Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՄԱԿՑՎԱԾ 414.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՄԱԿՑՎԱԾ 414.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-11318 հոկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-113)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հոկտեմբերի 2019թ. ՍԴԱՈ - 113 | «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՄԱԿՑՎԱԾ 414.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ 414.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի համակցված 414.2-րդ հոդվածի հետ Սահմանարդությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Ռոբերտ Քոչարյանի դիմումը (դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Ա. Վարդևանյան) Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին: Դիմողը Սահմանադրական դատարանին խնդրել է. «…. որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը համակցված 414.2-րդ հոդվածի հետ հոդվածի (այնքանով, որքանով պարտադիր չեն ապահովում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից անձի կալանավորման դեպքում Վճռաբեկ ատյանում կալանավորման որոշման իրավաչափության բացահայտման, օրինականության ստուգման հնարավորություն) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մենաբանությունները»:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը համակցված 414.2-րդ հոդվածի հետ, երաշխավորելով անձի վճռաբեկ բողոք բերելու իրավունքը և դրա իրացման ընթացակարգային պարտավորությունները, միաժամանակ առանձնահատկություն չի նախատեսում այն դեպքերի համար, երբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից է անձը կալանավորվում: Նման իրավակարգավորումների պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից քննության չի առնվում անձին կալանավորելու մասին վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը, ինչն, ըստ դիմողի, առաջացնում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի և Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումներ: Դիմողն արձանագրում է, որ «Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը (ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՏԴ2/0009/06/11, թիվ ԵԿԴ/0058/11/09, թիվ ԵԱԴԴ/0085/06/09, թիվ ԿԴ1/0007/06/12, թիվ ԵՇԴ/0105/06/12 և մի շարք այլ գործերով) ևս փաստում է, որ բացակայում է որևէ որոշում այն դեպքերը կարգավորող, երբ անձը կալանավորվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից»: Դիմողը պնդում է, որ Վճռաբեկ դատարանը նման իրավիճակները գնահատում է ինչպես գործն ըստ էության չլուծող ցանկացած այլ ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելիս հղում տալով ըստ էության վիճարկվող հոդվածներին: Սակայն նշվածը չի կարող հիմնավորում հանդիսանալ Վճռաբեկ դատարանի նման որոշման համար, քանի որ չնայած նշված օրենսդրական բացերին անձի անձնական ազատության իրավունքը, հանդիսանալով Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված մարդու հիմնական իրավունք, օժտված է անմիջականորեն գործելու սահմանադրական երաշխիքով: Դիմողը գտնում է. «Արդյունքում խախտվել է նաև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի գերակայության սկզբունքը, ի թիվս այլի չպահպանելով նաև ՍԴՈ-1459 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումը, որ Վճռաբեկ դատարանը պետք է պարզի կալանավորման իրավաչափությունը, եթե այն վրա է հասել ՀՀ վերաքննիչ ատյանում, ինչը հնարավոր չէ իրականացնել պարզապես դիտարկելով վճռաբեկ բողոքի սոսկ վարույթի ընդունելիության լույսի ներքո»: Դիմողը տվյալ դեպքում վերջնական դատական ակտ է համարում ՀՀ վճռաբեկ դատարանի 2019թ. սեպտեմբերի 20-ի և մարտի 22-ի որոշումները, որոնցով որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումների դեմ իր վճռաբեկ բողոքները վարույթ չեն ընդունվել, կայացվել են վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումներ և որևէ անդրադարձ չի կատարվել կալանավորման իրավաչափության գնահատման հարցին, այսինքն ըստ էության այն քննության առարկա չի հանդիսացել և դիտարկվել է բացառապես վարույթ ընդունելու/մերժելու ստանդարտի շրջանակներում, ինչը պայմանավորված է, ի թիվս այլնի, իրավունքի բացով:

3. Ուսումնասիրելով դիմումը և կից փաստաթղթերը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-րդ մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին (1-ին կետ), եթե առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերից որևէ մեկը (6-րդ կետ): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը վիճարկում է երկու վերջնական դատական ակտերով Վճռաբեկ դատարանի 2019 թվականի մարտի 22-ի և 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումներով կիրառված իրավական դրույթների սահմանադրականությունը: Վճռաբեկ դատարանի 2019 թվականի մարտի 22-ի որոշման մասով դիմողը չի պահպանել Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 6-ամսյա ժամկետը: Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման մասով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դիմողի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ է արտահայտել 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշմամբ, որի մասին նշել է նաև դիմողը որպես դիմումի ներկայացման հիմնավորում ընդգծելով Վճռաբեկ դատարանի կողմից այդ որոշման պահանջները չկատարելը: Այլ կերպ դիմողը, բարձրացնելով վերջնական դատական ակտով կիրառված իրավական դրույթների սահմանադրականության հարց, դիմումով ներկայացնում է առավելապես այնպիսի հիմնավորումներ, որոնք ըստ էության վերաբերում են այդ դրույթների կիրառման իրավաչափությանը: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 69-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի համակցված 414.2-րդ հոդվածի հետ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԴԱՏԱՎՈՐ Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

18 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴԱՈ-113

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հոկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-113
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել