ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 նոյեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 25 | ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
09 նոյեմբերի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Աշոտ Մանուկյանի և քաղաքացի Արամ Բարեղամյանի անհատական դիմումներով գործը քննության ընդունելու մասին հարցը [1],
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Աշոտ Մանուկյանը և Արամ Բարեղամյանը 2012թ. հոկտեմբերի 12-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «...1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19 և 93-րդ հոդվածներին, 101-րդ հոդվածի 6-րդ մասին հակասող և անվավեր, և/կամ 2. ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը այնքանով, որքանով չի նախատեսում ընդհանուր իրավասության դատարանների կողմից դատական ակտ կայացնելիս ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում արտահայտած իրավական դիրքորոշումների պարտադիր լինելու պայման, այդպիսով շրջանցելով Սահմանադրության նորմերի անմիջական գործողության սկզբունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 14.1, 18, 19 և 101-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Ըստ դիմողների սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները հնարավորություն են տալիս դատարաններին նոր հանգամանքի հիմքով հարուցված դատական ակտի վերանայման արդյունքում իրացնել այն լիազորությունների ծավալը, ինչ «սովորական» վարույթների ժամանակ։ Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարող ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածով սահմանված լիազորությունների ամբողջ ծավալը, այլ կաշկանդված է նոր հանգամանք համարվող ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ և չի կարող Սահմանադրությանը հակասող նորմ պարունակող դատական ակտը թողնել ուժի մեջ։
Դիմողները գտնում են, որ նոր խմբագրությամբ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածը լիազորում է դատարանին «չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը», ինչը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-984 որոշմանը, մասնավորապես այն դիրքորոշմանը, համաձայն որի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի վերանայումը պետք է տեղի ունենա փաստի ուժով, որը ենթադրում է, որ վերանայման համար միակ պայման պետք է հանդիսանա դատական ակտում հակասահմանադրական նորմի կիրառման փաստը և որևէ այլ հանգամանք, պայման, փաստ կամ փաստարկ որպես այլընտրանք չի կարող առաջ քաշվել կամ սահմանվել ի հավելումն նշված փաստի։
Դատական կազմի կարծիքով, դիմումների և կից փաստաթղթերի
ուսումնասիրությունը վկայում է, որ անհատական դիմումներով գործը սահմանադրական դատարանի կողմից պետք է քննության ընդունվի մասնակիորեն։
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 984 որոշումը։ Նշված որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, որը բացառում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմ կիրառած դատարան ակտը օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը մատնանշելով նաև, որ իրավակիրառական պրակտիկայում նշյալ դրույթը չի կարող մեկնաբանվել և կիրառվել այլ կերպ, որը կհակասի դրա սույն որոշման մեջ արտահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը։ Հետևաբար, այս դրույթի մասով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմք։
Ինչ վերաբերում է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին, դատական կազմն արձանագրում է, որ նշված նորմում տեղ գտած
իրավադրույթը դիմողների նկատմամբ չի կիրառվել։ Անհատական դիմումին ներկայացվող պահանջներից է դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառման փաստը։ Այս պայմանը, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ ձևավորել է իրավական դիրքորոշում, համաձայն որի օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Հաշվի առնելով ասվածը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով անհատական դիմումներով գործի քննության ընդունումը ենթակա է մերժման։
Դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա է ՍԴՈ-984 որոշումը։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 426.9-րդ հոդվածի 2- րդ մասի դրույթներին, ապա դատական կազմը գտնում, որ դրանց մասով առկա չեն դիմումների քննությունը մերժելու հիմքեր, քանի որ
դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում ,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Դատական կազմն առաջարկում է հաշվի առնելով, որ քաղաքացիներ Ա. Մանուկյանի և Ա. Բարեղամյանի գործերը քննության ընդունված մասով վերաբերում են նույն հարցին, միավորել և քննել նույն դատական նիստում։
Դիմողները նաև միջնորդել են իրենց ազատել պետտուրքի վճարումից վկայակոչելով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով քրեական դատավարության մասնակիցների կողմից պետական տուրքի վճարում նախատեսված չէ։ Դատական կազմը գտնում է, որ բավարար հիմքեր չկան սահմանադրական դատավարությունում անձին պետտուրքի վճարումից ազատելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32-րդ և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Աշոտ Մանուկյանի և քաղաքացի Արամ Բարեղամյանի անհատական դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության ընդունումը մերժել։
2. Քաղաքացի Աշոտ Մանուկյանի և քաղաքացի Արամ Բարեղամյանի անհատական դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության։
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
9 նոյեմբերի 2012 թվականի
ՍԴԴԿՈ /1-25
----------------------
[1] Չնայած նշված դիմումները ներկայացվել են տարբեր դիմող սուբյեկտների կողմից, սակայն, հաշվի առնելով, որ դիմումները վերաբերում են միևնույն հոդվածների սահմանադրակաության հիմնախնդրին և ենթադրյալ
հակասահմանադրականության վերաբերյալ բերված են միևնույն իրավական փաստարկները, դատական կազմը նպատակահարմար է գտնում նշված երկու դիմումների մասով ներկայացնել մեկ միասնական որոշում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 նոյեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
