«ԶՈՀՐԱԲ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 01.07.1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-145)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 145 | «ԶՈՀՐԱԲ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 01.07.1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ԶՈՀՐԱԲ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 01.07.1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Զոհրաբ Ալիխանյանի դիմումի հիման վրա 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի հուլիսի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Զոհրաբ Ալիխանյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63, 67 ու 3, 75, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ 01.09.1998թ. «Քրեական դատավարության» ՀՕ-248 օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետն, այնքանով, որքանով հնարավոր է դարձնում, մեղադրյալի դատապարտումը հակակշռող բավարար գործոնների բացակայության պայմաններում, այլ մեղադրյալի ցուցմունքի հիման վրա, ում հակընդդեմ հարցման հնարավորություն տվյալ մեղադրյալը կամ նրա պաշտպանը կամ ներկայացուցիչը չի ունեցել հրապարակային դատաքննության ընթացքում»:
2. Ներկայացված դիմումով նշվում է, որ դիմողի համար բացասական հետևանքներ են առաջացրել դատարանների կողմից իր նկատմամբ փաստացի կիրառված, ի թիվս այլնի, 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, որոնցով կարգավորվում են մեղադրյալի, ամբաստանյալի ցուցմունքների հրապարակման հետ կապված հարաբերությունները: Դիմողը նշում է, որ Սահմանադրությունը Հայաստանի իրավազորության ներքո գտնվող անձանց, ի թիվս այլոց երաշխավորում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, որոնք, ըստ դիմողի, ի թիվս այլնի, ներառում են դատարան դիմելու իրավունքը, մեղադրանքից արդյունավետ պաշտպանության իրավունքը, դատական ակտի բողոքարկման իրավունքը: Դիմողը պնդում է, որ եթե անձի դատապարտման համար հիմք են ծառայել բացառապես կամ վճռորոշ մասով այն վկաների ցուցմունքները, որոնց մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննել և՛ նախաքննության, և՛ դատաքննության փուլում, նրա պաշտպանության իրավունքը սահմանափակվում է: Հակընդդեմ հարցման եղանակով չստուգված վկայի ցուցմունքը չի կարող լինել միակ կամ վճռորոշ ապացույցը քրեական գործի ապացույցների զանգվածում, որից միակ բացառությունն այն է, որ առկա լինեն հակակշռող գործոններ: Դիմողը նշում է, որ հակակշռող գործոնները կոչված են հիմնավորելու հակընդդեմ հարցման եղանակով չստուգված վկայի նախաքննական ցուցմունքի արժանահավատությունը: Ըստ դիմողի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մասնավորեցրել է, թե որոնք են հակակշռող գործոնները արձանագրելով, որ հակընդդեմ հարցման իրավունքի հնարավորության բացակայության դատավարական բացը կարող է լրացվել երրորդ խումբ հակակշռող գործոնների առկայությամբ, այն է դատավարական գործողություններով, որոնք ձեռնարկվել են դատական քննության և նախաքննության ժամանակ վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու հնարավորության բացակայությունը լրացնելու համար: Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում, ըստ դիմողի, տարածված պրակտիկա է, երբ դատարանները հիմնվում են առերեսման արձանագրության վրա որպես հակընդդեմ հարցման իրավունքի իրացման ապացույց անկախ այն հանգամանքից, թե ինչպես է իրականացվել առերեսումը: Իր հերթին, դիմողի պնդմամբ նախաքննական մարմինները ձգտում են առերեսումը դատարաններում ներկայացնել որպես հակընդդեմ հարցման իրացման հնարավորություն ու այդ հիմքով պնդում են, որ այլևս կարիք չկա դատարանում ապահովելու հակընդդեմ հարցման հնարավորություն, կամ որ դատարանը կարող է անվերապահորեն հիմնվել առերեսման միջոցով ստացված փաստական տվյալների վրա` որպես լիարժեք ապացույց: Վկայակոչելով Սահմանադրության 75-րդ հոդվածը դիմողը նշում է, որ Սահմանադրությամբ ամրագրված մեղադրանքից պաշտպանվելու, այդ թվում հակընդդեմ հարցման իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ապահովել ոչ միայն նախաքննության, այլև հետագայում դատաքննության փուլում մեղադրանքից պաշտպանվելու մեղադրվող անձի դեմ նույն կարգավիճակն ունեցող անձին հակընդդեմ հարցման ենթարկելու պատշաճ կառուցակարգեր և իրական հնարավորություն. հակառակ պարագայում առկա իրավակարգավորումները չստուգված ապացույցը դատավճռի հիմքում դնելը համահունչ չեն լինի Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության սահմանադրական պահանջին:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի որոշումների օրինականության, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր։ Մասնավորապես դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ սույն դիմումի հիմքում ընկած քրեական գործով ապացույցների անբավարարության պայմաններում, առանց դիմողի իր դեմ ցուցմունք տված անձանց հարցման իրավունքի ապահովման, առանց դիմողին արդարացնող այլ ապացույցների ուսումնասիրման թիվ ԱՎԴ1/0007/01/16 քրեական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասությանը դատարանը 2020 թվականի փետրվարի 7-ի դատավճռով, որն այնուհետև անփոփոխ է թողել վերաքննիչ քրեական դատարանն իր 2021 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ, դիմողին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) Քրեական գործում բացակայում է որևէ ապացույց, այդ թվում վկայություն, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արձանագրություն, որ Դիմողը մասնակցել է խտանյութի գողությանը կամ հանքանյութ, ոսկի կամ փող է ստացել կամ որևէ այլ կերպ շահագրգռված է եղել հանցավոր խմբում ներգրավվելու կամ հանքանյութ գողանալու մեջ: Ո՛չ նախաքննության փուլում, ո՛չ դատաքննության փուլում չի ապահովվել դիմողի իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքը, չեն հարցաքննվել նրան վերահսկող անվտանգության աշխատակիցները և չեն ուսումնասիրվել նրան արդարացնող այլ ապացույցներ, այդ թվում հսկիչ տեսախցիկների տեսագրությունները, արտադրամասերի դռների բացման-փակման կապարակնիքների մատյանները: Դատավճռի հիմքում դրվել է ֆաբրիկայի աշխատակիցների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արձանագրությունները (որոնց իրականացնելու վերաբերյալ դատարանի թույլտվությունների և գաղտնալսումների օրինականությունը դատական ստուգման չի ենթարկվել), որտեղ գողությանն առնչություն ունեցող անձինք մեկ անգամ հիշատակում են (աշխատակիցների կապը եղել է բացառապես անձնական բջջային հեռախոսների միջոցով) Դիմողի անունը իր պաշտոնական պարտականությունների իրականացման համատեքստում»: Արձանագրում ենք, որ թիվ ԱՎԴ1/0007/01/16 քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցները իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Զոհրաբ Ալիխանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք»: Հիմք ընդունելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չեն ներկայացվել վիճարկվող դրույթի հակասահմանադրականության կամ այդ նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ, և դիմումով ներկայացված բոլոր հիմնավորումները հանգում են թիվ ԱՎԴ1/0007/01/16 քրեական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի փետրվարի 7-ի դատավճռի, վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի ապրիլի 15-ի որոշման օրինականության, դատարանների գործողությունների իրավաչափության վիճարկմանը: Վերոգրյալից բխում է, որ 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց դիմողը, ըստ էության, բարձրացնում է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի, վերաքննիչ քրեական դատարանի որոշումների օրինականության հարցեր, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Զոհրաբ Ալիխանյանի դիմումի հիման վրա 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
6 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-145
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-145
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
