Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2013Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ՍԴԱՈ-10 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2013Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ՍԴԱՈ-10 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1122 փետրվարի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 փետրվարի 2013թ. ՍԴԱՈ - 11 | ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2013Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ՍԴԱՈ-10 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2013Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ՍԴԱՈ-10 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ

ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի 2013 թվականի փետրվարի 12- ի ՍԴԴԿՈ/1-4 որոշմամբ քաղաքացի Նարինե Մկրտչյանի դիմումով գործը ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունների, 24-րդ հոդվածի, 38-րդ հոդվածի 7-րդ մասի, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 80- րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ընդունվել է քննության, իսկ սահմանադրական դատարանի 2013 թվականի փետրվարի 12-ի ՍԴԱՈ-10 աշխատակարգային որոշմամբ վերոհիշյալ գործի դատաքննությունը նշանակվել է 2013 թվականի մարտի 5-ին գրավոր ընթացակարգով։

Դիմողը 15.02.2013թ. սահմանադրական դատարանում մուտքագրված իր գրավոր միջնորդությամբ խնդրել է գործի դատաքննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով պատճառաբանելով, որ իր դիմումով «բարձրացված հարցերի վերաբերյալ առկա է հասարակական մեծ հետաքրքրություն», հետևաբար, միջնորդում է իր դիմումի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով։ Ուսումնասիրելով միջնորդությունը, ներկայացված փաստարկները, դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա չեն դիմող կողմի միջնորդությունը բավարարելու անհրաժեշտ հիմքեր հետևյալ հիմնավորումներով։

1. Սահմանադրական դատարանն իր 11.04.2012թ. ՍԴՈ-1020 որոշմամբ քննության առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, հանգամանորեն անդրադարձել է նաև գրավոր և բանավոր դատավարական ընթացակարգերի էությանն ու բովանդակությանը, դրանց կիրառման առանձնահատկություններին և միջազգային պրակտիկային արտահայտելով մի շարք իրավական դիրքորոշումներ։ Մասնավորապես, կարևորելով այդ ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունն արդարադատության մատչելիության, գործերի դատաքննության հրապարակայնության, քննության առարկա փաստերի ու այլ հանգամանքների լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ ուսումնասիրման ու գնահատման և արդար որոշումների կայացման գործում, սահմանադրական դատարանը ելնելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված սկզբունքներից, գտել է, որ դատաքննության գրավոր ընթացակարգն սկզբունքորեն կիրառելի է, եթե.

բացակայում է դատական գործով փաստական հանգամանքների բանավոր քննության անհրաժեշտությունը կամ, եթե դատարան ներկայացված նյութերի (փաստաթղթեր և այլն) բանավոր ուսումնասիրումը (քննությունը) վիճարկվող հարցի հետագա հստակեցմանը չի նպաստելու,

անհրաժեշտ է կանխել հանրային շահերին սպառնացող վտանգը կամ լուծել դատարանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու հարցը,

գործի հետ կապված հանգամանքների պարզումն այլ կերպ (բանավոր քննությամբ) անհնարին է,

դատարանն անհրաժեշտ է համարել որոշում կայացնել գործում առկա գրավոր փաստաթղթերի հիման վրա,

անհրաժեշտ է հավելյալ երաշխիքներ ապահովել դատաքննության մասնակիցների իրավունքների իրացման համար և այլն։

Բացի վերոհիշյալ իրավապայմաններից, սահմանադրական դատարանը յուրաքանչյուր դեպքում գործի քննության ընթացակարգի վերաբերյալ որոշում կայացնելիս նախ առաջնորդվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներով։ Մասնավորապես, հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործերը սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական այնպիսի մեծ հնչեղություն, երբ անհրաժեշտ է հրապարակայնորեն որոշակի փաստական հանգամանքներ քննության առարկա դարձնել նկատի ունենալով, որ գործի բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը։ Համանման հիմնավորումներով է, օրինակ, սահմանադրական դատարանը կայացրել 29.04.2011թ. ՍԴԱՈ-32, 11.05.2012թ. ՍԴԱՈ-29 աշխատակարգային որոշումները։ Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ պահանջները սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չեն այնպիսի հանգամանքներ, որոնք արտացոլված չեն դիմողի փաստարկներում։ Օրենքի նորմի սահմանադրականության վերաբերյալ դիմողի մոտեցումները հստակ շարադրված են դիմումում, ինչպես նաև դիմողը հնարավորություն կունենա իր լրացուցիչ մոտեցումները ներկայացնել պատասխանողի դիրքորոշումների վերաբերյալ սահմանադրական դատավարության ընթացակարգերով նախատեսված շրջանակներում։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում բարձրացված հարցերի բովանդակությունը, դրանց վերաբերյալ դիմողի ներկայացրած փաստարկները և գործում առկա փաստաթղթերը բավարար հիմք են գրավոր ընթացակարգով դատաքննությունն իրականացնելու և որոշում կայացնելու համար, առավել ևս, երբ այդ ընթացակարգով դիմումի ուսումնասիրման գործընթացն արդեն իրականացվում է։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով, 68-րդ և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Դիմողի միջնորդությունը ՀՀ սահմանադրական դատարանի 12.02.2013թ. ՍԴԱՈ-10 աշխատակարգային որոշումը վերանայելու վերաբերյալ, մերժել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 փետրվարի 2013 թվականի

ՍԴԱՈ-11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 փետրվարի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել