Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԴԱՆԻՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԴԱՆԻՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-8329 նոյեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-83)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 նոյեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 83 | «ԴԱՆԻՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 նոյեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «Դանինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Դանինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի նոյեմբերի 18-ին) խնդրելով. «1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի դատարանը կարող է կրկին քննել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված փաստը, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը այնքանով, որքանով որ չի սահմանում արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերի առկայության դեպքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը այնքանով, որքանով որ սահմանում է իրավունքի զարգացման անհրաժեշտության առկայության հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցում Վճռաբեկ դատարանի կողմից բացարձակ հայեցողական գնահատականի հնարավորություն և չի սահմանում տվյալ հիմքի առկայության գնահատման ողջամիտ չափանիշներ, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն Դիմողի նկատմամբ թիվ ԵԱՆԴ/1581/02/17 քաղաքացիական գործով կայացված վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի 19.05.2021թ. կայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը ճանաչել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա»:

2. Սույն անհատական դիմումով դիմողը վիճարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի և 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի սահմանադրականությունը: 2.1. Մասնավորապես, դիմողը նշում է, որ թիվ ԵԱՆԴ/1581/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում վերաքննիչ քաղաքացիական դատարանը և Վճռաբեկ դատարանը չեն անդրադարձել տվյալ գործով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիությանը անտեսելով նախադատելի ուժ ունեցող թիվ ԵԴ/34457/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Իսկ նման պայմաններում, ըստ դիմողի, նշված նորմը չկիրառելն ակնհայտորեն նշանակում է, որ դատարանը կարող է կրկին քննել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արդեն իսկ հաստատված փաստը ակնհայտորեն հակասելով դատական ակտի պարտադիրության և իրավական որոշակիության սկզբունքներին: Հաշվի առնելով վերոգրյալը` դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի դատարանը կարող է կրկին քննել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված փաստը, և արդյունքում` միևնույն փաստի վերաբերյալ կարող են գոյություն ունենալ իրար հակասող օրինական ուժի մեջ մտած տարբեր դատական ակտեր, հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին: Բացի դրանից, ըստ դիմողի` թեև օրենսդրի կողմից նախադատելիության ինստիտուտի սահմանման առաջնային նպատակն է բացառել իրար հակասող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի գոյությունը, պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ, օրինակ, դատական սխալի կամ դատարանի կողմից նախադատելի ուժ ունեցող օրինական ուժի մեջ մտած վճռի մասին տեղեկացված չլինելու արդյունքում առկա լինեն իրար հակասող օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտեր: Ուստի` դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի սահմանում արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերի առկայության դեպքում դատական պաշտպանության անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր, հակա-սում է Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի վերաբերյալ դիմողը նշում է, որ այդ նորմի ձևակերպումը ոչ իրավաչափորեն սահմանափակում է մարդու դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները: Մասնավորապես` դիմողը գտնում է, որ դատարանի մատչելիության իրավունքի ապահովման տեսանկյունից պետք է նվազագույնի հասցնել Վճռաբեկ դատարանի հայեցողության շրջանակները նաև «իրավունքի զարգացման անհրաժեշտության առկայության» հիմքով բողոքների ընդունելիության հարցը որոշելիս: Դիմողը նշում է, որ իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում հիմնավորվել էր «իրավունքի զարգացման անհրաժեշտության առկայության» հիմքով բողոքի ընդունման անհրաժեշտությունը, սակայն Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մայիսի 19-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում բողոքում ներկայացված հիմնավորումները ոչ բավարար համարելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու համար:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկման մասով. 3.1. Անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջների լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնողը պետք է հիմնավորի, թե Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված իր ո՞ր իրավունքն է խախտվել հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ընդ որում` սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող է դառնալ այն վեճը, որի հիմքում դրված է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարց: 3.2. Սույն անհատական դիմումով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը, որի համաձայն նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Դիմումի հիմնավորումները ցույց են տալիս, որ սույն դրույթի առնչությամբ դիմողի կողմից, ըստ էության, վիճարկվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափությունը։ Մասնավորապես դիմողը նշում է. «Սակայն Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իր կողմից գործի քննության ժամանակ արդեն իսկ նույն անձանց միջև քննվող թիվ ԵԴ/34457/02/19 քաղաքացիական գործով առկա է եղել օրինական ուժի մեջ մտած վճիռ ...: …

Թիվ ԵԱՆԴ/1581/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները չեն անդրադարձել տվյալ գործով Օրենսգրքի 61-րդ հոդվածի կիրառելիությանը անտեսելով նախադատելի ուժ ունեցող թիվ ԵԴ/34457/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը»: 3.3. Այսինքն դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ իր թիվ ԵԱՆԴ/1581/02/17 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը, իր կարծիքով, ենթակա է եղել կիրառման, մինչդեռ վերաքննիչ դատարանը և Վճռաբեկ դատարանը չեն անդրադարձել տվյալ գործով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիությանը: 3.4. Վերոգրյալից բխում է, որ սույն դիմումի շրջանակներում ձևականորեն բարձրացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց` դիմողի կողմից, ըստ էության, վիճարկվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման, մասնավորապես` սույն քաղաքացիական գործով վիճարկվող դրույթի չկիրառման իրավաչափությունը, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: 3.5. Վերահաստատելով 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները, ըստ որի` օրենքով սահմանված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը հակասության վերաբերյալ ներկայացված հիմնավորումների մասով դիմումը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ինչը նշված մասով սույն դիմումի քննությունը մերժելու հիմք է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի վիճարկման մասով. 3.6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է դատական ակտերին ներկայացվող պահանջները, որի համաձայն դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում` նույն օրենսգրքի 8 և 9-րդ հոդվածներում բացահայտված է դատական ակտի հիմնավորվածության և պատճառա-բանվածության բովանդակությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի ուսումնասիրությունից բխում է, որ այն որևէ բացառություն նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջից չի նախատեսում: 3.7. Վերոգրյալից բխում է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումների առկայությունը հերքում է Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի կոնկրետ դեպքում «իրավունքի զարգացման անհրաժեշտության առկայության» հիմքի առկայության պատշաճ իրավական գնահատականի առարկա դարձնելու օրենսդրական հստակ պահանջի բացակայության վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված պնդումները: 3.8. Անդրադառնալով դիմողի կողմից ներկայացված այն պնդմանը, համաձայն որի իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում, դիմողի համոզմամբ, հիմնավորվել է «իրավունքի զարգացման անհրաժեշտության առկայության» հիմքով բողոքի ընդունման անհրաժեշտությունը, սակայն Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մայիսի 19-ին կայացրած «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ այն գնահատել էր ոչ բավարար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կիրառման իրավաչափության և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության հարցեր, որպիսի հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատա-րանին: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Դանինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ե. Խունդկարյան

Ա. Թունյան

29 նոյեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-83

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 նոյեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-83
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել