«ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-73)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 ապրիլի 2024թ. ՍԴԱՈ - 73 | «ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գարիկ Մհերյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
1. 2024 թվականի մարտի 26-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գարիկ Մհերյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված արդար դատաքննության հիմնարար իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այնքանով, որքանով այն չի արգելում փաստական հանգամանքներով միմյանց հետ փոխկապակցված մեղադրանքների առկայության պարագայում, իրականացվող վարույթից մասի անջատումը՝ անջատված մասով մեղադրյալի կողմից համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդելու պատճառաբանությամբ և դրանով իսկ թույլ է տալիս, որպեսզի համաձայնեցման վարույթի կիրառման դեմ առարկած մեղադրյալի գործով վարույթի քննությունը շարունակի համաձայնեցման վարույթ կիրառած և համաձայնեցման վարույթի արդյունքներով կաշկանդված դատավորը՝ դրանով իսկ համաձայնեցման վարույթի կիրառման դեմ առարկած մեղադրյալի գործով հետագա դատաքննությունը դարձնելով անարդար»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը թույլ է տալիս, որ փաստական հանգամանքներով փոխկապակցված մեղադրանքներով մեղադրյալներից մեկի՝ դատաքննության համաձայնեցման վարույթի կարգ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու համար դատարանի կողմից կայացվի քրեական վարույթից մաս անջատելու մասին որոշում՝ հիմք ընդունելով այն, որ փաստական հանգամանքներով փոխկապակցված մեղադրանքներով մեղադրյալներից մյուսը դատաքննության համաձայնեցման վարույթի կարգ կիրառելու դեմ առարկում է, ինչը խոչընդոտում է, որ հիշյալ կարգը կիրառվի նույն քրեական գործով՝ առանց քրեական վարույթից մաս անջատելու:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը, թույլ տալով դատարանի կողմից փաստական հանգամանքներով փոխկապակցված մեղադրանքներով մեղադրյալներից մեկի՝ դատաքննության համաձայնեցման վարույթի կարգ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու համար քրեական վարույթից մաս անջատելու մասին որոշման կայացումը, որպես «հիմնական» վարույթի արդարացիության վրա բացասաբար անդրադարձող հանգամանք չի գնահատում այն փաստը, որ «հիմնական» վարույթից մաս անջատելու դեպքում «հիմնական» վարույթը շարունակելու է քննել այն նույն դատավորը, որը քննելու է նաև առանձնացված վարույթը, որով կիրառելով դատաքննության համաձայնեցման վարույթի կարգ, նույն դատավորը կատարելու է «հիմնական» վարույթի ելքը կանխորոշող համապատասխան եզրահանգումներ:
Դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը չի կարող մեկնաբանվել այն բովանդակությամբ, որ մեղադրյալներից մեկի՝ համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ առարկությունը խախտում է այդպիսի վարույթ կիրառելու դատավարական ձգտում ունեցող մեղադրյալի որևէ իրավունք: Հետևաբար՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ համաձայնեցման վարույթ կիրառելու դատավարական ձգտում ունեցող մեղադրյալի մասով վարույթի առանձնացումը չի կարող լեգիտիմ հիմք հանդիսանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված իմպերատիվ կանոնը փաստացի շրջանցելու համար:
Ըստ Դիմողի՝ այն դեպքում, երբ քրեական գործից առանձնացված մասով համաձայնեցման վարույթի կիրառմամբ դատավճիռ կայացրած դատավորը քննում և լուծում է «հիմնական» գործով մեղադրյալի այն մեղադրանքի հիմնավորվածության հարցը, որին նույն դատավորն արդեն տվել է համապատասխան իրավական գնահատական, հետևաբար՝ այդ մեղադրանքի վերաբերյալ արդեն իսկ ունի ձևավորված դիրքորոշում, ապա «հիմնական» գործով մեղադրյալի վերաբերյալ դատական քննությունը չի կարող համապատասխանել Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի «արդարացիության» բաղադրիչին այնքանով, որքանով այդ գործի քննությունն իրականացնում է նույնաբովանդակ մեղադրանքի հիմնավորվածության հարցին արդեն իսկ դրական պատասխան տված դատավորը։
Դիմողի պնդմամբ՝ փաստական հանգամանքներով փոխկապակցված մեղադրանքներով մեղադրյալներից մեկի՝ համաձայնեցման վարույթի կիրառման դեմ առարկելու պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ իրականացվող վարույթից նոր վարույթ առանձնացնելը «հիմնական» վարույթը դարձնում է անարդար այնքանով, որքանով նույն դատավորը, առանձնացված մասով մեղադրյալի մեղադրանքի հիմնավորվածության հարցին դրական պատասխան տալով, շարունակում է քննել ու լուծել «հիմնական» վարույթով մեղադրյալի այն մեղադրանքի հիմնավորվածության հարցը, որի վերաբերյալ նույն դատավորն արդեն իսկ ունի կոնկրետ «նախապաշարմունք», այն է՝ ձևավորված համոզմունք այն մասին, որ մեղադրյալին մեղսագրված արարքին տրված իրավական գնահատականը համապատասխանում է մեղադրանքի փաստական հանգամանքներին։
Ողջ վերոգրյալի հիման վրա Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը․ արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքի բովանդակությանը, երբ չի արգելում, որ իրականացվող վարույթից, արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ չարդարացված պատճառաբանությամբ, փաստական հանգամանքներով փոխկապակցված մեղադրանքներով մեղադրյալներից մեկի վերաբերյալ առանձնացվի նոր վարույթ այն փաստի անտեսմամբ, որ փաստական հանգամանքներով փոխկապակցված մեղադրանքներով մեղադրյալներից մյուսի՝ համաձայնեցման վարույթի կիրառման դեմ առարկելու պայմաններում իրականացվող վարույթից նոր վարույթ առանձնացնելը «հիմնական» վարույթը դարձնում է անարդար։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
սույն անհատական դիմումի և կից ներկայացված թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի՝ «Քրեական գործից մաս անջատելու մասին» որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ Հակակոռուպցիոն դատարանը, հաշվի առնելով տվյալ քրեական գործով անցնող մյուս մեղադրյալների՝ համաձայնեցման վարույթ կիրառելու ցանկությունը, անհրաժեշտ է համարել տվյալ քրեական գործից մաս անջատել՝ առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Քրեական վարույթների միացումը և անջատումը» վերտառությամբ 10-րդ հոդվածը սահմանում է քրեական վարույթների միացման և անջատման վերաբերյալ ընդհանուր կանոններ: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ մեկից ավելի անձանց կողմից մեկ կամ ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կապակցությամբ իրականացվող վարույթից կարող է անջատվել նոր վարույթ, եթե դա թելադրված է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա: Այսինքն՝ օրենսդիրը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է քրեական վարույթից մաս անջատելու վերաբերյալ ընդհանուր կանոն: Ընդ որում՝ քրեական վարույթների միացման և անջատման հարցերի լուծումն օրենսդիրը թողել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը:
Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Համաձայնեցման վարույթը» վերտառությամբ 55-րդ գլխի 458-րդ հոդվածով սահմանվում է համաձայնեցման վարույթ կիրառելու հիմքը, այն է՝ մեղադրյալի համապատասխան միջնորդության առկայությունը: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, երբ համաձայնեցման վարույթ չի կարող կիրառվել: Դրանց թվում, ի թիվս այլնի, նախատեսված է նաև այն դեպքը, երբ վարույթում ներգրավված մի քանի մեղադրյալներից առնվազն մեկն առարկում է համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ (458-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):
Այսինքն՝ համաձայնեցման վարույթ կիրառելու մասով օրենսդրի կամքը հստակ է, այն է՝ վարույթում ներգրավված մի քանի մեղադրյալներից առնվազն մեկի առարկությունն ինքնին բացառում է համաձայնեցման վարույթ կիրառելու հնարավորությունը: Ընդ որում՝ վերոգրյալ կանոնից որևէ բացառություն կամ դատավորի հայեցողություն օրենսդիրը չի նախատեսել:
Հետևաբար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված իմպերատիվ պահանջն ինքնին բացառում է դրա հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընդհանուր կանոնի կիրառությունը:
Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
այսպես՝ Սահմանադրական դատարանը 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշմամբ արձանագրել է, որ «(…) օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, այն է՝ հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները: Բողոքարկման ոչ ենթակա (…) ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու` դատավորի հայեցողությանը»:
Միաժամանակ, 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ «(…) 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումներում «բողոքարկելի է», «բողոքարկման ենթակա չէ» արտահայտությունները վերաբերում են համապատասխանաբար՝ անմիջականորեն բողոքարկմանը և անմիջականորեն բողոքարկման ենթակա չլինելուն։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի նման մոտեցումն իր հերթին բխում է այն ողջամիտ տրամաբանությունից, որ հարուցված, չկասեցված և շարունակվող վարույթի տրամաբանական ավարտը գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն է, հետևաբար՝ նման վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում»:
Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում»:
Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումների ընդհանուր տրամաբանության համատեքստում անդրադառնալով սույն դիմումով բարձրացված հարցին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի՝ «Քրեական գործից մաս անջատելու մասին» որոշումն ինքնին չի կարող առաջացնել Դիմողի իրավունքների այնպիսի սահմանափակումներ, որոնց պայմաններում անհրաժեշտ է բացառել դրա «հետաձգված բողոքարկումը»:
Այսպիսով, Դիմողի կողմից թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի՝ «Քրեական գործից մաս անջատելու մասին» որոշման վիճարկումը հնարավոր է իրականացնել «հետաձգված բողոքարկման» շրջանակներում: Ավելին՝ «հետաձգված բողոքարկման» ինստիտուտին նախապատվություն տալը պայմանավորված է նաև դատարանների գերծանրաբեռնվածությամբ և միտված է դատական գործերի անհիմն ձգձգումներից խուսափելուն:
Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դիմողը, բարձրացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարց, բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը և դիմումում բարձրացված հարցը պայմանավորված են դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ, ինչը Դիմողի կողմից կարող է բողոքարկվել «հետաձգված բողոքարկման» համատեքստում:
Այսպիսով, սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
«Գարիկ Մհերյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
26 ապրիլի 2024 թվականի
ՍԴԱՈ-73
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-73
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
