետագայում նաև տեղեկանալով, որ Վահագն Վերմիշյանի կողմից իր լիազորությունների շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ վարչապետին ներկայացված՝ Վազգեն Պողոսյանին ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհելու միջնորդության մասին, ինչպես արդեն իսկ կատարված գործողության, այնպես էլ հետագայում՝ իրենց պատկանող շինարարական կազմակերպություններ ուղղորդելու վերաբերյալ Վահագն Վերմիշյանի խոստման իրականացման դիմաց, Գագիկ Գալստյանը, նախնական համաձայնության գալով Վազգեն Պողոսյանի հետ, 2019 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, այցելել է ՀՀ կառավարության թիվ 3 մասնաշենքում գտնվող Վահագն Վերմիշյանի աշխատասենյակ և հիշյալ նպատակով որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք նրան տվել է 2.379.950 (երկու միլիոն երեք հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար՝ խոստանալով ցանկալի նպատակների հասնելու դեպքում ավելացնել որպես կաշառք տրված գումարի չափը: Իր հերթին Վահագն Վերմիշյանը, ստանալով առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառքի գումարները, Գագիկ Գալստյանի գնալուց անմիջապես հետո, իր մոտ հրավիրելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի խորհրդական Նատալյա Չեռնիկովային, նրան տվել է ստացած կաշառքի գումարի մի մասը՝ 500 ԱՄՆ դոլարը, միաժամանակ՝ իր հետագա պաշտոնավարման ժամանակահատվածում միջոցներ ձեռնարկելով կատարելու կաշառքի դիմաց տված խոստումները, մասնավորապես՝ փորձելով իր տեսադաշտում գտնվող անձանց որպես պատվիրատու ուղղորդել «Հորիզոն-95» շինարարական կազմակերպությանը: Վերոգրյալից բացի, Վահագն Վերմիշյանը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նույն գործողությունների իրականացման և այդ գործողությունների կատարմանը նպաստելու, ինչպես նաև ծառայողական գծով հովանավորչության համար, որպես արդեն իսկ նախկինում կաշառքի շուրջ ձեռքբերված պայմանավորվածության շարունակություն և Գագիկ Գալստյանի կողմից նախապես տրված խոստման իրականացում, 2019 թվականի նոյեմբերի 3-ին և նույն թվականի դեկտեմբերի 24-ին Գագիկ Գալստյանի հետ անձամբ և միջնորդավորված հեռախոսազրույցների ժամանակ վերջինից և Վազգեն Պողոսյանից պահանջել է այլ անձի համար գույք, մասնավորապես՝ իր մտերիմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի խորհրդական Նատալիա Չեռնիկովային պատկանող Արմավիրի մարզի Շահումյան համայնքի Արցախի 2-րդ փողոցի №45 առանձնատան կառուցման համար անհրաժեշտ՝ ընդհանուր 899.600 ՀՀ դրամ արժողությամբ եվրոպատուհաններ և 204.000 (երկու հարյուր չորս հազար) ՀՀ դրամ արժողությամբ եվրոդռներ, իսկ հետագայում՝ նաև առանձնատան ցանկապատի հիմքի կառուցման համար անհրաժեշտ շուրջ 8 խմ մակերեսով, 190.648 (հարյուր իննսուն հազար վեց հարյուր քառասունութ) ՀՀ դրամ արժողությամբ ապրանքանյութական արժեքներ հանդիսացող բետոնի մատակարարում, որպիսի պահանջներն ընդունվել են Գագիկ Գալստյանի և Վազգեն Պողոսյանի կողմից և որպես կաշառք պահանջված հիշյալ գույքը մաս-մաս՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 24-ը, Վազգեն Պողոսյանը՝ դստեր ամուսնու՝ Մուշեղ Ավետիսյանին պատկանող «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության միջոցով առանց որևէ վճարի տեղափոխել և տեղադրել է եվրոպատուհաններն ու եվրոդռները, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին Գագիկ Գալստյանը իր կազմակերպության միջոցով կազմակերպել և ապահովել է ապրանքանյութական արժեք հանդիսացող բետոնի մատակարարումը Նատալիա Չեռնիկովային պատկանող Արմավիրի մարզի Շահումյան համայնքի Արցախի 2-րդ փողոցի №45 առանձնատան տարածք՝ այդ կերպ նախնական համաձայնությամբ Վահագն Վերմիշյանին տալով առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ ընդհանուր 2.379.950 (երկու միլիոն երեք հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար և 1.294.248 (մեկ միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր քառասունութ) դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ: Այսինքն, Վահագն Վանիկի Վերմիշյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Վերոգրյալից բացի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, պաշտոնատար անձ հանդիսացող Վահագն Վանիկի Վերմիշյանը ընդունել է քաղաքացի Ռազմիկ Հրաչիկի Խուրշուդյանի կողմից իրեն տրված խոշոր չափերի հասնող կաշառքի առաջարկը: Այսպես.
