ՅՈՒՐԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 12 | ՅՈՒՐԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 3 մարտի 2021 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Յուրի Բեգլարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Յուրի Բեգլարյանը 2021 թվականի փետրվարի 12-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածն այնքանով, որքանով որ այն չի նախատեսում մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու բացարձակ հնարավորություն բոլոր այն դեպքերում, երբ էականորեն նվազել են մեղադրյալին կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Դիմողի կարծիքով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելուց հրաժարվելու մասին դատախազի որոշումը Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով բողոքարկելու հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրական դատարանի 2019 թ. հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշմանը և վտանգում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը: Մասնավորապես, դիմողն իր այս դիրքորոշումը հիմնավորում է այն հանգամանքով, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թ. ապրիլի 14-ի ՀՕ-196-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պաշտպանության կողմը զրկված է խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունն ուղղակիորեն և պատեհ պահի դատարանին ներկայացնելու հնարավորությունից, քանի որ դիտարկվող օրենսդրական փոփոխության համաձայն նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունն առկա է միայն այն դեպքում, երբ մեղադրյալն արդեն իսկ գտնվում է անազատության մեջ, և առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին և չէին կարող հայտնի լինել: Դիմողի կարծիքով վերոնշյալ նորմը չի երաշխավորում մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու հնարավորությունն այն բոլոր դեպքերում, երբ էապես նվազել են մեղադրյալին կալանքի տակ պահելու Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը: Դիմողը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելուց հրաժարվելու մասին դատախազի որոշումը կարող է բողոքարկվել միայն Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ նման հնարավորության բացակայությունը խախտում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը: 3.1. Թեև Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի վերաբերյալ առկա են Սահմանադրական դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652 (Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մաս), 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 (Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասեր), 2014 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-1144 (Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս) որոշումները, այդուհանդերձ, դրանք հիմք չեն հանդիսանում քննարկվող դիմումի քննությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով մերժելու համար: Նման դիրքորոշման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում օգտագործվում է «դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ» բառակապակցությունը, ինչը նշանակում է, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանի նախկինում կայացրած ցանկացած որոշում դեռևս չի նշանակում նույն հարցի վերաբերյալ որոշում: 3.2. Դիմողն, ըստ էության, բարձրացնում է օրենքի բացի խնդիր: Ընդ որում, դիմողի գործով առաջին ատյանի դատարանը գտել է, որ բողոքարկվող որոշումը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումների թվում: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելուց հրաժարվելու մասին դատախազի որոշումը Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի շրջանակներում բողոքարկման ենթակա որոշում չհանդիսանալը դատարանները հիմնավորել են այն հանգամանքով, որ նույն օրենսգրքի 150-րդ և 287-րդ հոդվածներն իրենց համակարգային միասնության մեջ, սահմանում են խափանման միջոցների վերաբերյալ որոշումների բողոքարկման դատավարական կարգը և ի համեմատ Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հանդիսանում են հատուկ նորմեր և, հետևաբար, ունեն առաջնայնություն 290-րդ հոդվածի նկատմամբ: Մինչդեռ Քրեական դատավարության օրենսգրքի 150 և 287-րդ հոդվածների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում առկա չեն դրույթներ, որոնք դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում ուղղակիորեն կմատնանշեին նաև կալանավորումն ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ միջնորդության մերժման մասին որոշումը: Ավելին, Սահմանադրական դատարանը 2019թ. նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1487 որոշմամբ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 81-րդ հոդվածներին հակասող է ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 376.1 հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն: Այսինքն Սահմանադրական դատարանը գտել է, որ «կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու» բառակապակցությունն իր բովանդակային ծավալում չի ներառում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները: Վերոգրյալի շրջանակներում ենթադրյալ օրենսդրական բացի վերաբերյալ դիմողի դիրքորոշումները հիմնավորված են Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալու տեսակետից հաշվի առնելով նաև օրենսդրական բացի հարցի լուծման ենթակայության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները: Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող դրույթների մասով առկա չեն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է
դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ, դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները:
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմումն ակնհայտ անհիմն չէ,
դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
1. «Յուրի Բեգլարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածն այնքանով, որքանով որ այն չի նախատեսում մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու բացարձակ հնարավորություն բոլոր այն դեպքերում, երբ էականորեն նվազել են մեղադրյալին կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ա. Վաղարշյան
Է. Շաթիրյան
3 մարտի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
