«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 օգոստոսի 2025թ. ՍԴԴԿՈ - 43 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 օգոստոսի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անի Չատինյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի օգոստոսի 11-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 4-րդ մասին անհամապատասխան ու հակասող՝ այնքանով, որքանով 6-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված երաշխիքը սահմանում է միայն այն տվյալների համար, որոնք հնարավոր է տրամադրել քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելու կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ավարտվելու արդյունքում»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ6/0132/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածը, որն այդքան շահարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված արտադատական գրություններով, և որին պարբերաբար հղում կատարելով` ՀՀ ԱԱԾ-ն փորձել է հիմնավորել անձի վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը նույն անձին չտրամադրելու իրավաչափությունը, հակասում է ոչ միայն անձի՝ իր վերաբերյալ հավաքված օպերատիվ տեղեկատվությանը ծանոթանալու սահմանադրաիրավական երաշխիքին, այլ նաև Սահմանադրության 34-րդ հոդվածով ամրագրված անձնական տվյալների պաշտպանության իրավունքին:
Դիմողի պնդմամբ՝ «(...) Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, (...) որոշակիորեն չի երաշխավորում անձի` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իր վերաբերյալ հավաքված անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը այն դեպքերում, երբ անձնական տվյալները հավաքվում են քրեական դատավարության նպատակներից ու հիմքերից դուրս, օրինակ՝ ազգային անվտանգության, հետախուզության, հակահետախուզության, և այլ նմանատիպ նպատակներով, որոնք անխուսափելիորեն չեն հանգեցնելու 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9 կետերով նախատեսված հանգամանքներին կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման in rem վարույթի հարուցմանը»:
Ըստ Դիմողի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը անհամատեղելի է Սահմանադրության 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ «Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով (...)» սահմանադրաիրավական երաշխիքի հետ, քանի որ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին (...)», որտեղ «տվյալների» շրջանակի վերաբերյալ որևէ վերապահում արված չէ:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանն իր՝ 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ բացահայտել է «կիրառում» հասկացությունը, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար՝ «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:
Այսպիսով, անհատական դիմումի շրջանակում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթի՝ վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի՝ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգել է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ՎԴ6/0132/05/23 վարչական գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ իր կողմից վիճարկվող՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառված լինելը, քանի որ դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից պարզ է դառնում, որ թիվ ՎԴ6/0132/05/23 վարչական գործի շրջանակներում ՀՀ դատարանները արտահայտել են միևնույն իրավական դիրքորոշումը Դիմողի՝ իր ենթադրությունների վրա հիմնված այն պնդման կապակցությամբ, ըստ որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ապօրինի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու արդյունքում իր և իր կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրվել:
Մասնավորապես՝ խնդրո առարկա պարագայում հարկ է վկայակոչել 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից արտահայտված, սույն անհատական դիմումի քննարկման առարկա հանդիսացող հարցի հետ կապված դիրքորոշումը.
«(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով դատաքննությամբ հաստատված փաստերով չի հաստատվում Պատասխանողի կողմից կամ իր միջնորդությամբ Բողոքաբերի և Կազմակերպության վերաբերյալ Պատասխանողի կողմից կամ իր միջնորդությամբ և 10.12.2019թ. Ծառայության պաշտոնական կայքում հրապարակված ու Հայցվորի 13.12.2019թ. դիմումով մեջբերված հայտարարության առնչությամբ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացված լինելու հանգամանքը, (...)»:
Քննարկվող դեպքում Դիմողի կողմից վիճարկվող դրույթը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը վերջինիս նկատմամբ որևէ կերպ չի կիրառվել, քանզի տվյալ դրույթով թույլատրվում է միայն այն նյութերի և փաստաթղթերի հրապարակայնությունը, որոնք ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Սահմանադրական դատարանի դատական կազմը դիմողի դիրքորոշումների և ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում եզրահանգում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի՝ թիվ ՎԴ6/0132/05/23 վարչական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված լինելը։
Ուստի՝ Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում սույն պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը. մասնավորապես՝ Դիմողի կողմից վիճարկվող դրույթը, սույն անհատական դիմումի հիմքում դրված թիվ ՎԴ6/0132/05/23 վարչական գործի շրջանակներում, չի կիրառվել վերջինիս նկատմամբ: Հետևաբար՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, իսկ գործի քննությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
26 օգոստոսի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-43
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-43
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