Ռազմիկ Խուրշուդյանը 2019 թվականի դեկտեմբերի 26-ին այցելել է Վահագն Վերմիշյանի աշխատասենյակ և վերջինին խնդրել է աջակցել իրեն սեղմ ժամկետներում և առանց խոչընդոտների օրինականացնել Երևան-Էջմիածին մայրուղու 2/2 հասցեում գտնվող ինքնակամ կառույցը, որի հողատարածքի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթային փաթեթը գտնվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեում: Վահագն Վերմիշյանը, գործընթացին դրական լուծում տալու պատրաստակամություն նախաձեռնելու պատրանք ստեղծելով, Ռազմիկ Խուրշուդյանի ներկայությամբ իր աշխատասենյակ է կանչել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Ռազմիկի Մանուկյանին, և ցուցում է տվել վերջինին՝ կազմել հանձնաժողովի դրական եզրակացություն և տալ իր ստորագրմանը՝ չսպասելով հողի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի կարծիքին: Վահագն Վերմիշյանը, բարենպաստ որոշումների կայացմանը նպաստելու համար, հարմար առիթն օգտագործելով, Ռազմիկ Խուրշուդյանի մոտ խոսակցություն է ծավալել իր մտերիմի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի խորհրդական Նատալիա Անդրեյի Չեռնիկովայի անվամբ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի Արցախի 2-րդ փողոցի №45 հասցեում գտնվող առանձնատան ցանկապատի հիմքի կառուցման համար օգտագործված բետոնի՝ իբր անորակ լինելու և այն կառուցապատման համար պիտանի չլինելու վերաբերյալ՝ այդ կերպ Ռազմիկ Խուրշուդյանին քողարկված եղանակով հասկացնելով, որ ինքն ունի որակյալ բետոն ձեռք բերելու անհրաժեշտություն: Ռազմիկ Խուրշուդյանը լսելով այդ մասին և հասկանալով, որ իր կառույցի օրինականացման գործընթացի հետ կապված ինքն արդեն իսկ կախվածության մեջ է գտնվում Վահագն Վերմիշյանից, իր ներկայացրած խնդրին լուծում տալու անհրաժեշտությամբ պայմանավորված, անձամբ պատրաստակամություն է հայտնել և առաջարկել է առանց գումարի, իր միջոցներով կազմակերպել ընդհանուր 24 խմ ծավալով և 571,920 ՀՀ դրամ արժեքով «150 մարկայի բետոնի մատակարարումը Նատալյա Չեռնիկովայի առանձնատուն, այդ կերպ՝ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու առաջարկ անելով, մասնավորապես պաշտոնատար անձին առաջարկել է այլ անձի համար գույք՝ իր օգտին նրա կողմից որևէ գործողություն կատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողության կատարմանը նպաստելու համար, իսկ Վահագն Վերմիշյանը ընդունել է կաշառքի տեսքով 571,920 (հինգ հարյուր յոթանասունմեկ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամ արժողությամբ 24 խմ ծավալով բետոն մատակարարելու առաջարկը: Այսինքն, Վահագն Վանիկի Վերմիշյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: ․․․»[1]։ 10․ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի մայիսի 15-ի դատավճռով արձանագրել է. «(…) Վերլուծելով ամբաստանյալներից յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքները, քրեական գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գտնում է հետևյալը. 4․7․1․ Ամբաստանյալ Վահագն Վանիկի Վերմիշյանի կողմից, նրա մեղավորությամբ, երկու դրվագներից յուրաքանչյուրով, պաշտոնատար անձ հանդիսանալով՝ իր իշխանական լիազորությունների և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական շահերին օգտագործելով, այդ լիազորությունները չարաշահելով՝ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելն ապացուցված է, նրա այդ արարքները ճիշտ են որակված և համապատասխանում են ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Ապացուցված է նաև ամբաստանյալ Վահագն Վերմիշյանի կողմից, նրա մեղավորությամբ, որպես պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը մասնակցելը, որն իրականացվել է այդ կազմակերպության կառավարումը վերահսկելով՝ կապված այդ կազմակերպությանն արտոնություններ տրամադրելու և հովանավորելու հետ՝ հիմնավորված է, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 310-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Ապացուցված է նաև ամբաստանյալ Վահագն Վերմիշյանի կողմից, նրա մեղավորությամբ, երեք դրվագներից յուրաքանչյուրով, խոշոր չափերով կաշառք ստանալը, նրա այդ արարքներից յուրաքանչյուրը համապատասխանում է ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Ապացուցված է նաև ամբաստանյալ Վահագն Վերմիշյանի կողմից, նրա մեղավորությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով խարդախություն կատարելը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1 և 2-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: (…) »[2]:
11. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանը նախ և առաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ պաշտպանական կողմի բարձրացրած երկու հիմնական իրավական հարցադրումներին․ 6․1․ Քննչական ենթակայության կանոնների խախտման վերաբերյալ․
Նախ և առաջ անդրադառնալով այս փաստարկների համատեքստում ներկայացված դիտարկմանը՝ հինգ ամիս նյութեր նախապատրաստելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանն այս մասով հիմնավոր է համարում դատախազ Ծ.Մնացականյանի դիրքորոշումն առ այն, որ «Հարկ է նշել, որ գործ ունենք ոչ թե 5 ամիս նյութերի նախապատրաստման, այլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հետ»: Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ «Ընդ որում, այդ նյութերը նախապատրաստել է շուրջ 5 ամիս, իսկ արդեն 2020 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԱԾ ՏԱ և ԿՀ դեպարտամենտի պետը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին հասցեագրված թիվ 7/1-123 գրությամբ նշել է հետևայլը․ «Կից Ձեզ ենք ուղարկում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի, «Մոսս գռուպ» ՍՊԸ տնօրեն Նատալիա Չեռնիկովայի, «Նյու Հոմ» ՍՊԸ տնօրեն Բագրատ Խաչատրյանի, «Հորիզոն-95» ՍՊԸ տնօրեն Գագիկ Գալստյանի, Վազգեն Պողոսյանի, «Սամ Կար շին» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Ղալթախչյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերը՝ հետագա ընթացքը լուծելու համար։»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ միայն այն, որ գրությամբ նշվել է, որ ուղարկվում են նախապատրաստված նյութերը, դեռևս չի կարող վկայել այն մասին, որ խոսքը վերաբերել է հենց դատավարության համապատասխան փուլում նախապատրաստված և քրեադատավարական օրենսդրության իմաստով նյութերին, այլ կերպ ասած՝ հիմնավոր չէ այն դատողությունը, որ քրեական գործ հարուցելու առիթի հիման վրա նախապատրաստված նյութերի մասին է խոսքը։ Անդրադառնալով այն հարցին, որ քրեական գործը չի գտնվել որևէ նախաքննական մարմնի վարույթում՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հարուցված քրեական գործի պայմաններում այն վարույթ չի ընդունվել՝ պայմանավորված քննչական ենթակայության հարցը լուծելու հանգամանքով։ Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի իրավասությանը, ապա հարկ է նշել, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանն այդ ժամանակ հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը սպասարկող տեղակալը: Քննչական ենթակայության վերաբերյալ ներկայացված փաստարկների մասով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով՝ դատախազի բացառիկ լիազորությունն է ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով: Մեջբերված դրույթից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի տառացի մեկնաբանության և բովանդակային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ օրենսդիրն ուղղակիորեն օժտել է դատախազին ցանկացած քրեական գործ նախաքննական մեկ մարմնից մյուսին հանձնելու բացառիկ լիազորությամբ: Ընդ որում՝ նշված նորմից բխում է, որ դատախազը ցանկացած քրեական գործ կարող է ցանկացած քննչական մարմնի հանձնել: Պետք է ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը քրեական գործը նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու համար ոչ թե նշում է, որ այն պետք է կատարվի նույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ընթացակարգով, այլ ընդամենը նշում է, որ այն կարող է հանձնվել այդ հոդվածով սահմանված մարմիններին: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը դատախազին չի պարտավորեցնում քննչական ենթակայությունը փոխելիս ղեկավարվել 190-րդ հոդվածում նշված կանոններով, հետևաբար՝ այս մասով ներկայացված փաստարկներն անհիմն են: 6․2․ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների անթույլատրելիության վերաբերյալ․
Մինչև պաշտպանական կողմի հիմնական փաստարկներին անդրադառնալը՝ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպան Ա.Ֆերոյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ. Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ օրենսդիրը արգելք է սահմանում հենց այն դեպքերի համար, երբ իրավասու մարմինն անգամ դատավորի պահանջով կարող է չներկայացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող այլ նյութեր, երբ առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի խախտման վտանգ կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք, համապատասխան տեղեկությունների ստացման աղբյուրները և դրանց ստացման եղանակները, որպիսի մոտեցումն ընդունելի է և հետապնդում է առավել մեծ հանրային շահ: Այլ կերպ ասած՝ «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» օրենքով պաշտպանվող տեղեկությունները տրամադրման ենթակա չեն, իսկ գործում առկա նյութերը բավարար էին միջնորդությունները բավարարելու համար (այդ հանգամանքը հիմնավորվում է նաև Վերաքննիչ դատարանի ներքոշարադրյալ վերլուծությամբ)։ Անդրադառնալով պաշտպանական կողմի մնացյալ փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. Նախ և առաջ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն պաշտպան Ա.Կոչուբաևի փաստարկներն առ այն, որ առկա չեն եղել համապատասխան միջնորդություններ, իսկ որոշումներում բացակայում են ժամկետները, քանի որ նշյալ փաստարկները չեն բխում քրեական գործի նյութերից, մասնավորապես, գործում առկա են միջնորդություն հարուցելու մասին որոշումները, իսկ դատարանի համապատասխան որոշումներում առկա է ժամկետի մասին նշում: Միևնույն ժամանակ, այն, որ քրեական գործում առկա է եղել միայն զեկուցագիր՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն դեպքում էական չէ ներկայացված փաստաթղթի անվանումն ու թվաբանական ցուցանիշը, քանի որ ներկայացված զեկուցագրի բովանդակությունը տվյալ փուլում և սակավ գործիքակազմի պայմաններում բավարար պայման է եղել միջնորդություն հարուցելու համար: Ինչ վերաբերում է միջնորդություն ներկայացնելու սուբյեկտի հարցին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը․ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում Ազգային անվտանգությանը վերաբերող դրույթներում առավելապես գործածվում են հետևյալ երկու հասկացությունները՝ «ազգային անվտանգության մարմիններ» և «ազգային անվտանգության հանրապետական մարմին», ինչից, ըստ էության, հետևում է այդ երկու հասկացությունների ոչ նույնական լինելը։ Ավելին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 3-րդ՝ «Ազգային անվտանգության մարմինների համակարգը» վերտառությամբ հոդվածն ամրագրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը (․․․) վարչապետին ենթակա մարմին է: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազորված մարմնից, ներառյալ` կենտրոնական և մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, ուսումնական կենտրոններից, հատուկ և այլ ստորաբաժանումներից: Միևնույն ժամանակ, Վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 28-ի թիվ 860-Լ որոշման հավելված 1-ի 1-ին կետը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (...) Հայաստանի Հանրապետության վարչապետին (․․․) ենթակա մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը»: Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ տվյալ դեպքում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում գործածվող «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավար» հասկացությունը վերաբերում է ոչ միայն Ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, այլև Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում՝ կենտրոնական կամ մարզային մարմինների ղեկավարներին։ Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում ոչ պատշաճ սուբյեկտի կողմից միջնորդություն ներկայացված լինելու մասին փաստարկը։ Ինչ վերաբերում է ներկայացված փաստարկներին՝ այլ եղանակների առկայության մասով և դատական ակտում այլ եղանակների մասին նշումների բացակայության մասով՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ օբյեկտիվորեն որևէ այլ եղանակով հնարավոր չէր ստանալ այն տվյալները, որոնք ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։ Ավելին՝ պաշտպանական կողմը չի փաստարկել՝ ի՞նչ այլ եղանակներ կային, որոնք չեն կատարվել, հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս մասով ներկայացվածներն անհիմն են։ Ինչ վերաբերում է դատական ակտում այլ եղանակների բացակայության վերաբերյալ նշում չլինելուն՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ, թեև, ուղղակի նշումներ առկա չեն, միևնույն է դատական ակտերի բովանադակությունը վկայում է դրա մասին, իսկ ուղղակի նշում չկատարելը չի կարող հանգեցնել քրեադատավարական օրենքի էական խախտման և նշված դատական ակտերի բեկանման: (…)
11․ Վերաքննիչ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցադրումը հետևյալն է․ իրավաչափ է արդյոք մեղադրյալ Գագիկ Գալստյանին և Վազգեն Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով և, ըստ այդմ, Վահագն Վերմիշյանին նշյալ դրվագով կաշառք ստանալու համար մեղավոր ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը․ (…)
11․7 Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն, որ Գագիկ Գալստյանը Վազգեն Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, ստանալով պաշտոնատար անձ Վահագն Վերմիշյանի համաձայնությունը և վերը թվարկված նպատակների իրականացմանը նպաստելու իր պատրաստակամությունը, իսկ հետագայում նաև տեղեկանալով, որ Վահագն Վերմիշյանի կողմից իր լիազորությունների շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ վարչապետին ներկայացված՝ Վազգեն Պողոսյանին ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհելու միջնորդության մասին, ինչպես արդեն իսկ կատարված գործողության, այնպես էլ հետագայում՝ իրենց պատկանող շինարարական կազմակերպություններ ուղղորդելու վերաբերյալ Վահագն Վերմիշյանի խոստման իրականացման դիմաց, 2019 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, այցելել է ՀՀ կառավարության թիվ 3 մասնաշենքում գտնվող Վահագն Վերմիշյանի աշխատասենյակ և հիշյալ նպատակով որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք նրան տվել է 2.379.950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար՝ խոստանալով ցանկալի նպատակների հասնելու դեպքում ավելացնել որպես կաշառք տրված գումարի չափը: Իր հերթին Վահագն Վերմիշյանը, ստանալով առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառքի գումարները, Գագիկ Գալստյանի գնալուց անմիջապես հետո, իր մոտ հրավիրելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի խորհրդական Նատալյա Չեռնիկովային, նրան տվել է ստացած կաշառքի գումարի մի մասը՝ 500 ԱՄՆ դոլարը, միաժամանակ՝ իր հետագա պաշտոնավարման ժամանակահատվածում միջոցներ ձեռնարկելով կատարելու կաշառքի դիմաց տված խոստումները, մասնավորապես՝ փորձելով իր տեսադաշտում գտնվող անձանց որպես պատվիրատու ուղղորդել «Հորիզոն-95» շինարարական կազմակերպությանը: (…)
12․ Վերաքննիչ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցադրումը հետևյալն է․ իրավաչափ է արդյոք Վահագն Վերմիշյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը։ (…) 12․1 Վերաքննիչ դատարանն այս դրվագով իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին և փաստում է, որ ներկայացված մեղադրանքը հաստատվում է, ի թիվս այլնի, հետևյալ ապացույցներով․ 1․ Վկա Տիգրան Ռազմիկի Մանուկյանի ցուցմունքով (…) 2․ Վկա Նունե Գագիկի Պետրոսյանի ցուցմունքով (…) 3․ Զննում կատարելու մասին արձանագրությամբ՝ համաձայն որի՝ Ռազմիկ Խուրշուդյանը 2019թ․ դեկտեմբերի 26-ին այցելել է Վահագն Վերմիշյանին և խնդրել աջակցել իր կողմից փաստացի օգտագործվող՝ Երևան-Էջմիածին մայրուղու 2/2 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացին: (…) 4․ Զննում կատարելու մասին արձանագրությամբ, համաձայն որի՝ պարզվել է նաև, որ Վահագն Վերմիշյանը Ռազմիկ Խուրշուդյանին պատկանող, Երևան-Էջմիածին մայրուղու 2/2 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման վերաբերյալ հեռախոսային խոսակցություն է ունեցել նրա հետ: (…) 5․ Մեղադրյալ Ռազմիկ Խուրշուդյանի նախաքննական ցուցմունքներով (…) 6․ Վկա Սամվել Ռաֆայելի Խաչատրյանի ցուցմունքներով (…) 7․ Վկա Հովհաննես Նուրիջանի Վարդանյանի ցուցմունքով (…)։ 12․2 Վերոնշյալ ապացույցների համակցությամբ հիմնավորվում է, որ Վահագն Վերմիշյանը ընդունել է քաղաքացի Ռազմիկ Խուրշուդյանի կողմից իրեն տրված խոշոր չափերի հասնող կաշառքի առաջարկը, որը դրսևորվել է այն բանում, որ Վահագն Վերմիշյանը ցուցում է տվել կազմել հանձնաժողովի դրական եզրակացություն և տալ իր ստորագրմանը՝ չսպասելով հողի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի կարծիքին։ Ռազմիկ Խուրշուդյանն իր ներկայացրած խնդրին լուծում տալու անհրաժեշտությամբ պայմանավորված, անձամբ պատրաստակամություն է հայտնել և առաջարկել է առանց գումարի, իր միջոցներով կազմակերպել ընդհանուր 24 խ/մ ծավալով և 571,920 ՀՀ դրամ արժեքով «150 մարկայի բետոնի մատակարարումը Նատալյա Չեռնիկովայի առանձնատուն, իսկ Վահագն Վերմիշյանը ընդունել է կաշառքի տեսքով 571,920 (հինգ հարյուր յոթանասունմեկ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամ արժողությամբ 24 խ/մ ծավալով բետոն մատակարարելու առաջարկը: (…) Ինչ վերաբերում է Վահագն Վերմիշյանին առաջադրված մյուս մեղադրանքներին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցադրումներին․
ա) իրավաչափ է արդյոք Վահագն Վերմիշյանին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը,
բ) իրավաչափ է արդյոք Վահագն Վերմիշյանին երկու դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը: Իրավական վերլուծության արդյունավետության հանգամանքով պայմանավորված՝ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում վերոնշյալ երկու հարցադրումներին անդրադառնալ համակցության մեջ: (…) 13․5 Ողջ վերոգրյալը վկայում է այն մասին, որ քննարկվող մեղադրանքներով Վահագն Վերմիշյանի արարքներում հանցակազմը հաստատված է, իսկ պաշտպանական կողմից չեն ներկայացվել այնպիսի փաստարկներ, որոնք Վերաքննիչ դատարանին հնարավորություն կտային հանգելու հակառակ հետևության, հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Վահագն Վերմիշյանին պետք է մեղավոր ճանաչել երկու դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի պարտադիր հատկանիշ է հանդիսանում էական վնասի առկայությունը, որը կարող է դրսևորվել ոչ միայն գույքային, այլ նաև ոչ գույքային վնասի ձևով: Այդպիսի վնաս կարող են համարվել մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումը, իշխանության մարմինների հեղինակազրկումը, նրանց գործունեության խաթարումը, հասարակական կարգի խախտումը, խոշոր չափերի հափշտակությունների կամ այլ ծանր հանցագործությունների պարտակումը և այլն, իսկ ոչ գույքային վնասի էական լինելը գնահատելիս պետք է հաշվի առնել քաղաքացիներին, հասարակությանը և պետությանը հասցված բարոյական վնասի ծանրությունը, տուժած քաղաքացիների քանակը, ոտնահարված իրավունքների ու ազատությունների կարևորությունը, դրանց ոտնահարման աստիճանը, հիմնարկության, կազմակերպության կամ ձեռնարկության նորմալ գործունեության խաթարման աստիճանը և այլն: Սույն դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի էական վնասը առաջին դրվագով դրսևորվել է ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային վնասով, այն է՝ 1,478,483 (մեկ միլիոն չորս հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր ութսուներեք) ՀՀ դրամի գույքային վնասով և պետական մարմինը հեղինակազրկելով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնականոն գործունեությունը խաթարելով, համբավը հեղինակազրկելով, գերատեսչական, ենթաօրենսդրական ակտերով ամրագրված սկզբունքներն ու պահանջները խախտելով, անձնական նպատակներով պետական ռեսուրսները օգտագործելով, իսկ երկրորդ դրվագը՝ միայն ոչ գույքային վնասով, այն է՝ պետական մարմինը հեղինակազրկելով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնականոն գործունեությունը խաթարելով, համբավը հեղինակազրկելով, գերատեսչական, ենթաօրենսդրական ակտերով ամրագրված սկզբունքներն ու պահանջները խախտելով, անձնական նպատակներով պետական ռեսուրսները օգտագործելով։ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ էական վնասը գնահատելիս վերջինիս կողմից չեն կարող անտեսվել այդ արարքների կատարման եղանակը և ինտենսիվությունը, որի լույսի ներքո գնահատելով սույն գործի նյութերը՝ հարկ է փաստել, որ վերոնշյալ էական վնասները քննության առարկա դեպքում առկա են և այս մասով ներկայացված մեղադրանքներն իրավաչափ են: 13.5.1 Անդրադառնալով ներկայացված փաստարկներին առ այն, որ «Բացի այդ այս հոդվածով մեղադրանքը հերքվում է նաև Ալվարդ Գրիգորյանի ցուցմունքով առ այն, որ Վահագն Վերմիշյանը զանգահարել է իրեն և հայտնել, որ մարդ է ուղարկում, եթե համապատասխանում է վերցնեն աշխատանքի, ինքն էլ ստուգել է Ն.Չեռնիկովան համապատասխանել է կնքել են պայմանագիր:»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշյալ փաստարկի լույսի ներքո հատկանշականն այն է, որ նույն ցուցմունքով Ալվարդ Գրիգորյանը հայտնել է նաև, որ ինքը կատարել է Վահագն Վերմիշյանի հանձնարարականը, ընդունել է ազգությամբ ռուս Նատալիա Չեռնիկովային, ուսումնասիրել փաստաթղթերը, որից հետո կազմել է հիշյալ վարչության խորհրդականի նշանակման աշխատանքային պայմանագրի նախագիծը: Ընդ որում, միայն այն, որ Վահագն Վերմիշյանը պայման է առաջադրել առ այն, որ պետք է Նատալիա Չեռնիկովան համապատասխանի պայմաններին, բավարար հակակշռող փաստարկ չէ այն առումով, որ ի վերջո Նատալիա Չեռնիկովան աշխատանքի ընդունվել է Վահագն Վերմիշյանի ցուցումով և ընդունվելով պետական կառույցում աշխատանքի՝ նույնիսկ չի տիրապետել հայերեն լեզվին: 13.5.2 Անդրադառնալով այն փաստարկին, որ փաստացի Նատալիա Չեռնիկովան աշխատել է պետական կարևոր նախագծերի վրա՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական գործի նյութերում նման տվյալներ առկա չեն: 13.5.3 Ինչ վերաբերում է ներկայացված փաստարկին առ այն, որ Ջոն Ֆարխոյանի դրվագով Վահագն Վերմիշյանը «օրենքից դուրս» որևէ գործողություն չի կատարել՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Վահագն Վերմիշյանի կողմից իր լիազորությունները չարաշահելու մասին, որպիսի հանգամանքը քրեական գործում առկա ապացույցներով հաստատվում է: (…) 14․2․ (…) Անդրադառնալով Վահագն Վերմիշյանի նկատմամբ նշանակվելիք պատժին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը․Վահագն Վերմիշյանը նախկինում դատապարտված չի եղել, ունի բարձրագույն կրթություն, նրան մեղսագրված հանցանքներում պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Վահագն Վերմիշյանի կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, դրանց կատարման եղանակը, անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ փաստում է հետևյալը․ (…) 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու դեպքում օրենսդիրը նախատեսել է ազատազրկում՝ չորսից տասը տարի ժամկետով: Քննության առարկա դեպքում Առաջին ատյանի դատարանը, Գագիկ Գալստյանի և Վազգեն Պողոսյանի դրվագով ազատազրկման ձևով սահմանված չորսից տասը տարի հարաբերական որոշակի պատժաչափի շրջանակներում, գնահատելով գործի էական փաստական հանգամանքները, մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը, պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքի բացակայությունը, հետևության է հանգել առ այն, որ մեղադրյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել պատիժ՝ ազատազրկում հինգ տարի ժամկետով: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալին՝ Գագիկ Գալստյանի և Վազգեն Պողոսյանի դրվագով հնարավոր՝ չորսից տասը տարի ժամկետով ազատազրկումից հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտելը տվյալ դեպքում պիտանի միջոց չէ, քանզի այդ կերպ պատժի նպատակները չեն կարող իրացվել, այսինքն, ապահովված չէ հավանականությունը, որ արդյունքը, որին ձգտել է Առաջին ատյանի դատարանը, հինգ տարի ազատազրկմամբ հնարավոր է ի հայտ գա։ Համաչափության սկզբունքի հաջորդ տարրն ընտրված միջոցի անհրաժեշտությունն է։ Սակայն, մինչ այս հարցին անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք առկա է եղել այլ պիտանի միջոց նախանշված նպատակին հասնելու համար և եթե այո, ապա քննարկման առարկա դարձնել նաև դրանց մրցակցության հարցը։ Այս առնչությամբ հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանում դատական նիստի ժամանակ դատախազը որպես համաչափ պատժաչափ նշեց յոթ տարի ժամկետով ազատազրկումը, ինչը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ չի կարող հանդես գալ որպես պիտանի միջոց, քանի որ այն կառաջացնի ակնհայտ և էական խզում մի կողմից պատժի և մյուս կողմից անձի արարքի, սույն որոշմամբ մեջբերված և վերլուծության առարկա հանդիսացած փաստական հանգամանքների միջև՝ դրանով իսկ պատիժը հեռացնելով արդարությունից։ Սույն դեպքում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հնարավոր չորսից տասը տարվա սահմանագծում վեց տարի ժամկետով ազատազրկումը կլինի համաչափ պատիժ: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված 5 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն 6 տարի ժամկետով ազատազրկում նշանակելով՝ Վերաքննիչ դատարանը, ի թիվս վերը նշվածի, հաշվի է առնում նաև այն, որ, ըստ էության, կաշառքի առարկան փոխանցվել է ոչ միայն Վազգեն Պողոսյանին ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհելու միջնորդության, այլև վերջինիս պատկանող շինարարական կազմակերպություններ պատվերներ ուղղորդելու վերաբերյալ Վահագն Վերմիշյանի խոստման իրականացման դիմաց: Այսինքն, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Գագիկ Գալստյանի և Վազգեն Պողոսյանի դրվագով Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկման փոխարեն պետք է Վահագն Վերմիշյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկում։ 14․3 Անդրադառնալով Ռազմիկ Խուրշուդյանի դրվագով Վահագն Վերմիշյանի նկատմամբ նշանակված պատժին՝ Վերաքննիչ դատարանն այս մասով փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժն իրավաչափ է և այս մասով 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը համաչափ պատիժ է: Սույն դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից, ի թիվս այլնի, հաշվի է առնվում այն, որ կաշառքի առարկայի չափը (571․920 ՀՀ դրամ) մոտ է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի մանր չափի սահմանաչափին (500․000 ՀՀ դրամը), ինչը որոշակի առումով նվազեցնում է արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ (…) 14․6 Ընդհանրացնելով վերոշարադրյալը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի կանոնների կիրառմամբ՝ պատիժները մասնակի գումարելու միջոցով, Վահագն Վերմիշյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես պատիժ նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակի գումարել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով պատժից 2 (երկու) տարին, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված տուգանքներից առաջին դրվագով նշանակված 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամին պետք է մասնակի գումարել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ դրվագով նշանակված 300․000 ՀՀ դրամ տուգանքից 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը և Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ պետք է նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով և տուգանք ՝ 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2020 թվականի փետրվարի 5-ից՝ հաշվի առնելով նրա՝ 2024 թվականի մարտի 4-ից մինչև մարտի 6-ը ազատության մեջ գտնվելու երկօրյա ժամկետը։ (…) 14․7 Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք մեղադրյալ Վահագն Վերմիշյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը։ (…) Այսինքն՝ սույն դեպքում հիմք ընդունելով Վահագն Վերմիշյանին մեղսագրված արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը և պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական արժեքը, որը պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում գնահատման հանգամանքներից մեկն է, կարելի է եզրահանգել, որ հատկապես սոցիալական արդարության վերականգնումը, ինչպես նաև նոր հանցագործությունների կանխումը քննության առարկա դեպքում իրատեսական է միայն ռեալ պատժի կրման դեպքում: Ավելին՝ պատժի նպատակներից հանցավորի ուղղումը ևս իրագործելի չէ ազատության մեջ մնալու պայմաններում, այն պատճառաբանությամբ, որ անձի ուղղման հավանականությունը գնահատելու հարցում առանցքային դերակատարություն ունի մեղքն ընդունելու հանգամանքը, ինչը քննության առարկա դեպքում առկա չէ։ Թեև 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը որևէ սահմանափակում չի նախատեսում կապված հանցագործությունների տեսակով, սակայն Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև անձը բնութագրող տվյալներն ինչպես առանձին, այնպես էլ իրենց համակցությամբ չեն կարող սույն դեպքում բավարար լինել մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։ (…) »[3]: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։ Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Վ․Վերմիշյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով բողոքաբերները, ըստ էության, բարձրացրել են Վերաքննիչ դատարանի դատական ակտում գնահատված ապացույցների թույլատրելիության և Վ.Վերմիշյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի արդարացիության հարցերը, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակելուց հետո առերևույթ առաջացել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել մեղադրյալ Վ.Վերմիշյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով Ն․Չեռնիկովայի վերաբերյալ դրվագով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով Ջ․Ֆարխոյանի վերաբերյալ դրվագով, քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, դադարեցնելու հարցը: 13․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Վ․Վերմիշյանի արարքներում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագով, նախատեսված հանցակազմերի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
14. Բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Վերաքննիչ դատարանը Վ.Վերմիշյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագով, Վ.Վերմիշյանի մեղքը հաստատվում է սույն քրեական գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է՝ Առաջին ատյանի դատարանում հետազոտված մեղադրյալներ Վ․Պողոսյանի և Գ․Գալստյանի նախաքննական ցուցմունքներով, Վ․Պողոսյանի և Գ․Գալստյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների բովանդակության վերաբերյալ զննում կատարելու մասին արձանագրությամբ, վկաներ Տ․Մանուկյանի, Ն․Պետրոսյանի, Վ․Վերմիշյանի և Ռ․Խուրշուդյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների բովանդակության վերաբերյալ զննում կատարելու մասին արձանագրությամբ, մեղադրյալ Ռ․Խուրշուդյանի նախաքննական ցուցմունքով, վկաներ Ս․Խաչատրյանի և Հ․Վարդանյանի ցուցմունքներով, հեռախոսային խոսակցությունների և ներքին դիտման արդյունքների վերաբերյալ զննում կատարելու արձանագրություններով։ 15․ Անդրադառնալով բողոքաբերների՝ սույն որոշման 6․3-րդ կետում մեջբերված փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ․Վերմիշյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն անթույլատրելի ապացույց ճանաչելու և քննչական ենթակայության կանոնների խախտում արձանագրելու վերաբերյալ պաշտպանների հիմնավորումները հերքվում են Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններով[4], որոնց վերաբերյալ ստորադաս դատարանի հետևություններն ընդունելի են նաև Վճռաբեկ դատարանի կողմից։ 16․ Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագով, և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, Վ.Վերմիշյանի նկատմամբ նշանակված պատժին՝ Վճռաբեկ դատարանը, պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների[5] լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով Վ.Վերմիշյանի կատարած հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև պատժի անհատականացման գործընթացում հաշվի առնված մյուս հանգամանքները[6] գտնում է, որ Վ.Վերմիշյանի նկատմամբ նշանակվել է պատժի նպատակներին հասնելու համար արդարացի պատիժ։ 17․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոքաբերների՝ սույն որոշման 6.1․-7-րդ կետերում մեջբերված փաստարկներին, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում մանրամասն քննարկման առարկա է դարձրել հիշյալ փաստարկներն ու հանգել հիմնավորված և պատճառաբանված հետևության։ 18․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վ.Վերմիշյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե` (…) 12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից (…): ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: (...)»։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն[7]` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)։
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից: (…)»։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»։
19. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։
20. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներից առաջին դրվագը Ջ․Ֆարխոյանի մասով կատարվել է 2019 թվականի նոյեմբերի 26-ին, իսկ երկրորդ դրվագը Ն․Չեռնիկովայի մասով՝ 2020 թվականի փետրվարի 5-ին[8]: Վերոնշյալ արարքները կատարելու մեջ Վ.Վերմիշյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի մայիսի 15-ին[9], որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի նոյեմբերի 15-ին[10]: Նշված որոշման դեմ պաշտպաններ Մ․Շահգալդյանի և Ա․Կոչուբաևի ներկայացրած վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի վարույթ են ընդունվել 2025 թվականի ապրիլի 25-ին[11]: 21․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Վ.Վերմիշյանին, ի թիվս այլնի, մեղսագրվող՝ միջին ծանրության հանցանք հանդիսացող արարքների համար, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2025 թվականի փետրվարի 5-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Հետևաբար, անհրաժեշտ է Վ.Վերմիշյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։
22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը մասնակի՝ Վ.Վերմիշյանի վերաբերյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով Ն․Չեռնիկովայի վերաբերյալ դրվագով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով Ջ․Ֆարխոյանի վերաբերյալ դրվագով բեկանել և Վ.Վերմիշյանի նկատմամբ քրեական հետապնդումը հիշյալ հոդվածներով դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով՝ Վ.Վերմիշյանի նկատմամբ նշանակված վերջնական պատժից հանելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, հանցակցների համակցությամբ նշանակված 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը՝ Վահագն Վանիկի Վերմիշյանին թողնելով կրելու 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագով, հանցանքների համակցությամբ նշանակված 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկումը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վահագն Վանիկի Վերմիշյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը որոշակի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, բեկանել:
2. Վահագն Վանիկի Վերմիշյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
3. Վահագն Վանիկի Վերմիշյանի նկատմամբ նշանակված վերջնական պատժից հանել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, հանցանքների համակցությամբ նշանակված 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը՝ Վահագն Վանիկի Վերմիշյանին թողնելով կրելու 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագով, հանցանքների համակցությամբ նշանակված 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկումը։
4. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ։ 5․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 14-րդ, թերթեր 90-101:
[2] Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 27-րդ, թերթեր 110-183։
[3] Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 41-րդ, թերթեր 7-160:
[4] Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
[5] Տե´ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսևան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 և Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները։ [6] Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
[7] Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Վ․Վերմիշյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը: [8] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
[9] Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
[10] Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
[11] Տե՛ս սույն որոշման 5․1-ին կետը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/0083/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
