Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 466, 467 ԵՎ 468-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 466, 467 ԵՎ 468-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1944 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-194)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 սեպտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 194 | ««ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 466, 467 ԵՎ 468-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 466, 467 ԵՎ 468-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466, 467 և 468-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի հուլիսի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Ալեքսանդր Ծատինյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 467-րդ և 468-րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Ներկայացնելով թիվ ԼԴ/0711/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-468-րդ հոդվածների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք ընդհանուր դրույթներ են և վերաբերում են պայմանագրերի բոլոր տեսակներին, իսկ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար վարձակալության պայմանագրի դրույթներում բացակայում են վարձատուի և վարձակալի նախաձեռնությամբ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը: Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-468-րդ հոդվածների կիրառման համար առկա է միայն վերաբերելի նույն օրենսգրքի 622-րդ հոդվածը, որի հիմքերը սպառիչ չեն, և վարձակալության իրավահարաբերությունը, հատկապես՝ անշարժ գույքի վարձակալության իրավահարաբերությունը, չի կարգավորվում, որի առանձնահատկությունն այն է, որ վարձատուն, ի տարբերություն պայմանագրային այլ իրավահարաբերությունների, հանդես է գալիս նաև որպես սեփականատեր։ Դիմողի պնդմամբ՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը պետք է լինեն հստակ, այլ ոչ թե գնահատողական։

Դիմողը գտնում է, որ սույն գործի փաստերից և կարգավորող նորմերից ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-468-րդ հոդվածները պայմանագրի կողմերին համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորություն չեն տալիս, ավելին` նշված նորմերով նախատեսված հիմքերը վերացական են, չեն սահմանում պայմանագրի կողմի կողմից թույլ տրված էական խախտման ծավալը, հիմքերը, որոնք վերաբերում են նաև հանգամանքների էական փոփոխությանը, հետևաբար՝ չեն համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-468-րդ հոդվածները հակասում են նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքին, քանի որ նշված հոդվածի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-468-րդ հոդվածների բովանդակությունից ակնհայտ է, որ դրանցով չեն առանձնացված այն պայմանագրերը, որոնց պարագայում պայմանագրի մի կողմը հանդիսանում է նաև գույքի սեփականատեր։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը տվյալ պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466, 467 և 468-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 60 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466, 467 և 468-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածին, հետևաբար և՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին:

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466, 467 և 468-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

4 սեպտեմբերի 2026 թվականի

ՍԴԱՈ-194

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-194
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել