ՍԵՐԳԵՅ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 ապրիլի 2022թ. ՍԴԴԿՈ - 20 | ՍԵՐԳԵՅ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 12 ապրիլի 2022 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Սերգեյ Սիմոնյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սերգեյ Սիմոնյանը (ներկայացուցիչներ Ա. Մուրադյան, Ա. Կոչուբաև) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի մարտի 25-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի հետևյալ դրույթը. վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է…», այնքանով, որքանով չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու դեպքում գործի քննությունն իրականացնելու հնարավորություն /դատավարական ժամկետի իրավունքի ուժով վերականգնում/, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61, 63, 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»:
2. Վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը դիմողը եզրակացնում է, որ վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, այդ թվում, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: Մինչդեռ դիմողը պնդում է, որ համաձայն սույն գործի փաստական տվյալների Սերգեյ Սիմոնյանը վճռաբեկ բողոք ներկայացրել է 2021 թվականի հունիսի 14-ին պահպանելով օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, որը ապացուցվում է գործի նյութերում առկա հետադարձ ծանուցմամբ, որով, ըստ դիմողի, հավաստվում է դիմողի կողմից որոշումը 14.05.2021 թ. ստանալու հանգամանքը: Ուստի դիմողը փաստում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը կրում է ձևական բնույթ, ինչպիսի պայմաններում դրա չներկայացման հիմքով բողոքն առանց քննության թողնելու դատարանի որոշումը ևս դիմողը դիտում է ձևական նկատառումներից ելնելով մարդու իրավունքների պաշտպանության արգելքի լույսի ներքո: Դիմողը գտնում է, որ նման սահմանափակումը չի հետապնդում որևէ իրավաչափ, ողջամիտ նպատակ, որի պարագայում արդարացված կարող է համարվել նման թերացում թույլ տված անձին վճռաբեկ բողոքի ներկայացման հնարավորությունից զրկելը: Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածով օրենսդիրը դատարաններին օժտել է լայն հայեցողական լիազորությամբ հարգելի համարելու կամ չհամարելու ժամկետների բացթողումը: Այս կապակցությամբ, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ, հիմք ընդունելով 09.04.2007 թ. ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն», դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի վիճարկվող դրույթը վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է…», հակասության մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի հետ։ Քանի որ օրենսգրքի 396-րդ հոդվածը, դիմողի հիմնավորմամբ, լիարժեք չի երաշխավորում ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումն այն պատճառաբանությամբ, որ նշված հայեցողական լիազորությունների իրականացումը, ըստ դիմողի, հանգեցնում է անորոշության: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը դատական պրակտիկայում դրան տրված վերոգրյալ մեկնաբանությամբ, ուղղակիորեն հակասում է ինչպես Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 28-րդ հոդվածին, այնպես էլ Սահմանադրական դատարանի 16.10.2012 թ. ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին առ այն, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորության բացառումն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել անձի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտման:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. սույն գործով վերջնական դատական ակտը «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը, կայացվել է 2021թ. սեպտեմբերի 8-ին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի վերաբերյալ գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2021թ. սեպտեմբերի 8-ին, Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքն սկսվում է 2021թ. սեպտեմբերի 9-ից և ավարտվում 2022 թվականի մարտի 9-ին ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, որի համաձայն եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը, ինչպես նաև նույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, որի համաձայն եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Մինչդեռ Սահմանադրական դատարանին հասցեագրված Սերգեյ Սիմոնյանի անհատական դիմումը փոստային բաժանմունքին է հանձնվել 2022թ. մարտի 23-ին: Հետևաբար` դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Ինչ վերաբերում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմողի միջնորդությանը, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ի տարբերություն քաղաքացիադատավարական, վարչադատավարական և քրեադատավարական օրենսդրության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարան դիմելու բաց թողնված ժամկետը վերականգնելու ինստիտուտ չի նախատեսում։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սերգեյ Սիմոնյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
12 ապրիլի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 ապրիլի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
