Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-283-Ն ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-284-Ն ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Մ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-283-Ն ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-284-Ն ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Մ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-914 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հունվարի 2022թ. ՍԴԱՈ - 9 | «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-283-Ն ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-284-Ն ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-283-Ն ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-283-Ն ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ, «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-284-Ն ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-283-Ն ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Աուդիտորական գործունեության մասին» ՀՕ-283-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՕ-284-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՕ-283-Ն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի նոյեմբերի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վարչական դատարանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը, որով թիվ ՎԴ/1299/05/21 վարչական գործով ներկայացված «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Դիմողը որոշել է. «Դիմել Սահմանադրական դատարան 2020 թվականի հունվարի 01-ին ուժի մեջ մտած, 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունված «Աուդիտորական գործունեության մասին» ՀՕ-283-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՕ-284-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, 30-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրության 45-րդ, 59-րդ, 73-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, այնքանով, որքանով այդ նորմերով աուդիտորական ծառայություններ մատուցող յուրաքանչյուր կազմակերպություն, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ստացել է համապատասխան լիցենզիա, 2020 թվականի հունվարի 01-ից ուժի մեջ մտած Օրենքին համապատասխան զրկվում է իր ունեցած լիցենզիայից որպես նշված ծառայությունների իրականացման հնարավորությունը ամրագրող իրավունքից, և կարող է այն իրականացնել ի թիվս այլնի, բացառապես անդամակցելով մասնագիտացված կառույցի, որպես հավատարմագրած աուդիտորների, փորձագետ հաշվապահների, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների անդամության հիման վրա գործող հասարակական կազմակերպություն»: 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վարչական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 9-ին կայացրած «Վրիպակն ուղղելու մասին» որոշումը, որով Դիմողը որոշել է ուղղել թիվ ՎԴ/1299/05/21 վարչական գործով դատարանի 03.11.2021թ. «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» և «Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումներում առկա վրիպակը և դրանց բովանդակության մեջ «30-րդ հոդվածի 6-րդ մաս» նորմից առաջ կարդալ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՕ-283-Ն ՀՀ օրենքի» նախադասությունը: Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/1299/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը և վկայակոչելով «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերը, նույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասը, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Սահմանադրության 45, 59, 73, 75, 78 և 79-րդ հոդվածները, նշում է, որ ներկայացված դրույթների վերլուծության և համադրության արդյունքում կարելի է փաստել, որ աուդիտորական ծառայություններ մատուցող յուրաքանչյուր կազմակերպություն, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ստացել է համապատասխան լիցենզիա, այսուհետ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Օրենքին համապատասխան զրկվում է իր ունեցած լիցենզիայից որպես նշված ծառայությունների իրականացման հնարավորությունն ամրագրող իրավունքից, և կարող է այն իրականացնել, ի թիվս այլնի, բացառապես անդամակցելով մասնագիտացված կառույցի որպես հավատարմագրած աուդիտորների, փորձագետ հաշվապահների, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների անդամության հիման վրա գործող հասարակական կազմակերպություն: Ըստ Դիմողի նախատեսելով անձի կողմից ձեռնարկատիրական իրավունքի իրականացման պայմանները և կարգը օրենքը, սահմանելով նաև դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը, տվյալ դեպքում պետք է նկատի ունենար, ի թիվս այլնի, նաև միավորումների ազատության սահմանափակման հնարավորության համար ընտրված միջոցների պիտանելիությունը և անհրաժեշտությունը Սահմանադրությամբ ամրագրված և օրենքում արտացոլված նպատակներին հասնելու համար: Ուսումնասիրելով ներկայացված դիմումը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Վերոհիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Ինչպես ուղղակիորեն բխում է Սահմանադրության մեջբերված դրույթի բովանդակությունից, դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները

1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և

2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, ինչպես նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի ներկայացրել վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ բավարար հիմնավորումներ, իսկ բերված հիմնավորումներն առավելապես վերաբերում են վիճարկվող դրույթների մեկնաբանությանը և կիրառությանը չառաջացնելով դրանց սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել սահմանադրական հիմնարար իրավունքների պաշտպանության համար առանցքային կարևորություն ունեցող իրավական որոշակիության սկզբունքի ապահովման հարցում դատարանների ունեցած առանձնահատուկ առաքելությունը, քանզի անառարկելի իրողություն է, որ իրավական անորոշության հաղթահարման հարցում դատական իշխանությունն օժտված է առանցքային կարևորություն ունեցող իրավանորմերի դատական մեկնաբանության լծակով: Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Բարձր դատարանի և եռաստիճան դատական համակարգի դատարանների իրավասությունների կրկնօրինակումը: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ եռաստիճան դատական համակարգի դատարանների կողմից դատական մեկնաբանություններով իրավունքի զարգացումը խթանելու, սահմանադրական իրավունքների և ազատությունների կրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման նպատակով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը դատարանի մոտ ծագում է միայն իր բարձրացրած խնդրի լուծման իրավասության բացակայության դեպքում, հակառակ պարագայում դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը դիմումում սահմանափակվել է վիճարկվող նորմերի և Սահմանադրության 45, 59, 73, 75, 78 և 79-րդ հոդվածների վկայակոչմամբ Սահմանադրական դատարանին չներկայացնելով այն հիմնավորումները, որոնք հիմք են հանդիսացել վերջինիս համար վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած» ձևավորելու համար: Վերոգրյալը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ Դիմողը չի հաղթահարել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով վիճարկվող նորմերի սահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած ունենալու» օրենսդրական պահանջը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Աուդիտորական գործունեության մասին» ՀՕ-283-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՕ-284-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՕ-283-Ն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

14 հունվարի 2022 թվականի

ՍԴԱՈ-9

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-9
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել