«ԱԼԲԵՐՏ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ՝ ՄԻՆՉԵՎ 08.12.2011 Թ. ՀՕ-319-Ն ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱԾ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀԱ-ՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-180)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 180 | «ԱԼԲԵՐՏ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ՝ ՄԻՆՉԵՎ 08.12.2011 Թ. ՀՕ-319-Ն ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱԾ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀԱ-ՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱԼԲԵՐՏ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՄԻՆՉԵՎ 08.12.2011 Թ. ՀՕ-319-Ն ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱԾ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 168-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ալբերտ Եդիգարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի մասով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Ալբերտ Եդիգարյանը (այսուհետ` նաև Դիմող) (ներկայացուցիչներ` Կ. Տոնոյան, Ա.Դաշյան) Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել է. «(...)
7.2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61, 63, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168 հոդվածը, այնքանով, որքանով թույլ է տալիս ՀՀ վճռաբեկ դատարանին վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկով վարույթ ընդունելուց հետո մեկ այլ հիմքով քննություն իրականացնել և որոշում կայացնել»:
2. Դիմողի դիրքորոշումները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի առնչությամբ Դիմողը նշում է․ «(…) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունում կոնկրետ հիմքով և գործի հետագա քննության ընթացքում պետք է կաշկանդված լինի վարույթ ընդունելու հիմքով։ Այլ կերպ ասած, եթե Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է օրենքի և այլ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը ստուգելու հիմքով, այլևս իրավունք չունի անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք առկա է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում և հակառակը»։ Դիմողը գտնում է, որ թեև Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, սակայն որոշման մեջ չի նշել, թե Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ ո՞ր նորմի կապակցությամբ է առկա իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև որոշման մեջ չի անդրադարձել նման խնդրի առկայությանը հաստատված չհամարելով, որ համապատասխան նորմի կապակցությամբ առկա է եղել իրավունքի զարգացման խնդիր: Դիմողը նշում է, որ վճռաբեկ բողոքը կոնկրետ հիմքով վարույթ ընդունելը և մեկ այլ հիմքով որոշում կայացնելը, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մի հիմքով, որը չի ներկայացվել վճռաբեկ բողոքում, համատարած բնույթ են կրում և Վճռաբեկ դատարանում առաջացրել են համակարգային խնդիր։ Ըստ Դիմողի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդրի պատճառն ըստ էության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի (1-ին մաս) անորոշությունն է, որով հստակ չի սահմանվում, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը որևէ հիմքով վարույթ ընդունելու դեպքում պարտավոր է բողոքի քննությունն իրականացնել միայն այդ հիմքի շրջանակներում, ինչը հանգեցնում է կանխատեսելիության և որոշակիության սկզբունքների խախտման։ Դիմողի կարծիքով «Սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթին իրավակիրառական պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակությունը հանգեցրել է Դիմումատուի արդար դատաքննության իրավունքի խախտման: Նորմին տրված մեկնաբանությունը հանգեցնում է Վճռաբեկ դատարանի կողմից «քողարկված արդարադատության» իրականացման և (...) անաչառ դատարանի կողմից արդարացի և արդյունավետ դատական պաշտպանություն ապահովելու պարտականության խախտման»։ 3․ Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև Պատասխանող), վկայակոչելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, նշում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտերի վերանայման լիազորությունը ամրագրված է Սահմանադրությամբ, որի հիման վրա էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթում օրենսդրի կողմից հստակ սահմանվել է Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս ատյանների դատական ակտերը վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում վերանայելու օրենսդրական իմպերատիվ պահանջը։ Պատասխանողը գտնում է, որ « Դիմողի այն պնդումը, ըստ որի Վճռաբեկ դատարանն իրավունք չունի դուրս գալ վճռաբեկ բողոքի, այլ կերպ ասած վճռաբեկ բողոքի պահանջի և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի շրջանակից, հակառակ դեպքում Վճռաբեկ դատարանը վերածվում է վճռաբեկ բողոքով պատասխանող կողմի դատավարական հակառակորդի և դադարում է լինել օրենքի հիման վրա ստեղծված դատարան, (…) Դիմողը նշում է կիրառման իրավաչափության հարցի մասին, որը չի կարող լինել նորմի հակասահմանադրականության խնդիր»։ Ըստ Պատասխանողի վիճարկվող դրույթն իր իրավակարգավորիչ դերով լիովին համապատասխանում է Սահմանադրությանը և չի հանգեցնում սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացման որևէ խոչընդոտի։
4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի բացատրությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի մասով, ենթակա է կարճման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Գործի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ Դիմողը, ըստ էության, վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի որոշման/գործողությունների իրավաչափությանը: Այլ կերպ` Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներով բարձրացվում են դատական ակտով վերջինիս նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթների կիրառման իրավաչափության հարցեր ըստ էության հանգեցնելով տվյալ գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման օրինականության խնդրին, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը փաստացի բարձրացնում է Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/2279/05/17 վարչական գործով 03.03.2022 թ. որոշմամբ նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթի կիրառության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթի հակասահմանադրականության առումով: Այսպես, Դիմողը նշում է. (…) Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը իրավունք չունի դուրս գալ վճռաբեկ բողոքի, այլ կերպ ասած վճռաբեկ բողոքի պահանջի և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի շրջանակից, հակառակ դեպքում Վճռաբեկ դատարանը վերածվում է վճռաբեկ բողոքով պատասխանող կողմի դատավարական հակառակորդի և դադարում է լինել օրենքի հիման վրա ստեղծված դատարան: (...)
Կարծում ենք, որ Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելով միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Վերաքննիչ դատարանի դատական ակտը չէր կարող բեկանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով, քանի որ այդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար անհրաժեշտ էր ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված հիմքով վարույթ ընդունված բողոք: Մինչդեռ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը տվյալ դեպքում պայմանավորել է բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի դեպքում պետք է եզրահանգում աներ բացառապես այդ հիմքի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ: Այսինքն Վճռաբեկ դատարանը բողոքը չի քննել վերը նշված հիմքի սահմաններում և դրա քննության արդյունքում հաստատված չի համարել բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը: Վերը նշվածի հիման վրա հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի հետևության վերաբերյալ այն մասին, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու, և Դատարանի վճռին օրինական ուժ տալու համար»: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ամփոփելով վերոշարադրյալը Սահմանադրական դատարանը փաստում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց Դիմողն իրականում առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ալբերտ Եդիգարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի մինչև 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի մասով, կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
22 նոյեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-180
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-180
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
