Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6028 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-60)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 հուլիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 60 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 28 հուլիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է․ Շաթիրյանի

Քննության առնելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (այսուհետ նաև` Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արմեն Հարությունյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 22-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) վարույթ ընդունել սույն դիմումը և գործի քննության արդյունքում արձանագրել.

ՀՀ սահմանադրությանը գործող Օրենսգրքի 387-րդ և 391-րդ հոդվածների անհամապատասխանությունն այն մասով, որ դրանք չեն կարգավորում հատուկ կարծիքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուն և վճռաբեկության կարգով այն բողոքարկելու ժամկետին առնչվող հարցերը.

օրենսդրի կողմից խնդրին լուծում տալու անհրաժեշտությունը»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/3957/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, քննելով թիվ ԵԴ2/3957/02/25 քաղաքացիական գործն ըստ հայցի «Օպտիմում Գրուպ» և «Զովեր Քնսթրաքշն» ՍՊ ընկերությունների ընդդեմ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «(…) վճռել է հայցը բավարարել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից (…) հայցվորների օգտին բռնագանձել 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ՝ ի հատուցումն հայցվորների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի»:

Դիմողը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ նշում է, որ այն մերժվել է դատական կազմում ընդգրկված երեք դատավորներից երկուսի ձայների մեծամասնությամբ, իսկ երրորդ դատավորը գրել է հատուկ կարծիք՝ նշելով, որ «նշված հիմքերից յուրաքանչյուրը բավարար հիմք էր բողոքը բավարարելու, դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և հայցը մերժելու համար»:

Դիմողը, անդրադառնալով այն հանգամանքին, որ որոշումն էլեկտրոնային հարթակում հրապարակվել է 2026 թվականի հունվարի 29-ին և իրեն հասանելի դարձել 2026 թվականի փետրվարի 13-ին, իսկ հատուկ կարծիքը՝ 2026 թվականի մարտի 10-ին, նշում է, որ հիմք ընդունելով հատուկ կարծիքի հրապարակման ամսաթիվը՝ որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի մեկնարկի օր, ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք:

Դիմողը նշում է, որ իր միջնորդության հիմքում դրել է այն ակնհայտ ու անվիճելի փաստը, որ «բողոքի ներկայացման համար սկզբունքային և էական նշանակություն ունի Հատուկ կարծիքով արտահայտված իրավական դիրքորոշումը, որը ստորագրվել և պատասխանողին հասանելի է դարձել միայն 10.03.2026թ.»:

Դիմողը փաստում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 387 և 391-րդ հոդվածները, նշելով, որ վճռաբեկ բողոքը ներկայացվել է սահմանված 15-օրյա ժամկետի խախտմամբ, մերժել է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վճռաբեկ բողոքը թողել առանց քննության:

Ըստ Դիմողի՝ «(…) Հիմնադրամը զրկվել է Հատուկ կարծիքում ամրագրված դիրքորոշումների օգտագործմամբ ներկայացված վճռաբեկ բողոքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմանը վերագրված դատական սխալների՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գնահատման, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ և ՀՀ սահմանադրության 28-րդ, 61-րդ, 63-րդ, 74-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներով իրեն երաշխավորված՝ անկախ ու անաչառ դատարանի կողմից իր իրավունքների արդյունավետ պաշտպանության և իր գործի արդար քննության հիմնարար իրավունքներն օրենքի առաջ բոլորի հավասարության, համաչափության ու որոշակիության սկզբունքներին համապատասխան և դատական բոլոր ատյաններում սպառիչ կերպով իրացնելու հնարավորությունից»:

Դիմողը գտնում է, որ վերոշարադրյալը հետևանք է ոչ թե ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից դատական սխալներ թույլ տրվելու, այլ Օրենսգրքի՝ վերաքննիչ դատարանի դատական ակտերը վճռաբեկության կարգով բողոքարկելու ժամկետները և դրանց մեկնարկի պահերը սահմանող այն նորմերի որոշակի անկատարության, որոնք վերջինիս կողմից կիրառվել են դրանց տառին համապատասխան:

Դիմողը, վկայակոչելով Օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ մասն առ այն, որ մեծամասնության կարծիքին չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում, և հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին, գտնում է, որ բուն իրավական խնդիրը հանգում է հատուկ կարծիքի ինստիտուտին ու դրա նշանակությանը, ինչպես նաև հատուկ կարծիքի առկայության դեպքում դատական ակտի բողոքարկման ժամկետին ու դրա մեկնարկի պահին:

Դիմողը նաև նշում է, որ «[ն]որմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքերից»:

Դիմողը, Օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-11-րդ մասերը մեկնաբանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի լույսի ներքո, պնդում է, որ կոլեգիալ կազմով քննվող գործով ձայների մեծամասնությամբ կայացվող դատական ակտին զուգահեռ հայտնված և այդ ակտին հակադրվող հատուկ կարծիքը տվյալ դատական ակտի եթե ոչ բաղկացուցիչ մասը (հավելվածը), ապա առնվազն դրա պարտադիր դատավարական ուղեկիցն է դառնում (հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին), և այդպիսի դատական ակտի հետագա դատավարական շրջանառությունը կարող է կատարվել բացառապես հատուկ կարծիքի ուղեկցությամբ:

Դիմողի համոզմամբ՝ տվյալ դեպքում «(…) արդարադատության խորհրդանիշ հանդիսացող կշեռքի մի նժարին դրված է դատական ակտը, իսկ մյուսին` դրա անբաժանելի ուղեկիցը հանդիսացող ու դրան հակադրվող հատուկ կարծիքը, և գործի վերջնական լուծման հարցում ճիշտ կողմնորոշվելու համար այդ երկու նժարներն էլ իրենց կրած բեռով հավասարապես պետք է տեսանելի դառնան ոչ միայն դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննող դատական ատյանի, այլև բողոքը կազմող անձի համար, ընդ որում, վերջինի համար տեսանելի դառնալու պահից միայն կծագի նրա` պատշաճ ու լիարժեք այնպիսի բողոք կազմելու ողջամիտ հնարավորությունը, որում կներառվեն նաև դատավորի հեղինակած հատուկ կարծիքում առկա և դատական ակտը բողոքարկողի համար բարենպաստ իրավական դիրքորոշումներն ու հիմնավորումները»:

Դիմողը գտնում է, որ հատուկ կարծիքով ուղեկցվող դատական ակտը բողոքարկողին պարտադիր պետք է ընձեռի ողջամիտ հնարավորություն` նախքան բողոքը կազմելուն ձեռնամուխ լինելը ծանոթանալու հատուկ կարծիքին, և դա բխում է ոչ միայն Օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-11-րդ մասերով սահմանված կանոններից ու քաղաքացիական դատավարության սկզբունքներից, այլև Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներով յուրաքանչյուր անձին երաշխավորված իրավունքներից։

Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 387 և 391-րդ հոդվածները որևէ վերապահում կամ բացառություն չեն սահմանում այն դեպքերի առնչությամբ, երբ վերաքննիչ դատարանի երկու դատավորների ձայներով կայացված որոշումն ուղեկցվում է երրորդ դատավորի հատուկ կարծիքով, և հավելում, որ իրավական այդ վակուումը ժամկետային առումով անհամաչափ ու ինքնանպատակ սահմանափակում է վերաքննիչ բողոքը քննած դատարանի կազմում ընդգրկված դատավորի հատուկ կարծիքի իրավական շահառուի այն հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնք նրան երաշխավորված են Սահմանադրության վերը նշված հոդվածներով և առնչվում են վերաքննիչ դատարանի որոշման բողոքարկմանը, ինչպես նաև դրանով իսկ ի չիք են դառնում նաև հատուկ կարծիքի դատավարական նշանակությունն ու Օրենսգրքի 387 և 391-րդ հոդվածների համապատասխանությունը Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին:

Ըստ Դիմողի՝ հարցն իրավական և պատշաճ լուծում կարող է ստանալ բացառապես օրենսդրական ճանապարհով` գործող Օրենսգրքի 387 և 391-րդ հոդվածները հատուկ կարծիքի առկայության դեպքերին վերաբերող համապատասխան վերապահումներով լրացնելու միջոցով։

Դիմողը եզրահանգում է, որ «(…) ՀՀ ազգային ժողովը վրիպել է հատուկ կարծիքի առկայության դեպքում դատական ակտի բողոքարկման հատուկ ժամկետ սահմանելու հարցում, որպիսի օրենսդրական բացը հարիր չէ իրեն որպես իրավական հռչակած պետությանը և սպառնալիքի տակ է դնում հատուկ կարծիքի իրավական շահառուների այն հիմնական իրավունքները, որոնք նրանց երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ և կոչված են ապահովելու օրենքի առաջ գործին մասնակցող մյուս կողմի հետ նրանց հավասարությունը, արդար ու արդյունավետ դատական պաշտպանություն ստանալու նրանց հնարավորությունը»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմա-նադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատություն-ների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբա-նական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմա-նադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավա-

կան ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրու-թյան 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատություն-ների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ (...) դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Դիմողի կողմից, ըստ էության, բարձրացվում է օրենսդրական բացի առկայության հարց, այն է՝ մի կողմից՝ հատուկ կարծիքը, ըստ Օրենսգրքի, կցվում է դատական ակտին և «ուղեկցում» դրան, սակայն, մյուս կողմից՝ բողոքարկման ժամկետը սկսում է հոսել հատուկ կարծիքով չուղեկցվող դատական ակտն ստանալու պահից, ինչի հետևանքով, ըստ Դիմողի, անբարենպաստ դատական ակտի բողոքարկման իրավունքը դառնում է ոչ արդյունավետ։

Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը կարևոր է համարում ընդգծել, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատական կազմի՝ փոքրամասնության մեջ մնացած դատավորի հատուկ կարծիքի հիմնավորումները կարող են օգտակար լինել նույն կազմի՝ մեծամասնություն կազմած դատավորների դիրքորոշումների հիման վրա կայացված դատական ակտի դեմ բերվող վճռաբեկ բողոքը շարադրելու համար, սակայն ակնհայտ է, որ դատավորի հատուկ կարծիքի անմիջական նպատակը բոլորովին այլ է՝ դատավորի համոզմունքի դատավարականացման հնարավորություն նախատեսելը՝ որպես նրա անկախության երաշխիք, մինչդեռ դատավարության կողմի բողոքարկման իրավունքի հետ այն ունի զուտ դատավորի անկախության՝ նշված երաշխիքով ածանցվող կապ, որը բավարար չէ հիմնական իրավունքի նկատմամբ՝ Սահմանադրությանը ոչ համահունչ միջամտության հարց բարձրացնելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների/ազատությունների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

28 հուլիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-60

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-60
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել