ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 օգոստոսի 2021թ. ՍԴԴԿՈ - 54 | ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 օգոստոսի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Աղասի Դանիելյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Աղասի Դանիելյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 6-ին) խնդրել է հետևյալը. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետն այնքանով, որքանով չի նախատեսում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը ներկայացվում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում թույլ տալու հիմքով և որպես բողոքը վարույթ ընդունելու հիմնավորում նշվում է իրավակիրառ պրակտիկայում նորմին տրված հակասական մեկնաբանությունը, որին գումարվում է այն, որ օրենքը չի պարտավորեցնում Վճռաբեկ դատարանին պատճառաբանել իր պրակտիկայից, նախկինում կայացրած որոշումներից և դրանցում արտահայտած իրավական դիրքորոշումներից շեղվելը, ինչը հանգեցնում է Վճռաբեկ դատարանի անսահմանափակ ու անվերահսկելի հայեցողության, չի ապահովում կանխատեսելիություն, բավարար չափով որոշակի չէ, ինչի արդյունքում ոչ իրավաչափորեն սահմանափակվում է անձի դատական պաշտպանության իրավունքը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 1-ին կետը, ի տարբերություն զուգահեռ հարթության մեջ գտնվող նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և դրա հետ համակարգային ամբողջության մեջ գտնվող 2-րդ մասի 1-ին կետի, չեն պահանջում վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը լուծելիս հաշվի առնել Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում նման գործով տվյալ նորմի կիրառության վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները: Դիմողի կարծիքով նման տարբերակված կարգավորումը չի ապահովում անհրաժեշտ որոշակիություն Վճռաբեկ դատարանի կողմից դիմումի ընդունելիության հարցը լուծելիս, քանի որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի հիմքով որոշում կայացնելիս ձեռք է բերում լայն հայեցողության շրջանակ, որը չի ապահովում անհրաժեշտ կանխատեսելիություն դիմումատուների համար դիմումների ընդունելիության վարույթում: Դիմողի եզրահանգմամբ օրենսդրական կարգավորման բացակայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 1-ին կետերի կարգավորման մեջ առկա է նորմատիվ պահանջի, իրավունքի պատվիրանի բացակայություն, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի առջև քաղաքացու դատարանի կողմից քննության սահմանադրաիրավական երաշխիքը վերածվել է տեսական, պատրանքային ու առարկայազուրկ հնարավորության, քանի որ նշված կարգավորումը չի ապահովում իրավական որոշակիություն և կանխատեսելիություն: Բացի դրանից, Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանել թիվ ԵԴ/19367/02/18 գործով 2021 թվականի փետրվարի 17-ի որոշումը, չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է նույնանման հիմքերի առկայության պայմաններում թիվ ՍԴ/1124/02/18 գործով վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և բավարարել, իսկ թիվ ԵԴ/19367/02/18 գործով դիմողի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։ Այսպիսով, դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը վերը նշված դատական ակտերում ցուցաբերել է հակասական մոտեցումներ, որոնք հակասում են օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի բովանդակությանը։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, դիմումում առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանին ենթակա չլինելը, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետեր)։ Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): Վիճարկվող նորմերի վերաբերյալ դիմողի կողմից բերված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում առկա է օրենսդրական բաց, քանի որ վիճարկվող հոդվածը չի նախատեսում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը ներկայացվում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտում թույլ տալու հիմքով և որպես բողոքը վարույթ ընդունելու հիմնավորում ներկայացվում է իրավակիրառ պրակտիկայում նորմին տրված հակասական մեկնաբանությունը, ինչպես նաև օրենքը չի պարտավորեցնում Վճռաբեկ դատարանին պատճառաբանել իր պրակտիկայից, նախկինում կայացրած որոշումներից և դրանցում արտահայտած իրավական դիրքորոշումներից շեղվելը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք: Առաջին հիմքը վերաբերում է այն դեպքերին, երբ վճռաբեկ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, իսկ երկրորդ հիմքի դեպքում առերևույթ պետք է առկա լինի մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենսդիրն ամրագրել է Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթներին համապատասխան վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը դրանցից յուրաքանչյուրին հաղորդելով առանձին բովանդակություն: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասը բացահայտում է նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված հիմքի, իսկ 3-րդ մասը նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշված հիմքի բովանդակությունը, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք իրարից էապես տարբերվող դրույթներ են, և դրանցից յուրաքանչյուրի հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելիս հիմնավորման առարկան տարբեր է: Վերոնշյալի լույսի ներքո դիտարկելով դիմողի փաստարկն առ այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում առկա է օրենսդրական բաց, քանի որ վիճարկվող հոդվածը չի նախատեսում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը ներկայացվում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտում թույլ տալու հիմքով և որպես բողոքը վարույթ ընդունելու հիմնավորում ներկայացվում է իրավակիրառ պրակտիկայում նորմին տրված հակասական մեկնաբանությունը, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նշված փաստարկը հիմնազուրկ է, քանի որ մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմի հակասող մեկնաբանությամբ կիրառվելու կետը կոչված է ապահովելու Վճռաբեկ դատարանի օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության գործառույթի, իսկ դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի արդարադատության բուն էությունը խաթարող խախտում թույլ տալու կետը Վճռաբեկ դատարանի մեկ այլ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու գործառույթի արդյունավետ իրացումը: Ավելին, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները բացահայտված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը» վերտառությամբ 390-րդ հոդվածում: Դիմողի ներկայացրած փաստարկներն իրենց համակցության մեջ չեն հաղթահարում Սահմանադրական դատարան հիմնավոր բողոք ներկայացնելու անհրաժեշտ նվազագույն շեմը, քանի որ, վերը նշված վերլուծության համատեքստում, դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել իր կողմից մատնանշած օրենսդրական բացը և որպես դրա հետևանք այդ ենթադրյալ օրենսդրական բացի բացասական հետևանքներն իր սահմանադրական իրավունքների իրացման տեսանկյունից: Այլ կերպ ասած, դիմումի ուսումնասիրությունից հնարավոր չէ ողջամիտ հետևության հանգել, թե ինչպես է վիճարկվող դրույթը հանգեցրել Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները, ուստի դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմք է։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողի կողմից ներկայացվող պնդումներն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափությանը: Այսպես, դիմողը, ի թիվս այլնի, նշել է, որ Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանել թիվ ԵԴ/19367/02/18 գործով 2021 թվականի փետրվարի 17-ի որոշումը, չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է նույնանման հիմքերի առկայության պայմաններում թիվ ՍԴ/1124/02/18 գործով վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ և բավարարել, իսկ թիվ ԵԴ/19367/02/18 գործով դիմողի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։ Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանը վերը նշված դատական ակտերում ցուցաբերել է հակասական մոտեցումներ, որը հակասում է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի բովանդակությանը։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է Վճռաբեկ դատարանի կողմից այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսինքն դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի գնահատում, այլ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ դեպքում «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման իրավաչափության հարցի պարզում, որպիսի լիազորությամբ Սահմանադրական դատարանն օժտված չէ։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ նորմի կիրառման իրավաչափության հարց, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Աղասի Դանիելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
25 օգոստոսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-54
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 օգոստոսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-54
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
