Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՀԱԳՆ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՀԱԳՆ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3218 մայիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 մայիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 32 | ՎԱՀԱԳՆ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 մայիսի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Վահագն Աբգարյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վահագն Աբգարյանի դիմումը (ներկայացուցիչ` Տ. Ղազարյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 28-ին: Դիմողը խնդրում է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նշված դրույթների պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող մեկնաբանությամբ կիրառման արդյունքում դատարանը դիմողի պաշտպանի ներկայացրած խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ որոշումը կայացրել է արձանագրային որոշման ձևով, որով փաստացի արգելափակվել է այդ որոշման վերաքննության կարգով բողոքարկման իրավունքի կենսագործումը: Վերոնշյալով պայմանավորված դիմողը կարծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կարգավորումներին պրակտիկայում տրված մեկնաբանությունը, այն է խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը արձանագրային որոշման տեսքով կայացնելու արդյունքում նշված որոշման վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորության բացառումը, անհրաժեշտ է հռչակել Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող և անվավեր:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. դիմողը պնդում է, որ եթե դատարանը վիճարկվող իրավանորմերին չտար այլ մեկնաբանություն, ապա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կկայացներ առանձին ակտի ձևով, որի արդյունքում այդ ակտը բողոքարկելի կդառնար: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է.

ա) վիճակվող իրավանորմերի խնդիրը չէ սահմանելու դատական ակտերի բողոքարկելիության հնարավորությունն ըստ դատական ակտերի տեսակների. այդ հարցը կարգավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մեկ այլ 376.1-ին հոդվածով, որը դիմողի կողմից չի վիճարկվում.

բ) խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշումը մի կողմից, և խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու կամ այդպիսի միջնորդությունն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումները մյուս կողմից, իրենց բնույթով տարբեր որոշումներ են.

գ) թեպետ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, Սահմանադրական դատարանի 06.11.2019թ. ՍԴՈ-1487 որոշմամբ ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 81-րդ հոդվածներին հակասող և Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի ապրիլի 15-ը, այդուհանդերձ, առ այսօր համապատասխան օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածով ուղղակիորեն չի նախատեսվել որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը.

դ) դիմումին կից ներկայացված վերաքննիչ դատարանի 05.02.2021թ. Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումից բխում է, որ առաջին ատյանի դատարանի 18.12.2020թ. արձանագրային որոշմամբ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը թողնվել է առանց քննության, որպիսի որոշումն իր բնույթով այլ է, քան Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1487 որոշման մեջ մատնանշված որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումը: Հաշվի առնելով, որ, ինչպես վերը նշվեց, խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշումը մի կողմից, և խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու կամ այդպիսի միջնորդությունն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումները մյուս կողմից, իրենց բնույթով տարբեր որոշումներ են Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ առաջինի վրա տարածվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը, իսկ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու կամ այդպիսի միջնորդությունն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների վրա նույն հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումը: Այսինքն խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումը ներառվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված «Մյուս բոլոր որոշումները» բառակապակցության բովանդակային ծավալում և դատարանի հայեցողությամբ կայացվում է կամ առանձին ակտի կամ արձանագրային որոշման ձևով: Հետևաբար դատական ակտն արձանագրային որոշման ձևով կայացնելը ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի մեկնաբանության արդյունք է, այլ այդպիսի հնարավորությունն ուղղակիորեն ամրագրված է նշված օրենսգրքի 313-րդ հոդվածի 3-րդ մասում: Վերոգրյալից բխում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է առանց այդ դրույթին որևէ մեկնաբանություն տալու, քանի որ դատական ակտն արձանագրային որոշման ձևով կայացնելն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 3-րդ մասով, և դիտարկվող դրույթին այդպիսի մեկնաբանություն տալու անհրաժեշտությունը բացակայում է: Այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի մասով դիմողի փաստարկն ակնհայտորեն անհիմն է: Թեպետ վերաքննիչ դատարանի 05.02.2021թ. որոշման մեջ վկայակոչվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասը, այդուհանդերձ, այդ վկայակոչումը դիմողի համար իրավական հետևանքներ չի առաջացրել, քանի որ վերաքննիչ դատարանը դիմողի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ առաջին ատյանի դատարանի 18.12.2020թ. արձանագրային որոշումը բողոքարկման ենթակա դատական ակտ չէ: Սահմանադրական դատարանն իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներին համապատասխան, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա. երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.

բ. երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.

գ. երբ անձը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հաշվի առնելով վերոնշյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, իսկ հիշյալ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Միաժամանակ, դիմողի կողմից ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու հիմքի առնչությամբ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմումին կից ներկայացված Վճռաբեկ դատարանի 30.03.2021թ. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն վերաքննիչ դատարանի սույն գործով դիմողի կողմից բողոքարկված «Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին» 05.02.2021թ. որոշման բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը չէ: Սույն գործով վերջնական դատական ակտը հանդիսանում է թիվ ԼԴ1/0027/01/18 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 15.03.2021թ. «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վահագն Աբգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

18 մայիսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-32

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 մայիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-32
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել