Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3830 մայիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 մայիսի 2017թ. ՍԴԱՈ - 38 | «ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ

ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անահիտ Մնացականյանի դիմումի հիման վրա «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու մասին գործով զեկուցողի առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ.

1. Անահիտ Մնացականյանը 2017 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Սահմանադրական դատարան մուտքագրված իր դիմումում ներկայացրել է փաստարկներ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին հակասելը հիմնավորելու համար։

Ըստ դիմողի վերոհիշյալ օրենքի վիճարկվող նորմը չի «բավարարում իրավական նորմի որոշակիության սկզբունքին», քանի որ «…չի կարգավորում հարկվող օբյեկտը մեկից ավելի հարկվող օբյեկտների բաժանման դեպքում կուտակված հարկի գումարի տրամաբանական հաշվարկման/բաշխման կարգը»։ Դիմողը գտնում է, որ «… վիճարկվող նորմը գույքահարկ գանձող մարմնի և դատական համակարգի կողմից կիրառվել է գույքի բաժանման դեպքում հարկը հաշվարկելու համար բաժանումը նույնականացնելով օտարման հետ», որի արդյունքում « … վտանգվում են պետության/համայնքի գույքային շահերը, քանի որ հնարավորություն են ստեղծում կառուցապատողի համար շենքի կառուցման ավարտից անմիջապես հետո մեկ-երկու ամսում օտարել բոլոր գույքային միավորները զրոյական հարկով, շարունակելով պարտավոր մնալ շենքի գույքահարկի համար առանց պարտավորության կատարման, գույքային բավարարվածության և տարվա վերջում հարկային պարտավորության վճարման ժամկետին սնանկանալ»։ Դիմումում բերված փաստարկների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանին ներկայացված ՀՀ դատական դեպարտամենտի դիրքորոշմանն ի պատասխան դիմողը նաև պնդում է, որ «… վիճարկվող նորմը դրա պրակտիկ ընկալման և կիրառման արդյունքներով հանգեցնում է ոչ արդարացի և անհավասարակշիռ կարգավորման, անձանց ծանրաբեռնում է անտրամաբանական և անհամաչափ հարկային պարտավորություններով, և պետք է ճանաչվի հակասահմանադրական»։

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, ինչպես նաև դիմողի ներկայացրած փաստարկների վերլուծությունը վկայում են, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին և չի համապատասխանում այդ հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին։ ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի իրավակարգավորման բովանդակությունից բխում է, որ անձն անհատական դիմումի շրջանակներում կարող է վիճարկել միայն ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում իր` որպես դատավարության մասնակցի նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված որևէ օրենքի դրույթ, որով ենթադրաբար խախտվել են իր սահմանադրական իրավունքները։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` դիմողը պատշաճ ձևով պետք է հիմնավորի, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի նման խախտման և վիճարկվող նորմի դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Մինչդեռ դիմումում ներկայացված հիմնավորումների շրջանակներում դիմողը հանգել է այն եզրակացությանը, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման արդյունքում «…վտանգվում են պետության/համայնքի գույքային շահերը»` չհիմնավորելով, թե իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել։ Փաստորեն, դիմողը փորձ է արել հանդես գալ որպես սահմանադրական վերացական վերահսկողության («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդված) սուբյեկտի կարգավիճակում, որպիսի իրավունքով ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 101-րդ հոդվածի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի հիմքերով օժտված չէ։

Միաժամանակ, դիմումին կից ներկայացված` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ՎԴ/13154/05/13 գործով 15.11.2016 թվականի որոշման ուսումնասիրությունից պարզվում է, որ քննված վարչական գործի շրջանակներում դիմողը կրում է գույքահարկ վճարելու պարտավորություն, որը չի կատարել և դատարան է ներկայացրել հայցի առարկային չվերաբերող ապացույցներ, որը հիմք է հանդիսացել վերաքննիչ բողոքը մերժելու համար։ Հետևաբար, նման փաստական հանգամանքի առկայությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա չէ դիմողի որպես հարկատուի նկատմամբ դատարանի վերջնական ակտով կիրառված օրենքի արդյունքում սահմանադրական իրավունքների խախտման հիմնավոր փաստ, ինչպես նաև իր գործի դատաքննության շրջանակներում դիմողի կողմից չեն ձեռնարկվել իրավական պատշաճ և հասանելի միջոցներ պաշտպանելու այդ իրավունքները ենթադրյալ խախտումից։ ՀՀ սահմանադրական դատարանը նաև հանգում է այն հետևությանը, որ գործի դատաքննության շրջանակներում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել վերոհիշյալ նորմերի հակասահմանադրականության վիճարկմամբ: Այսինքն, դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1- ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:

Ելնելով վերոշարադրյալ հիմնավորումներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 101-րդ հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 68 և 69-րդ հոդվածների պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Անահիտ Մնացականյանի դիմումի հիման վրա «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30 մայիսի 2017 թվականի

ՍԴԱՈ-38

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մայիսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-38
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել