ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 38 | ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 24 հուլիսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով ՀՀ փաստաբանների պալատի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ փաստաբանների պալատը (այսուհետ` Դիմող, ներկայացուցիչ՝ Ա. Վարդանյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հուլիսի 4-ին)` խնդրելով.
«(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասին, 28-րդ, 29-րդ, 61-րդ հոդվածներին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, 74-րդ, 78-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով, որ դրանք հանգեցրել են՝ ՀՀ փաստաբանների պալատի՝ արդար դատաքննության իրավունքի և վերջինիս բաղադրիչը կազմող դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակման, տարբերակված ձևով՝ առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի, իրավական պաշտպանություն հայցելու՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքների խախտման, անհամատեղելի են ՀՀ փաստաբանների պալատի՝ որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված փաստաբանների ինքնակառավարումն ապահովող մարմնի կողմից իր անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքների հետ, չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ ընդարձակ իմաստով խոշտանգումների բացարձակ արգելքի ընթացակարգային երաշխիքներին»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/6775/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը, բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. «Արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ համապատասխանում են արդար դատաքննության իրավունքի, վերջինիս բաղադրիչը կազմող դատարանի մատչելիության, առանց տարբերակման իրավական պաշտպանություն հայցելու՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքներին»:
Դիմողի պնդմամբ՝ տվյալ գործով դատարանների կողմից ձևավորված մոտեցումը, մասնավորապես՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից արտահայտած այն պնդումը, թե դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ դատարանում քննության, անհամատեղելի է արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու սահմանադրական երաշխիքների հետ:
Դիմողը գտնում է, որ առավել խնդրահարույց և վտանգավոր է այն իրավիճակը, երբ ի տարբերություն փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերի, որոնց վարչական մասնագիտացման դատարանները կարող են միջամտել համապատասխան հայցադիմումների և բողոքների առկայության պայմաններում, դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերի լուծումը դառնում է ՀՀ դատախազության մենաշնորհը՝ անհնարին դարձնելով դատարանների կողմից ոչ իրավաչափ դեպքերին միջամտելու հնարավորությունը:
Դիմողը նշում է, որ թեև ՀՀ վերաքննիչ դատարանը փաստել է, որ հաշվի է առնում ՀՀ փաստաբանների պալատի դերն իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու հարցում, այնուամենայնիվ, իր կողմից տրված ձևակերպումներով իմաստազրկել և անհնարին է դարձրել դրա իրականացման հնարավորությունը՝ վտանգելով Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ փաստաբանների ինքնակառավարումն ապահովող ՀՀ փաստաբանների պալատի կողմից մասնագիտական գործունեության սկզբունքներն արդյունավետ երաշխավորելու հնարավորությունը:
Միաժամանակ, անդրադառնալով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին՝ Դիմողը նշում է, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գրությունն ինքնուրույն առիթ է եղել նույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով, այն է՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու համար, մինչդեռ այն վերահասցեագրվել է Գագիկ Հայրապետյանի անմիջական վերադասին:
Դիմողը գտնում է, որ նման պայմաններում կարգապահական վարույթի նախաձեռնման հարցով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ ընդարձակ իմաստով խոշտանգումների բացարձակ արգելքի ընթացակարգային երաշխիքներին:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Նույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(...) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը՝ դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է՝ ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանի դատական կազմը, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ, հանգում է հետևյալ եզրակացության.
Դիմողը վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 10-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ՎԴ/6775/05/23 վարչական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը:
Դիմողի կողմից սույն դիմումով որպես դիմումի համար էական նշանակություն ունեցող փաստեր վկայակոչված դատարանների այն դիրքորոշումների առնչությամբ, համաձայն որոնց` «ՀՀ դատախազությունը չի հանդիսանում վարչական մարմին, իսկ կարգապահական վարույթ հարուցելը չի կարող բնութագրվել որպես վարչարարություն, և հետևապես՝ ՀՀ դատախազության կողմից կարգապահական վարույթ հարուցելը մերժվելու պայմաններում նման պահանջը չի կարող քննության առնվել ՀՀ վարչական դատարանում՝ որպես գործողության կատարման հայցապահանջ», Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա են միայն այն գործերը, որոնցով դիմողը հստակ փաստարկներով հիմնավորում է իր նկատմամբ կիրառված կոնկրետ դրույթի կամ դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրական լինելը:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, և գործի քննությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
ՀՀ փաստաբանների պալատի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
24 հուլիսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-38
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-38
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
