Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-238 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 փետրվարի 2022թ. ՍԴԱՈ - 23 | ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

Հաստատել և, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակել ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ համաձայն հավելվածի:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 փետրվարի 2022 թվականի

ՍԴԱՈ-23

Հավելված

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

2022 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ՍԴԱՈ-23

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՂՈՐԴՈՒՄ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2021 թվականին Սահմանադրական դատարան է մուտքագրվել 198 դիմում: Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների փաստացի պատկերը հետևյալն է.

1. պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ 10 դիմում,

2. Հանրապետության նախագահ – 6 դիմում,

3. Կառավարություն 29 դիմում,

4. տեղական ինքնակառավարման մարմիններ – 3 դիմում,

5. ֆիզիկական և իրավաբանական անձինք – 108 դիմում,

6. գլխավոր դատախազ – 1 դիմում,

7. Մարդու իրավունքների պաշտպան – 11 դիմում,

8. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ – 4 դիմում,

9. դատարաններ – 26 դիմում:

2021 թվականին Սահմանադրական դատարանը կայացրել է ընդհանուր առմամբ 404 որոշում, որոնցից 50 ըստ էության որոշում, 262 աշխատակարգային որոշում, 92 դատական կազմի որոշում:

ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 4 գործերով Սահմանադրական դատարանը կայացրել է ներքոգրյալ որոշումները.

1. «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1587 որոշմամբ 2021 թվականի ապրիլի 13-ին որոշել է.

«1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը»:

2. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1590 որոշմամբ 2021 թվականի ապրիլի 29-ին որոշել է.

«1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը»:

3. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին իր ՍԴՈ-1619 որոշմամբ որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ

ա) քննիչի, դատախազի, դատարանի` վարույթի կասեցման հայեցողական լիազորությունից չի բխում քրեական հետապնդման անձեռնմխելիությամբ պատգամավորին տրվող պաշտպանության հաղթահարման հարցով Ազգային ժողովին դիմելու իրավասու մարմնի գլխավոր դատախազի հայեցողական լիազորությունը,

բ) պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարված չլինելու պարագայում քրեական վարույթը չկասեցնելը որևէ կերպ չի նշանակում (ենթադրում) վարույթն իրականացնող մարմնի լիազորություն կատարելու գործողություններ (կայացնելու որոշումներ), որոնք ուղղակիորեն ներազդում են պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության վրա,

գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96- րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը»: ՍԴՈ-1619 որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ պատգամավորի կարգավիճակը պայմանավորող վերոնշյալ սահմանադրական երաշխիքներն ապահովում են պաշտպանության տարբեր շրջանակ ու տարբեր ժամկետներ և հետապնդում իրավաչափ նպատակներ ապահովելով

1) պատգամավորի անկախությունը անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելով ներկայացուցչական մանդատով օժտված անձի համար իր լիազորություններն արդյունավետ կերպով իրականացնելու համար նրան զերծ պահելով «արտաքին» (գործադիր իշխանության, քաղաքական հակառակորդների և այլոց) հետապնդումներից և/կամ անհիմն, քաղաքականապես մոտիվացված մեղադրանքի հնարավորությունից,

2) Ազգային ժողովի որպես օրենսդիր իշխանության մարմնի անկախությունը,

3) Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

Սահմանադրական դատարանի եզրահանգմամբ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը պայմանավորող և դրանից բխող սահմանադրական երկու երաշխիքներն ունեն հանրային-իրավական նշանակություն, հստակ նպատակներ և ուղղված են հանրային շահերի պաշտպանության ապահովմանը, ուստի այդ երաշխիքները չեն հանդիսանում և որևէ կերպ չեն կարող ընկալվել (մեկնաբանվել) իբրև առանձին անձանց վերապահված անձնական արտոնություն կամ առավելություն: Եվ նման ընկալման բացառումը ոչ միայն կհակադրվի քննարկվող երաշխիքների նպատակային նշանակությանը հանգեցնելով դրանց հանրային-իրավական նշանակության խեղմանը, այլև կխաթարի իրավունքի գերակայությունը հանգեցնելով Սահմանադրության 28-րդ հոդվածով երաշխավորված օրենքի առջև ընդհանուր հավասարության խախտմանը, ինչպես նաև որոշ դեպքերում` համապատասխան հանգամանքների առկայության պայմաններում առաջ կբերի դատական պաշտպանության և արդար դատական քննության իրավունքների անհամաչափ սահմանափակումներ (Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներ): Պատգամավորի անձեռնմխելիությունն իր նպատակային նշանակությանը ծառայելու, միևնույն ժամանակ պատգամավորի անձեռնմխելիությունից բխող վտանգները զսպելու և, մասնավորապես դրա առանձին անձանց վերապահված անձնական արտոնության կամ առավելության վերաճումը բացառելու համար Սահմանադրական դատարանը գտել է, որ անհրաժեշտ է պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը կանոնակարգող նորմերը (այդ թվում` նաև սահմանադրական նորմերը) խիստ նեղ մեկնաբանություն և կիրառություն ստանան որպես արդյունք ապահովելով հանրային և մասնավոր շահերի հավասարակշիռ պաշտպանությունը:

Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանը հանգել է եզրակացության, որ անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման և հետագայում այդ անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու միջև ընկած ժամանակային խզումն ինքնին վկայում է անձի նկատմամբ հարուցված (իրականացվող) քրեական հետապնդման և պատգամավորի խորհրդարանական գործունեության կապի բացակայության մասին, և նման պայմաններում, ելնելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտն անձնական արտոնության չվերաճելու և այն կանոնակարգող նորմերը խիստ նեղ մեկնաբանելու (կիրառելու) մոտեցումից, քրեական հետապնդում հարուցելուց հետո անձի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման շարունակության համար անհրաժեշտ չէ Ազգային ժողովի համաձայնությունը. նման պարագայում քրեական հետապնդման շարունակությունը պետք է իրականացվի ընդհանուր կարգով: Մյուս կողմից` Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ եթե անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու և նրա` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու միջև ժամանակային խզումն ինքնին վկայում է իրականացվող հետապնդման և պատգամավորի խորհրդարանական գործունեության կապի բացակայության մասին, դրանից ամենևին նույն կերպ չի կարող բխեցվել այն, որ ժամանակային այդ խզմամբ ինքնաբերաբար ապահովվում է նաև Ազգային ժողովի որպես օրենսդիր իշխանության մարմնի անկախությունը և դրա անխափան բնականոն գործունեությունը: Քանի որ նույնիսկ նման իրավիճակում չի բացառվում, որ տեղ գտնի անձի իրավունքների այնպիսի սահմանափակում (օրինակ անձը կալանավորվի), որով փաստացի բացառվի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձի խորհրդարանական գործունեության հնարավորությունն ընդհանրապես որպես հետևանք հանգեցնելով Ազգային ժողովի աշխատանքի խաթարմանը, վտանգելով Ազգային ժողովի անկախությունն ընդհանրապես:

Սահմանադրական դատարանը գտել է, որ պատգամավորը, բացի Սահմանադրության 96- րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված բացառիկ դեպքերից, չի կարող զրկվել ազատությունից (իսկ մինչ կարգավիճակի ձեռքբերումը ազատությունից զրկված լինելու դեպքում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո շարունակել ազատությունից զրկված մնալ), եթե Ազգային ժողովը տվյալ հարցով չի տվել իր համաձայնությունը. Ազգային ժողովից բացի որևէ այլ մարմին իրավասու չէ հաղթահարել պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող այդ պաշտպանությունը: Ավելին, սույն որոշմամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել նաև ընդգծել, որ քրեական վարույթի կասեցված լինելը կամ չլինելը, անձի անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարված չլինելու պարագայում, որևէ կերպ չի նշանակում վարույթն իրականացնող մարմնի լիազորություն կատարել գործողություններ (կայացնել որոշումներ), որոնք ուղղակիորեն ներազդում են պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության վրա: Հակառակը կնշանակի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իմպերատիվ պահանջի խախտում պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը դարձնելով ոչ իրական:

Օրենսդրական համապատասխան նորմերի հիման վրա կատարված համակարգային վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 295-րդ հոդվածի 1-ին մասի «...եթե գործի վարույթը կասեցվում է քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվելու հիմքով, ապա սույն օրենսգրքով իրավասու մարմինը օրենքով սահմանված կարգով լուծում է տվյալ անձին անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցը փոխելու հարցը» ձևակերպման մեջ տեղ գտած «ապա սույն օրենսգրքով իրավասու մարմինը օրենքով սահմանված կարգով լուծում է տվյալ անձին անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցը փոխելու հարցը» նախադասությունը պետք է ընկալվի` իրավասու մարմնի, կոնկրետ դեպքում գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով պատգամավորին կալանավորելու (ազատությունից զրկելուն համաձայնություն տալու) հարցով Ազգային ժողով դիմելու պարտականություն: Նման մեկնաբանության պարագայում բացառվում է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1- ին մասի և Սահմանադրության 96-րդ հոդվածի` Դիմողի կողմից բարձրացված թվացյալ հակասության հնարավորությունը:

4. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1621 որոշմամբ Սահմանադրական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 23-ին որոշել է. «1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի 1- ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության 4.1-ին կետի, 2-7-րդ ենթակետերի «դ» պարբերության համապատասխանաբար 8.1, 8.1, 8.1, 10.1, 5.1, 8.1-ին կետերի, 8-9- րդ ենթակետերի «բ» պարբերության համապատասխանաբար 5.1, 3.1-ին կետերի, 10-12- րդ ենթակետերի «դ» պարբերության 8.1-ին կետի, 13-րդ ենթակետի «դ», «ը», «ժա» պարբերությունների համապատասխանաբար 8.2, 17.1, 26.1-ին կետերի, 14-15-րդ ենթակետերի «դ» պարբերության 7.1-ին կետի, 16-րդ ենթակետի «բ» պարբերության 3.1-ին կետի, 17-20-րդ ենթակետերի «դ» պարբերության 7.1-ին կետի, 21-րդ ենթակետի «բ» պարբերության 5.1-ին կետի, 22-24-րդ ենթակետերի «դ» պարբերության 8.1-ին կետի, 2-րդ կետի 4-րդ ենթակետի 8.2-րդ կետի «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին:» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից»:

Խնդրո առարկա որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված պահանջն առ այն, որ պարտականությունները պետք է սահմանված լինեն օրենքով, ինքնանպատակ չէ, ուստի չի կարող ձևական բնույթ կրել, ինչը նշանակում է, որ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակության, կանխատեսելիության, մատչելիության որակական հատկանիշները, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենից ակնկալվող/պահանջվող վարքագծի հարցում:

Սահմանադրական դատարանը հարկ է համարել առանձնակի անդրադառնալ Հրամանի այն կարգավորմանը, որին համապատասխան ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին: Այդ առնչությամբ, մի կողմից նկատի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջի (վարքագծի նշված ձևի ընտրության պարագայում) կատարումը ենթադրում է ուղղակի ֆինանսական բեռ դրա հասցեատիրոջ աշխատողի համար, Սահմանադրական դատարանը գտել է, որ Հրամանով աշխատողի համար ծախս կատարելու/ֆինանսական բեռ կրելու պահանջ («իր հաշվին») սահմանելը խնդրահարույց է նշված իրավակարգավորման Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին և, ըստ այդմ 39-րդ հոդվածին համապատասխանության առումով: Այսպես Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ 2-րդ մասին համապատասխան Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ Օրենքի «Սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները» վերտառությամբ 4-րդ հոդվածով սանիտարական կանոնների բովանդակությունը, սուբյեկտների համապատասխան շրջանակի համար այդ կանոններին հետևելու, դրանց կատարման պարտադիրությունն Օրենքի «Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում» վերտառությամբ 6-րդ հոդվածի 3-րդ կետով առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իր իրավասության շրջանակներում սանիտարական կանոնները մշակելու և հաստատելու լիազորությունն ամրագրող, ինչպես նաև Օրենքի այլ իրավակարգավորումներից չի բխում, որ Օրենքն Առողջապահության նախարարին վերապահել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակը սահմանելու լիազորություն:

Սահմանադրական դատարանն ակնհայտ է համարել, որ խնդրո առարկա պահանջի հասցեատերն աշխատողն է, սակայն Առողջապահության նախարարը Հրամանով պահանջի հասցեատիրոջ աշխատողի վրա ՊՇՌ հետազոտությունը սեփական միջոցների հաշվին իրականացնելու պարտականություն սահմանելու համար համապատասխան լիազորություն չունի: Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակում Սահմանադրական դատարանը շեշտադրել է, որ իր խնդիրը չէ օրենսդրի, իսկ օրենսդրի կողմից այլ մարմինների լիազորած լինելու դեպքում վերջիններիս փոխարեն որոշել, թե ով է կրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության դիմաց վճարման պարտականությունը. Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության դիմաց վճարման պարտականությունը, անկախ այն հանգամանքից, որ այն բնականորեն կրում է աշխատողը, այդուհանդերձ, ՊՇՌ հետազոտության ծառայությունների մատուցման իրավահարաբերություններում գույքային պարտականությունների կրողների շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարի լիազորություններից: Դրանք կարգավորվում են այլ իրավական ակտերով, որոնց սահմանադրականության ստուգումը սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակից դուրս է:

Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ պետության սոցիալական սահմանադրաիրավական բնույթը ենթադրում է սոցիալական պաշտպանվածության ապահովման համար անհրաժեշտ համապատասխան ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծում ու կենսագործում, որոնք կոչված են երաշխավորել, նախ և առաջ, հասարակության խոցելի խմբերի իրավունքների արդյունավետ իրացումը։ Իրեն սոցիալական հռչակած պետության ներսում անձը իր ողջամիտ սպասելիքների և պահանջմունքների բավարարման առումով, մշտապես պետք է զգա պետության հոգածությունը։ Սահմանադրական դատարանը գտել է, որ Հրամանին համապատասխան առանձին խումբ աշխատողների (առանձին սոցիալական խմբերի) համար (կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից բխող ֆինանսական բեռի մասով) հատուկ կարգավորումներ նախատեսելը պետության հայեցողության և հնարավորությունների տիրույթում է, ինչն առհասարակ չի բացառում պետության կողմից ֆինանսական բեռի/ծախսերի ստանձնումը պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով (այդ թվում նվազագույն աշխատավարձի չափով): Սահմանադրական դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում առաջացած իրավիճակը ենթադրում է կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը նաև հանրային աջակցություն սոցիալական համերաշխության օրակարգով:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 2 գործի վարույթ մասամբ կարճվել է: Այսպես.

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ կարճելու մասին 2021 թվականի փետրվարի 11-ի ՍԴԱՈ-27 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմում ներկայացնելով Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի շրջանակներում Դիմողը, ըստ էության, վիճարկել է 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված և 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանը շեշտել է, որ Սահմանադրությունը չի նախատեսում Սահմանադրական դատարանի Սահմանադրության փոփոխությունների կամ այլ կերպ` ուժի մեջ մտած Սահմանադրության դրույթների նկատմամբ սահմանադրական վերահսկողություն իրականացնելու լիազորություն: Նման լիազորության բացակայությունը և բացառումը Սահմանադրական դատարանի համար ոչ միայն սահմանադրի կամքն է ուղղակի միտումով այն չնախատեսելով Սահմանադրությամբ որպես Սահմանադրական դատարանի լիազորությունների միակ աղբյուր, այլ նաև լայնորեն տարածված մոտեցում է այլ պետությունների սահմանադրական արդարադատական պրակտիկայում: Սահմանադրական դատարանը հաստատել է, որ Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի համար նման լիազորության բացառումը բխում է սահմանադրի ինքնիշխան կարգավիճակից, որի կամքի նկատմամբ չի կարող գերակայել որևէ իշխանության կամ մարմնի կամ պաշտոնատար անձի կամքը, քանի որ վերջիններիս գոյությունը, լիազորությունները և կարգավիճակն ինքնին հիմնված և սահմանված են նույն սահմանադրի կամքով Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարաննն ընդգծել է, որ սահմանադրական արդարադատության կարգով նման վեճերի քննության ընթացքում կողմերը պետք է հիմնավորեն, թե սահմանադրական նորմերի սխալ մեկնաբանման հետևանքով իրենց հիշյալ լիազորություններից ո՛րը և ինչպե՛ս է խախտվել սահմանադրական այլ մարմինների կողմից:

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով և զարգացնելով իր նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է.

«- Սահմանադրությամբ երաշխավորված սահմանադրական-դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում համապատասխան սուբյեկտի` իր հայեցողությամբ այդպիսի պաշտպանության ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են խախտված իրավունքների սահմանադրական-դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ,

սահմանադրական-դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման Օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, Դիմողը, ինչպես և շահագրգիռ այլ անձինք (դատավարության մյուս մասնակիցները) Սահմանադրական դատարանում իրավասու և պարտավորված են կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրական դատարանի լիազորություններն սպառիչ թվարկված են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը սահմանված է հիշյալ օրենքով։

սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու լիազորությունը Սահմանադրական դատարանն իրականացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտների դիմումներով, որոնց ընդունելիության, քննության հարցում ղեկավարվում է Սահմանադրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 75-րդ հոդվածներով»:

Սահմանադրական դատարանը գտել է, որ սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճի լուծումը պետք է տեղի ունենա Սահմանադրության 168- րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու նպատակով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված կարգով գործի քննության արդյունքում: Եվ միայն նշված ընթացակարգով սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճը լուծելու անհնարինության դեպքում հնարավոր կլինի արդարացված համարել սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճի լուծումը Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված լիազորության հիման վրա և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված կարգով գործի քննության արդյունքում:

2. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5- րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի և «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի մասով կարճելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. « …Վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում» (2019 թվականի նոյեմբերի 26-ի ՍԴԱՈ-141 աշխատակարգային որոշման 5 և 6-րդ կետեր)»:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Սահմանադրական դատարան դիմող այնպիսի սուբյեկտների պարագայում, որպիսիք են, օրինակ, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Ազգային ժողովի խմբակցությունը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և այլն, օրենսդրի մոտեցումը սահմանափակվել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող ընդհանուր ձևական բնույթի պահանջների շարադրմամբ, ամենևին չի վկայում դիմումում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ պատշաճ հիմնավորումներ ներկայացնելու` Դիմողների պարտականության բացակայության մասին:

2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված 1 դիմումով գործի քննությունը մերժվել է, այսպես Սահմանադրական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունած ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ մերժել է «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի այնքանով, որքանով տարածվում է նաև պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա, 11-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետի այնքանով, որքանով տարածվում է նաև Ազգային ժողովի պատգամավորների վրա Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը: Սույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ սահմանադիրը վերջիններիս իրավունք է վերապահել հայցել սահմանադրական արդարադատություն բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է Սահմանադրության 168-րդ հոդվածով եզրագծված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն: Սահմանադրական դատարանը փաստել է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու, հանգամանքը:

Խնդրո առարկա աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «…Հիշատակված սուբյեկտները, ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից, պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը:

Սահմանադրական դատարանը Դիմողի ուշադրությունն է հրավիրում Օրենքի «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2- րդ մասի 4-րդ կետին, որով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը սահմանել է սեփական փաստարկները ներկայացնելու պահանջ»:

Սահմանադրական դատարանն ընդգծել է նաև, որ Սահմանադրական դատարանի բացառիկ առաքելությունը սահմանադրական արդարադատության իրականացումն է Սահմանադրության մեկնաբանության առնչությամբ առաջացած բոլոր վեճերը լուծելու և վերջնարդյունքում Սահմանադրության գերակայությունն ու դրա միատեսակ կիրառությունն ապահովելու միջոցով: Թեև Սահմանադրական դատարանի որոշումները կանխորոշիչ նշանակություն ունեն պետության իրավական քաղաքականության մշակման և կերտման հարցում, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը չի կարող ստանձնել այլ պետական մարմինների կողմից իրենց սահմանադրական լիազորությունները պատշաճ կարգով կատարելու երաշխավորի առաքելություն գնահատելով դրանց գործողությունների իրավաչափությունը, եթե, իհարկե, դրան հնարավոր չէ հասնել բացառապես սահմանադրաիրավական նորմերի մեկնաբանման եղանակով: Հանրապետության նախագահի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները

Հանրապետության նախագահի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 6 գործերով Սահմանադրական դատարանը կայացրել է ներքոգրյալ որոշումները, ընդ որում նշված գործերից մեկով գործի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել: Այսպես.

1. «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1603 որոշմամբ 2021 թվականի հունիսի 15-ին որոշել է. «1. Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքը համապատասխանում են Սահմանադրությանը»:

2. «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա ՀՀ ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1608 որոշմամբ 2021 թվականի օգոստոսի 2-ին որոշել է.

«1. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և հարակից «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի մասով, ճանաչել Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող»: Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1608 որոշմամբ փաստել է, որ Սահմանադրության 38- րդ հոդվածի 3-րդ մասում տեղ գտած ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, իբրև կրթության իրավունքի բաղադրատարր բուհերում գիտակրթական գործընթացի սուբյեկտների իրավունք, ներառում է սովորելու և դասավանդելու (սովորեցնելու), հետազոտություններ իրականացնելու, դրա արդյունքները տարածելու և հրապարակելու, ներկայացուցչական, ինչպես նաև գիտական մարմիններին մասնակցություն ունենալու, քննարկումների ազատության, այդ թվում նաև այն համակարգի կամ ինստիտուտի մասին, որում աշխատում են, ազատորեն կարծիք արտահայտելու ազատություն:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ թեև Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով բուհերի ինքնակառավարման իրավունքի շրջանակի որոշումը վերապահված է օրենսդրին, սակայն ելնելով նույն հոդվածում 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում տեղ գտած այն շեշտադրումից, որ բուհերի ինքնակառավարման իրավունքը ներառում է ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդրի հայեցողությունը բուհի ինքնակառավարման շրջանակը սահմանելիս սահմանափակված է, և օրենսդիրն իրավասու չէ այդ շրջանակն այնչափ «նեղացնել», որ ինքնաբերաբար հանգեցնի բուհերում գիտակրթական գործընթացի սուբյեկտների ակադեմիական և հետազոտական ազատության իրավունքի սահմանափակմանը այն վերջիններիս համար վերածելով առավելապես վերացական և պատրանքային իրավունքի: Սահմանադրական դատարանը շեշտադրել է, որ Օրենքով նախատեսված կանոնակարգումներով ստեղծվում է մի իրավիճակ, ըստ որի գործադիր իշխանությունը (հանձինս բարձրագույն կրթության և գիտության համակարգում լիազոր մարմնի և նրա ղեկավարի) ստանում է հանրային բուհի կառավարման բոլոր երեք մարմինների վրա առանցքային ազդեցություն: Եվ հաշվի առնելով նաև, որ այդ մարմինների լիազորությունների թվում են այնպիսիները, որոնք անմիջականորեն առնչվում են բուհերում գիտակրթական գործընթացի սուբյեկտների ակադեմիական և հետազոտական ազատության հարցերին, Սահմանադրական դատարանը փաստել է, որ վերոնշյալ օրենսդրական կարգավորումներով անհամաչափորեն սահմանափակվում է հանրային բուհերի ինքնավարությունը, ինչը որպես հետևանք վտանգում է բուհերում գիտակրթական գործընթացի սուբյեկտների ակադեմիական և հետազոտական ազատությունը վերջիններիս համար այդ իրավունքը դարձնելով առավելապես պատրանքային և ոչ իրական:

Ավելին, Սահմանադրական դատարանը գտել է, որ գիտական կազմակերպության 65 տարին լրացած տնօրենների, ակադեմիական ոլորտի 70 տարին լրացած բուհական աշխատողների, ինչպես նաև բուհական համակարգում վարչական պաշտոններ զբաղեցնող և 65 տարին լրացած անձանց նկատմամբ նշված պաշտոններում պաշտոնավարման սահմանափակումների տեսքով տարբերակված վերաբերմունքը միտված է իրավաչափ հանրային շահի ապահովմանը, իսկ դրան ուղղված անհատական իրավունքների սահմանափակումները համատեղելի են Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների սահմանափակման չափանիշների իրավական շրջանակներին, համապատասխանում են աշխատանքային իրավունքում պետության որդեգրած աշխատանքային և կենսաթոշակային տարիքի ընդհանուր հայեցակարգին։ Հետևաբար խնդրո առարկա տարբերակված վերաբերմունքի վերաբերյալ իրավական կարգավորումները չեն հակասում օրենքի առջև հավասարության և խտրականության արգելքի մասին Սահմանադրության դրույթներին։

3. «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1612 որոշմամբ 2021 թվականի հոկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարանը որոշել է. «1. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը»:

4. «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 19-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1613 որոշմամբ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանը որոշել է.

«1. Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 19-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և հարակից «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 2-րդ, 9-19-րդ հոդվածների, 20-րդ հոդվածի 2 և 4-րդ մասերի, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի մասով ճանաչել Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասին հակասող»:

Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1613 որոշմամբ անհրաժեշտ է համարել շեշտադրել, որ օրենսդրորեն առհասարակ նախատեսված չեն չափանիշներ առանձին բարդության գործեր առանձնացնելու և դրանց քննության համար դատավորներ ընտրելու իրավասության իրացման համար, որպիսի անորոշությունը կարող է վտանգի տակ դնել նաև անկախ և անաչառ դատարանի առկայության սահմանադրական պահանջի ապահովումը, քանի որ ինչպես դատարան դիմող սուբյեկտների, այնպես էլ դատավորների համար անկանխատեսելի է դառնում առանձին բարդության գործեր առանձնացնելու և դրանց քննության համար դատավորներ ընտրելու գործընթացը, ինչը մի շարք դեպքերում կարող է հանգեցնել կամայականությունների վտանգելով անկախ և անաչառ դատաքննության իրականացումը:

Սահմանադրական դատարանը գտել է, որ առանձնակի բարդության գործեր քննող դատավորների տարանջատումը չի կարող դիտարկվել որպես տարանջատում մասնագիտացման հիմքով:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վիճարկվող իրավակարգավորումը առանձին բարդության գործեր քննող դատավորներ ընտրելու մասով, չի համապատասխանում դատավորի սահմանադրաիրավական կարգավիճակին և դրա հետ փոխկապակցված արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող անկախության և անաչառության սկզբունքների պահանջներին:

Բացի դրանից, սույն որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ վիճարկվող նորմերով նախատեսվող կարգավորումները Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց են այն առումով, որ կոնկրետ դատական գործի քննությունն իրականացնող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ դիմումը կարող է ԲԴԽ ներկայացնել այդ գործով դատավարության մասնակիցներից որևէ մեկը նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ տվյալ գործի քննությունը դեռ ընթացքի մեջ է: Այլ կերպ, առավելապես համընկնող ժամանակահատվածի ընթացքում տեղի ունեցող դատավարություններից մեկով (ԲԴԽ-ում) դատավորը հանդես է գալու պատասխանողի կարգավիճակում այն անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթով, որի մասնակցությամբ մյուս գործով նա հանդիսանում է որպես գործը քննող դատավոր: Տվյալ դեպքում երկրորդ գործի մասով ուղղակիորեն խաթարվելու է այդ գործով դատավորի անաչառության և անկախության վերաբերյալ վստահությունը: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատավարության կողմերին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու համար լրացուցիչ հնարավորություններ նախատեսելն ինքնին խնդրահարույց չէ, պայմանով, որ կնախատեսվեն անհրաժեշտ և բավարար օրենսդրական կառուցակարգեր ապահովելու համար, որպեսզի չխաթարվեն դատարանների և դատավորների անկախության հիմնարար սկզբունքները, որևէ կերպ չի միջամտվի այլոց արդար դատաքննության հիմնական իրավունքի իրացմանը, կասկածի տակ չի դրվի դատավորի և դատարանի բարձր հեղինակությունը և մասնագիտական ձեռնահասությունը և հաշվի կառնվեն, այդ թվում սույն որոշմամբ արտահայտված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները:

5. «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ- 1616 որոշմամբ Սահմանադրական դատարանը 2021 թվականի նոյեմբերի 2-ին որոշել է. «1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

6. Սահմանադրական դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 12-ի նիստում քննության է առել «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա 2021 թվականի ապրիլի 14- ին Ազգային ժողովի ընդունած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից 8 օրենքների Սահմանադրությանը համապա-տասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի նշված դիմումը համարվել է մերժված:

Կառավարության դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները

2021 թվականին Կառավարության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված 29 դիմումները (1 դիմում վերադարձվել է) վերաբերում են միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունների սահմանադրականությանը:

2021 թվականին Սահմանադրական դատարանը միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործերով դիմումների հիման վրա ընդունել է 18 որոշում, որոնցից 2-ով դիմումները Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2020 թվականին:

2021 թվականին մուտքագրված 29 դիմումներից Սահմանադրական դատարանի կողմից քննության են ընդունվել 25-ը, 3 դիմումներով գործերի քննության ընդունելու հարցը որոշվելու է 2022 թվականին և 6 գործերով դատաքննությունը կսկսվի 2022 թվականին, իսկ 1 գործով կայացվել է վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում (14.12.2021թ. ՍԴԱՈ-253), քանի որ անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ և ստանալ տեղեկություններ: Քննության ընդունված 25 դիմումներով 2021 թվականին կայացվել է 16 որոշում: Սահմանադրական դատարան ներկայացված Սահմանադրական դատարանի կողմից 2021 թվականին քննության առնված բոլոր 18 միջազգային պայմանագրերը 2021 թվականի ընթացքում վավերացվել են Ազգային ժողովի կողմից:

2021 թվականի ապրիլի 29-ին Սահմանադրական դատարանը ՍԴԱՈ-87 աշխատակարգային որոշմամբ կարճել է «1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը: Վերոհիշյալ գործով դիմումը Կառավարության կողմից Սահմանադրական դատարան էր ներկայացվել դեռևս 2020 թվականին, և 2020 թվականի ապրիլի 14-ին Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-85 աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր նշված գործի վարույթը մինչև Կառավարության կողմից հիշյալ համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալը:

Վերոհիշյալ ՍԴԱՈ-87 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.

«2. Դիմումի և դրան կից փաստաթղթերի, մասնավորապես «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը նույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված այն դեպքերում, երբ կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում սույն գործի վարույթը կասեցվել է 2020 թվականի ապրիլի 14-ին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով, մասնավորապես Կառավարության կողմից «1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալու նպատակով, մինչդեռ գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում նշված հիմքը չի վերացել (Համաձայնագրի բնագիր անգլերեն և հայերեն թարգմանված տեքստերի միջև առկա են էական անհամապատասխանություններ), և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է»:

2021 թվականի նոյեմբերի 1-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Կառավարության նոր դիմումը` վերոհիշյալ Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, և Սահմանադրական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-249 աշխատակարգային որոշմամբ նշված գործն ընդունել է քննության, գործի դատաքննության սկսելու օր է նշանակել 2022 թվականի հունվարի 18-ը, և Սահմանադրական դատարանը 2022 թվականի հունվարի 18-ին ընդունել է ՍԴՈ-1625 որոշումը:

Քննության առնված «2021 թվականի փետրվարի 18-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր` 04.05.2021թ. ՍԴՈ-1591 որոշմամբ նշել է, որ իր որոշումներում բազմիցս անդրադարձել է վարկային (փոխառության) միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին, և սույն գործով քննության առարկա Համաձայնագիրը ևս պահանջում է պատշաճ վերահսկողություն վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման և Ծրագրի իրականացման ու կառավարման առումով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու համար: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված դիմումների հիման ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2021 թվականի ընթացքում քննության առնված 3 գործերով Սահմանադրական դատարանը կայացրել է ներքոգրյալ որոշումները, ընդ որում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանի, Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի, Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի 2021 թվականի փետրվարի 19-ին և Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի 2021 թվականի հուլիսի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների հիման վրա ընդունված գործերը Սահմանադրական դատարանի 2021 թվականի ՍԴԱՈ-167 աշխատակարգային որոշմամբ միավորվել են, և հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, նշված դիմումները համարվել են մերժված: Այսպես.

1. «Կոտայքի մարզի «Աբովյան» համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի, Կոտայքի մարզի «Ծաղկաձոր» համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի և Կոտայքի մարզի «Նոր Հաճն» համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի դիմումի հիման վրա` «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1593 որոշմամբ 2021 թվականի մայիսի 14-ին որոշել է. «1. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չեն ապահովում համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։

2. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը նույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո տեղական հանրաքվեի նշանակումն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության հիմքով համայնքի ղեկավարի կողմից մերժման ենթակա լինելու մասով, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։

3. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը համայնքի բյուջեում համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ այդ միջոցների անբավարարության դեպքում համապատասխան ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին կատարելը չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190- րդ հոդվածին հակասող և անվավեր»:

Սույն գործով Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ Սահմանադրությունը հնարավոր է համարում համայնքների միավորումը կամ բաժանումը, որն իրականացվում է բացառապես Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով, որի հիմքում կարող են դրվել բացառապես հանրային շահերը։ Այսինքն համայնքների միավորման կամ բաժանման բոլոր դեպքերում անհրաժեշտ է պատշաճ ընթացակարգերի միջոցով վերհանել այն հանրային շահերը, որոնք կպայմանավորեն նման փոփոխությունների կատարումը բացառելով համայնքների միավորման կամ բաժանման հիմքում ցանկացած այլ շահ դնելը։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանը փաստել է, որ Սահմանադրությունը, հաշվի առնելով համայնքների միավորման կամ բաժանման կարևոր նշանակությունը համապատասխան համայնքների համար, ամրագրում է այդ գործընթացում վերջիններիս լսված լինելու իրավունքը։ Հատկանշական է, որ քննարկվող սահմանադրական դրույթով որպես համայնքների միավորման կամ բաժանման հարցի շրջանակներում լսված լինելու իրավունքի կրող նշվել է համայնքը, ուստի Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ գործընթացում Ազգային ժողովը պետք է լսի համայնքի որպես մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրության կարծիքը, որը, սակայն, ունի ոչ թե պարտադիր, այլ խորհրդատվական նշանակություն։

Սահմանադրական դատարանը շեշտադրել է, որ համայնքների միավորման կամ բաժանման գործընթացը կարգավորող իրավանորմեր սահմանելիս օրենսդիրը պետք է առաջնորդվի սահմանադրական կարգավորումներից բխող հետևյալ իրավական մոտեցումներով.

1) համայնքների միավորման կամ բաժանման հիմքում պետք է ընկած լինեն հանրային շահերը.

2) համայնքների միավորման կամ բաժանման ժամանակ անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ համայնքների բնակիչների կարծիքն Ազգային ժողովում լսելի դարձնելու մեխանիզմ.

3) այն պետք է գործադրվի ժամանակին, այսինքն համայնքների միավորման կամ բաժանման գործընթացի այն փուլում, երբ համայնքները կունենան իրենց համար հիմնարար նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացնելու և այդպիսով կայացվող վերջնական որոշման վրա ազդելու հնարավորություն.

4) այն պետք է գործադրվի այնպիսի եղանակով, որը կապահովի համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ շահագրգիռ համայնքների կարծիքը վեր հանելու և ներկայացնելու իրական և արդյունավետ հնարավորություն: Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքով միայն համապատասխան համայնքի բնակիչներին օժտելը Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե ապահովված լինեին այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, քանի որ քննարկվող դեպքում բուն խնդիրը վերաբերում է համայնքների միավորման կամ բաժանման հարցը լուծելիս ոչ թե կոնկրետ հանրաքվեի ինստիտուտին կամ այն նախաձեռնելու սուբյեկտների կազմին, այլ առավելապես համայնքի կարծիքն իրապես լսելի դարձնող արդյունավետ մեթոդին և դրա կիրարկման արդյունավետությունն ապահովող կառուցակարգերին։ Սահմանադրական դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի գնահատմամբ առկա չեն այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ համայնքների կարծիքը վերհանելու այլ արդյունավետ կառուցակարգեր, նախաձեռնվող տեղական հանրաքվեի ֆինանսավորումը պետք է կատարվի պետության կողմից այն դեպքում և այնքանով, որքանով համայնքի բյուջեում բացակայում են տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, կամ առկա միջոցները բավարար չեն համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար։ Հետևաբար, Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո տեղական հանրաքվեի նշանակումը ֆինանսական միջոցների բացակայության դեպքում համայնքի ղեկավարի կողմից մերժման ենթակա լինելու մասով, չի համապատասխանում Սահմանադրության 179-րդ հոդվածի 1- ին մասի և 190-րդ հոդվածի պահանջներին։

Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ համապատասխան պատճառաբանությունները, որոնք, ըստ էության, կիրառելի է համարել նաև Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի նկատմամբ, գտել է, որ այդ դրույթով պետք է նախատեսվեր համայնքի բյուջեում համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ այդ միջոցների անբավարարության դեպքում համապատասխան ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին կատարելու վերաբերյալ կարգավորում։

Սահմանադրական դատարանը գտել է, որ տվյալ գործով վիճարկվող դրույթները, չնախատեսելով Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքի կարծիքը վեր հանելու նպատակով համայնքի բնակիչների տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, սահմանելով Կառավարության կողմից նման նախաձեռնության դեպքում նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո տեղական հանրաքվեի նշանակումը ֆինանսական միջոցների բացակայության դեպքում համայնքի ղեկավարի կողմից մերժման ենթակա լինելու վերաբերյալ կարգավորում, ինչպես նաև չնախատեսելով, որ համայնքի բյուջեում համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ այդ միջոցների անբավարարության դեպքում համապատասխան ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, Սահմանադրության 1- ին, 9-րդ հոդվածներին, 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին համահունչ չեն ապահովում օրենսդրական կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար։

2. Սահմանադրական դատարանը 2021 թվականի նոյեմբերի 16-ի նիստում քննության է առել «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանի, Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի, Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի դիմումների հիման վրա` 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի և 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի նշված դիմումները համարվել են մերժված:

Անհատական (ֆիզիկական և իրավաբանական անձանց) դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները

Ֆիզիկական և իրավաբանական անձանց թվով 108 դիմումներից 22-ը չեն համապատասխանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24 և 25- րդ հոդվածներով դիմումին ներկայացվող պահանջներին և աշխատակազմի կողմից վերադարձվել են դիմողներին: Դատական կազմերն ստացել են 107 (քաղաքացիների և իրավաբանական անձանց) անհատական դիմում: Դրանցից քննության է ընդունվել 17-ը, մերժվել 73-ը, 17-ի ընդունելության հարցը փոխադրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ: Նշված 17 դիմումներից 4-ն ընդունվել են քննության, մերժվել 13-ը:

Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված անհատական դիմումների հիման վրա 9 գործերի վարույթներ Սահմանադրական դատարանի 20.04.2021թ. ՍԴԱՈ-80, 14.05.2021թ. ՍԴԱՈ-100, 02.09.2021թ. ՍԴԱՈ-181, 02.09.2021թ. ՍԴԱՈ-182, 28.09.2021թ. ՍԴԱՈ-198, 28.09.2021թ. ՍԴԱՈ-199, 15.10.2021թ. ՍԴԱՈ-204, 26.10.2021թ. ՍԴԱՈ-211, 23.11.2021թ. ՍԴԱՈ-233 աշխատակարգային որոշումներով կարճվել են:

2021 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումներից 3-ով դատարանը որոշում է կայացրել 2021 թվականի ընթացքում 14.09.2021թ. ՍԴՈ- 1609, 23.09.2021թ. ՍԴՈ-1610, 28.09.2021թ. ՍԴՈ-1611:

Անհատական դիմումների հիման վրա քննության ընդունված 8 գործի դատաքննություն նշանակվել է 2022 թվականի ընթացքում:

1 անհատական դիմումով գործի վարույթը կասեցվել է:

1 անհատական դիմումի ընդունելիության հարցի քննությունը փոխանցվել է 2022 թվական:

Անհատական դիմումների հիման վրա 2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 12 գործերով Սահմանադրական դատարանն ընդունել է հետևյալ որոշումները.

1. ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29- րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1572 որոշմամբ 2021 թվականի հունվարի 26-ին որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»։

2. «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 388-րդ հոդվածի 1- ին մասի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 415-րդ հոդվածի 1-ին մասի և 423- րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1573 որոշմամբ 2021 թվականի հունվարի 27-ին որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 388-րդ հոդվածի 1-ին մասը, 396- րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 423-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արգելքի գոյությունն իմաստազրկում է որոշ դեպքերում Սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելը, քանի որ Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումը, փաստորեն, դիմողի համար կոնկրետ գործով չի կարող լինել վերջնական դատական ակտի վերանայման նախադրյալ, արգելափակվում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության առումով Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, փակուղի է մտնում իրավունքի գերակայության, հետևաբար և Սահմանադրության գերակայության երաշխավորման սկզբունքի իրացումը։ Սահմանադրական դատարանը փաստել է, որ այն դեպքում, երբ անձի կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, անձը պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման նպատակով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու հնարավորություն։ Նշված դիրքորոշմանը համահունչ Օրենսգրքի 419- րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է, որ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, ի թիվս այլնի, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն։ Սակայն անձի կոնվենցիոն իրավունքի խախտումն արձանագրող դատական ակտի առկայության պայմաններում վերաքննիչ դատարանի դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու իրավական հնարավորություն առկա է միայն այն դեպքում, երբ այդ դատական ակտը ենթակա է վճռաբեկության կարգով բողոքարկման։ Այլապես դատական ակտի վերանայման միջոցով մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումն անհնար է։ Հետևաբար, Օրենսգրքի 415- րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու արգելքը ոչ միայն չի ապահովում արդյունավետ դատական պաշտպանության անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր, այլև դրա կիրառումը կարող է հակասել նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային մի շարք պարտավորություններին։

3. «Վահան Խաչատրյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1574 որոշմամբ 2021 թվականի փետրվարի 2-ին որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը, ճանաչել Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10- րդ մասի համաձայն դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

3. Հիմք ընդունելով Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետը և 19-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի դրույթի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2021 թվականի հունիսի 1-ը հնարավորություն տալով Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»:

Արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը սույն Հաղորդման հրապարակման պահի դրությամբ Ազգային ժողովի կողմից փոփոխությունների չի ենթարկվել:

4. «Սաթենիկ Խաչատրյանի, Ռաֆայել Խաչատրյանի և Լիլիթ Թարվերդյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 391-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1575 որոշմամբ 2021 թվականի փետրվարի 2-ին որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված ժամկետում»:

Սահմանադրական դատարանը գտել է, որ Օրենսգրքին համապատասխան դատական ակտերի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակման կարգը, նպատակամղված լինելով նաև արդարադատության արդյունավետության բարձրացմանը, դատական վարույթի հրապարակայնության, դատական ակտի ոչ միայն գործին մասնակցող անձանց, այլև հանրային հասանելիության և անձի դատական բողոքարկման իրավունքի իրացման իրական երաշխիքների ապահովմանը, այդուհանդերձ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չի բացառում դատական ակտի թղթային տարբերակը դատական ակտի բողոքարկման Օրենսգրքով սահմանված ժամկետի կեսերին կամ ավարտին կամ ժամկետից հետո գործին մասնակցող անձին հասանելիության հնարավորությունն անգամ այն պայմաններում, երբ Օրենսգրքով դատարանի դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պարտականության հետ մեկտեղ, սահմանված է նաև դատարանի դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց: Սահմանադրական դատարանի գնահատմամբ դատարանի կողմից վերոնշյալ երկու պարտականությունների պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքներն արդյունավետ իրացնելու համար:

5. «Իոհաննա Չախմախչյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 21-րդ հոդվածի «դ» կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի փետրվարի 12-ի ՍԴՈ-1576 որոշմամբ որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 21-րդ հոդվածի «դ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը»:

6. «ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի մարտի 2- ի ՍԴՈ-1579 որոշմամբ որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը փոփոխելով վճռի պատճառաբանական մասը առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ դատական ակտերի բողոքարկման սահմանադրական իրավունքի կենսագործման և արդյունավետ իրացման համար անհրաժեշտ է նախատեսել համարժեք օրենսդրական կարգավորումներ, որոնք սահմանադրական պահանջներին համահունչ մեկնաբանվելու և կիրառվելու դեպքում կապահովեն անձանց բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը և կծառայեն այդ իրավունքի իրացման բուն նպատակներին խախտված իրավունքների վերականգմանը կամ իրավունքի խախտման արդյունքում պատճառված վնասի հատուցմանը: Ուստի, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենսդրական կարգավորումները և դրանց տրված մեկնաբանությունը պետք է կառուցվեն Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների էության անխախտելիության և դրանց իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պահանջի համատեքստում զերծ մնալով այնպիսի կարգավորումներից, որոնք չեն ապահովում կամ խոչընդոտում են վերը նշված իրավունքների իրացումը: Սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում, երբ Վերաքննիչ դատարանն օժտված չէ վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի վերաբերյալ վերաքննիչ բողոքը քննելու և լուծելու իրավասությամբ, չի ապահովվում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման հնարավորությունը, իսկ սահմանված իրավակարգավորումն այդ իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգ չէ:

7. ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի մարտի 9-ի ՍԴՈ-1583 որոշմամբ որոշել է.

«1. Քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման և իրացման ավարտ, և այդ պահի դրությամբ պետք է կատարվեն գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10- րդ մասի համաձայն դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:

Սույն գործով Սահմանադրական դատարանը փաստել է, որ տվյալ դեպքում իրավական անորոշությունը պայմանավորված է եղել օրենսդրական բացով, որը դրսևորվել է նրանում, որ թեպետ օրենսդիրն իրացման ներքո նկատի է ունեցել նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին ի սեփականություն հանձնելը, սակայն Օրենսգրքի հետագա տեքստում ուղղակիորեն չի կարգավորել ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի հիմնական պարտավորության համապատասխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունները:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հետագայում 23.06.2011թ. ընդունված ՀՕ-233-Ն օրենքով Օրենսգրքի 251-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով օրենսդիրն արդեն ուղղակիորեն կարգավորել է ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի հիմնական պարտավորության համապատասխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունները այդպիսով օրենսդրական մակարդակում վերացնելով դիտարկվող օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չէ Սահմանադրությամբ ամրագրված անձի սեփականության իրավունքի երաշխիքներին, քանի որ նման պայմաններում գրավատուն իր համար անկանխատեսելի և անորոշ ժամկետով զրկվում է գրավառուի սեփականությանն անցած գույքի հիմնական պարտավորության համապատասխան չափը գերազանցող և իր սեփականությունը հանդիսացող գումարը (դրա նկատմամբ գրավատուն օժտված է լեգիտիմ ակնկալիքի իրավունքով) իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից:

8. «Հայկ Երեմյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի և 109-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի հունիսի 10-ի ՍԴՈ- 1598 որոշմամբ որոշել է.

« 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը և 109-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը»:

9. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-1609 որոշմամբ որոշել է.

«1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը»:

10. «Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1610 որոշմամբ որոշել է.

«1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը»:

11. «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ որոշել է.

«1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը այն մեկնաբանմամբ, համաձայն որի «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10- րդ մասի համաձայն դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:

Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «...վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»։

12. «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության առիթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2019 թվականի մայիսի 20-ին կայացրած «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման հիման վրա 2019 թվականի մայիսի 20-ին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի 2019 թվականի մայիսի 29-ին և հունիսի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-72 աշխատակարգային որոշմամբ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել է քննության, իսկ նույն դիմումի հիման վրա գործի քննությունը ա) Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, և բ) Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժել:

2020 թվականի հունիսի 22-ի ՍԴԱՈ-138 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը միավորել է և որոշել քննել դատարանի նույն նիստում:

Սահմանադրական դատարանը սույն գործով իր 2021 թվականի մարտի 26-ի ՍԴՈ- 1586 որոշմամբ որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Սույն գործով Սահմանադրական դատարանը փաստել է, որ արդեն իսկ հանցավոր արարքի այս կամ այն դրսևորումը նոր հանցակազմով սահմանելը և անձի նկատմամբ կիրառելը կարող են համահունչ լինել Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին միայն այն դեպքում, եթե այդ նոր հանցակազմով տեղի չի ունեցել հանցավոր ճանաչված արարքի շրջանակի ընդլայնում: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդրի կողմից տևական ժամանակ Օրենսգրքի վիճարկվող հոդվածում համապատասխան փոփոխություններ չկատարելու հանգամանքը թե՛ իրավակիրառի, թե՛ շահագրգիռ անձի համար ստեղծում է իրավական որոշակիության խնդիրներ:

Սահմանադրական դատարանը գտել է, որ այնքանով, որքանով Օրենսգրքի 300.1-ին հոդվածը բլանկետային հղմամբ վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը, խնդրահարույց է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ հնարավորություն չի տալիս անձին հստակ պատկերացում կազմել Օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմի բաղկացուցիչ տարրերի մասին և հստակ կանխատեսել, թե իր ո՞ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանատվություն:

Գլխավոր դատախազի կողմից ներկայացված դիմումների մասով

2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում գլխավոր դատախազի կողմից ներկայացված 1 դիմումով գործի քննությունը մերժվել է, այսպես 2021 թվականի մայիսի 14-ի ՍԴԱՈ-98 որոշմամբ Սահմանադրական դատարանը մերժել է «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի, 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի ընդհանուր տրամաբանության շրջանակներում, առաջին հերթին վերաբերում է մինչդատական վարույթի փուլին, քանի որ այս փուլում իրականացվող գործողությունների օրինականության ապահովումն ամբողջությամբ ՀՀ դատախազության սահմանադրական պարտականությունն է: Դատական քննության փուլում մեղադրանքը պաշտպանելու` դատախազության սահմանադրական գործառույթն իրականացվում է արդարադատության ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` մրցակցության սկզբունքի շրջանակներում, և վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է դատարանը: Ուստի այս փուլում կոնկրետ գործը գտնվում է դատարանի վարույթում, և վերջինս է ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում ՀՀ սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ: Այս ընդհանուր կանոնից կարող են առանձնացվել միայն այն դեպքերը, երբ դատախազը գործի դատական քննության փուլում ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությամբ է օժտված: Դա կարող է լինել, օրինակ, մեղադրանքից հրաժարվելիս կամ մեղադրանքը փոխելիս: Օրենսդրորեն այս հանգամանքը հաշվի առնելը հնարավորություն կտա առավել արդյունավետ ու ամբողջական իրականացնել ՀՀ գլխավոր դատախազի` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը:

Սույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ գլխավոր դատախազը կարող է դիմել Սահմանադրական դատարան տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո մինչև Օրենքով սահմանված կարգով այն իրավասու դատարան ուղարկելը (2-րդ և 3-րդ մասեր):

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց կատարումը

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 4 գործերով Սահմանադրական դատարանը կայացրել է հետևյալ որոշումները, ընդ որում նշված գործերից մեկով գործի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել: Այսպես.

1. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 16-ի ՍԴՈ-1585 որոշմամբ որոշել է. «1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9- րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը»:

2. «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1592 որոշմամբ 2021 թվականի մայիսի 4-ին Սահմանադրական դատարանը որոշել է.

«1. Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 42- րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերը, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14- րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը»:

Սույն գործով Սահմանադրական դատարանը նշել է, որ համապատասխան զանցանքները (վարչական իրավախախտումները) արձանագրելիս և գնահատելիս, թեև հղում է կատարված Որոշման հավելվածի 9.1-ին կետին, դրանում արտացոլված «քննադատող», «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» ձևակերպումներին, այդուհանդերձ, դրանցից յուրաքանչյուրի բովանդակությունը համապատասխան արարքը որպես վարչական իրավախախտում որակելու համատեքստում, պատշաճ խորությամբ բացահայտված չէ: Այլ խոսքով դրսևորվել է, ըստ էության, մեխանիկական մոտեցում հղում կատարելով համապատասխան նորմին (նորմերին), ձևակերպմանը (ձևակերպումներին): Ընդ որում եթե «քննադատող» ձևակերպումը բավականաչափ հստակ է, ապա նույնը չի կարելի ասել «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» ձևակերպումների մասին, որոնք ունեն վերացականության բարձր աստիճան: Հետևաբար դրանց հղումներ կատարող/դրանք կիրառող մարմնի հայեցողության սահմանները, ըստ էության, անսահմանափակ են: Բացի դրանից, «արդյունավետությունը կասկածի տակ դնելը», «որևէ այլ կերպ արժեզրկելը» միասին կամ առանձին վերցված, կարող են դրսևորվել ինչպես քննադատության լույսի ներքո (այդ համատեքստում), այնպես էլ ունենալ ինքնավար բովանդակություն: Հաշվի առնելով վերոնշյալը և արձանագրելով, որ Որոշման հավելվածի 9.1-ին կետի «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունները կարող են առաջ բերել երկիմաստություն մասնավոր անձանց համար արգելքների/սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության և բովանդակության հարցում, Սահմանադրական դատարանը գտել է, որ Որոշման հավելվածի 9.1-ին կետի «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը համահունչ չէ որոշակիության սահմանադրական սկզբունքին: Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ իրավակիրառ պրակտիկայում անձի/լրատվամիջոցի նկատմամբ համապատասխան պատասխանատվությունը կիրառելիս իրավակիրառողը պետք է հաշվի առնի անձի/լրատվամիջոցի գույքային դրությունը և օրենքով թույլատրելի շրջանակներում կիրառի հնարավորինս մեղմ տուգանքի չափ բոլոր այն դեպքերում, երբ առկա է իրական վտանգ, որ առավել խիստ տուգանքի չափի կիրառմամբ անձի/լրատվամիջոցի վրա կդրվի անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության վրա, լրատվամիջոցի դեպքում անխուսափելիորեն կհանգեցնի վերջինիս գործունեության դադարման (այդ թվում փաստացի), ինչն անընդունելի է պայմանավորված ժողովրդավարական հասարակությունում լրատվամիջոցների ունեցած կարևոր դերակատարությամբ:

3. «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» թիվ 579 որոշման, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 914-Ն որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը 2021 թվականի նոյեմբերի 30-ին ՍԴՈ-1618 որոշմամբ որոշել է.

«1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը»:

3. ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխությունն ուժի մեջ մտնելը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը:

4. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 914-Ն որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը»:

ՍԴՈ-1618 որոշմամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել շեշտել, որ պետության պարտականությունն է սահմանել պատշաճ կառուցակարգեր աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասների արդյունավետ փոխհատուցման համար, ինչը կարող է դրսևորվել ինչպես պետական բյուջեից փոխհատուցում վճարելով, այնպես էլ այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելու միջոցով, որոնք կապահովեն փոխհատուցում ստանալու անձի հնարավորությունը:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենսդրության զարգացումը պետք է ընթանա այն ուղղությամբ, որ սոցիալական ապահովության, այդ թվում աշխատավայրում դժբախտ պատահարների արդյունքում աշխատողների կրած վնասների հատուցման իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովումն ունենա առավել ամբողջական և համակարգային երաշխավորվածություն:

Սահմանադրական դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ և׳ աշխատանքային, և׳ քաղաքացիաիրավական օրենսդրության շրջանակներում ամրագրված են ինչպես կազմակերպության վերակազմակերպման, այնպես էլ լուծարման դեպքում վնասի հատուցման իրավունքի իրացման կառուցակարգերը, իսկ վնասի հատուցման տրամադրման և համապատասխան վճարների կապիտալացման կարգի մանրամասները նախատեսվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: Նման պայմաններում այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվում աշխատավայրում դժբախտ պատահարի արդյունքում, օժտված են վերոնշյալ իրավական կարգավորումների հիմքով պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքով: Արդյունքում Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ կառավարության վիճարկվող թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխության ուժի մեջ մտնելը աշխատավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը:

4. Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 7-8-ի նիստերում քննության է առել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, և հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի նշված դիմումը համարվել է մերժված:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 1 գործի վարույթ կարճվել է. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-Ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 704-Ն որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճվել է Սահմանադրական դատարանի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 22- ի ՍԴԱՈ-195 աշխատակարգային որոշմամբ այն պատճառաբանությամբ, որ սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 1448-Ն որոշումը, որով ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ որոշումների, լրացումներ ու փոփոխություններ է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-Ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031- Ն որոշումներում, ինչի հետևանքով սույն թվականի մայիսի 4-ին այդ որոշումներում կատարված լրացումներն ու փոփոխությունները կորցրել են իրենց իրավական ուժը:

Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված դիմումների հիման ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները

Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 1 գործով Սահմանադրական դատարանը կայացրել է հետևյալ որոշումը.

1. «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի քննության առիթը եղել են «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումները: Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 4-ի ՍԴԱՈ-138, ՍԴԱՈ-139, ՍԴԱՈ-140, ՍԴԱՈ-141 աշխատակարգային որոշումներով վերոնշյալ դիմումների հիման վրա գործերն ընդունվել են քննության, և ՍԴԱՈ-142 աշխատակարգային որոշմամբ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը միավորվել են մեկ վարույթում: Սույն գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՈ- 1606 որոշմամբ որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184- Ա որոշումը թողնել ուժի մեջ»:

Սահմանադրական դատարանը նշել է, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէ և չի կարող փոխարինել ընտրական վարչարարության մարմիններին, դատարաններին և իրավապահ համակարգի օղակներին, որոնց ընտրական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է նաև օրենքով նախատեսված կարգով ու համապատասխան իրավունքներով օժտված ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերի ու նրանց ներկայացնող կամ նրանց կողմից առաջադրված հազարավոր իրավասուբյեկտների կողմից իրենց Ընտրական օրենսգրքով վերապահված ընթացակարգային իրավունքների լիարժեք իրացումից: Սահմանադրական դատարանի որոշման իրավական հիմք կարող է հանդիսանալ բացառապես նշված սուբյեկտների իրավաչափ գործողության արդյունքում ձևավորված ապացուցողական նշանակության իրավական փաստերի համակցության համադրված գնահատումը:

Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ ընտրական ողջ գործընթացի և Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների վերլուծությունը վկայում է իրավական միջոցներով ընտրական գործընթացի քաղաքական ուժերի կողմից վերահսկման ցածր մակարդակի մասին: Սահմանադրական դատարանը գտնել է, որ դիմողները չեն հաղթահարել իրենց պահանջների համար հիմք ծառայող հանգամանքների ապացուցման համար անհրաժեշտ նվազագույն ապացուցողական շեմը:

Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընթացքում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք հիմք ընդունելով Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչեր:

Դատարանների դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները

Դատարանների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 7 գործերով Սահմանադրական դատարանը կայացրել է հետևյալ որոշումները (վկայակոչված բոլոր գործերով Սահմանադրական դատարանը վեճի առարկա իրավական նորմերը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող).

1. «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը 2021 թվականի փետրվարի 19- ի ՍԴՈ-1577 որոշմամբ որոշել է.

«1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը»։

2. «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 29-րդ գլխի և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի փետրվարի 23-ի ՍԴՈ-1578 որոշմամբ որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 29-րդ գլուխը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը»։

3. «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դատավորի մասով Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի մարտի 2-ին ՍԴՈ-1580 որոշմամբ որոշել է.

«1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5- րդ կետը դատավորի մասով, համապատասխանում է Սահմանադրությանը»:

4. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի մարտի 9-ի ՍԴՈ-1584 որոշմամբ որոշել է.

«1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը»:

5. «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի հունիսի 29-ի ՍԴՈ-1605 որոշմամբ որոշել է. «1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետը համապատասխանում է Սահմանադրությանը»:

6. «ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա` Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի նոյեմբերի 9-ի ՍԴՈ-1617 որոշմամբ որոշել է. «1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետը համապատասխանում է Սահմանադրությանը»:

7. «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը

համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության առիթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2019 թվականի մայիսի 20-ին կայացրած «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման հիման վրա 2019 թվականի մայիսի 20-ին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի 2019 թվականի մայիսի 29-ին և հունիսի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Ներկայացված դիմումների հիման վրա 2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում քննության առնված 8 գործի վարույթ կարճվել է:

Ընդունված աշխատակարգային առանձին որոշումների շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները, մասնավորապես

1. «ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի Սահմանադրությանը

համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված ՍԴԱՈ-254 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատարանների որպես Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների դիմումներին ներկայացվող նման պահանջն ինքնանպատակ չէ: Կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին կարող է խոսվել այն պարագայում, երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանմամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի

Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը: Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը։ Այլապես նման հիմնավորումների բացակայությունը կարող է գնահատվել

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն:

2. «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2021 թվականի նոյեմբերի 23-ին ընդունված ՍԴԱՈ-229 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է. Դատարանների համապատասխան դիմումներում վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու պահանջն ինքնանպատակ չէ. այն Սահմանադրական դատարանում դիմումի քննության ընդունելիության պայման է։ Դատարանները Սահմանադրական դատարան ներկայացվող համապատասխան դիմումներում պարտավոր են ներկայացնել պատշաճ և փաստարկված հիմնավորումներ վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ»:

3. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2021 թվականի հունիսի 22-ին ընդունված ՍԴԱՈ-122 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «Սույն գործով դիմողի հիմնավորումներից հետևում է, որ դրանք առավելապես վերաբերելի են կոնկրետ գործի լուծման համար կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի իրավական բովանդակության բացահայտման, մեկնաբանման և կիրառման, այլ ոչ սահմանադրականության հարցերին: Սահմանադրական դատարանը բազմիցս իր որոշումներով արձանագրել է, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին»:

«ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի, 458-րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին 2021 թվականի մայիսի 4-ին ընդունված ՍԴԱՈ-89 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա դրույթը դատարանների կողմից չեն կիրառվելու իրենց վարույթում գտնվող գործը լուծելիս կամ, այլ կերպ, այդ ակտը կամ դրա դրույթը որևէ նշանակություն չեն ունենալու կոնկրետ գործի լուծման համար, ապա այդ դեպքերում դատարանները չեն կարող դիտարկվել որպես Սահմանադրական դատարան դիմելու սուբյեկտներ, այսինքն դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, հետևաբար այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով

2021 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանում դատարանների կողմից ներկայացված դիմումներով մերժվել է 12 գործի քննություն:

Ընդունված աշխատակարգային առանձին որոշումների շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է ներքոգրյալ իրավական դիրքորոշումները, մասնավորապես

1. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի

Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2021 թվականի փետրվարի 26-ի ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «…Օրենքի, դրա որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում, որպիսի պայմաններում էլ Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մասով, ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին»

սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով»: Ավելին, սույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ Դատարանի կողմից չեն ներկայացվել փաստարկներ և հիմնավորումներ այն մասին, թե արդյոք վեճի լուծումը հնարավոր է բացառապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, որպիսի հանգամանքը Սահմանադրական դատարանի համար հիմք է հանդիսացել եզրակացնելու, որ դիմողը չի հաղթահարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով սահմանված «տվյալ գործի լուծումը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով հնարավոր լինելու» պայմանը:

2. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 4-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2021 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-74 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է. «Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի (կոնկրետ վեճի լուծման համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կիրառման ենթակա նորմերի) բովանդակության մեկնաբանությանը անկախ սահմանադրականության գնահատման հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի գործառույթ, ինչի իրավասությունը, Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանը չունի»:

3. «Վճռաբեկ դատարանի նախագահի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2021 թվականի հունիսի 25-ի ՍԴԱՈ-123 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ սահմանադիրը Վճռաբեկ դատարանի նախագահին չի դիտարկել որպես դատարան, ավելին վերջինիս չի օժտել նաև Սահմանադրական դատարան դիմելու իրավունքով։ Միաժամանակ սահմանադիրն ամրագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացումը դատարանների բացառիկ իրավասությունն է։ Նշվածի համատեքստում անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից գործերի ընդդատությունը և ենթակայությունը լուծելու լիազորության իրականացման հարցին Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ լիազորության իրականացումը ենթադրում է գործի տարածքային ընդդատության և ենթակայության կապակցությամբ դատարանների միջև առաջացած տարաձայնության հարցի լուծում ըստ էության դատական վարչարարության իրականացում։ Այսինքն գործի տարածքային ընդդատության և ենթակայության կապակցությամբ առաջացած անհամաձայնության առնչությամբ Վճռաբեկ դատարանի նախագահը բացառապես որոշում է գործի ընդդատության և ենթակայության հարցը, որպիսի լիազորության իրականացումը չի համարվում արդարադատության իրականացում, հետևաբար նման գործառույթի իրացման պարագայում վերջինս չի կարող որակվել որպես գործը քննող դատարան։

Սույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է. «…Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իմաստով «կոնկրետ գործը» եզրույթն իրենից ներկայացնում է դատավարական ընթացակարգ, որն սկսվում է դատավորի կողմից համապատասխան գործն իր վարույթ ընդունելու հարցը լուծելով, և ներառում է համապատասխան դատավարական օրենսգրքերով նախատեսված գործը քննող դատավորի կողմից դատավարական որոշումների (դատական ակտերի) կայացում և համապատասխան դատավարական գործողությունների իրականացում։ Ընդ որում տվյալ իրավիճակում գործն իր վարույթ ընդունած դատավորը հանդես է գալիս որպես դատարան։ Ելնելով վերոնշյալից Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից չի հաղթահարվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան» պայմանը»:

4. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 223.1-ին հոդվածի 1-2-րդ մասերի, 223.2-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 5-րդ կետի և 3-րդ մասի, 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 1-ին ու 5-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-212 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իրավական որոշակիության սահմանադրական բովանդակության առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում սույն դիմումի ընդունելիության հարցի շրջանակում անդրադառնալ դատարանի դիմումի ընդունելիության պայմաններին հաշվի առնելով սահմանադրական հիմնարար իրավունքների պաշտպանության համար առանցքային կարևորություն ունեցող իրավական որոշակիության սկզբունքի ապահովման հարցում դատարանների ունեցած առանձնահատուկ դերը, ընդգծելով այդ հիմքով դատարանների դիմումի ընդունելիության հարցի շրջանակներում իրավական անորոշության հաղթահարման համար դատական իշխանությանը հասու իրավական նորմերի դատական մեկնաբանության միջոցի կարևորությունը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական նորմերում ընդհանրական ձևակերպումների պատճառով հստակության բացարձակության անհնարինության դեպքերում իրավական որոշակիության սահմանադրական հրամայականն իրագործելու արդյունավետ միջոցը դատարանների կողմից իրենց լիազորությունների շրջանակում իրավական նորմերի դատական մեկնաբանման միջոցով նորմի անհրաժեշտ որոշակիության ապահովումն է։ Ըստ այդմ իրավական անորոշության հիմքով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած»-ի առկայությունը դատարանի կողմից հիմնավորված կարող է լինել, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՛ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՛նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը։ Միայն նման հիմնավորումների առկայությամբ է դատարանն իրավասու դիմել Սահմանադրական դատարան իրավական անորոշությամբ պայմանավորված «հիմնավոր կասկած»-ի հիմքով»:

Ընդհանուր հետևություններ

2021 թվականը նշանավորվել է սահմանադրական արդարադատության իրականացման չափանիշների և սահմանների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումների զարգացմամբ: Ելնելով մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության սկզբունքերից Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հստակեցրել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներին ներկայացվող պահանջները, ինչն ունի հիմնարար նշանակություն արդյունավետ սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար:

Նախորդ 2020 թվականի համեմատ 2021 թվականին փոփոխվել են Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների ակտիվության ցուցանիշները: Մասնավորապես, եթե նախորդ տարիներին դիմումներիի մոտավորապես ¼- ը ներկայացնում էր Կառավարությունը և վերաբերում էր միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության ստուգման հարցին, ապա 2021 թվականին այդպիսի դիմումների քանակը նվազել է, բայց վերացական վերահսկողության շրջանակներում մոտ տասն անգամ ավելացել է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդից, հինգ անգամ Մարդու իրավունքների պաշտպանից և վեց անգամ Հանրապետության նախագահից ստացվող դիմումների քանակը, իսկ կոնկրետ վերահսկողության շրջանակներում գրեթե կրկնակի դատարաններից ստացված դիմումները:

Անհրաժեշտ է փաստել նաև, որ քննության առնված գործերով կայացված թվով 50 որոշումներից 18%-ի դեպքում Սահմանադրական դատարանը քննության առնված նորմը/նորմերը ճանաչել է Սահմանադրությանը հակասող, մոտ 10%-ի դեպքում Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունների շրջանակներում, արդյունքում սահմանելով (անհատական դիմումների դեպքում), որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման:

Վերոհիշյալ ցուցանիշները, ի թիվս այլնի, վկայում են այն մասն, որ տարբեր տարիներին Սահմանադրական դատարանի տարեկան հաղորդումներում բարձրացված հիմնախնդիրների մեծ մասը շարունակում է պահպանել իր արդիականությունը: Օրենքների որակին և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների առնչությամբ Սահմանադրական դատարանի բարձրաձայնած մտահոգությունները հաճախ մնում են անարձագանք: Ավելին, հանրային իշխանության տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց կողմից նկատվում է դրանց նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունք, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված հիմնախնդիրներն անհրաժեշտ իրավական լուծումներ ստանալու փոխարեն կասկածի տակ են դրվում անգամ Սահմանադրական դատարանի որոշումները կամ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները: Վերջին հանգամանքը կարող է էականորեն վնասել Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությանը և չի բխում հանրային իշխանության մարմինների միջև փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքի էությունից, որպիսի պայմաններում արհեստականորեն խաթարվում է դատական իշխանության հանրային վստահությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-23
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել