«ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 մարտի 2026թ. ՍԴԴԿՈ - 24 | «ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 24 մարտի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով «ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գագիկ Գրիգորյան դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մարտի 13-ին (փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թվականի մարտի 10-ին):
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«(…)
(…) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը և/կամ դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ և 78-րդ հոդվածների դրույթներին հակասող, այնքանով, որքանով, որ նշված նորմն իր բառիմաստով և բովանդակությամբ բացառում է սնանկ ճանաչված պարտապանի կողմից ինքնուրույն կամ անմիջականորեն (առանց սնանկության գործով կառավարչի կամ նրա համաձայնության) ՀՀ վարչական դատարան դիմելու իրավական հնարավորությունը կամ իրավասությունը նաև այն դեպքերում, երբ սնանկության գործով պարտապանի և սնանկության գործով կառավարչի շահերը հակադրության մեջ են և/կամ նրանք վեճի հակառակ կողմերում են և այդ վեճը վարչադատավարական կարգով լուծման ենթակա վեճ է,
(…) «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կարգավորման և 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության կարգավորման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորման հետ համակցությամբ նորմերն իրենց բառիմաստով և բովանդակությամբ և/կամ դրանց դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ և 78-րդ հոդվածների դրույթներին հակասող, այնքանով, որքանով, որ նշված նորմերն իրենց բառիմաստով և բովանդակությամբ բացառում են սնանկ ճանաչված պարտապանի կողմից ինքնուրույն կամ անմիջականորեն (առանց սնանկության գործով կառավարչի կամ նրա համաձայնության) ՀՀ վարչական դատարան դիմելու իրավական հնարավորությունը կամ իրավասությունը նաև այն դեպքերում, երբ սնանկության գործով պարտապանի և սնանկության գործով կառավարչի շահերը հակադրության մեջ են և/կամ նրանք վեճի հակառակ կողմերում են և այդ վեճը վարչադատավարական կարգով լուծման ենթակա վեճ է»։
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7179/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավակարգավորման բառիմաստը կամ բովանդակությունը և (կամ) ՀՀ դատարանների կողմից տվյալ դրույթին տրված մեկնաբանությունը բացառում է սնանկ ճանաչված պարտապանի կողմից վարչադատավարական լուծում պահանջող հարցով ինքնուրույն կամ անմիջականորեն ՀՀ վարչական դատարան դիմելու իրավասությունը, որը համատեղելի չէ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում՝ դրա բաղկացուցիչ տարր դատարանի մատչելիության և արդար դատաքննության հիմնական իրավունքների հետ:
Դիմողը գտնում է, որ սնանկության գործով կառավարչի և սնանկ ճանաչված պարտապանի շահերի հակադրության այն դեպքերում, երբ իրավական խնդիրը պահանջում է վարչադատավարական լուծում, պարտապանը կարող է ՀՀ վարչական դատարան դիմել միայն սնանկության գործով կառավարչի միջոցով կամ նրա կողմից տրված համաձայնությամբ: Մինչդեռ, ըստ Դիմողի՝ շահերի հակադրության փաստով պայմանավորված` ինչպես խնդրո առարկա գործի պարագայում է, բնական է, որ սնանկության գործով կառավարչի միջոցով կամ նրա համաձայնությամբ պարտապանը չի կարող դիմել ՀՀ վարչական դատարան, քանի որ սնանկության գործով կառավարիչը չի գործի իր շահերին հակառակ (անկախ այդ շահի իրավաչափությունից) և դիմի ՀՀ վարչական դատարան կամ տրամադրի համաձայնություն՝ նշվածը պարտապանի կողմից ինքնուրույն անելու վերաբերյալ:
Դիմողը պնդում է, որ Սահմանադրական դատարանն իր` 2020 թվականի մայիսի 26-ի ՍԴՈ-1542 որոշմամբ սնանկ ճանաչված պարտապանի և սնանկության գործով կառավարչի շահերի հակադրության դեպքերում պարտապանի ինքնուրույն կամ անմիջականորեն դատարան դիմելու իրավական հնարավորության վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել քաղաքացիադատավարական լուծում պահանջող դեպքերի առնչությամբ։ Հավելելով՝ Դիմողը նշում է, որ տվյալ դիրքորոշումը ՀՀ դատարանները, այդ թվում՝ թիվ ՎԴ/7179/05/24 վարչական գործի շրջանակներում կայացված դատական ակտերով, ընկալում և մեկնաբանում են միայն քաղաքացիադատավարական լուծում պահանջող իրավական խնդիրների կապակցությամբ, ինչը ևս նպաստել է այն իրողության ձևավորմանը, համաձայն որի՝ սնանկ ճանաչված պարտապանի և սնանկության գործով կառավարչի շահերի հակադրության դեպքերում վարչադատավարական լուծում պահանջող վեճերով պարտապանն ինքնուրույն կամ անմիջականորեն Վարչական դատարան դիմելու իրավասություն չունի: Միաժամանակ, անդրադառնալով այն հնարավոր պնդմանը, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի քննարկվող դիրքորոշումը վերաբերում է նաև վարչադատավարական լուծում պահանջող վեճերին, Դիմողն ընդգծում է, որ ՀՀ դատարանները, այդ թվում` խնդրո առարկա վարչական գործը քննած դատարանները, հիշյալ դիրքորոշումն այդ կերպ չեն ընկալում և մեկնաբանում: Նշվածը, Դիմողի պնդմամբ, հանգեցրել և շարունակում է հանգեցնել իր արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում՝ դրա բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության, և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման` խախտելով նաև Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներով սահմանված սահմանադրաիրավական պահանջը և սկզբունքը, ինչպես նաև իր սեփականության դատական պաշտպանության իրավունքը:
Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթներով և (կամ) իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ ինքը, իր և սնանկության կառավարչի շահերի հակադրության պայմաններում, զրկվել է ուղղակի գործարքով իր անշարժ գույքերի զգալի մասը գնորդին անհատույց փոխանցելու հետ կապված՝ վարչադատավարական լուծում պահանջող իրավական խնդրով Վարչական դատարան դիմելու իրավունքից, քանի որ այդ կապակցությամբ թիվ ՎԴ/7179/05/24 վարչական գործի շրջանակներում իր կողմից Վարչական դատարան ներկայացված հայցադիմումը քննության չի ընդունվել և (կամ) գնահատվել է քննության ոչ ենթակա՝ վիճարկվող դրույթներով սահմանված և (կամ) իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված վիճելի մեկնաբանության հիման վրա: Դիմողի պնդմամբ՝ նշվածը համահունչ չէ սույն անհատական դիմումով ներկայացված սահմանադրաիրավական երաշխիքներին, չի ապահովում այդ երաշխիքների կենսագործումը և բացառում է քննարկվող իրավիճակում սնանկ ճանաչված պարտապանի, սույն դեպքում՝ իր՝ Վարչական դատարան դիմելու գործնական հնարավորությունը։
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները և (կամ) ՀՀ դատարանների կողմից դրանց տրված մեկնաբանությունը հակասում են նաև Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներով սահմանված սահմանադրաիրավական պահանջին և սկզբունքին: Ավելին, ըստ Դիմողի՝ դրանք չեն բավարարում Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված՝ համաչափության սկզբունքի տարրեր հանդիսացող՝ հիմնական իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցի պիտանիությունը, անհրաժեշտությունը և համարժեքությունը:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը և (կամ) իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75 և 78-րդ հոդվածներին՝ այնքանով, որքանով վիճարկվող դրույթն իր բառիմաստով և բովանդակությամբ բացառում է սնանկ ճանաչված պարտապանի կողմից ինքնուրույն կամ անմիջականորեն (առանց սնանկության գործով կառավարչի կամ նրա համաձայնության) Վարչական դատարան դիմելու իրավական հնարավորությունը կամ իրավասությունը նաև այն դեպքերում, երբ սնանկության գործով պարտապանի և կառավարչի շահերը հակադրության մեջ են և (կամ) նրանք վեճի հակառակ կողմերում են, և այդ վեճը ենթակա է լուծման վարչադատավարական կարգով, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորման հետ համակցությամբ, իրենց բառիմաստով և բովանդակությամբ և (կամ) իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը հակասում են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75 և 78-րդ հոդվածներին այնքանով, որքանով դրանք իրենց բառիմաստով և բովանդակությամբ բացառում են սնանկ ճանաչված պարտապանի կողմից ինքնուրույն կամ անմիջականորեն (առանց սնանկության գործով կառավարչի կամ նրա համաձայնության) Վարչական դատարան դիմելու իրավական հնարավորությունը կամ իրավասությունը նաև այն դեպքերում, երբ սնանկության գործով պարտապանի և կառավարչի շահերը հակադրության մեջ են և (կամ) նրանք վեճի հակառակ կողմերում են, և այդ վեճը ենթակա է լուծման վարչադատավարական կարգով:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61, 63, 75 և 78-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
այսպես` սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանն իր` 2020 թվականի մայիսի 26-ի ՍԴՈ-1542 որոշման շրջանակներում, քննելով ««ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և, ի թիվս այլնի, անդրադառնալով պարտապանի և պարտատերերի գույքային շահերի և սնանկության գործով կառավարչի գործողությունների (անգործության) միջև հնարավոր հակասություն առաջանալու հարցին, արձանագրել է. «(...) սնանկության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տարբեր գործողությունների չկատարումը (անգործությունը) կամ ոչ պատշաճ, անբարեխիղճ կատարումը, մասնավորապես, պարտապանի գույքի ոչ բարեխիղճ գույքագրումը, պահպանումը կարող են առաջացնել լուրջ խախտումներ, որոնք կապված կլինեն սնանկության գործով գույքի կազմում ներառված գույքի զանգվածի ձևավորման և դրա հետագա իրացման հետ, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել սնանկության գործընթացի մասնակիցների իրավունքների ոտնահարման՝ վնաս պատճառելով պարտապանին և պարտատերերին:
Պարտապանի և պարտատերերի գույքային շահերին կարող են հակասել սնանկության գործով կառավարչի կողմից հնարավոր այնպիսի գործարքներ կնքելը, որոնք չեն նպաստում պարտապանի վճարունակության վերականգնմանը և պարտատերերի պարտքերի բավարար չափով վճարմանը, քանի որ հանգեցրել են պարտապանի ակտիվների ընդհանուր արժեքի կրճատման, օրինակ` պարտապանի գույքի վաճառքը շուկայական արժեքից էապես ցածր գնով հատկապես այն դեպքերում, երբ գործարքի գնի և շուկայական արժեքի տարբերությունն էական է:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դեպքերում սնանկության գործընթացի մասնակիցները, այդ թվում՝ պարտապանը, Օրենքի ուժով իրավասու են իրենց շահերի պաշտպանության համար դիմել դատարան, և Օրենքի վիճարկվող դրույթը նրա դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացման համար արգելք չի հանդիսանում»:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը որոշել է. «(...) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար»:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2021 թվականի հունվարի 26-ի ՍԴՈ-1572 որոշմամբ, քննելով ««ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի ` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, արձանագրել է. «(...) պարտապանին օրենսդրությամբ ընձեռված է սնանկության գործով կառավարչի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք:
(...)
(...) Օրենքն ամրագրում է սնանկության գործով կառավարչի՝ օրենքով նախատեսված դեպքերում սնանկության գործով դատարան դիմելու իրավասությունը, ինչպես նաև դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը՝ միաժամանակ չբացառելով մի շարք դեպքերում (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս) պարտապանի կողմից անմիջականորեն դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև հստակեցնելով սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» կետեր, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 50-րդ հոդվածի 1-ին մաս, 54-րդ հոդվածի 1-ին մաս) կարգն ու պայմանները:
Վերոգրյալից բխում է, որ Օրենքը, սահմանելով սնանկության հարցերով սնանկության գործով կառավարչի՝ դատարան դիմելու ընդհանուր կանոն, միաժամանակ, հստակ ամրագրել է այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասություն ունի նաև պարտապանը: Դրանից հետևում է, որ սնանկության վերաբերյալ այլ հարցերով դատարան դիմելու իրավունքը պատկանում է սնանկության գործով կառավարչին: Ավելին, Օրենքը մի շարք դեպքերի համար սահմանում է սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն կարգավորում։
(...)
Տվյալ դեպքում գործ ունենք սնանկության հարաբերության հետ, որի շրջանակներում գլխավոր նպատակը սնանկ ճանաչված պարտապանին պատկանող գույքի պահպանումն է և նրա պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը: Պարտապանի՝ սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես պարտապանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը:
Ընդ որում, սնանկության գործով կառավարիչը գործում է բացառապես դատարանի վերահսկողության ներքո, որպեսզի ապահովվի պարտապանի պարտավորությունների կատարումը, հակառակ պարագայում, եթե պարտապանը հնարավորություն ունենա անմիջականորեն դիմելու դատարան և այդ ձևով տնօրինելու իր դրամական միջոցները, կիմաստազրկվի ինչպես սնանկության վարույթի ողջ էությունը, այնպես էլ սնանկության գործով կառավարչի դերակատարումը»:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը որոշել է.
«(...)
(...) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»։
Վերոգրյալից բխում է, որ Սահմանադրական դատարանն իր վերոշարադրյալ որոշումներով անդրադարձել է սնանկ ճանաչված պարտապանի կողմից իր իրավունքների պաշտպանության նպատակով անմիջականորեն դատարան դիմելու իրավական երաշխիքներին, ինչպես նաև սահմանափակումներին: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը հստակ տարանջատում է այն դեպքերը, երբ անմիջականորեն դատարան դիմելու իրավական հնարավորությունը պատկանում է սնանկ ճանաչված պարտապանին (նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս)՝ մյուս բոլոր դեպքերում այդ իրավունքը վերապահելով սնանկության գործով կառավարչին: Ընդ որում՝ Սահմանադրական դատարանը նաև հստակ ընդգծել է, որ «պարտապանին օրենսդրությամբ ընձեռված է սնանկության գործով կառավարչի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք»:
Ուստի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը նախատեսել է համապատասխան ընթացակարգ և բավարար երաշխիքներ՝ սնանկ ճանաչված պարտապանի իրավունքների և շահերի պատշաճ ապահովման, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի գործողությունները վերահսկելու և հնարավոր կամայականություններից խուսափելու համար։
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, հետևաբար և՝ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին:
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Հետևապես՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ԱՐԹՈՒՆ» ԲԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Զեյնալյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
24 մարտի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-24
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-24
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
