«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հոկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 54 | «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 7 հոկտեմբերի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի
Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Էդվարդ Մովսիսյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, որով Դիմողը խնդրել է.
«Դիմողի նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածը՝ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին հակասող և անվավեր, իսկ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, սույն դրույթներն իր մեկնաբանությամբ ճանաչի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, և 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին համապատասխանող, արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածը վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին չհամապատասխանող մեկնաբանությամբ»:
2. Ներկայացնելով թիվ ԱՎԴ2/0150/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը և վկայակոչելով Սահմանադրության, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) համապատասխան իրավակարգավորումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Դիմողը պնդել է, որ ունենալով Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունք՝ հնարավորություն չի ունեցել այն լիարժեքորեն իրացնել, քանի որ ապացույցը, առանց որևէ պատշաճ իրավական հիմնավորման, դատարանի կողմից ճանաչվել է ոչ թույլատրելի, ինչի արդյունքում սահմանափակվել է վեճն ըստ էության լուծելու հնարավորությունը:
Ըստ Դիմողի՝ դատարանները պետք է թույլատրելի համարեին Հայաստանի Հանրապետության գլխավոր անոթային վիրաբույժ Տ. Սուլթանյանի գրությունը, քանի որ առկա չէր որևէ իրավական հիմք այն ոչ թույլատրելի համարելու համար: Ավելին՝ Դիմողի պնդմամբ` դատարանները, ի տարբերություն Ֆինանսական համակարգի հաշտարարի, Սահմանադրությամբ սահմանված այն բացառիկ մարմիններն են, որոնք Հայաստանի Հանրապետությունում իրավասու են իրականացնելու արդարադատություն, ուստի՝ նշյալ գրությունը պետք է համարեին թույլատրելի ապացույց, որպեսզի Դիմողը հնարավորություն ունենար իրացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը: Մինչդեռ, ըստ Դիմողի՝ դատարանների այն մեկնաբանությունը, որ պահանջի քննության ժամանակ ֆինանսական կազմակերպության կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարին տվյալ ապացույցը չներկայացնելու դեպքում դատարանում այն չի կարող ներկայացվել և համարվում է անթույլատրելի ապացույց, ամբողջովին սահմանափակում է Դիմողի դատական պաշտպանության և արդար դատաքննության՝ սահմանափակման ոչ ենթակա իրավունքները, ամբողջությամբ հակասում է կողմերի իրավահավասարության և մրցակցային դատավարության սկզբունքներին, Սահմանադրության 162-րդ հոդվածով նախատեսված՝ արդարադատություն իրականացնելու դատարանների առաքելությանն ու Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1051 և ՍԴՈ-1571 որոշումներին:
Նշյալ համատեքստում Դիմողը պնդում է նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից բողոքների քննությունը չի կարգավորվում քաղաքացիական դատավարության կանոններով և չի կարող համարվել քաղաքացիական դատավարության մաս: Հետևաբար՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդի բողոքի քննության ընթացքում որևէ ապացույց չներկայացնելը չի կարող համարվել արդար դատաքննության իրավունքի խաթարում, քանի որ դատավարության գործընթաց այդ փուլում դեռ առկա չէ:
Ըստ Դիմողի՝ դատարանները, տալով վիճարկվող օրինադրույթների նշյալ մեկնաբանությունը, չեն պատճառաբանել և չեն հիմնավորել Հայաստանի Հանրապետության գլխավոր անոթային վիրաբույժ Տ. Սուլթանյանի գրության՝ անթույլատրելի ապացույց լինելը:
Դիմողն անդրադարձել է նաև ՔԴՕ ընդհանուր և հատուկ վարույթները կարգավորող իրավանորմերի հարաբերակցությանը՝ նշելով, որ ՔԴՕ 336-րդ հոդվածով սահմանված է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով վարույթն իրականացվում է՝ գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով վարույթի համար սահմանված հատուկ կանոնների պահպանմամբ: Ըստ այդմ, Դիմողի պնդմամբ, քանի որ տվյալ հատուկ վարույթով ՔԴՕ-ով սահմանված չեն ապացուցման գործընթացը սահմանափակող նորմեր, հետևաբար՝ կիրառելի են փաստերի ապացուցման գործընթացի վերաբերյալ ՔԴՕ ընդհանուր կանոնակարգումները:
Դիմողը նաև պնդել է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ, ՔԴՕ 4-րդ հոդվածին հակառակ, կիրառվել է անալոգիա: Մասնավորապես, ըստ Դիմողի՝ թեպետ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ այն չի վկայակոչվում, սակայն ակնհայտորեն վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից հիմք է ընդունվել ՔԴՕ 378-րդ հոդվածի 1-ին մասը, երբ Դիմողին հնարավորություն չի տրվել նոր ապացույց ներկայացնել՝ այն հիմնավորմամբ, որ Դիմողի կողմից չի հիմնավորվել մինչև պահանջի քննությունն սկսվելը Տ. Սուլթանյանի մասնագիտական կարծիքը ներկայացնելու անհնարինությունը: Դիմողի դիրքորոշմամբ՝ այդպիսով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կիրառվել է առաջին ատյանի դատարանում չներկայացված ապացույցները վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայացնելուն վերաբերող իրավակարգավորումը: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ պարզ է դառնում, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարը ևս դիտարկվել է որպես դատարան, ինչն անթույլատրելի է:
Համապատասխանաբար՝ ըստ Դիմողի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ընթացքում ապացույց ներկայացնելը Դիմողի իրավունքն է և ոչ թե պարտականությունը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝
1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝ ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից, բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող դրույթները, գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով, դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից, ըստ էության, բարձրացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող և արտադատական բնույթ ունեցող վարույթի և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու հատուկ դատական վարույթի հարաբերակցության հարցը՝ վիճարկելով ՔԴՕ 59-րդ հոդվածին և վերջինիս հետ, ըստ Դիմողի, համակարգային առումով փոխկապակցված ՔԴՕ 336-րդ հոդվածին վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված այն մեկնաբանությունը՝ ըստ որի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող վարույթի ընթացքում կողմերի չներկայացրած ապացույցները դատարանում կարող են ներկայացվել, եթե կողմը հիմնավորում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող վարույթի ընթացքում այդ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը:
Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկան այն է, թե արդյոք ՔԴՕ 59-րդ հոդվածը և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված 336-րդ հոդվածը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ՝ ըստ որի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող վարույթում ապացույցներ ներկայացնելու՝ կողմի իրավունքի իրացման ծավալը a priori ենթակա չէ լրացման Ֆինանսական համակարգի հաշտարարի կայացրած որոշումը չեղյալ ճանաչելու դատական հատուկ վարույթում՝ նոր ապացույցներ ներկայացնելով, համատեղելի է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի հետ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. ««ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ դիմումի հիման վրա՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող՝ Ս. Սաֆարյան
Անդամներ՝ Հ. Թովմասյան
Ա. Վաղարշյան
7 հոկտեմբերի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-54
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-54
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
