Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 336-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 336-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-18610 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-186)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 դեկտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 186 | ««ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 336-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 336-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Էդվարդ Մովսիսյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, որով Դիմողը խնդրել է.

«Դիմողի նկատմամբ կիրառված ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածը՝ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին հակասող և անվավեր, իսկ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, սույն դրույթներն իր մեկնաբանությամբ ճանաչի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին համապատասխանող, արձանագրել, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածը վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին չհամապատասխանող մեկնաբանությամբ»:

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, ներկայացնելով թիվ ԱՎԴ2/0150/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ «(...) դատարանների այն մեկնաբանությունը, որ Ֆինանսական համակարգի հաշտարարին պահանջի քննության ժամանակ Ֆինանսական կազմակերպության կողմից տվյալ ապացույցը չներկայացնելու դեպքում դատարանում այն չի կարող ներկայացվել և համարվում է անթույլատրելի ապացույց, ամբողջովին սահմանափակում է դիմողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները (այնպիսի իրավունքներ, որոնք սահմանափակման ենթակա չեն), ամբողջությամբ հակասում է կողմերի իրավահավասարության, մրցակցային դատավարության ապահովման և «զենքերի հավասարության» սկզբունքներին, հակասում է Բարձր դատարանի կայացրած ՍԴՈ-1051 և ՍԴՈ-1571 որոշումներին և ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածով նախատեսված դատարանների՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը»:

Ըստ Դիմողի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից բողոքների քննությունը չի կարգավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության կանոններով և չի կարող համարվել քաղաքացիական դատավարության մաս, հետևաբար՝ տվյալ մարմնի կողմից հաճախորդի բողոքի քննության ընթացքում որևէ ապացույց չներկայացնելը չի կարող համարվել արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ դատավարության գործընթաց այդ փուլում դեռևս առկա չէ:

Դիմողը գտնում է, որ օրենսդրի կողմից սահմանվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի քննության վերաբերյալ հատուկ կանոններ, հետևաբար՝ դիմումի քննությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պետք է իրականացվի այդ կանոնների պահպանմամբ, իսկ գործի քննության ընդհանուր կանոնները կարող են կիրառվել այնքանով, որքանով չեն հակասում հատուկ կանոններին:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու գործերով դատարանին ներկայացված ապացույցը չի կարող պահանջի քննության ժամանակ Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված չլինելու հիմքով համարվել ոչ թույլատրելի:

3. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերաբերելի դրույթները, մեջբերելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) վիճարկվող դրույթներով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտացոլված առանձին իրավական դիրքորոշումներ, նշում է. «(...) օրենսդիրը նախատեսել է այնպիսի կառուցակարգեր և պահանջներ, որոնցով հնարավորինս կապահովվի այն հիմնարար սկզբունքների կենսագործումը և այն իրավունքների իրացման հնարավորությունը, որոնք կողմերը (հաճախորդ և կազմակերպություն) կարող էին ունենալ և իրացնել նույն վեճը դատարանում քննվելու պայմաններում (...)»:

Պատասխանողը, անդրադառնալով ֆինանսական համակարգի հաշտարարի և նրա գործունեության հետ կապված բնութագրիչ հատկանիշներին, արձանագրում է, որ «(...) վեճերի այլընտրանքային լուծման մարմինների ստեղծումն ուղղված է վեճերի արագ և արդյունավետ լուծմանը և հենց արդարադատության արդյունավետության և մատչելիության ապահովման տեսանկյունից կարևորվում է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը: Նման պայմաններում անհրաժեշտ է օրենսդրությամբ հավասարակշռել վեճերի լուծման այլընտրանքային եղանակների արդյունավետ գործունեությունը դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հետ: (...) օրենսդիրը իրավունք է վերապահել օրենքով սահմանված ժամկետում դատական կարգով վիճարկելու Հաշտարարի որոշումը՝ տվյալ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով»:

Պատասխանողը գտնում է, որ «(...) այն դեպքում, երբ կողմերի միջև առկա է համաձայնագիր և կողմերը ցանկանում են գործի ըստ էության քննություն, հարկ է նշել, որ այդ պարագայում վերանում է ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի՝ որպես վեճերի լուծման արտադատական համակարգի արդյունավետությունը: Հաշտարարի կայացրած որոշումը դատական կարգով ըստ էության բողոքարկվելու դեպքում կրկին չի ապահովվում վեճերի արագ և արդյունավետ լուծումը, ինչն էլ իմաստազրկում է արտադատական կարգով վեճերի լուծման այս ինստիտուտի էությունը»:

Պատասխանողի դիտարկմամբ՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից չհրաժարված Կազմակերպություններն ընդհանրապես զրկված չեն իրենց և Հաշտարարին պահանջ ներկայացրած հաճախորդի միջև առկա վեճը դատարանում ըստ էության քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից, ուստի՝ Հաշտարարի կողմից կայացված և կողմերի համար դեռևս պարտադիր չդարձած որոշումը կարող է ըստ էության դատական կարգով վիճարկվել, եթե կողմերի միջև առկա չէ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ գրավոր համաձայնագիր:

Պատասխանողն արձանագրում է, որ «(...) գործող օրենսդրական կարգավորումներն ապահովում են ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով վեճերի այլընտրանքային, արտադատական լուծման արդյունավետության և դատական պաշտպանության իրավունքի միջև արդարացի հավասարակշռությունը՝ ապահովելով ինչպես հաճախորդի կողմից իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, այնպես էլ կազմակերպության կողմից իր սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացումը»:

Պատասխանողը փաստում է, որ ֆինանսական ոլորտում վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում առաջատար փորձ ունեցող երկրներում ևս ֆինանսական օմբուդսմենների որոշումները դատարանի կողմից ենթակա չեն ըստ էության քննարկման:

Պատասխանողը նշում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը օրենքի ուժով ստեղծված անկախ և անկողմնակալ տրիբունալ է, այն լուծում է ֆինանսական կազմակերպությունների և քաղաքացիների միջև ծագած վեճերը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ամրագրված ընթացակարգային կանոնների և չափորոշիչների համաձայն, հետևաբար՝ ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը չպետք է նույնացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հետ, քանզի դրանք չեն կարող փոխարինել մեկը մյուսին:

Վկայակոչելով Օրենսգրքի 378-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները՝ Պատասխանողը պնդում է, որ դրանք վերաբերում են միայն առաջին ատյանի դատարանում չներկայացված ապացույցներին, հետևաբար՝ «(…) Օրենսգրքի 378-րդ հոդվածի չի տարածվում Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի վրա:

Ուստի՝ արձանագրում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու գործերով դատարան ներկայացված ապացույցը չի կարող համարվել ոչ թույլատրելի միայն այն հիմքով, որ տվյալ ապացույցը պահանջի քննության ժամանակ չի ներկայացվել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Այսինքն, դատարանը կարող է ներկայացված ապացույցը համարել չթույլատրելի այլ պատճառաբանությամբ (եթե հիմքերը առկա են), բայց ոչ դատավարական այն կարգավորմամբ, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունել, եթե այն չի ներկայացվել առաջին ատյանի դատարանում»:

Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

4. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն անհատական դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի բացատրությունը, գտնում է, որ սույն գործի վարույթը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին (Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված՝ գործի քննությունը մերժելու հիմքեր) համապատասխան, ենթակա է կարճման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանություններով.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական օրենքով սահմանված են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան, երբ՝

ա) կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Մասնավորապես՝ Դիմողը, վկայակոչելով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքին վերաբերող իրավանորմեր և դատական պրակտիկա (այդ թվում՝ դատարանի առջև հավասարության և մրցակցության սկզբունքին, դատարանի մատչելիության իրավունքին վերաբերող), որևէ կերպ պատշաճ չի հիմնավորել թե ինչպես է խաթարվել նշված իրավունքների իրացումը:

Դիմողը նշել է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ նաև՝ Հաշտարար) որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չի կնքել, ուստի՝ ուներ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունք, որը լիարժեք չի իրացվել, քանի որ ապացույցն առանց որևէ պատշաճ իրավական հիմնավորման ճանաչվել է ոչ թույլատրելի, այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1051 որոշմանն անմիջականորեն հակասող մեկնաբանություններ են տրվել, ինչի արդյունքում սահմանափակվել է վեճն ըստ էության լուծելու հնարավորությունը:

Միևնույն ժամանակ, ըստ Դիմողի՝ Հաշտարարի կողմից բողոքների քննությունը չի կարգավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության կանոններով, իսկ Հաշտարարի կողմից բողոքի քննությունը չի կարող համարվել դատավարության մաս: Հետևաբար՝ Հաշտարարի կողմից հաճախորդի բողոքի քննության ընթացքում որևէ ապացույց չներկայացնելը չի կարող համարվել արդար դատաքննության իրավունքի խաթարում, քանի որ դատավարության գործընթաց այդ փուլում դեռ առկա չէ: Ի լրումն` Դիմողն առանց մանրամասնելու նշել է, որ տվյալ ապացույցի ձեռքբերմամբ չի խախտվել նաև որևէ անձի հիմնական իրավունքներ, հետևաբար՝ որևէ հիմք առկա չի եղել ապացույցը ոչ թույլատրելի համարելու համար:

Բացի դրանից, ըստ Դիմողի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնակարգումները, այդ թվում՝ փաստերի ապացուցման գործընթացի վերաբերյալ կանոնները նույնությամբ կիրառելի են Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու վարույթի նկատմամբ այն հատուկ կանոններով, որոնք սահմանված են Օրենսգրքի 50-րդ գլխով, որում սակայն առկա չեն և չէին էլ կարող առկա լինել նորմեր, որոնք խաթարում են ապացուցման գործընթացը, օրինակ` երբ կողմը զրկվում է ապացույցներ ներկայացնելուց, և այդ ապացույցները համարվում են ոչ թույլատրելի, եթե չեն ներկայացվել Հաշտարարի վարույթում և այլն: Հատուկ կանոնների բացակայության պայմաններում կողմը չպետք է զրկվի ապացույց ներկայացնելու իրավունքից։

Վերոնշյալի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր ներկայացրած ապացույցի թույլատրելիությունը պայմանավորել է Հաշտարարի որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքով` միևնույն ժամանակ առանց պատշաճ վերլուծելու, թե ինչպե՞ս է ըստ էության վիճարկելու իրավունքը աներկբա ենթադրում նոր ապացույցների ներկայացում:

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1051, ՍԴՈ-1571 որոշումների առնչությամբ հարկ է նշել, որ նշված որոշումներում նշվել է որոշ դեպքերում Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հնարավորության մասին, ինչն ինքնին չի հակադրվում բողոքարկման գործընթացում որոշ ապացույցների անթույլատրելի համարվելուն:

Ինչ վերաբերում է Դիմողի մյուս դիրքորոշումներին, ապա դրանք ևս ունեն գնահատողական բնույթ և չեն պարունակում պատշաճ հիմնավորումներ։

Դատական ակտերի պատշաճ պատճառաբանության բացակայության վերաբերյալ գնահատականների առնչությամբ հարկ է նշել, որ դրանք, ինքնին, չեն կարող դիտվել որպես Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմնավորում:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածին, ապա հաշվի առնելով ներկայացված դիմումում առկա դիրքորոշումների համատեքստը, նշված իրավանորմի՝ հղում հանդիսանալու հանգամանքը և դրա հետ փոխկապակցված իրավանորմի սահմանադրականության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների բացակայությունը` Սահմանադրական դատարանը նշված իրավանորմի սահմանադրականությանը անդրադարձ չի կատարում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Լիգա ինշուրանս» ԱՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

10 դեկտեմբերի 2024 թվականի

ՍԴԱՈ-186

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-186
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել