Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3714 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 37 | ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 մայիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Գրիգոր Առաքելյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գրիգոր Առաքելյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ` Դավիթ Ասատրյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 6-ին)՝ խնդրելով.

«1) Գործն ընդունել քննության,

2) ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասը և նույն օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ, 63-րդ, 28-րդ և 61-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրանք մինչդատական ակտի դատական վիճարկման վարույթի շրջանակներում չեն նախատեսում քրեական հետապնդման ենթարկվող, այդ թվում՝ հանցագործության մասին հաղորդման մեջ որպես ենթադրյալ հանցագործությունը կատարված անձը նշված անձին տեղեկացնելու՝ դատարանի պարտականությունը»։

2. Ներկայացնելով թիվ ԿԴ/0035/11/24 գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ «(...) նախկին օրենսգրքի շրջանակներում անձի անունը հանցագործության մասին հաղորդման մեջ նշված լինելը բավարար է վերջինիս դատավարական իրավունքներով օժտելու համար, որոնցից էր, ի թիվս այլնի նաև քրեական գործ հարուցելուց հրաժարվելու վարույթն իրականացնող մարմնի որոշման բողոքարկման վարույթին մասնակցությունը»։

Ըստ Դիմողի՝ «(...) Այնուամենայնիվ գործող օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան, որին դիմողն առերեսվել է վերը նշված քրեական վարույթի շրջանակներում, փաստում է, որ վարույթն իրականացնող մարմինները ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի դրույթների վերաբերյալ վճռաբեկ դատարանի տրված մեկնաբանությունները չեն համարում կիրառելի, և մեղադրյալին չեն օժտում քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու վարութային ակտի դատական բողոքարկման շրջանակներում մեղադրյալի մասնակցության իրավունքով»։

Դիմողը պնդում է, որ «(...) Իրավակիրառ մարմինները, մասնավորապես նշում են, որ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասը և 304-րդ հոդվածի 4-րդ մասը փակ ցանկով նախատեսում են, թե մինչդատական ակտի դատական բողոքարկման վարույթի հարուցման և վարույթի արդյունքներով կայացվող որոշումները ինչ սուբյեկտների պետք է ուղարկվեն, որոնց մեջ նշված չէ այն անձը, ում վերաբերում է առերևույթ հանցագործության կատարման վերաբերյալ հաղորդումը»:

Դիմողը գտնում է, որ գործող օրենսգրքի ընդունումից հետո «(...) 01.07.1998թ.-ին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներն՝ ըստ էության չեն փոփոխել մինչդատական ակտի դատական բողոքարկման շրջանակներում տեղեկացման ենթակա անձանց շրջանակը, սակայն իրավակիրառ մարմինների օրենքի կիրառումը տեղի է ունենում՝ նախկին քրեական դատավարության օրենսգրքի կիրառումից էականորեն տարբերվող և մարդու իրավական վիճակը վատթարացնող միջոցներով»:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի [304-րդ հոդվածի] 4-րդ մասի գործող իրավակիրառ պրակտիկան, այն է՝ դատարանների կողմից մինչդատական ակտի բողոքարկման վարույթի նյութերը քրեական հետապնդման ենթարկվող անձին չուղարկելը, այդ թվում այն անձին, որի անունը հանցագործության մասին հաղորդման մեջ նշված է որպես ենթադրյալ հանցանքը կատարած անձ, խախտում է ՀՀ Սահմանադրության 79-րդ, 63-րդ, 61-րդ և 28-րդ հոդվածներին, խախտելով մարդու՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային քննության, իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքներին և չի համապատասխանում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման որոշակիության սկզբունքին, ինչպես նաև հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքի նահանջ՝ լեգիտիմացնելով նախկին քրեական դատավարության օրենսգրքում առկա իրավունքների իրացման երաշխիքի բացառումը նոր օրենսգրքով»։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 302-րդ հոդվածի 3-րդ մասի և 304-րդ հոդվածի 4-րդ մասի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ սույն անհատական դիմումով Դիմողը վկայակոչել է իրավական դիրքորոշում առ այն, որ «(...) ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ըստ էության չի հիմնավորվել բողոքարկվող դատական ակտում և Վճռաբեկ դատարանի՝ Համբարձում Համբարձումյանի գործով 2013 թվականի հուլիսի 11-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների հակասություններին, ինչի արդյունքում պարզ չի եղել, թե ի վերջո արդյոք նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը դադարեցնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին օրենսգրքի վերաբերյալ ընդունված որոշումների կիրառելիությունն այն պարագայում, երբ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախկին օրենսգրքի վերաբերյալ արտահայտած կարգավորումները տեղ չեն գտել օրենսդրական փոփոխություններում»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է նաև, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԿԴ/0035/11/24 գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի և 304-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողը որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Գրիգոր Առաքելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

14 մայիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-37

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-37
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել