Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-17719 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-177)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 նոյեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 177 | «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի նոյեմբերի 4-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.

«(…) ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին հակասող այնքանով, որքանով վիճարկվող դրույթով փաստաբանական ծառայություն մատուցողներն այլևս չեն համարվելու շրջանառության հարկ վճարողներ և հարկ են վճարելու հարկային ընդհանուր ռեժիմով՝ վճարելով ավելացած արժեքի հարկ և շահութահարկ»:

2. Ներկայացված դիմումի շրջանակներում Դիմողը բարձրացնում է Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված (ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ին) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարց, որով Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ.

«3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, նոտարները, աուդիտորական կազմակերպությունները, փաստաբանական ծառայություն մատուցողները.»։

Դիմողը նշում է, որ իրեն հասցեագրված դիմումով ՀՀ փաստաբանների պալատը ներկայացրել է իր դիրքորոշումն ու մտահոգություններն Օրենքով նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ՝ անդրադառնալով նույն փոփոխությունների համապատասխանությանը Սահմանադրության 29, 60, 61, 64, 73 և 78-րդ հոդվածներին, և միաժամանակ խնդրելով քննարկել Օրենքի՝ Սահմանադրության 28, 60, 61, 64 և 73-րդ հոդվածներով ամրագրված դրույթներին համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով մտահոգություն է հայտնել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։ Նշված դիմումով ներկայացված սահմանադրականության խնդրի վերաբերյալ մտահոգություններին միացել են նաև «Իրավունքների պաշտպանության և զարգացման» հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ», «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Հանրային լրագրության ակումբ, ««Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն», «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունները։

Ներկայացնելով ՀՀ փաստաբանների պալատի և հիշյալ հասարակական կազմակերպությունների մտահոգությունները, ինչպես նաև վիճարկվող կարգավորման ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ այս սուբյեկտների դիրքորոշումները՝ Դիմողը նշում է, որ «(…) ներկայում՝ գործող իրավակարգավորումների ուժով փաստաբանական ծառայություններ մատուցող անձինք, որպես այլ գործունեություն իրականացնող անձինք հարկվում են շրջանառության հարկով և վճարում են ստացված եկամտից 5 տոկոսի չափով հարկ, իսկ օրենսդրական փոփոխությունների արդյունքում փաստաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները հարկվելու են հարկային ընդհանուր ռեժիմով։ Արդյունքում, 2024 թվականի հոկտեմբերի 1-ից փաստաբանական ծառայություններ մատուցող տնտեսվարողները 5 տոկոսի փոխարեն վճարելու են 10 տոկոս շրջանառության հարկ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից շուրջ 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ, որը հաշվարկվելու է հարկվող շահույթի՝ հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների տարբերությունից»:

Դիմողը պնդում է. «(…) Նախագծի հիմնավորումներում բացահայտված չէ այն հարցը, թե արդյոք բացի նախագծային փոփոխությունների հիմքում ընկած հանգամանքների անհրաժեշտությունից, նախագծային լուծումների ընտրության շրջանակներում դիտարկվել են նախագծային կարգավորումների նախատեսման արդյունքում դրանց հավանական ազդեցությունը մարդու իրավունքների երաշխավորման համատեքստում»։

Դիմումի շրջանակներում Դիմողը ներկայացնում է նաև Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացրած իր կարծիքը, ինչպես նաև իր դիրքորոշումը՝ նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների կարևորության և մասնագիտական համայնքի հետ քննարկումների անհրաժեշտության առնչությամբ:

Հաջորդիվ Դիմողը ներկայացնում է դատական պաշտպանության իրավունքի, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և համաչափության սկզբունքի սահմանադրաիրավական և միջազգային իրավական բովանդակությունը, փաստաբանական գործունեության կարևորությունն ու առանձնահատկությունները՝ նշված իրավունքների իրացման հարցում:

Դիմումը եզրափակելով ՀՀ փաստաբանների պալատի՝ վիճարկվող իրավակարգավորման վերաբերյալ մտահոգությունների շարադրմամբ՝ Դիմողը խնդրում է Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել Սահմանադրության 61, 64, 78 և 81-րդ հոդվածներին հակասող այնքանով, որքանով վիճարկվող դրույթով փաստաբանական ծառայություն մատուցողներն այլևս չեն համարվելու շրջանառության հարկ վճարողներ և հարկ են վճարելու հարկային ընդհանուր ռեժիմով՝ վճարելով ավելացած արժեքի հարկ և շահութահարկ։

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:

Հիշատակված սահմանադրաիրավական կարգավորումն իր տրամաբանական ամրագրումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում:

Սահմանադիրը հստակ ամրագրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ իբրև անկախ պաշտոնատար անձի սահմանադրաիրավական առաքելությունը, որի համաձայն՝ վերջինս հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, ինչպես նաև իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Իր բազմաթիվ որոշումներում Սահմանադրական դատարանը շեշտադրել է Մարդու իրավունքների պաշտպանի սույն առաքելության կենսագործման հարցում սահմանադրական արդարադատության՝ իբրև հիմնարար գործիքակազմի կիրառման կարևորությունը: Մասնավորապես՝ այս առնչությամբ Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մարտի 22-ի ՍԴԱՈ-58 աշխատակարգային որոշմամբ նշել է. «(…) Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր առաքելությունը մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելն է, ինչպես նաև խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ համարժեք քայլեր ձեռնարկելը:

Որպես իր վերոնշյալ առաքելության իրականացման կարևորագույն երաշխիք՝ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է Սահմանադրական դատարան դիմելու իրավասությամբ, որի իրացման շրջանակներում կարող է բարձրացնել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանության հարցը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին։ Սահմանադրական դատարանի գնահատմամբ վերոնշյալ կարգավորումն առանցքային կարևորություն է ներկայացնում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի՝ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը հետևելու գործառույթի արդյունավետ իրացման, այլև Սահմանադրական դատարան դիմելու իրավասության սահմանները հստակեցնելու առումով»:

Սահմանադրական դատարանն արժևորում է սահմանադրական արդարադատության եղանակով մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցությունը, որը կենսագործվում է Սահմանադրական դատարան դիմելու վերջինիս վերապահված իրավասության միջոցով:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումները պետք է ուղղակիորեն բովանդակեն վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հստակ իրավական դիրքորոշումներ և պատճառաբանություններ: Հիշատակվածը, հատկապես, կարևորվում է Սահմանադրի կողմից Սահմանադրական դատարան դիմելու առանցքային իրավասությամբ օժտված բարձր կարգավիճակ ունեցող պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ներկայացված դիմումների առումով, որոնք սույն սահմանադրաիրավական լիազորությունը պետք է ծառայեցնեն՝ ի միտն ունենալով մարդու իրավունքների և ազատությունների՝ սահմանադրական արդարադատության միջոցով պաշտպանության առաջնահերթությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Բարձր դատարան դիմող համապատասխան սուբյեկտների դիմումների հիման վրա իրականացվող վերացական վերահսկողության շրջանակներում կարևոր սահմանադրաիրավական հարցադրումների վերհանումն ու դրանց համարժեք լուծումների տրամադրումն մեծ կարևորություն է ներկայացնում սահմանադրական կարգավորումների պահպանման և օրենսդրության սահմանադրականության ապահովման հարցում: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ խնդրո առարկա սուբյեկտների, տվյալ դեպքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումները պետք է բավարարեն Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված պահանջները, քանզի վերոգրյալը բխում է ինչպես այդ մարմինների՝ սահմանադրական վերահսկողության հարցում իրենց դերն ու առաքելությունը լիարժեքորեն ընկալելու և դրան համարժեք գործելու, այնպես էլ սահմանադրական արդարադատության արդյունավետ իրականացման նկատառումներից:

Վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն դիմումին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ներկայացված դիմումով Դիմողը բարձրացնում է Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված (ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ին) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարց. ի հիմնավորումն որի՝ ներկայացնելով ՀՀ փաստաբանների պալատի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների մտահոգությունները և դիրքորոշումները խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Սահմանադրական դատարան ներկայացված լայնաբովանդակ դիմումով Դիմողը ներկայացնում է իր դիրքորոշումները միայն սույն Օրենքի նախագծի անհիմն լինելու, Նախագծի առնչությամբ հանրային քննարկումների կարևորության և մասնագիտական համայնքի հետ քննարկումների անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև այս կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարություն համապատասխան կարծիք ներկայացնելու մասին:

Դիմումի շրջանակներում Դիմողը քննարկում է նաև դատական պաշտպանության իրավունքի, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և համաչափության սկզբունքի սահմանադրաիրավական և միջազգային իրավական բովանդակությունը, փաստաբանական գործունեության կարևորությունն ու առանձնահատկությունները նշված իրավունքների իրացման հարցում՝ ներկայացնելով հիշատակված հարցադրումների վերաբերյալ ընդհանուր բնույթի դատողություններ՝ դրանք որևէ կերպ չկապակցելով վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ սեփական դիրքորոշմանը:

Այսպիսով՝ գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը՝ Դիմողը փորձել է հիմնավորել սոսկ խնդրո առարկա Օրենքի նախագծի անհիմն լինելու վերաբերյալ դիրքորոշումը, որն իր բովանդակությամբ դեռևս չի հիմնավորում վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով՝ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը հստակ ամրագրել է Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով փաստարկներ ներկայացնելու աներկբա պահանջ:

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դիմումը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորումների պահանջները:

Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի շրջանակներում ներկայացված դիրքորոշումների համատեքստում բարձրացված հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն Մարդու իրավունքների պաշտպանը չունի, հետևաբար՝ սույն գործով ներկայացված դիմումը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

19 նոյեմբերի 2024 թվականի

ՍԴԱՈ-177

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-177
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել