ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵՎ ՇՈՒՇԱՆԻԿ ԱՖՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 դեկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 59 | ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵՎ ՇՈՒՇԱՆԻԿ ԱՖՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 11 դեկտեմբերի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով Մհեր Սեդրակյանի, Դավիթ Սեդրակյանի և Շուշանիկ Աֆյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մհեր Սեդրակյանը, Դավիթ Սեդրակյանը և Շուշանիկ Աֆյանը (այսուհետ Դիմողներ), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի նոյեմբերի 30-ին), խնդրել են հետևյալը. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ և 73-րդ հոդվածների 1-ին մասերին հակասող և անվավեր»։
2. Դիմողները նշում են, որ ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-270-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով հետադարձ ուժ է տրվել նույն օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված նոր ուսումնասիրության առավելագույն ժամկետը երեք տարի սահմանող նորմին դրանով վատթարացնելով այն անձանց իրավական վիճակը, որոնց գույքի ուսումնասիրությունը սկսվել է նախքան վերոնշյալ օրենքի ուժի մեջ մտնելը, մասնավորապես նշված անձինք զրկվել են ուսումնասիրությունը սկսելու պահից երկու տարի անց ներկայացված հայցերից հայցային վաղեմության կիրառման միջոցով իրենց սեփականության իրավունքը պաշտպանելու հնարավորությունից։ Հետևաբար ըստ դիմողի Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վերոնշյալ օրենքը չի կարող տարածվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այն վարույթների նկատմամբ, որոնք սկսվել են տվյալ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ և շարունակվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո։ Միաժամանակ, ըստ Դիմողների Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված «Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելու և քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին» որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման, ուստի սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, իսկ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (...) դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միայն միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հիշատակված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ (նշված դիրքորոշումն արտացոլված է նաև Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 1-ի ՍԴԱՈ-64 աշխատակարգային որոշման մեջ)։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված դրույթի, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում» (2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշում): Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, արձանագրում է հետևյալը. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Մհեր Սեդրակյանի, Դավիթ Սեդրակյանի, Շուշանիկ Աֆյանի և Ելիզավետա Մարգարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին: Մհեր Սեդրակյանի, Դավիթ Սեդրակյանի, Շուշանիկ Աֆյանի ներկայացուցիչները 2023 թվականի մայիսի 2-ին նախնական դատական նիստում ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 9-ի որոշմամբ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է և քաղաքացիական գործի քննությունը վերսկսել։ Ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների բովանդակությունից Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ օրենսդիրը տարբերակել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում» և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից հետևում է, որ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ոչ ենթակա միջանկյալ դատական ակտ է։ Մինչդեռ օրենսդրի կողմից հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման առնչությամբ վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն չնախատեսելը դեռևս չի բացառում նշված որոշման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում «հետաձգված բողոքարկման» հնարավորությունը։ Հիմք ընդունելով վերոնշյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողների կողմից չի իրացվել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը` գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու շրջանակներում հետաձգված կարգով բողոքարկելու օբյեկտիվ հնարավորությունը, այսինքն դեռևս առկա է Դիմողների կողմից բարձրացված հարցը վերադասության կարգով քննելու հնարավորություն։ Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կոնկրետ գործով Դիմողները չեն պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու անհատական դիմումին ուղղված սահմանադրական պահանջը, ինչը, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մհեր Սեդրակյանի, Դավիթ Սեդրակյանի և Շուշանիկ Աֆյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
11 դեկտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-59
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-59
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
