ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 հոկտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 22 | ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
6 հոկտեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբª Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով Էդուարդ Խաչիկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Էդուարդ Խաչիկյանը 19.09.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» 1092 հոդվածը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 234 հոդվածի 1-ին և 233.2 հոդվածի 1-ին կետերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր 27.01.2017թ. վճռով մերժել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Էդուարդ Խաչիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2017թ. որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է և փոփոխվել: ՀՀ վճռաբեկ դատարանը 09.08.2017թ. որոշմամբ մերժել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2017թ. որոշման դեմ Էդուարդ Խաչիկյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
3. Դիմողի` վիճարկվող դրույթների ենթադրյալ
հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկներն առավելապես հանգում են նրան, որ ՎՏԲ բանկի պահանջը պետք է ուղղված լիներ սեփական աշխատակիցներին, որոնք թույլ են տվել խախտումներ, և որ բանկը չի ապացուցել իր կողմից վկայակոչված որևէ հանգամանք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի վերաբերյալ իր փաստարկները ներկայացնելիս դիմողը նշում է, որ իր բանկային քարտը դեբետային քարտ է, որի դեպքում քարտապանին չեն կարող տրամադրվել հաշվի վրա առկա կամ հաշվի մնացորդից ավել միջոցներ, և վիճարկվող դրույթով նախատեսված` «անհիմն հարստացում» եզրույթի բովանդակային կիրառումը դատարանների կողմից իր նկատմամբ հիմնավորված չէ քաղաքացիական դատավարությունում թույլատրելի համարվող որևէ ապացույցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին մասի և 234-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, կիրառելով վիճարկվող նշյալ դրույթները, անտեսելով նույն օրենսգրքի 228-րդ հոդվածի 5-րդ մասը, փաստացի արգելափակել է իր դատարանում իր շահերը պաշտպանելու, ինչպես նաև իր նկատմամբ կայացված դատական ակտի օրինականությունը վիճարկելու սահմանադրական իրավունքը:
4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, մասնավորապես.
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը ... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջն ինքնանպատակ չէ և համաձայն դրա վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով, ինչը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև.
վերոնշյալ դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությանն անդրադառնալով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել խնդրո առարկա դրույթների
հակասահմանադրականության վիճարկմամբ: Դիմողի փաստարկներն առ այն, որ «...ՀՀ վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի հակասահմանադրական կիրառումը, խախտել է 227-րդ հոդվածում նշված դատավարական իրավունքի նորմերը...», կամ` «... ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածով նախատեսված`«անհիմն հարստացում» եզրույթի բովանդակային կիրառումը դատարանների կողմից իր նկատմամբ հիմնավորված չէ քաղաքացիական դատավարությունում թույլատրելի համարվող որևէ ապացույցով...», վկայում են այն մասին, որ դիմողը վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի ներքո իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով.
` ՀՀ վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 9-ի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը վճռաբեկ բողոք է բերել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234- րդ հոդվածի 1-ի մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքերով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը նշված որոշմամբ արձանագրել է, որ «... բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար...»: Հետևաբար, դիմողի կողմից վիճարկվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի կիրառվել նրա նկատմամբ:
Անհատական դիմումին առաջադրվող պահանջներից է մեկն այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ: Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող է դիմել` «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:
Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի» առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք, քանի որ դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Էդուարդ Խաչիկյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
6 հոկտեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հոկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
