«ԽԱՉԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-178)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 նոյեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 178 | «ԽԱՉԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԽԱՉԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Խաչատուր Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Խաչատուր Պետրոսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Ինգա Ավագյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի նոյեմբերի 4-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը»:
2. Ներկայացնելով թիվ ԵԱՔԴ/0196/01/17 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ իրեն մեղսագրված արարքը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-396-րդ հոդվածի 3-րդ մասին: Դիմողն ընդգծում է, որ «(...) նախկին և գործող ՀՀ քրեական օրենսգրքերով, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա, նոր ընդունված քրեական օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ նշված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով, մինչդեռ հանցանքը կատարելու պահին գործող օրենքով սահմանված էր ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով»: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ նոր օրենսդրության գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց վրա:
Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով:
Դիմողը պնդում է, որ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/0196/01/17 քրեական գործով 2024 թվականի մայիսի 31-ին կայացրած որոշմամբ շրջանցել է այն, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքով կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, այդ թվում՝ դրանց անցումային դրույթներով, սահմանված չէ որևէ հոդվածի և սանկցիայի համեմատության իրավունքը, և Վճռաբեկ դատարանը նախկին և գործող ՀՀ քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի համադրված գնահատման արդյունքում թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է՝ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, որը կիրառելի չէր՝ դրանով իսկ կայացնելով Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներին հակասող որոշում:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Այսինքն՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և (կամ) դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության գնահատումը:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես, Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) ՀՀ Վճռաբեկ դատարանը շրջանցել է այն, որ գործող քրեական օրենսգրքով կամ քրեական դատավարության օրենսգրքով, այդ թվում՝ անցումային դրույթներով սահմանված չէ որևէ հոդվածի և սանկցիայի համեմատության իրավունքը, և ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի համադրված գնահատման արդյունքում թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է՝ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, որը կիրառելի չէր, դրանով իսկ կայացնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ հոդվածներին հակասող որոշում»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները ևս՝ պարզ է դառնում, որ վերջինիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի հակասահմանադրականության վերաբերյալ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Խաչատուր Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
19 նոյեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-178
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-178
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
