Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՀԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՀԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6814 հոկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-68)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հոկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 68 | ՎԱՀԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 հոկտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Վահան Հայրապետյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վահան Հայրապետյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 8-ին: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությամբ դիմումն ուղարկվել է համապատասխանեցման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածների պահանջներին, և վերստին մուտքագրվել է Սահմանադրական դատարան 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դիմողը խնդրում է.

«(…) քանի որ դատարանի կիրառած հոդվածները, մասնավորապես ՀՀ քաղ. օր-ի հ. 1243-ի. 1-ին և 2-րդ մասերը և հոդ. 3 կետ 1-ը; 2-ը ՇԴ/0822/02/12 քաղ. Գործով համապատասխան և կիրառելի չէ չի վերականգնել տուժողիս պատճառված վնասը և բերել է սխալ ելքի նաև հակասում են ՀՀ քաղ. դատ. օր-ի հոդ. 52.3-ին, ՀՀ քաղ. օր-ի հ. 17-ին, ՀՀ Սահմանադրության հոդ. 60-ն, ՀՀ Սահմանադրության /2015 թ. խմբ./ 62-րդ հոդ., ՀՀ Սահմանադրության /2005 թ. խմբ./ 20-րդ հոդ. 5-րդ մասի և ՀՀ Սահմանադրության /1995 թ. խմբ./ 40-րդ հոդ. 4-րդ մասի համաձայն տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով, ուստի խնդրում եմ, դատարանի կիրառած քաղ. օր-ի հոդ. 1243 հ. 1-ին; 2-րդ մասերը և հոդ. 3 կետ 1-ը; 2-ը համարել ՀՀ Սահմանադրությանը հակասող, ոչ օրինաչափ և հակասահմանադրական և ելնելով վերոգրյալից, խնդրում եմ գործը վարույթ ընդունելով զարգացնել նոր իրավունք, որը կլուծի Դիմումում բարձրացված խնդիրները կվերականգնի ՀՀ Սահմանադրությունով սահմանված երաշխիքները Մարդու Տուժողիս շահը, իրավունքը»:

2. Դիմողը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներով արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Դիմողը գտնում է, որ թիվ ՇԴ/0822/02/12 քաղաքացիական գործով չի իրականացվել ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, գործով ներկայացված ապացույցները չեն գնահատվել իրենց համակցության մեջ, ինչի արդյունքում կայացվել է ոչ իրավաչափ դատական ակտ: Մասնավորապես, ըստ դիմողի «...եթե դատարանը գտել է, որ վերը նշված փաստական հանգամանքների առկայության դեպքում ՀՀ քաղաքացիական օր-ի 1243 հ. կիրառելի է, ապա պարտավոր էր գործի բազմակողմանի և լրիվ քննություն ապահովելու համար կիրառեր նաև ՀՀ քաղաքացիական օր-ի 1239 հ. 4-րդ մասը, ինչը չի արել: (...) Քաղաքացիական օրենսդրությունը չի կարգավորում ժառանգներին պահանջներ ներկայացնելու կարգը: Այդ պատճառով յուրաքանչյուր անգամ դատարանը, տվյալ գործի հանգամանքներից և փաստական տվյալներից ելնելով, պետք է պարզի արդյոք ժառանգը տեղեկացված է եղել ժառանգատուի պարտավորությունների մասին, թե ոչ: Մինչդեռ դատարանը հայցվորի կողմից սույն հայցը դատարան ներկայացնելը /ժամկետի առումով/, դիտարկելով որպես Գ. Կարապետյանի ժառանգներին պահանջ ներկայացնելու փաստ, քննության առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե Մ. Կարապետյանը փաստացի տիրապետման հիմքով 19.10.05 թ. նոտարին ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու դիմում ներկայացնելիս, ինչպես նաև ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալիս տեղեկացված եղել է ժառանգատուի պարտավորություն-ի և դրանց կատարումը հայցվորի կողմից պահանջված լինելու մասին, թե ոչ»: Դիմողը գտնում է, որ գործում առկա է շահերի բախում տուժողի և ժառանգորդների միջև, քանի որ, եթե ժառանգորդը չընդունի ժառանգությունը, նա ոչինչ չի կորցնում, իսկ ընդունելով ժառանգությունը, որը հանցագործության միջոցով է ձեռք բերվել, ստանում է անօրինական եկամուտ, որը տուժողին է պատկանում: Հակառակ դրա, ըստ դիմողի, եթե տուժողը չստանա գումարը, նա կկորցնի իր սեփական միջոցները, որը հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածին: Դիմողը կարծում է, որ թիվ ՇԴ/0822/02/12 քաղաքացիական գործով դատարանը դրսևորել է անգործություն, խախտել կամ ճիշտ չի կիրառել Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնց հետևանքով դատարանը թույլ է տվել օրենքի կիրառման խախտում, չի կայացրել ճիշտ որոշում, ինչի արդյունքում տուժողի իրավունքն ու շահը մնացել են խախտված: Վերոգրյալով պայմանավորված դիմողը կարծում է, որ առկա է իրավունքի զարգացման խնդիր և խնդրում է Սահմանադրական դատարանին քննել, վերլուծել և գտնել նորմ, որով կվերականգնվի տուժողի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն ու շահը:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29-րդ հոդվածի պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3.1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ.

Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը` Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներին համապատասխան, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա. երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ. երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ. երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սույն գործով դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը դիմողի նկատմամբ չեն կիրառվել: Վերահաստատելով Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումը, համաձայն որի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ», Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթների մասով դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 3.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ.

Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ, հետագայում նաև այլ որոշումներով իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկան այնպիսի վեճերն են, որոնց հիմքում դրված է ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարց: Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանով, ըստ էության, բարձրացվել են վիճարկվող դրույթների առաջին ատյանի ընդհանուր իրավասության, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից կիրառման իրավաչափության, դատական ակտերի օրինականության հարցեր. այսինքն դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ դատարանների կողմից կայացված ակտերի իրավաչափության պարզում։ Վերոգրյալից բխում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի առնչությամբ ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց դիմողն ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, իսկ այդպիսի դիմումները, համաձայն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վահան Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Վաղարշյան

14 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-68

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հոկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-68
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել