Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԽԱՉԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԽԱՉԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-213 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հունվարի 2023թ. ՍԴԴԿՈ - 2 | ԽԱՉԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 հունվարի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Խաչիկ Թորոսյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Խաչիկ Թորոսյանը (այսուհետ դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի դեկտեմբերի 27-ին)` խնդրելով. «1. Դիմումն ընդունել քննության Սահմանադրական դատարանում:

2. Որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 27-րդ և 61-րդ հոդվածներին հաշվի առնելով Առաջին ատյանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցի քննության ժամանակ անձին տրամադրվող երաշխիքների ծավալից նահանջի անթույլատրելիությունը»:

2. Դիմողի կողմից բարձրացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 287-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցը։ Ըստ դիմողի Օրենսգրքի 287-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգում է նրան, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը, որով կալանքն ընտրվում է որպես խափանման միջոց, վերաքննիչ քրեական դատարանում կարող է և պետք է վերանայվի գրավոր կարգով, ինչի արդյունքում սահմանափակվել են դիմումատուի իրավունքներն ու ազատությունները: Դիմողը նշում է. ...խափանման միջոցի կիրառման դատական երաշխիքները սահմանող [Օրենսգրքի] 37-րդ գլուխը նախատեսում է առանձին կարգավորում (հոդված 287), որտեղ ուղղակիորեն նախատեսում է Դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և դրա ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունների քննության բանավոր ընթացակարգ»: Դիմողը նշում է, որ Օրենսգրքի կարգավորումները սահմանադրական իրավունքի համատեքստում մեկնաբանելու դեպքում ստացվում է, որ Օրենսգիրքը նախատեսում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման բողոքարկման պարագայում բանավոր քննություն վերաքննիչ քրեական դատարանում: Դիմողը փաստում է, որ վարույթի իրականացումը բանավոր կարգով մեղադրյալին տրամադրվող հերթական երաշխիքն է: Բանավոր կարգով քննության դեպքում մեղադրյալն ունենում է հնարավորություն կանգնել դատարանի առջև, պատասխանել դատարանի հարցերին, ներկայացնել իր դիրքորոշումը, քանի որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս կամ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը վերանայելիս էական նշանակություն ունեն մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները, նրա վարքագիծը և այլն: Դիմողի պնդմամբ բանավոր քննության կամ դատալսման պայմաններում անձն ունենում է իրական հնարավորություն օգտվելու այդ երաշխիքներից: Դիմողն ընդգծում է, որ վերաքննիչ քրեական դատարանի մեկնաբանությունն այնպիսին է, որ հնարավորություն չի տալիս դիմումատուին իրացնել իր անձնական ազատության և դատական պաշտպանության հիմնական իրավունքները:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական հիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Այս համատեքստում սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների քննության ընդունելիությունը պայմանավորված է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված պահանջների համապատասխանությամբ։ Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ չի պահպանել իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պահանջը, այն է վերաքննիչ քրեական դատարանը դիմողի նկատմամբ չի կիրառել Օրենսգրքի վիճարկվող 287-րդ հոդվածը, այլ կիրառվել են Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասը, 268-րդ հոդվածի 4-րդ մասը և 391-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնց սահմանադրականության հարցը դիմողի կողմից չի բարձրացվել: Փաստորեն, դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի շրջանակներում վիճարկել է Օրենսգրքի 287-րդ հոդվածը, սակայն իր մատնանշած իրավահարաբերություների կարգավորումն իրականացվել և իր պնդմամբ ենթադրյալ անբարենպաստ իրավական հետևանքներ են առաջացրել Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասը, 268-րդ հոդվածի 4-րդ մասը և 391-րդ հոդվածի 3-րդ մասը: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող դրույթով սահմանված կարգավորումները, այն է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կարգը, վերաբերելի են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, այլ ոչ վերաքննիչ քրեական դատարանին: Հետևաբար դիմողի կողմից Օրենսգրքի վիճարկվող 287-րդ հոդվածը չի կիրառվել և չէր էլ կարող կիրառվել դիմողի նկատմամբ վերաքննիչ վարույթի կարգը որոշելիս, քանզի կարգավորում է դիմողի կողմից բարձրացված հիմնախնդրից դուրս իրավահարաբերություններ, ինչն էլ սույն գործի քննությունը մերժելու հիմք է: Վերահաստատելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում, այս դեպքում վիճարկվող իրավական նորմի իր նկատմամբ կիրառված չլինելու պարագայում, անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Խաչիկ Թորոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Հ. Հովակիմյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

13 հունվարի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել