ԼԱՈՒՐԱ ՄԱՐԴՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-92)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 դեկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 92 | ԼԱՈՒՐԱ ՄԱՐԴՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 դեկտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Լաուրա Մարդոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Լաուրա Մարդոյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի նոյեմբերի 30-ին), խնդրել է հետևյալը. «Խնդրում ենք որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (2009թ. դրությամբ գործող), ՀՀ Նոտարի մասին օրենքի (2009թ. դրությամբ գործող), Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի (2009թ. դրությամբ գործող) բացերը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10, 11, 60, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Ըստ դիմողի իր նկատմամբ անմիջականորեն կիրառված օրենքները և դրանց դրույթները դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանության շրջանակներում հակասում են Սահմանադրության պահանջներին զրկելով դիմողին իր սեփականության (լեգիտիմ ակնկալիքի) իրավունքի պաշտպանության, այդ թվում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից։ Դիմողը նշել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով կարգավորված չեն գույքի նախնական առուվաճառքի պայմանագրից բխող նախնական իրավունքների գրանցման իրավունքն ու ընթացակարգը։ Մինչդեռ նման կառուցակարգի բացակայությունն էլ հակասում է Սահմանադրությանը, մասնավորապես թույլատրելով անտեսել սեփականության իրավունքի ձեռքբերման լեգիտիմ ակնկալիքը և չսահմանափակելով հակասող գործարքների կնքումը։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողն ըստ էության բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի բացերի սահմանադրականության հարց, սակայն Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, հետևաբար գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքերով: Միաժամանակ, անհատական դիմումի 4-րդ կետում (խնդրամասում) դիմողը խնդրել է հակասահմանադրական ճանաչել նաև «ՀՀ Նոտարի մասին օրենքում» առկա բացերը, մինչդեռ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողը հակասահմանադրականության հարց է բարձրացրել այնպիսի նորմատիվ իրավական ակտի մասով, որպիսին գոյություն չունի։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Լաուրա Մարդոյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
28 դեկտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-92
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 դեկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-92
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
