ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 մարտի 2026թ. ՍԴԴԿՈ - 25 | ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 մարտի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Դավիթ Գևորգյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Դավիթ Գևորգյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մարտի 17-ին, որով Դիմողը խնդրել է.
«1. Սույն դիմումս ընդունել վարույթ,
2. ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի բացահայտում ապացույցներ գնահատման կարգը, ձևը և բովանդակությունը»:
2․ Ներկայացնելով թիվ ԵԴ/21141/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Նշված թույլատրելի և վերաբերելի ապացույցները թույլ է տալիս հանգելու այն եզրահանգման, որ ես խնդրո առարկա բնակարանի և ավտոկայանատեղիի մասով հանդիսանում եմ սեփականատեր, պայքարել և շարունակում եմ պայքարել իմ իրավունքների համար և իմ և անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ միջև առկա է կնքված գրավոր գործարք՝ անշարժ գույքի օտարման հետ կապված, հայցվորը՝ որպես գնորդ, կատարել է գույքի առուվաճառքի գործարքից բխող իր պարտավորությունները, վճարել է գույքի արժեքը, որից հետո դա տիրապետել է որպես սեփական գույք, իսկ Նարեկ Նալբանդյանը՝ որպես վաճառող, ստանալով գույքի արժեքը, չի կատարել գործարքով ստանձնած իրենց պարտավորությունը, չի մարել Բանկի հանդեպ Նարեկ Նալբանդյանի ունեցած պարտավորությունն ու չի ներկայացել նոտարական գրասենյակ՝ նոտարական կարգով գործարքը վավերացնելու համար, ինչի պատճառով հայցվոր կողմը չի կարող իրականացնել սեփականության իրավունքի պետական գրանցումն անշարժ գույքի պետական կադաստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում և դառնալ նաև ՖՈՐՄԱԼ սեփականատեր, սակայն դա որևէ կերպ չի նսեմացնում Հայցվորիս՝ սեփականատեր լինելու փաստը, ուստի ցանկացած գործողություն, որը խոչընդոտում է այդ փաստի ֆորմալ ամրագրմանը ևս ոչ իրավաչափ է, նամանավանդ, երբ Բանկը և մյուս պատասխանողն ըստ էության այսպես ասած դուրս են եկել գործարքի և Բանկը հատկապես միտում է ունեցել և ի վերջո Հայցվորիս սեփականության իրավունքով պատկանող բնակարանն ու ավտոկայանատեղին «վաճառել» է հենց իր աշխատակիցներին»:
Դիմողը նշում է նաև, որ «Այստեղ շատ էական է այն հանգամանքը, որ Դատարանը բացարձակ չի անդրադարձել այն ապացույցներին որով ակնհայտորեն հաստատվում է այն հանգամանքը, որ Հայցվորիս կողմից ներկայացվել է համապատասխան հայտ մասնակցելու աճուրդային գործընթացին և հայտն առանց որևէ հիմնավոր պատճառաբանության չի ընդունվել: Այստեղ արդեն Դատարանին վերագրում ենք գործի թերի ուսումնասիրություն, որի արդյունքում կայացվել է գործն ըստ էության լուծող սխալ եզրափակիչ դատական ակտ, քանի որ բացարձակ որևէ ուսումնասիրության և գնահատականի չեն Ենթարկվել 10.09.2020 թ. «Բի Էս Թի» ՍՊԸ կողմից Հայցվորին տրված աճուրդի մասնակցի վկայականի և 15.784 ՀՀ դրամի չափով գումարի վճարման անդորրագրի պատճենները և խնդրո առարկա անշարժ գույքերի լուրերի «Բի էս Թի» ՍՊԸ կողմից կազմակերպված աճուրդի էլեկտրոնային քաղվածքը 03.09.2020 և 04.09.2020 թ. դրությամբ, որոնք կազմում էին մեր կողմից Դատարան ներկայացված փաստական հիմքերի մյուս խումբը, որոնք բացարձակ չեն գնահատվել առաջին ատյանի Դատարանի կողմից, իսկ Վերաքննիչ դատարանն էլ համարել է, որ նման մոտեցումն իրավաչափ է: Տվյալ դեպքում ևս հստակ առկա է ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին պարբերության խախտում, քանի որ գործի թերի քննության արդյունքում ակնհայտորեն խախտվել են իմ արդար դատաքննության և սեփականության իրավունքները»:
3․ Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում Է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Այստեղ շատ էական է այն հանգամանքը, որ Դատարանը բացարձակ չի անդրադարձել այն ապացույցներին որով ակնհայտորեն հաստատվում է այն հանգամանքը, որ Հայցվորիս կողմից ներկայացվել է համապատասխան հայտ մասնակցելու աճուրդային գործընթացին և հայտն առանց որևէ հիմնավոր պատճառաբանության չի ընդունվել: Այստեղ արդեն Դատարանին վերագրում ենք գործի թերի ուսումնասիրություն, որի արդյունքում կայացվել է գործն ըստ էության լուծող սխալ եզրափակիչ դատական ակտ, քանի որ բացարձակ որևէ ուսումնասիրության և գնահատականի չեն ենթարկվել 10.09.2020թ. «Բի Էս Թի» ՍՊԸ կողմից Հայցվորին տրված աճուրդի մասնակցի վկայականի և 15.784 ՀՀ դրամի չափով գումարի վճարման անդորրագրի պատճենները և խնդրո առարկա անշարժ գույքերի լուրերի «Բի էս Թի» ՍՊԸ կողմից կազմակերպված աճուրդի էլեկտրոնային քաղվածքը 03.09.2020 և 04.09.2020թ. դրությամբ, որոնք կազմում էին մեր կողմից Դատարան ներկայացված փաստական հիմքերի մյուս խումբը, որոնք բացարձակ չեն գնահատվել առաջին ատյանի Դատարանի կողմից, իսկ Վերաքննիչ դատարանն էլ համարել է, որ նման մոտեցումն իրավաչափ է: Տվյալ դեպքում ևս հստակ առկա է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին պարբերության խախտում, քանի որ գործի թերի քննության արդյունքում ակնհայտորեն խախտվել են իմ արդար դատաքննության և սեփականության իրավունքները»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ` նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/21141/02/21 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։
Մասնավորապես, Դիմողը վիճարկվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Այսպիսով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը, ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Դավիթ Գևորգյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Զեյնալյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
26 մարտի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
