«ՎԱՍԱԿ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 362-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 362-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 376-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ, 399-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 400-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-133)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 նոյեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 133 | «ՎԱՍԱԿ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 362-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 362-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 376-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ, 399-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 400-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎԱՍԱԿ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 362-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 362-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 376-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ, 399-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 400-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վասակ Գազանճյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 362-րդ հոդվածի 4-րդ մասի, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 399-րդ հոդվածի 1-ին մասի և 400-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վասակ Գազանճյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.
«(...) Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, նույն հոդվածի 4-րդ մասը, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 400-րդ հոդվածի 1-ին մասը՝ թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով տրված այն փաստացի մեկնաբանության շրջանակներում, որ այն դեպքում, երբ մինչև մեղադրյալի կալանքի օրինականության դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննությունը և դրա կապակցությամբ որոշում կայացնելը մեղադրյալն ազատվում է կալանքից, ապա Վճռաբեկ դատարանը, քրեադատավարական օրենքի էական խախտմամբ դրսևորված՝ մեղադրյալի իրավունքի խախտման փաստը ճանաչելով հանդերձ, չպետք է բեկանի ստորադաս դատարանի դատական ակտը, քանի որ ստորադաս դատարանի դատական ակտի բեկանումը չի վերականգնի մինչև իրավունքի խախտումն առկա իրավիճակը՝ այն պատճառաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահին մեղադրյալն այլևս անազատության մեջ չի գտնվում:
(...) Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասը՝ թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով տրված այն փաստացի մեկնաբանության շրջանակներում, որ մեղադրյալի կալանքի երկարաձգման մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ դատական ակտի դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիման վրա բողոքարկվող դատական ակտի ենթադրյալ բացասական հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ հնարավոր ամենասեղմ ժամկետը կարող է լինել ավելին, քան մեղադրյալի կալանքի վերջնաժամկետն է»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 400-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելու համար, նկատի ունենալով նաև 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշմամբ Սահմանադրական դատարանի արտահայտած սահմանադրաիրավական դիրքորոշումները, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որևէ իրավիճակ, երբ դատավարական որևէ սկզբունքի խախտմամբ դրսևորված քրեադատավարական օրենքի էական խախտում հայտնաբերելիս ու արձանագրելիս, իսկ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող՝ դատավարական որևէ սկզբունքի խախտմամբ դրսևորված քրեադատավարական օրենքի էական խախտում հայտնաբերելիս (անկախ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում վկայակոչված ու փաստարկված լինելուց), Վճռաբեկ դատարանը պարտադիր կերպով չբեկանի ստորադաս դատարանի դատական ակտը և չվերացնի անձի հիմնարար որևէ իրավունքի խախտման հետ կապված՝ ստորադաս դատարանի թույլ տված դատական սխալը:
Ըստ Դիմողի՝ այն դեպքում, երբ կալանքի կիրառման կամ կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը, թեև արձանագրում է ստորադաս դատարանների թույլ տված՝ մեղադրյալի հիմնարար իրավունքի խախտումը, սակայն չի բեկանում ստորադաս դատարանի դատական ակտը՝ չվերացնելով հիշյալ խախտումը, ապա մեղադրյալի համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասով և 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված երաշխիքները չեն գործում, այն է՝ մեղադրյալը ձեռք չի բերում կալանքից ազատվածի կարգավիճակ և, ըստ այդմ՝ առանց նոր հանգամանքի առկայության նույն քրեական գործով կրկին չկալանավորվելու երաշխիք:
Դիմողը գտնում է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ դատական պաշտպանության իրավունքի հետ համատեղելի չէ, այլ խոսքով՝ տվյալ իրավունքը խախտում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասը՝ թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով նշված հոդվածին տրված այն փաստացի մեկնաբանության կամ բովանդակության շրջանակներում, որ մեղադրյալի կալանքի երկարաձգման մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ դատական ակտի դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիման վրա բողոքարկվող դատական ակտի ենթադրյալ բացասական հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ հնարավոր ամենասեղմ ժամկետը կարող է լինել ավելին, քան մեղադրյալի կալանքի վերջնաժամկետն է:
Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 399-րդ հոդվածի 1-ին մասի և 400-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ կիրառումը խախտել է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ դատական պաշտպանության իրավունքն արդյունավետ իրացնելու իրավունքը՝ այնքանով, որքանով վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը խոչընդոտել է, որպեսզի ինքը ձեռք բերի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված՝ կալանքից ազատվածի կարգավիճակ և նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված երաշխիք՝ առանց նոր հանգամանքի նույն քրեական գործով կրկին չկալանավորվելու վերաբերյալ:
Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի դատական կազմի՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴԴԿՈ-42 և ՍԴԴԿՈ-43 որոշումները, նշում է. «(…) դիմողն անհատական դիմումում չի կարող պահպանել 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 և 2021թ. մարտի 10-ի ՍԴԱՈ-49 աշխատակարգային որոշումներով մեկնաբանված՝ անհատական դիմումի ընդունելիության պարտադիր վերոհիշյալ չափանիշները, եթե անհատական դիմումում չգնահատի կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքները, ինչպես նաև չբարձրացնի վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր:
(...)
• Սույն անհատական դիմումի 7-րդ կետում վկայակոչված են ոչ թե Վճռաբեկ դատարանի կողմից որևէ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցեր, այլ վկայակոչված են փաստարկներ՝ հիմնավորելու, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն չէ (...)»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից (...)»:
Վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի՝ իր հայեցողությամբ ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով՝ իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ։
Վերահաստատելով նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերապահված իր իրավունքի շրջանակներում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով՝ ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման՝ օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի նյութերի հետ՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողի կողմից միևնույն՝ թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործի շրջանակներում միևնույն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 399-րդ հոդվածի 1-ին մասի և 400-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ անհատական դիմում Սահմանադրական դատարան մուտքագրվել է նաև 2023 թվականի օգոստոսի 25-ին:
Սահմանադրական դատարանի դատական կազմը 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴԴԿՈ-42 որոշմամբ մերժել է նշված անհատական դիմումով գործի քննությունը՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
2023 թվականին սեպտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դիմողի սույն անհատական դիմումը, որով վերջինս կրկին վիճարկում է թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 399-րդ հոդվածի 1-ին մասի և 400-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը:
Ավելին, տվյալ պարագայում Դիմողը, ըստ էության, որոշակի ձևակերպումների փոփոխությամբ՝ նույնական «հիմնավորումներով» և «փաստարկներով» է վիճարկել վերոնշյալ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, որոնք վերջինս ներկայացրել է նաև 2023 թվականի օգոստոսի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով:
Ինչպես արդեն վերը վկայակոչվել է, Սահմանադրական դատարանը, 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներով գործերի քննության մերժման հիմքերին, մասնավորապես՝ ակնհայտ անհիմն դիմումներին, արձանագրել է, որ ակնհայտ անհիմն են այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից:
Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը, չի ենթադրում միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» նույն դատական գործի շրջանակներում կիրառված նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն այն պարագայում, երբ դրա քննության վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ աշխատակարգային որոշում։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով Դիմողն առավելապես իր անհամաձայնությունն է հայտնում Սահմանադրական դատարանի դատական կազմի 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴԴԿՈ-42 որոշման բովանդակության վերաբերյալ՝ նշելով, որ «(…) դիմողն անհատական դիմումում չի կարող պահպանել 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 և 2021թ. մարտի 10-ի ՍԴԱՈ-49 աշխատակարգային որոշումներով մեկնաբանված՝ անհատական դիմումի ընդունելիության պարտադիր վերոհիշյալ չափանիշները, եթե անհատական դիմումում չգնահատի կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքները, ինչպես նաև չբարձրացնի վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր:
(...)
• Սույն անհատական դիմումի 7-րդ կետում վկայակոչված են ոչ թե Վճռաբեկ դատարանի կողմից որևէ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցեր, այլ վկայակոչված են փաստարկներ՝ հիմնավորելու, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն չէ (...)»:
Այսպիսով, Դիմողը, ըստ էության, որոշակի ձևակերպումների փոփոխությամբ՝ նույնական «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է միևնույն՝ թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործի շրջանակներում կիրառված այն նույն դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, որոնց սահմանադրականությունը վիճարկել էր նաև իր՝ 2023 թվականի օգոստոսի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով: Ավելին՝ նշված անհատական դիմումի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի՝ գործի քննությունը մերժելու մասին 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴԴԿՈ-42 որոշումը։
Հետևաբար՝ Դիմողի՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ուստի՝ հիմք ընդունելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Վասակ Գազանճյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 362-րդ հոդվածի 4-րդ մասի, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 399-րդ հոդվածի 1-ին մասի և 400-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
10 նոյեմբերի 2023 թվականի
ՍԴԱՈ-133
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-133
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
