ՍՎԵՏԼԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 հուլիսի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 19 | ՍՎԵՏԼԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
11 հուլիսի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի
Մ. Թոփուզյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Սվետլանա Կարապետյանի և Սուսաննա Ստեփանյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Սվետլանա Կարապետյանը և Սուսաննա Ստեփանյանը 20.06.2013թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված «սեփականատեր» բառի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 18, 19 և 31- րդ հոդվածների պահանջներին։
Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվեց, որ դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1. Դատական կազմը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է։ Դիմողները չեն ներկայացրել անհրաժեշտ և իրավական փաստարկներ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելու համար, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ անհատական դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ ամրագրելով, որ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։
2. Դատական կազմը գտնում է նաև, որ դիմողները պատշաճ չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
3. Միաժամանակ, դատական կազմը գտնում է, որ դիմողները, ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ նորմերի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն, դիմողները փորձել են դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավադրույթների
սահմանադրականության խնդրին։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացիներ Սվետլանա Կարապետյանի և Սուսաննա Ստեփանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
11 հուլիսի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հուլիսի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
