ՍՈՒՍԱՆՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 7 | ՍՈՒՍԱՆՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 11 փետրվարի 2021 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Սուսաննա Սիմոնյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սուսաննա Սիմոնյանը (ներկայացուցիչ փաստաբան Ա. Կիվիրյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունվարի 25-ին) խնդրելով. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 57-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Վկայակոչելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի համանման դրույթը դիմողը գտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում առկա է օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշություն: Ըստ դիմողի օրենսդրական բացը կայանում է նրանում, որ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը չի պարունակում դրույթ այն մասին, որ գործատուի վարչակազմակերպական կառուցվածքի փոփոխության դեպքում, երբ առաջանում է հաստիքների կրճատման հարց, նախապատվությունը տրվում է առավել բարձր պաշտոն զբաղեցնող և/կամ առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող աշխատողին:
3. Ուսումնասիրելով անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ներկայացված անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի մասով, ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ դիմողը նշված դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացնում: Դիմումով ներկայացված բոլոր հիմնավորումները վերաբերում են նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթի սահմանադրականությանը: Ուստի, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում վիճարկվող իրավադրույթի վերաբերյալ որևէ հիմնավորում չներկայացնելը դիտարկվում է որպես դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմը արձանագրում է, որ թեև Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ առկա են Սահմանադրական դատարանի 2010 թվականի հունիսի 1-ի ՍԴՈ-891 և 2013 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-1074 որոշումները, այդուհանդերձ, դրանք հիմք չեն հանդիսանում քննարկվող դիմումի քննությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով մերժելու համար: Նման դիրքորոշման համար հիմք է հանդիսանում այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում օգտագործվում է «դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ» բառակապակցությունը, ինչը նշանակում է, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանի նախկինում կայացրած որոշման առկայությունը խոչընդոտ չէ որևէ իրավադրույթի սահմանադրականության հարցով գործը վարույթ ընդունելու համար, եթե բարձրացված հարցը նախկինում չի բարձրացվել և գնահատման առարկա չի դարձել Սահմանադրական դատարանի կողմից: Այդ առնչությամբ առկա է նաև Սահմանադրական դատարանի կողմից ձևավորված կայուն պրակտիկա: Քանի որ քննարկվող դիմումում Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ առկա չէ որևէ հիմնավորում, հետևաբար, հնարավոր չէ պնդել, որ քննարկվող դիմումում բարձրացված հարցը և ՍԴՈ-891, ՍԴՈ-1074 գործերով ներկայացված դիմումներում բարձրացված հարցերը նույնական են: Հետևաբար, գործի քննության ընդունումը Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի մասով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: Ինչ վերաբերում է օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, ապա այս մասով առկա չէ դիմումի քննությունը մերժելու հիմք, քանի որ
1. դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է այս հարցով դիմել Սահմանադրական դատարան, այն է
դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է դիտարկվող դրույթը, դիմողի նկատմամբ դիտարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
3. դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
4. դիմումում առաջադրված դիտարկվող հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
5. դիմումի առարկայի դիտարկվող դրույթի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
6. դիմումը դիտարկվող դրույթի մասով ակնհայտ անհիմն չէ,
7. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին և 3-7-րդ մասերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Սուսաննա Սիմոնյանի դիմումի հիման վրա Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սուսաննա Սիմոնյանի անհատական դիմումով գործի քննությունը Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի մասով, մերժել:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող Ա. Խաչատրյանի
Անդամներ Ա. Թունյանի
Ա. Վաղարշյանի
11 փետրվարի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-7
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
