ՌՈԲԻՆ-ՕՖԻԿ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 փետրվարի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 6 | ՌՈԲԻՆ-ՕՖԻԿ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 փետրվարի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Ռոբին-Օֆիկ Օսկանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Ռոբին-Օֆիկ Օսկանյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի փետրվարի 9-ին)` խնդրելով. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 66-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածին հակասող:
1. Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի, իսկ ենթադրյալ հանցագործությունը, ինչի մեջ մեղադրվում է ինքը, ավարտվել է դեռևս 2009 թվականին, որից անցել է 6 տարի, այսինքն` անցել է հանցագործության վաղեմության ժամկետը, և քրեական գործն ըստ էության ենթակա է կարճման` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն իր նկատմամբ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, և որ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ինքը հնարավոր է չհամարվի արդարացված, ինչն էլ հակասում է ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածին: Ըստ դիմողի` ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, մինչդեռ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն հռչակում անձի անմեղությունը:
2. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
1) Սահմանադրական իմպերատիվ պահանջ է դիմողի կողմից դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառած լինելու պայմանը, ինչը խնդրո առարկա գործի շրջանակներում չի պահպանվել: Այսպես դիմողը միջնորդություններ է ներկայացրել առաջին ատյանի դատարան` քրեական գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու մասին: Այնինչ, դատարանը 07.09.2015 թվականի որոշմամբ մերժել է սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությունը, մինչդեռ միջնորդությունները վերաբերել են քրեական գործի վարույթը կասեցնելուն և սահմանադրական դատարան դիմելուն: Դիմողը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը, եկել է այն եզրահանգման, որ սահմանադրական դատարան դիմելը մերժելու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը վերջնական դատական ակտ է, քանի որ ենթակա չէ բողոքարկման, և այդ համատեքստում ինքը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Հարկ է նշել, որ քրեական գործով վարույթը կասեցնելը և սահմանադրական դատարան դիմելը միասնական գործընթաց է առանց գործը կասեցնելու անհնար է դիմել ՀՀ սահմանադրական դատարան, և հակառակը գործի կասեցման հիմքը տվյալ պարագայում ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելն է: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը, թվարկելով քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը, ի թիվս այլնի, ամրագրում է, որ քրեական գործով վարույթը դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նույն հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ այս հիմքով գործի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` սահմանադրական դատարան կարող է դիմել` յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը: Վերոգրյալը վկայում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները.
2) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի վերաբերյալ.
Դիմումին կից ներկայացված դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է, որ մինչև դատական քննությունը սկսվելն ամբաստանյալ Ռոբին-Օֆիկ Օսկանյանին պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ օրենսգիրք) 35-րդ հոդվածը, ըստ որի` իր համաձայնության դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Սակայն վերջինս խորհրդակցելով իր պաշտպանյալի հետ` դատարանին հայտնել է, որ առարկում է, որպեսզի քրեական գործի վարույթը կարճվի վաղեմության ժամկետները անցնելու հիմքով: Դիմողի առաջ քաշած փաստարկներն առ այն, որ դատարանն սկզբում պետք է կարճեր գործը, հետո միայն ամբաստանյալից հարցներ նրա համաձայնությունը կամ անհամաձայնությունը, կամ այն, որ խնդրո առարկա դրույթի հիմքով քրեական գործի կարճումը չի հանգեցնում արդարացվածի կարգավիճակի, չի առնչվում օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներին: Արդարացվածի իրավական կարգավիճակի բովանդակությունը բացահայտում է օրենսգրքի 66-րդ հոդվածը, որի առաջին մասի համաձայն` արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: Այն, որ օրենսգրքի 66-րդ հոդվածը չի ներառում նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքը` վաղեմության ժամկետների հետ կապված, արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելու համար, որևէ կերպ պայմանավորված չէ օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականությամբ, հետևաբար, առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի կողմից վկայակոչված դրույթի և նրա իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև: Գործի վարույթի կարճումը վաղեմության հիմքով` չի ենթադրում անձի անմեղության կանխավարկածի խախտում: Ի տարբերություն արդարացվածի, այդ վաղեմության հիմքով գործի կարճման դեպքում անձը ձեռք չի բերում մի շարք իրավունքներ, որոնք նախատեսված են օրենսգրքի 66-րդ հոդվածում (օրինակ գույքային հատուցման իրավունք և այլն), բայց դա չի նշանակում, որ անձը համարվում է մեղավոր: Բացի դրանից, անձը, որի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել և քրեական հետապնդում չի իրականացվել կամ հարուցված քրեական գործը դադարեցվել է վաղեմության հիմքով, առարկում է կարճման դեմ, ապա գործի կարճում այդ հիմքով չի թույլատրվում, որի արդյունքում անձը կարող է արդարացվել և ձեռք բերել համապատասխան կարգավիճակ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ անհատական դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում.
3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ.
Դիմումին կից ներկայացված դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթը չի կիրառվել դիմողի նկատմամբ: Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել` «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Ռոբին-Օֆիկ Օսկանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
26 փետրվարի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 փետրվարի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
